«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնն ուրախությամբ հայտնում է նոր միջոցառման մասին։
Արդեն երկար տարիներ ծավալելով հետազոտական, վերլուծական, կրթական և թարգմանական գործունեություն՝ «Ինլայթ»-ը շարունակում է հարստացնել ու բազմազանել հայալեզու տեղեկատվական դաշտը և հանրության ուշադրությունը հրավիրել տարբեր ոլորտներում ներկայումս շրջանառվող նոր, արդիական և նշանակալից թեմաների։
Աննախադեպ արագությամբ փոփոխվող մեր աշխարհում տեղեկատվությունը գնալով ավելի մեծ արժեք է ձեռք բերում, հատկապես երբ ունենում է հանրային բարձր հասանելիություն և գիտելիքի ու նորարարության վերածվելու ներուժ, իսկ այս գործում, ինչպես կարելի է կռահել, անգնահատելի է թարգմանության դերը՝ որպես տեղեկատվության և գիտելիքի տարածման կարևորագույն միջոցի:
Հենց այս՝ «Տեղեկատվության տարածումը թարգմանության միջոցով», խորագրի ներքո և Թարգմանչաց տոնի խորհրդով է անցկացվելու «Ինլայթ»-ի թարգմանիչների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվող այս հանդիպումը՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայալեզու տեղեկատվական դաշտի զարգացման հանրօգուտ գործում, և նրանց, ովքեր հետաքրքրված են թարգմանչական գործով, թարգմանչաց արվեստով ու արհեստով:
Հանդիպմանն անդրադառնալու ենք «Ինլայթ»-ի թարգմանիչների բաժնի գործունեությանը, գիտակ բանախոսների և հյուրերի հետ պանելային քննարկման ձևաչափով շոշափելու ենք թարգմանության ներկային, ապագային, առկա մարտահրավերներին առնչվող որոշակի հարցեր, ինչպես նաև վերհիշելու ենք այս ոլորտի հետ կապված մի շարք ուշագրավ փաստեր։
Մեր բանախոսներն են՝ Անի Անանյան, Միքայել Ավագյան, Գուրգեն Կարապետյան և Վահե Ղուկասյան։
Պանելային քննարկումից զատ՝ նախատեսվում է լսարանին հակիրճ կերպով ներկայացնել մեր կազմակերպության աշխատանքները և թարգմանչական նախագծերը, անցկացնել թեմատիկ վիկտորինա՝ սուրճի ընդմիջմամբ։
Այսպիսով, հանդիպում ենք նոյեմբերի 17-ին՝ 15։00-18։00, COWO Coworking Space-ում (3 Հակոբ Հակոբյան փողոց, 11-րդ հարկ, Երևան (Մերգելյան ինստիտուտ))։
Միջոցառումը նախատեսվում է ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև հետաքրքրվողների լայն շրջանակի համար։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։
Ջերմորեն և հանդիպման ակնկալիքով՝
«Ինլայթ»