Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով ֆիզիկապես խոչընդոտվել էր Արցախի միակ ճանապարհի գործունեությունը, Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում էր Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ: Ռազմական այս գործողությունները շարունակությունն էին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված Արցախի շրջափակման: 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը դեպի Հայաստան։ Հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի հաղորդած տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, որով, փաստացի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
«Ինադու» փոդքասթի սույն էպիզոդների հրապարակումներն իրականացվում են post factum:
Ինադու 4 | Երեխայի աչքերով՝ շրջափակումը, պատերազմը, կորուստը, երազանքները
Փոդքասթի հեղինակները ուսուցչուհի, բլոգեր Նինան և հաղորդավարուհի, դերասանուհի Շողերն են։ Այս փոդքասթի միջոցով նրանք փորձում են ներկայացնել կյանքը շրջափակված Արցախում՝ առաջին օրերից մինչև ներկա իրականություն, կիսվում են իրենց հույզերով, հոգսերով և սպասումներով։ Զրույցի այս ոճը ընտրելու նպատակը շրջափակված արցախյան իրականությունը ի ցույց դնելն է։ «Իրադարձությունները այնքան արագ են փոխվում ու այնքան ասելիք կա, որ հեռուստացույցով ոչ մի հաղորդում, ոչ մի նյութ կամ ինստագրամում արված ոչ մի փոստ չի կարող պատմել այն ինչ կատարվում է»,-ասում է Նինան։
Աղավնոյի հանձնումը, շրջափակումը սփյուռքահայի աչքերով
«Ինադու» փոդքասթ | Էպիզոդ 5, 6
«Ինադու» փոդքասթի 5-րդ թողարկման ձևաչափը որոշակիորեն տարբերվում է նախորդներից։ Թողարկման սկզբում Նինան ու Շողերը նշում են, որ թեև փոդքասթի շրջանակներում իրենք հնարավորինս խուսափում են քաղաքական գնահատականներ տալուց, անձնական կարծիքներ արտահայտելուց, սակայն արդեն կան թեմաներ, որոնք, ըստ իրենց, այլևս հնարավոր չէ շրջանցել։ Խոսքը մասնավորապես Աղավնոյի հանձման և դրա հետևանքների մասին է։ Աղավնոն հանձնվել է 2022 թ. օգոստոսի 25-ին։ Ծաղկունք ապրող գյուղի անսպասելի հանձնումը գյուղի բնակիչներին կանգնեցրել է անտուն մնալու, իրենց գույքը, կենդանիներին տեղափոխելու խնդիրների առաջ։ Մյուս կողմից, Աղավնոն և Բերձորը Լաչինի միջանցքի միակ հայաբնակ տարածքներն էին և երաշխավորում էին, որ ճանապարհը մերն է։ Աղավնոյի հանձնումով ադրբեջանական կողմին են մնում նաև հոսանքի լարեր, գազատար խողովակներ։
Աղջիկները խոսում են նաև Աղդամի ճանապարհի բացման վերաբերյալ իրենց տեսակետի, հացի հերթերում, սոցիալական հարցերի նախարարությունում դիմումների հերթերում առկա կազմակերպչական խնդիրների, իրավիճակը միջազգային հարթակներում ճիշտ լուսաբանելու անհրաժեշտության, աշխատանքը կորցրած մարդկանց, անհավասար ապրանքափոխանակության և այլ ներքին խնդիրներ մասին։
***
«Ինադու» փոդքասթի 6-րդ էպիզոդի սկզբում Նինան ու Շողերը նախ ներկայացնում են Արցախում այդ պահին տիրող իրավիճակը. Արցախում հրաժարական է տվել նախագահը, ներդրվել է կտրոնային համակարգ, որը թերություններով է աշխատում, առկա է աղի խնդիր, ազատ են արձակվել ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված երեք տղաները։
Աղջիկները ևս մեկ անգամ մեկնաբանում են փոդքասթի վերանգիրը՝ ինչո՞ւ «Ինադու»։ Նրանք նշում են, որ այդ անունն են ընտրել, քանի որ ինադու-ն պարսկական արմատ է, հասկանալի է և՛ մեզ, և՛ մեր «սիրելի» թշնամուն։ «Հետևաբար, ինչ անում ենք, իրենց ինադու ենք անում»,-ասում է Շողերը։
Փոդքասթի հյուրը Մերի Ասատրյանն է։ Նա Արցախ է տեղափոխվել Արցախի համար ծանր շրջանում։ Մերին մեծացել է Ռուսաստանում, բարձրագույն կրթություն է ստացել Երևանում՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, ապա Բելգիայում ստացել է երկու մագիստրոսական կրթություն։ Բելգիայում կրթությունը ավարտելուց հետո Մերին ծնողների հորդորով Մոսկվայում էր, երբ սկսվում են 2020 թ. հուլիսյան մարտերը, որին հաջորդում է Մոսկվայում հայկական ծիրանի հետ կապված խառնաշփոթը։ Նա ակտիվորեն աջակցում է հայրենակիցներին օգնելու աշխատանքներին։
Սեպտեմբերին սկսվում է պատերազմը։ Չգիտնելով իր տեղը Մոսկվայում, Մերին հաստատապես որոշում է տեղափոխվել Արցախ և սկսում է ճանապարհներ փնտրել դրա համար։ 2022 թ. սեպտեմբերին «Ի գործ» ծրագրի շրջանակներում նա, ի վերջո, մեկնում է Արցախ և աշխատանքի անցնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում որպես մարդու իրավունքների պաշտպանի օգնական։ «Պատերազմը որոշեց իմ տեղը»,-ասում է Մերին։
Մերիի Արցախ տեղափոխվելը շատերի էր զարմացնում, որովհետև պատերազմից հետո լավ մասնագետները Արցախից սովորաբար գնում էին, ոչ թե գալիս այնտեղ բնակվելու։ Մերին պատմում է մարդկանց իր մասին, որպեսզի չզարմանան այն մտքից, որ մի հայ կարող է պարզապես որոշել ապրել ու աշխատել Արցախում՝ առանց որևէ շահադիտական նպատակի։ Նրան ճանաչել ու թիրախավորել էին նաև ադրբեջանցիները, որոնց համար այլ երկրներից Արցախ տեղափոխված մարդիկ հանցագործներ էին։ Չնայած դրան՝ Մերին չի վախենում Արցախում հանրային գործունեություն ծավալելուց։ «Ես ոչինչ պարտավորված չեմ անում, այլ անում եմ սիրուց դրդված, և այդ սերը այնքան մեծ է այս հողի հանդեպ, որ ինձ օգնում է՝ ամեն փորձություն անցնել»,-ասում է նա։
Մերին պատմում է, որ մինչև շրջափակումն էլ արդեն մի անգամ փակվել էր ճանապարհը, եղել էին գազի ու հոսանքի անջատումներ, և ինքը Արցախ տեղափոխվելուց առաջ հոգեպես իրեն պատրաստել էր նման պայմաններում ապրելուն։ Ցավալին ոչ այնքան խիստ սուղ դարձած կենցաղային պայմաններն էին, որքան այն, որ շրջափակման պատճառով հնարավոր չէր Արցախի հետ կապված մի շարք նպատակների ու երազանքների իրագործումը։
Խոսելով կենցաղային սուղ պայմաններից՝ Մերին պատմում է, որ մի անգամ իր ռուս գործընկերոջ հետ տեսակապով խոսելիս վերջինս զարմացել է, որ Մերին լավ տեսք ունի՝ չնայած շրջափակմանը։ Մերին այդ պայմաններում չընկճվելն ու պատշաճ տեսք ունենալը նույնպես պայքարի միջոց է համարում․ մարդիկ դասի կամ աշխատանքի են գնում այնպիսի տեսքով, կարծես շրջափակման մեջ չլինեն, մինչդեռ չկան հիգիենայի պարագաներ և ժամեր են պահանջվում, օրինակ, ջուր տաքացնելու համար։
Արցախում նաև շարունակում են նշել ուրախ առիթները. ծնունդները, հարսանիքներ են լինում։ «Դա չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է, պարզապես մեր պայքարն է շարունակվում»,-ասում է Մերին։
Մերին ակտիվ զբաղվում է նաև շրջափակման լուսաբանմամբ, թեև, ըստ նրա, հոգեբանորեն ծանր աշխատանք է, քանի որ, օրինակ, հերթերում հաճախ լարված իրավիճակ է, և երբեմն այդ լարվածությունը թափվում է լրագրողների, նկարահանող մարդկանց վրա, որոնք այդ պահին թվում է, թե առանձնանում են մյուսներից։ Նա հորդորում է արցախցիներին չամաչել ու հանրային ձևով պատմել իրենց մասին և կոչ է անում սփյուռքի հայերին՝ օգնել արցախցիներին լսելի դարձնելու իրենց ձայնը։ «Արցախի ապագան միայն արցախցիներինը չէ, այլ բոլոր հայերինը, և բոլորը պիտի ստանձնեն իրենց բաժին պատասխանատվությունն ու օգնեն»,-ասում է նա։
Վերադառնալով ադրբեջանական անցակետում երեք տղաների առևանգման թեմային՝ աղջիկները քննարկում են նաև այն հարցը, որ ադրբեջանցիները յուրաքանչյուր արցախցու վերաբերյալ մեծ ծավալի տեղեկատվություն ունեն, և անցակետում ըստ դրա որոշում են նրանց ճակատագիրը։ Նույնիսկ կարող են բուժման նպատակով Հայաստան գնացող մարդու հիվանդության պատմությունը բացելով որոշել՝ արդյոք տվյալ մարդը բուժման կարիք ունի, թե ոչ՝ թույլ չտալով դուրս գալ Արցախից։
Մերին նշում է, որ ադրբեջանցիները իրեն ևս թիրախավորել են, նա հայտնվել է «Բաքու TV»-ի եթերում, ադրբեջանցիները իրեն սպառնում են Վագիֆ խաչատրյանի ճակատագրով։ Նա կոչ է անում բոլոր հայերին չհոգնել պայքարելուց, քանի որ իրենք էլ չեն հոգնել ապրելուց։ Նա ադրբեջանական անցակետի մոտ հայերի շարքերը համեմատում է Դեր Զորի շարքերի հետ՝ նշելով, որ չպայքարելու դեպքում բոլորին սպասվում է նույն ճակատագիրը։ Չէ՞ որ նույն բանն է տեղի ունենում, ինչ այն ժամանակ. մարդկանց հանում են իրենց հայրենի հողից, որն իրենց է պատկանում։
Վերջում Շողերին հարցին, թե ինչպե՞ս է հարմարվել արցախցիների մի փոքր կոպիտ խառնվածքին, Մերին պատասխանում է, որ գալուց առաջ իրեն պատրաստել է նաև դրան։ Ըստ նրա՝ դա առողջ պահվածք է այս պայմաններում, թեև ինքը որևէ կոպտություն չի էլ զգում։ «Ամենամարդկային պայմաններում այնքա՜ն մարդկություն կա մեր մեջ»,-հավելում է նա։
Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը
Փոդքասթը
Ինադու 5: Արցախի կառավարության անգործությունը, հանձնված Աղավնոն, շրջափակման անհավասարությունը
Ինադու 6: հայրենադարձություն, միասնականության բացակայություն, սփյուռքի պատասխանատվությունը
Փոդքասթում արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փոդքասթի հեղինակներին և կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին:
Նյութը հրապարակվում է «Ինադու» փոդքաստի հեղինակներ Նինա Շահվերդանի և Շողեր Սարգսյանի համաձայնությամբ: Տեսանյութի բնօրինակները հրապարակվում են «Ինադու»-ի Youtube-յան էջում: Հրապարակումների տեքստային և վիզուալ հատվածի պատրաստումը, թարգմանությունը իրականացվում են «Ինլայթ»-ի կողմից:
«Ինադու» փոդքաստին աջակցել կարող եք Patreon-ի միջոցով՝ հղմամբ:
Արցախի խնդրի և շրջափաման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: