2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբր «բնապահպան-ակտիվիստներ», փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը, Եռակողմ հայտարարության համաձայն, անցնում է Լաչինի միջանցքով՝ կապելով Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարել էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անօրինական հսկիչ անցակետ տեղադրելու մասին։ Ապրիլի 28-ին ադրբեջանական այսպես կոչված «բնապահպան ակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Հունիսի 15-ից 10 օրով արգելվել էր նաև խաղաղապահների տեղաշարժը, հունիսի 25-ից վերսկսվել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը, սակայն արգելվել են Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Արգելված էր նաև խաղաղապահների կողմից սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը:
Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով ֆիզիկապես խոչընդոտվել էր Արցախի միակ ճանապարհի գործունեությունը, Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում էր Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ: Ռազմական այս գործողությունները շարունակությունն էին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված Արցախի շրջափակման: 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը դեպի Հայաստան։ Հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի հաղորդած տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, որով, փաստացի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
«Ինադու» փոդքասթի սույն էպիզոդների հրապարակումներն իրականացվում են post factum:
Ինադու 7 | Ինչ էր կատարվում ԱրցախումԻնադու
Փոդքասթի հեղինակները ուսուցչուհի, բլոգեր Նինան և հաղորդավարուհի, դերասանուհի Շողերն են։ Այս փոդքասթի միջոցով նրանք փորձում են ներկայացնել կյանքը շրջափակված Արցախում՝ առաջին օրերից մինչև ներկա իրականություն, կիսվում են իրենց հույզերով, հոգսերով և սպասումներով։ Զրույցի այս ոճը ընտրելու նպատակը շրջափակված արցախյան իրականությունը ի ցույց դնելն է։ «Իրադարձությունները այնքան արագ են փոխվում ու այնքան ասելիք կա, որ հեռուստացույցով ոչ մի հաղորդում, ոչ մի նյութ կամ ինստագրամում արված ոչ մի փոստ չի կարող պատմել այն ինչ կատարվում է»,-ասում է Նինան։
Բռնի տեղահանություն։ Ինչ էր կատարվում Արցախում վերջին օրերին
«Ինադու» փոդքասթ | Էպիզոդ 8
«Ինադու» փոդքասթի այս էպիզոդը վերջինն է, որ ձայնագրվել է Արցախում։ Աղջիկները նշում են, որ իրենց ընտանիքները հավաքում են այն ամենը, որը անհրաժեշտ է սկզբնական շրջանում գոյատևելու համար, և հաջորդ օրն արդեն իրենք նույնպես ստիպված կլինեն լքել Արցախը։ Աղջիկները մտավախություն են հայտնում, որ ստեփանակերտցիների մի մասին թույլ չեն տա հեռանալ Արցախից, և նրանք կմնան որպես պատանդ՝ մի կողմից ռուս խաղաղապահներին Արցախում մնալու հիմքեր ապահովելու համար, և մյուս կողմից՝ որպեսզի Ադրբեջանը տպավորություն ստեղծի, թե Ստեփանակերտում կա հայերի համար բնակության ապահով պայմաններ։
Խնդիրները Արցախում շատ են. կան բազմաթիվ անհետ կորած մարդիկ, հոսանք չլինելու պատճառով առկա է դիակները պահելու խնդիր, ընտանիքներ կան, որ մի քանի զոհ ունեն, կամ անհետ կորածներ ու գերի ընկածներ միաժամանակ։ Ծանր է նաև հոգեբանական կողմը. մարդիկ հողին են հանձնում իրենց հարազատներին ու հաջորդ օրը ստիպված լքում են այդ հողը կամ ստիպված են հեռանալ Արցախից՝ առանց պարզելու իրենց հարազատների ճակատագիրը։
Բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ կան. մեքենա չունեցող մարդիկ հույսով սպասում են, որ իրենց կտեղափոխեն, մեքենայի վառելիքի պակասության խնդիր կա, կան ծեր, վիրավոր մարդիկ, որոնք տեղափոխման հարցում աջակցության կարիք ունեն։
Աղջիկները իրենք ևս ծանր վիճակում են՝ անքնություն, հայրենիքը կորցնելու ցավ, մեղքի զգացում հայրենի հողի նկատմամբ, չիրականացված բազում նպատակներ ու երազանքներ և անսահման սեր Արցախի նկատմամբ, որը, ինչպես իրենք են ասում, միակ բանն է, որ մնում է իրենց Արցախից։ «Վերջում դու հասկանում ես, որ ամենակարևորը դու ոչ մի ճամպրուկի մեջ չես կարող տեղավորել, որովհետև ամենակարևորը Արցախն է, որ դու թողնում ես ու հեռանում»,-ասում է Շողերը։
Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը
Փոդքասթը՝ Ինադու 8: Բռնի տեղահանություն
Փոդքասթում արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փոդքասթի հեղինակներին և կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին:
Նյութը հրապարակվում է «Ինադու» փոդքաստի հեղինակներ Նինա Շահվերդանի և Շողեր Սարգսյանի համաձայնությամբ: Տեսանյութի բնօրինակները հրապարակվում են «Ինադու»-ի Youtube-յան էջում: Հրապարակումների տեքստային և վիզուալ հատվածի պատրաստումը, թարգմանությունը իրականացվում են «Ինլայթ»-ի կողմից:
«Ինադու» փոդքաստին աջակցել կարող եք Patreon-ի միջոցով՝ հղմամբ:
Արցախի խնդրի և շրջափաման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: