«Տեղեկատվության տարածումը թարգմանության միջոցով»

Օրեր առաջ COWO Coworking Space-ում կայացավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի կողմից նախաձեռնած «Տեղեկատվության տարածումը թարգմանության միջոցով» միջոցառումը։ 

Հանդիպմանը ներկա էին կազմակերպության անդամներ, հրավիրյալ բանախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր։

Կրելով Թարգմանչաց տոնի խորհուրդը և նվիրված լինելով բոլոր նրանց, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել հայալեզու տեղեկատվական դաշտը թարգմանությունների միջոցով հարստացնելու գործում, ինչպես և առհասարակ թարգմանչական արվեստով և մասնագիտությամբ հետաքրքրվողներին՝ այս հանդիպումն ուներ հստակ նպատակներ․ առաջին հերթին՝ սա թարգմանության խնդիրների և մարտահրավերների շուրջ պանելային քննարկում անցկացնելու յուրօրինակ հարթակ և հնարավորություն էր։ Մեր փորձառու բանախոսների՝ Անի Անանյանի, Միքայել Ավագյանի, Գուրգեն Կարապետյանի և Վահե Ղուկասյանի օգնությամբ անդրադարձ կատարվեց այնպիսի հետաքրքրաշարժ թեմաների, ինչպիսիք են թարգմանչին անհրաժեշտ հմտություններն ու դրանց մասին տարածված թյուրըմբռնումները, համարժեքության խնդիրը, ներկայումս հայերեն թարգմանվող գրականության մեջ նշմարվող միտումները, մեքենայական թարգմանությունն ու արհեստական բանականությունը և այլն։ 

Դրանից զատ՝ մասնակիցներին հակիրճ ներկայացվեց նաև «Ինլայթ»-ի թարգմանիչների բաժնի գործունեությունը, մասնավորապես՝ #EnlightInfographics նախագծի երեք փուլերի տված արդյունքները։ Իսկ սուրճի ընդմիջման ընթացքում ավելի անմիջական մթնոլորտում հյուրերը փոխանակվեցին հանդիպումից ստացած տպավորություններով, մտքերով և հարցերով։ Միջոցառման ավարտին կազմակերպության անդամները հյուրերին հանձնեցին խորհրդանշական տարբեր նվերներ՝ գրքեր, ինլայթյան գույներով նոթատետրեր, գրիչներ, էջանշաններ և սթիքերներ՝ ի նշավանավորումն «Ինլայթ»-ի անվանափոխության օրվա և Թարգմանչաց տոնի։

Կրկին ջերմորեն շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին, հյուրերին և բանախոսներին՝ ապագայում այլ առիթներով և այլ խորագրերի ներքո հանդիպելու ու համագործակցելու հույս տածելով։ Մենք խորապես հավատում ենք, որ նման նախաձեռնություններն ու դրանց ակտիվ մասնակցումը, աջակցումը կարող են դրական տեղաշարժեր ստեղծել այս ոլորտում։