Համացանցը օրեցօր ավելի հասանելի է դառնում աշխարհի տարբեր ծայրերում: Դրան զուգահեռ մեծանում է նաև սոցիալական ցանցերի օգտատերերի թիվը, ովքեր ամեն օր հսկայական ծավալների հասնող նյութեր են տեղադրում իրենց վիրտուալ հարթակներում: Այս նյութերը պաշտպանվում են հեղինակային իրավունքի մասին օրենքներով [i], բայց քիչ չեն դեպքերը, երբ վեճեր են առաջանում, թե ում է իրականում պատկանում նյութը, ով է դրա հեղինակը:
Ինչպե՞ս կարելի է խուսափել հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներից և ինչպե՞ս կարելի է բարելավել դաշտը:
«Հեղինակային իրավունք» հասկացությունը
Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ: Հեղինակներն իրավունք ունեն թույլատրել կամ արգելել երրորդ անձանց օգտագործել իրենց ինտելեկտուալ սեփականությունը, սակայն սահմանված է նաև ազատ օգտագործման իրավունքը: Ազատ օգտագործման դեպքում հեղինակի համաձայնությունը պարտադիր չէ, սակայն պարտադիր է նրա անվան նշումը: Ազատ օգտագործմամբ թույլատրվում է գիտական, հետազոտական, բանավիճային, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերումը, գրական և արվեստի ստեղծագործությունների ու դրանցից քաղվածքների օգտագործումը լուսաբանման նպատակով, օրինական ճանապարհով հրապարակված երաժշտական ստեղծագործության հրապարակային կատարումը և այլն[ii]: Օրենքը սահմանում է նաև ստեղծագործության վերարտադրումը երրորդ անձի կողմից անձնական, ոչ առևտրային նպատակներով, եթե դրանով չեն վնասվում հեղինակի օրինական շահերը: Հետաքրքիր է նաև համայնապատկերի ազատությանը վերաբերող հոդվածը, ըստ որի՝ առանց հեղինակի համաձայնության և հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է փողոցներում, զբոսայգիներում, այլ հասարակական վայրերում մշտապես տեղադրված ստեղծագործությունների (ցանկացած կրիչի վրա) վերարտադրումը, հեռարձակումը: Հեղինակային իրավունքներն ունեն գործողության ժամկետ, կարող են ժառանգաբար անցնել կամ փոխանցվել: Հեղինակային իրավունքի հետ կապված տարաձայնությունները հիմնականում վերաբերում են քաղաքացիական իրավունքի ճյուղին, դրա խախտման համար տարբեր երկրներում նախատեսվում են տարբեր պատիժներ [iii], եզակի դեպքերում հնարավոր է նաև քրեական գործի հարուցում:
Հեղինակային իրավունքը սոցցանցերում
Վերջին ուսումնասիրությունները[iv] ցույց են տվել, որ աշխարհում 2,34 միլիարդ մարդ, այլ կերպ ասած՝ Երկրի բնակչության 31%-ը, հանդիսանում է սոցիալական որևէ ցանցի օգտատեր: Ամենաշատ օգտատերեր ունեցող սոցցանցը Facebook-ն է (1,59 միլիարդ), հոլովակային նյութերի ամենատարածված հարթակը YouTube սոցիալական ցանցն է (1,3 միլիարդ), կարճ, դիպուկ մտքեր արտահայտելու համար ամենից հարմար սոցցանցը Twitter-ն է (320 միլիոն), նկարներով կիսվելու համար հայտնի է Pinterest-ը (100 միլիոն)[v] : Այս բազմամարդ հարթակներում քիչ չեն դեպքերը, երբ օգտատերերը խոսում են իրենց հեղինակային իրավունքները խախտելու (կամ խախտած լինելու) մասին: Հասկանալու համար՝ ինչպես կարելի է խուսափել նմանատիպ իրավիճակներից, նախ պետք է պարզել, թե ինչու են առաջանում նման վեճերը:
Համացանցը արագորեն ներթափանցեց մեր առօրյա՝ իր հետ բերելով նոր տերմիններ, վիրտուալ հարթակներ և հետևաբար նաև նոր հարաբերություններ ու հնարավորություններ, իսկ այս հարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները իրենց ամբողջ ծավալով չեն ենթարկվում օրենսդրական կարգավորման: Եթե դասական հեղինակային իրավունքի պարագայում կարգավորվում են ինչպես ժամկետները[vi], այնպես էլ հարաբերությունները հեղինակի և առաջին վաճառողի միջև (օրինակ՝ հրատարակչություն, ձայնագրման ստուդիա), ապա սոցիալական ցանցերում վերահսկել այս գործընթացը անհամեմատ ավելի բարդ է: Միևնույն ժամանակ վիրտուալ կոնտենտի ձևավորման վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսները գնալով հասցվում են մինիմալի, այսինքն՝ այլևս գումար չի տրամադրվում, օրինակ, նյութը խմբագրին հասցնելուն, ֆիզիկական կրիչներ ստեղծելուն: Սկզբում վերը նշված փոփոխությունները իրենց ազդեցությունն ունեցան ֆիլմարտադրության, երաժշտական ինդուստրիայի և համացանցային գրադարանների վրա, բայց այսօր արդեն սոցիալական ցանցերի օգտատերերի համար (հատկապես YouTube-յան) պայմանները նույնպես հեշտացված են: Սակայն այս դրական կողմերի հետ մեկտեղ հեշտացել է նաև կոնտենտը գողանալը: Ոչ մի դժվարություն չի ներկայացնում նյութը կրկնօրինակելը և այլ սոցիալական ցանցում սեփական անվան տակ տեղադրելը: Երբեմն ընդհարումները օգտատերերի միջև պատահում են այն պատճառով, որ դժվար է ապացուցել, թե իրականում որ աղբյուրին է պատկանում նյութը: Այս դեպքերում պարզապես նայել հրապարակման ժամին բավարար չէ, քանզի կարող էին առաջանալ տեխնիկական խնդիրներ (ասենք՝ պատահաբար ջնջել և այլն) և ֆայլը ջնջվեր իրական սկզբնաղբյուրից կամ հեղինակի էջից: Ընդհանրապես համացանցում հեղինակային իրավունքի ակտուալությունն այն է, որ անասելի քանակությամբ նյութեր հասանելի են անվճար կամ որոշակի գումարի դիմաց, բայց նյութը տրամադրողը կապ չունի հեղինակի հետ, և վերջինս չի օգտվում ստացված գումարներից: Համացանցին առնչվող հարցերում իրավական միտքը, ըստ մեզ, գտնվում է զարգացման սկզբնական փուլում: Հետևաբար համացանցի, սոցիալական ցանցերի կոնտենտի համեմատաբար թույլ պաշտպանվածությունը վեճերի առաջացման պատճառներից է:
Այժմ սոցիալական ցանցերի աշխատակիցները ավելի մեծ ուշադրություն են սկսում դարձնել հեղինակային իրավունքի խնդիրներին և փորձում են ապահովել մաքսիմալ պաշտպանվածություն իրենց օգտատերերի համար: Տարբեր ցանցերի հիմնական սկզբունքները գրեթե չեն տարբերվում[vii], իսկ առկա տարբերություններն էլ պայմանավորված են տվյալ կայքում ամենաշատ հանդիպող նյութի տեսակից (tweet-եր, հոլովակներ, երգեր, նկարներ և այլն):
Ինչպես նշեցինք՝ Facebook-ն ունի ամենաշատ օգտատերերը, որոնք ամեն օր կիսվում են նկարներով, հոլովակներով, իրենց մտքերը շարադրում են ստատուսների տեսքով: Facebook-ը հնարավորություն է տալիս որոշելու՝ ում տեսանելի լինեն Ձեր նյութերը: Պրակտիկան ցույց է տալիս, որ Facebook-ը աշխատում է հոգ տանել իր բոլոր օգտատերերի մասին՝ անկախ նրանց ֆեյսբուքյան ընկերների կամ հետևորդների քանակից: Այսինքն՝ եթե նկատել եք Ձեր իրավունքների խախտում, բավական է դիմել ֆեյսբուքյան աշխատակազմին, ցանկալի է նաև ներկայացնել հիմնավորող նամակ: Սակայն անգամ այս պարագայում առկա է մի կետ, որից էլ հաճախ օգտվում են կոնտենտին ապօրինաբար տիրացողները: Facebook-ում Ձեր նկարները, արտահայտած մտքերը առավելագույնս պաշտպանելու համար կարելի է հրապարակել նյութը ոչ թե որպես «Բոլորին հասանելի» (Public), այլ «Հասանելի ընկերների համար» (Friends): Ո՞րն է տարբերությունը: Առաջին դեպքում նյութը վերցնողները ունենում են պաշտոնական հիմքեր պնդելու, որ Դուք թույլ եք տվել երրորդ անձանց, այդ թվում նաև անձանց, ովքեր գրանցված չեն Facebook-ում օգտագործել այդ ինֆորմացիան, դարձրել եք այն հասանելի նրանց համար, ինչպես նաև թույլ եք տալիս կապել այն Ձեր անվան հետ: Facebook-ը պարբերաբար զգուշացնում է իր օգտատերերին ընկերների ցուցակում ավելացնել նրանց, ում անձամբ ճանաչում եք, և անգամ այս դեպքում օգտատերը կարող է իր կոնտենտը անտեսանելի դարձնել մի խումբ ֆեյսբուքյան ընկերների համար, հետևաբար Friends կարգավորման դեպքում ենթադրվում է, որ վտանգը հասցված է մինիմալի:
Twitter–ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այստեղ մտքերը պետք է շարադրել կարճ: Այս հարթակի այցեքարտերից են նաև հեշթեգերը: Twitter-ում հեղինակային իրավունքի հիմնական խնդիրները վերաբերում են նկարներին և տեքստ պարունակող թվիթերին: Նկարները, ինչպես Facebook-ում, կարող են տեղադրվել «Բոլորին հասանելի», և այս դեպքում երրորդ անձինք նույնպես իրավունք են ստանում օգտագործել այն: Արդյունքում՝ որևէ կարևոր իրադարձության ներկա գտնվելիս օգտատերերի արված նկարները ազատ օգտագործվում էին լրատվական կայքերի կողմից: 2013 թվականին դատարանի վճռի համաձայն[viii]՝ հրատարակչությունները չեն կարող օգտատերերի նկարներն օգտագործել կոմերցիոն նպատակներով: Ստացվում է, որ այժմ Ձեր թվիթերյան նյութերը այլ օգտատերեր կարող են օգտագործել retweet անելով: Հետևաբար Ձեր անունը նշված կլինի: Կոմերցիայի համար արդեն պարտադիր է Ձեր համաձայնությունը: Կարելի է եզրակացնել, որ twitter-ում լուսանկարողն ունի հեղինակային իրավունքներ, որոնք տարածվում են իր աշխատանքի վրա:
Տեքստ պարունակող թվիթերի դեպքում խնդիրն այլ է: Եթե նկարների պարագայում առկա է նկար–հեղինակ կապ, ապա տեքստի դեպքում միանշանակ մոտեցում այս պահին չկա: Օրինակ՝ Ա և Բ թվիթերյան օգտատերերը կարծում են, որ դա Վինչին լավ նկարիչ է և իրենց միկրոբլոգում գրում են. «Լեոնարդո դա Վինչին հոյակապ նկարիչ է»: Ինչպես հասկացանք, այստեղ չի գործում նկարների retweet-ի սկզբունքը, և սխալ կլինի առաջնորդվել ժամանակի սկզբունքով, այսինքն՝ ում մոտ է թվիթն ավելի շուտ հայտնվել: Դա Վինչիին լավ նկարիչ համարելը չի կարող հանդիսանալ որևէ մեկի բացառիկ անձնական ոչ գույքային իրավունք: Միևնույն ժամանակ Ա օգտատերը կարող է իր միկրոբլոգում մի քանի նախադասությամբ գրել հետաքրքիր և նոր որևէ բանի մասին, որը Բ օգտատերը, առանց սկզբնաղբյուրը նշելու, կտեղադրի իր բլոգում: Ըստ մեզ՝ բախումներից խուսափելու ամենանպատակահարմար տարբերակը կլիներ ֆիլտրերի մշակումը, որը կտարբերեր, օրինակ, եղանակին վերաբերող թվիթերը ինչ-որ նորություն պարունակողներից: Այսինքն՝ տեքստային թվիթերի դեպքում խնդիրները նվազագույնի հասցնելու համար պետք է ավելի բարդ համակարգ, որն անիմաստ չի արգելափակի օգտատերերին և միաժամանակ կպաշտպանի նորություն պարունակող թվիթերը:
Youtube
Youtube–ի կարգավորումների տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ այստեղ տեղադրվում են ոչ թե ստատուսներ կամ նկարներ, այլ հոլովակներ: Հոլովակների համար հեղինակային իրավունքի կարգավորումներ մշակելն ավելի դժվար է: Այստեղ ոչ միայն պետք է ուշադրություն դարձնել բուն հոլովակին, այլև ուղեկցող հանգամանքներին, օրինակ՝ հնչող երաժշտություն, օգտագործված նկարներ: Անգամ եթե հոլովակը նկարել եք ինքներդ, բայց ընթացքում օգտագործել եք որևէ հեղինակի երաժշտական ստեղծագործություն, Ձեր հոլովակը կարող է արգելափակվել երաժշտության հեղինակի պահանջով: Կարող է թվալ, որ հեղինակի հետ պայմանավորվելով կլուծվեին բոլոր հարցերը, բայց պրակտիկայում ստացվում է, որ խոշոր ստուդիաները չեն համագործակցում սկսնակ օգտատերերի հետ, երբեմն էլ օգտատերերը չեն կարողանում կապվել նրանց հետ: Կապը հաստատելու դեպքում էլ ստուդիան պահանջում է մեծ գումարներ, որոնք սկսնակ օգտատերը վճարել չի կարող: Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար հեղինակային իրավունք ունեցող անձանց նամակներին կարելի է պատասխանել՝ ասելով, որ Դուք բարեխիղճ եք օգտագործել իրենց նյութը[ix], սակայն իր հերթին հեղինակը, միևնույն է, կարող է մերժել: Ուրիշին պատկանող նյութ վերցնելիս ապահով տարբերակ չէ նաև այն, օրինակ, Itunes-ից գնելը, CD, DVD ձայնագրությունից վերցնելը: Ամեն դեպքում յուրաքանչյուր Ձեզ չպատկանող նյութ օգտագործելիս ցանկալի է տեսահոլովակի նկարագրությունում նշել, թե որտեղից է այն վերցված: YouTube-ն ունի նաև անվճար մեղեդիների ցանկ, որտեղից օգտատերերը կարող են ընտրել իրենց համար լավագույն տարբերակը: Սակայն օրիգինալությունը պահելու և հետաքրքիր երանգ հաղորդելու, ինչպես նաև հեղինակային իրավունքի խնդիրներից, հեղինակների բողոքներից զերծ մնալու լավագույն տարբերակը սեփական հոլովակին սեփական երաժշտություն կցելն է: Բացի երաժշտության հեղինակից կարող են բողոքել նաև մարդիկ, ում լուսանկարներն օգտագործել եք հոլովակի ընթացքում: YouTube-ը հետաքրքիր է նաև նրանով, որ այն ունի Content ID բաժին, որտեղ երևում են օգտատերերի հոլովակների դեմ ուղղված բողոքները: Ինչքանո՞վ է լուրջ Content ID–ում բողոք տեսնելը: Երբեմն օգտատիրոջ հոլովակն անգամ չի արգելափակվում, սակայն յութուբյան նրբություններից մեկն այն է, որ հեղինակային իրավունքներ ունեցող անձը կարող է ցանկության դեպքում ոչ միայն արգելափակել հոլովակը, այլև արգելել այն տարածել այլ պորտալներով: Հետևաբար հոլովակը, օրինակ, Facebook տեղափոխելը հարցին լուծում չի տա: Մեկ այլ հետաքրքիր և քիչ հայտնի փաստ է այն, որ օգտատերը հեղինակային իրավունքներ ունեցող անձին կարող է առաջարկել կիսել եկամուտը:
Շատերը իրենց աշխատասենյակներում, տներում և այլուր ունեն տախտակներ, պատեր, որոնց վրա փակցնում են նկարներ, հիշեցումներ: Pinterest–ը կարելի է նմանեցնել այդ տախտակներին: Այստեղ օգտատերերը փնտրում և գտնում են իրենց հետաքրքող նկարներ, շարժանկարներ, հետևում են իրենց հետաքրքրող թեմաներով թարմացվող այլ Pin–երի: Pinterest–ի աշխատակիցները անձամբ ոչ մի նկար չեն վերցնում աղբյուրներից և, հետևաբար, չեն առնչվում հեղինակային իրավունքի խախտման հետ, բուն ռեսուրսի նկատմամբ ոչ մի ոտնձգություն կայքի ղեկավարները չեն անում: Բողոքները ուղղված են ոչ թե կայքի աշխատակազմին, այլ մեկ ուրիշ օգտատիրոջ: Օգտատերերը հաճախ այլ կայքերից գտնում են տարբեր հեղինակներին պատկանող նկարներ, տեղադրում են դրանք իրենց էջերում և չեն նշում հեղինակին: Այս դեպքում արդեն հեղինակի պահանջով կայքի աշխատակազմը նախազգուշացնում է օգտատիրոջը: Երբեմն օգտատերերը կարող են արգելափակվել: Pinterest–ում առկա նկարների քանակի պատճառով բավականին դժվար է դառնում գտնել նկարի իրական հեղինակին, այդ պատճառով հեղինակային իրավունք խախտողները մնում են անպատիժ: Pinterest-յան խախտումներից ավելի շատ տուժում են սկսնակ հեղինակները, ում աշխատանքներին մարդիկ դեռ ծանոթ չեն: Նման ծավալի հետ աշխատելիս շատ դժվար է դառնում միասնական համակարգ մշակելը: Կայքի պատասխանատուներին կարելի է դիմել նաև այն դեպքում, երբ, օրինակ, Ա օգտատերը իր ստեղծած անիմացիոն հերոսին տեսնում է Բ օգտատիրոջ մոտ, սակայն նկարն ամբողջությամբ կրկնօրինակված չէ, այլ հերոսը պատկերված է ուրիշ միջավայրում: Pinterest–ին ուղղված խախտման մասին նամակը ցանկալի է գրել պաշտոնական ոճով, հիմնավորել այն և տալ հղումներ: Սեփական էջը տհաճ միջադեպերից պաշտպանելու համար բավական է չջնջել հեղինակի անունը, կամ եթե ծավալելու եք մասնագիտական գործունեություն, տեղադրեք միայն Ձեր աշխատանքները:
Ամփոփելով վերը նշված օրինակները, տարբեր սոցիալական ցանցերում առաջացող խնդիրները և դրանց լուծումները՝ կարելի է ասել, որ հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների մի մասը սոցցանցերում առաջանում է այն պատճառով, որ օգտատերերը ինչ-ինչ պատճառներով չեն կարդում կայքի քաղաքականությանը վերաբերող մասը, իսկ հետո կարևորություն չեն տալիս հեղինակին նշելուն: Ներկայումս այս խնդրի համար միանշանակ լուծում առաջարկելն իրատեսական չէ: Ֆիլտրերի համակարգի մշակման գործընթացը կապված է միլիոնավոր դոլարների հետ, և այս ծախսերը հակասում են սոցցանցերի բիզնես-ծրագրերին: Վերջիններս շահագրգռված չեն նման ծախսեր կրել: Իրավական պայմանագրի բացակայության պարագայում սոցցանցերը պատասխանատվություն, միևնույն է, չեն կրում: Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող օգտատերերը ենթարկվում են տարբեր օրենսդրական կարգավորումների: Մեկ այլ լուծում կարող էր հանդիսանալ որևէ հեղինակավոր կազմակերպության, օրինակ ՄԱԿ-ի կողմից առաջարկված փաստաթուղթը համացանցային հեղինակային իրավունքների վերաբերյալ: Այս պարագայում էլ մի շարք պետություններ կարող են պարզապես հրաժարվել ընդունել այդտեղ առկա կետերը: Քանի դեռ սոցցանց–օգտատեր հարաբերություններում ֆինանսական շահը գերակա չէ, սոցիալական ցանցերին ձեռնտու չէ նշված խնդրին տալ չնայած արդյունավետ, բայց թանկարժեք լուծում:
[i] Ամերիկայում գործում է Digital Millennium Copyright Act կոչվող փաստաթուղթը, Եվրոպայում ՝ European Union Copyright Directive-ը և այլն:
[ii] ՀՀ օրենքը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին:
[iii] Հիմնականում իրավախախտները ենթարկվում են վարչական պատասխանատվության:
[iv] Statista.com–ի տվյալներ
[v] Adweek.comի տվյալներ, դեկտեմբեր 2015: YouTube – ի տվյալներ ՝ statista.com
[vi] Որպես կանոն՝ հեղինակի մահվանից հետո ևս 70 տարի:
[vii] Օրինակ՝ այլ օգտատիրոջ նյութ օգտագործելիս նշել հեղինակին, չգործածել այլոց նութերը կոմերցիոն նպատակներով և այլն:
[viii] Ոմն Դենիել Մորել դատի էր տվել մի շարք լրատվամիջողների, ովքեր օգտագործել էին իր լուսանկարները ՝ արված Հայիթիի 2010 թվականի երկրաշարժի ժամանակ: Դատարանը վճռեց, որ առանց հեղինակի համաձայնության լուսանկարները չեն կարող օգտագործվել կոմերցիոն նպատակներով:
[ix] Գիտական, բանավիճային, քննադատական և այլ դեպքերում:
Գրականություն
- ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
- Digital Millennium Copyright Act
- Гущин А.А. ” Авторское право в интернете
- И. Апарышев – Авторское право в интернете
- Facebook – Terms and Policies
- Pinterest – Terms and Policies
- Twitter – Terms and Policies
- Youtube – Tems and Policies
Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան (Lusine Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: