2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբր «բնապահպան-ակտիվիստներ», փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը, Եռակողմ հայտարարության համաձայն, անցնում է Լաչինի միջանցքով՝ կապելով Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարել էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անօրինական հսկիչ անցակետ տեղադրելու մասին։ Ապրիլի 28-ին ադրբեջանական այսպես կոչված «բնապահպան ակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Հունիսի 15-ից 10 օրով արգելվել էր նաև խաղաղապահների տեղաշարժը, հունիսի 25-ից վերսկսվել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը, սակայն արգելվել են Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Արգելված էր նաև խաղաղապահների կողմից սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը:
Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով ֆիզիկապես խոչընդոտվել էր Արցախի միակ ճանապարհի գործունեությունը, Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում էր Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ: Ռազմական այս գործողությունները շարունակությունն էին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված Արցախի շրջափակման: 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը դեպի Հայաստան։ Հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի հաղորդած տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, որով, փաստացի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
«Ինադու» փոդքասթի սույն էպիզոդների հրապարակումներն իրականացվում են post factum:
Ինադու 5, 6 | Աղավնոյի հանձնումը. շրջափակումը սփյուռքահայի աչքերով
Փոդքասթի հեղինակները ուսուցչուհի, բլոգեր Նինան և հաղորդավարուհի, դերասանուհի Շողերն են։ Այս փոդքասթի միջոցով նրանք փորձում են ներկայացնել կյանքը շրջափակված Արցախում՝ առաջին օրերից մինչև ներկա իրականություն, կիսվում են իրենց հույզերով, հոգսերով և սպասումներով։ Զրույցի այս ոճը ընտրելու նպատակը շրջափակված արցախյան իրականությունը ի ցույց դնելն է։ «Իրադարձությունները այնքան արագ են փոխվում ու այնքան ասելիք կա, որ հեռուստացույցով ոչ մի հաղորդում, ոչ մի նյութ կամ ինստագրամում արված ոչ մի փոստ չի կարող պատմել այն ինչ կատարվում է»,-ասում է Նինան։
Ինչ էր կատարվում Արցախում
«Ինադու» փոդքասթ | Էպիզոդ 7
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը։
Ամբողջ Արցախը՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և մյուս բնակավայրեր, զանգվածային հրետանային ու հրթիռային անդադար ռմբակոծության և օդային հարվածների թիրախում էին։ Ինչպես Շողերն է պատմում, ի տարբերություն 44-օրյա պատերազմի, այս անգամ պայթյունները շատ ավելի մոտիկից ու բարձր էին հնչում, սակայն մարդիկ իրավիճակը համեմատաբար ավելի սթափ էին գնահատում և քիչ, թե շատ կազմակերպված էին։
23 ժամից ավելի Արցախի Պաշտպանության բանակը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս։ Եղան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։ Համաձայն ՀՀ Քննչական կոմիտեի վերջերս հրապարակած տվյալների՝ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք էին, այդ թվում՝ 5 անչափահասներ։
Կապի բացակայության պատճառով մարդիկ իրենց ընտանիքների ու հարազատների վերաբերյալ տեղեկություններ չունեին, եթե նույնիսկ իմացել էին, որ հարազատը զոհվել է, հնարավորություն չունեին դին տեղափոխելու։ Իրավիճակը շատ ավելի բարդ էր ու անորոշ կցկտուր պաշտոնական հայտարարությունների հետևանքով։
Սեպտեմբերի 20-ին ռմբակոծության ձայներն ավելի մոտ էին հնչում։ Ադրբեջանական ուժերն արդեն մոտեցել էին մայրաքաղաք Ստեփանակերտին։ Խուճապահար բնակչության մի ստվար զանգված շարժվել էր դեպի Ստեփանակերտի օդանավակայնը, որն արդեն երկար ժամանակ է ինչ իր բուն նպատակին չէր ծառայում ու ռուս խաղաղապահների տեղակայման վայր էր դարձել։ Մարդիկ ենթադրում էին, որ այնտեղ համեմատաբար ավելի ապահով կլինեն, սակայն հակառակն էր տեղի ունեցել, նրանց մեծ մասը հայտնվել էր դրսում։
Այդ օրերին կապի և տեղեկատվության բացակայության պայմաններում Նինան տարբեր ապաստարաններում փորձել էր գտնել իր աշակերտներին։ Նա նկարագրում է այդ ապաստարաններից մեկը. «Անմարդկային պայմաններ էին, ցեմենտ, բետոն, մթություն … լույս չկար … մարդիկ պառկած էին այդ բետոնե հատակներին, երեխաները քնած էին։ Մարդկանց մի մասը հիվանդ էր, ջուր էին ուզում, չկար ուտելիք…»։
Շողերը պատմում է այն մասին, թե ինչ է զգացել, երբ տեղեկություն է տարածվել, որ պաշտպանության բանակը այլևս չկար, սպիտակ դրոշ էր բարձրացվել և հայտնել էին, որ պետք է արագ Արցախից դուրս գան. «Հասկանում ես, որ քո 23 տարվա ամբողջ կյանքը պետք է տեղավորես մեկ ուսապարկի մեջ, քո մայրն ու հայրը, իրենց ամբողջ կյանքը պետք է դասավորեն մեկ ուսապարկի մեջ։ Դու հասկանում ես, որ քո մորաքույրը, ով 11 տարի աշխատավարձով տուն էր կառուցում, որը պատերազմի պատճառով դեռ կիսակառույց էր, պետք է այդ տունը ինչ-որ ձևով ծալի ու դնի ուսապարկի մեջ…»։
Ստեփանակերտի փողոցները լի էին արցախցիներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ սպասումով․ «Քաղաքով քայլելը անհնար է ․․․ ամենտեղ մարդիկ լացում են, գոռում են, արդարություն են պահանջում ․․․ երեխաները գետնին նստած խաղում են ․․․ քաղաքում բոլոր տեղերում փայտե վառարաններ են դրված, որ մարդիկ գոնե մի բաժակ ջուր կարողանան տաքացնել ․․․»։
Պատրաստեց՝ Մարիամ Մանուկյանը
Փոդքասթը՝ Ինադու 7: Ինչ է կատարվում Արցախում
Փոդքասթում արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փոդքասթի հեղինակներին և կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին:
Նյութը հրապարակվում է «Ինադու» փոդքաստի հեղինակներ Նինա Շահվերդանի և Շողեր Սարգսյանի համաձայնությամբ: Տեսանյութի բնօրինակները հրապարակվում են «Ինադու»-ի Youtube-յան էջում: Հրապարակումների տեքստային և վիզուալ հատվածի պատրաստումը, թարգմանությունը իրականացվում են «Ինլայթ»-ի կողմից:
«Ինադու» փոդքաստին աջակցել կարող եք Patreon-ի միջոցով՝ հղմամբ:
Արցախի խնդրի և շրջափաման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: