Այսօր դժվար թե գտնվի մեկը, ում ծանոթ չլինի «ՄաքԴոնալդս» ընկերությունը: 1940-ական թվականներին Դիք և Մակ Դոնալդ եղբայրների կողմից ստեղծված և Ռեյ Քրոքի շնորհիվ մեծ հաջողությունների հասած արագ սննդի ոլորտի այս հսկան գործում է աշխարհի 119 երկրում՝ իր մասնաճյուղերի թվով զիջելով միայն «Subway»-ին և օրական սպասարկելով ավելի քան 70 միլիոն մարդու: Հայաստանի բնակչությունը չի մասնակցում այս գործընթացներին, քանի որ «ՄաքԴոնալդս» արագ սննդի ցանցը դեռ չի գործում մեր երկրում: Հարց է առաջանում, թե ինչու: Փորձենք հասկանալ:
Միայն խոսքեր
Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում «ՄաքԴոնալդս»-ի բացման մասին լուրերը շրջանառվում են: Իրականում քչերին է հայտնի, որ «ՄաքԴոնալդս»-ը իր ապրանքային նշանը Հայաստանում գրանցել է դեռևս 1999 թվականին, սակայն երբեք, որպես այդպիսին, չի կիրառել: Բնական է, որ «ՄաքԴոնալդս»-ը դիմել է այդ քայլին, որպեսզի արգելի երրորդ անձանց կիրառել իր անունը, կարգախոսը կամ նշանը: 2011 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում «ՄաքԴոնալդս»-ի բացման մասին խոսակցությունները նոր թափ ստացան, երբ լրատվական կայքերից մեկը հրապարակեց մի հոդված, ուր հաղորդվում էր, որ «ՄաքԴոնալդս»-ը ֆրանչայզինգային պայմանագրով Հայաստան է բերելու «Տաշիր գրուպ»-ը: Հայտնի էր նաև հայկական «ՄաքԴոնալդս»-ի անդրանիկ սրճարանի գտնվելու վայրը՝ Դալմա Գարդեն մոլը: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, այս խոսակցությունները այդպես էլ մնացին լոկ որպես խոսակցություն: Անցյալ տարվա փետրվար ամսին Հայաստանում «ՄաքԴոնալդս»-ի բացման շուրջ խոսակցությունները վերսկսվեցին: Պատճառը ապրիլին ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում «ՄաքԴոնալդս»-ի ղեկավար կազմի կայանալիք ժողովն էր, ուր ամենայն հավանականությամբ քննարկման պետք է դրվեր նաև Հայաստանում «ՄաքԴոնալդս» բացելու հարցը: Սակայն, ի դժբախտւթյուն (կամ ուրախություն) Հայաստանի բնակիչների, ժողովից հետո խոսվեց այն մասին, որ «ՄաքԴոնալդս»-ի ղեկավարությունը դեռևս չի պատրաստվում բերել իր ապրանքանիշը մեր երկիր:
Հե՞շտ է բացել «ՄաքԴոնալդս»
«ՄաքԴոնալդս»-ի բացումն իրականում այնքան էլ դյուրին գործընթաց չէ (եթե այն չի բացվում իհարկե հենց ապրանքանիշի կողմից): Արագ սննդի այս հսկայի անունից գործունեություն ծավալելու համար պետք է ձեռք բերել ընկերության ֆրանչայզինգային փաթեթը, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է՝
-
նախնական կապիտալ՝ 950 հազ –1.8 մլն $-ի սահմաններում (նշենք, որ այս գումարի 40%-ը պետք է սկզբից առկա լինի, մնացած մասն էլ կարելի է լրացնել վարկի միջոցով)i
-
ֆրանշիզայի ձեռքբերում, որն արժե 45 հազ. $
-
ընդհանուր հասույթի 4%-ի տրամադրումը ֆրանչայզատուին ամեն ամիս
-
ընդհանուր հասույթի 4.5%-ի հատկացումը գովազդին
-
յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ անձնակազմի ուսուցում/վերապատրաստում արտասահմանում
-
պայմանագիրը կնքել 20 տարի ժամկետով
-
անթերի վարկային պատմություն
-
պարտադիր մասնակցություն ընկերության կողմից կազմակերպվող բարեգործական ակցիաներին:
Ֆրանչայզինգ տրամադրելուց առաջ «ՄաքԴոնալդս»”ը խորապես ուսումնասիրում է իր ապագա ֆրանչայզակալի գործունեությունը (մասնավորապես վերջինիս փորձը, ներկայացված բիզնես-պլանի արդյունավետությունը, ֆինանսական միջոցների առկայությունը սկզբնական ներդրումների համար, գրագիտությունը մենեջմենթում, կոմպետենտության աստիճանը արագ սննդի ոլորտում և այլն), ինչը բնական է, քանի որ տվյալ անձը լինելու է իր պաշտոնական ներկայացուցիչը տվյալ երկրում, ում գործունեությունից է կախված ընկերության հետագա ընդլայնումը: Բնական է, որ արագ սննդի այս հսկայի ներկայացրած պայմաններն ու ծախսերի չափերը խոչընդոտում են «ՄաքԴոնալդս»”ի հայտնվելուն Հայաստանում, քանի որ անձինք, ովքեր կդառնան ֆրանչայզակալ, պետք է ունենան նաև սեփական եկամուտը և վստահ լինեն, որ նեդրումները կլինեն արդարացված: Յուրաքանչյուր ներդրում էլ իր մեջ պարունակում է որոշակի չափի ռիսկ, և, ինչպես տեսնում ենք ներկայիս իրավիճակից, հայ գործարարները դեռ չեն ցանկանում դիմել այդ ռիսկինii: Չնայած փորձը ցույց է տալիս, որ ի դեմս ներդրումների մեծ չափերի, դրանց հետգնման ժամկետը սովորաբար միջինում կազմում է մեկ տարի: Հայաստանի դեպքում, սակայն, իրավիճակը կարող է փոքր-ինչ այլ լինել՝ կապված հայկական շուկայի առանձնահատկությունների հետ, որոնց մասին կխոսվի ստորև:
Բարենպաստ և անբարենպաստ գործոններ
Իրականում «ՄաքԴոնալդս»”ը չի սահմանափակվում միայն հավանական ֆրանչայզակալի գործունեությունը ուսումնասիրելով, այլ ուսումնասիրվում է նաև տվյալ ֆրանչայզակալի երկիրը իր օրենքներով, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական ցուցանիշներով և այլն: Մեր երկիրը այնքան էլ գրավիչ չէ «ՄաքԴոնալդս»”ի համար, քանի որ ՀՀ մշտական բնակչության թիվը փոքր է և ունի նվազման միտում. ըստ ԱՎԾ տվյալների՝ եթե 2013 թվականին ՀՀ տարածքում բնակվում էր 3 մլն 17.1 հազար, ապա 2015 թվականին՝ 2 մլն 998.6 հազար մարդ: Սա խոսում է շուկայի փոքր տարողունակության մասին, իսկ «ՄաքԴոնալդս»-ն ունի հստակ մշակված ռազմավարություն, ըստ որի՝ երբ այն մուտք է գործում տվյալ երկրի շուկա, չի սահմանափակվում միայն մեկ մասնաճյուղով և մի քանի տարվա ընթացքում նախատեսում է ընդլայնվել: Ժամանակին խոսվում էր, որ մեր երկրում հնարավոր է բացել «ՄաքԴոնալդս»-ի 8 մասնաճյուղ, ուր զբաղված կլինի մոտ 1000 աշխատակից: Սակայն ավելի կոպիտ հաշվարկները ցույց են տալիս, որ լավագույն դեպքում հնարավոր կլինի բացել 5 մասնաճյուղ, որոնց գերակշիռ մասը լինելու է Երևանում: Բացի այդ, հայաստանցիների գնողունակության ցուցանիշը այնքան էլ բարձր չէiii և գնալով նվազում է, ինչի հիմնական պատճառն է արտասահմանից եկող տրանսֆերտների զգալի կրճատումը: Բնական է, որ այս ամենը ևս «ՄաքԴոնալդս»-ի ղեկավարության համար ոչ գրավիչ պայման է: Բացի այս ամենը, «ՄաքԴոնալդս»-ը ունի 4 հիմնական սկզբունքiv, որոնցից մեկը՝ մատչելի գների սկզբունքը, Հայաստանում այնքան էլ լավ չի գործի: Մասնավորապես «ՄաքԴոնալդս»”ը շատ լուրջ է վերաբերվում ֆրիի պատրաստմանը: Գոյություն ունեն ոչ միայն կարտոֆիլի պատրաստման, այլև աճեցման հատուկ ստանդարտներ: Այդ իսկ պատճառով «ՄաքԴոնալդս»”ը ֆրանչայզակալների մեծ մասին առաքում է արդեն իսկ ընկերության ստանդարտներով կտրատված և սառեցրած կարտոֆիլը՝ այդպիսով արտադրությունը կապելով իրացմանը: Այնպես չէ, սակայն, որ Հայաստանն ընդհանրապես գրավիչ չէ «ՄաքԴոնալդս»”ի համար: Իրականում գոյություն ունեն մի շարք գործոններ և ցուցանիշներ, որոնք գրավիչ են դարձնում մեր երկիրը նեդրողների, այս դեպքում՝ «ՄաքԴոնալդս»”ի համար: Նմանատիպ ցուցանիշ է անվտանգության գործակիցը. հայտնի «Numbeo» ընկերությունը կազմել է անվտանգ երկրների վարկանիշ, և 117 երկրների շարքից Հայաստանը զբաղեցնում է 25-րդ տեղը անվտանգության 68.89% գործակցով: Բացի այս, 2016 թվականին հայտնի «Fitch Ratings» գործակալությունը Երևանին շնորհեց B+ վարկանիշ, ինչը բավականին գրավիչ է դարձնում Երևանը օտարերկրյա ներդրողների համար: Նշենք, որ «Fitch Ratings»-ի նման կառույցի տված վարկանիշը բավականին ծանրակշիռ և արժանահավատ ցուցանիշ է, որը նաև կարևոր ուղեցույց է միջազգային ներդրումային ընկերությունների և օտարերկրյա գործարարների համար ներդրումների կատարման գործում:
Հայ հասարակության արձագանքը
«ՄաքԴոնալդս»”ը չի հայտնվի Հայաստանում, եթե չլինի պահանջարկ իր արտադրանքի նկատմամբ: Պարզելու համար, թե հայ սպառողը հետաքրքրված է արդյոք «ՄաքԴոնալդս»”ի բացմամբ մեր երկրում, թե ոչ, սոցիալական ցանցերից մեկում մեր կողմից իրականացվեց հարցում, որին մասնակցեց 174 անձ, և որի արդյունքները բերված են ստորև.
Ինչպես երևում է, հարցվածների մեծ մասը կողմ է «ՄաքԴոնալդս»”ի բացմանը: Դրական արձագանքողների գերակշիռ մասն իր պատասխանը հիմնավորում էր մի շարք փաստարկներով, ինչպիսիք էին «ՄաքԴոնալդս»”ի մատուցած սննդի համեղ լինելը, հայկական շուկային նոր շունչ բերելը, մրցակցային դաշտի ստեղծումը, մոդայիկ լինելը և այլն: Բացասական պատասխան տվածների հիմնական պատճառաբանությունը այն էր, որ «ՄաքԴոնալդս»”ը մատուցում է անորակ և առողջության համար վնասակար սնունդ: Բացի այդ, Հայաստանում կան շատ ավելի որակյալ արագ սննդի կետեր:
Խոսելով Հայաստանում «ՄաքԴոնալդս»”ի բացման մասին՝ անհնար է չանդրադառնալ վրացի գործարար Թեմուր Չկոնիային, ում անվան շուրջն են պտտվում «ՄաքԴոնալդս»”ը Հայաստան բերելու մասին խոսակցությունները: Նշենք, որ հենց Չկոնիան է «ՄաքԴոնալդս»”ի հիմնադիրը Վրաստանում, ուր այն բավականին հաջող գործունեություն է ծավալումv: Որպես ապացույց կարող է ծառայել նաև այն, որ «ՄաքԴոնալդս»”ի գլխավոր գրասենյակը Վրաստանի ցանցին ճանաչել է լավագույնը Եվրոպայում: Բնական է, որ այս ամենը վրացական ցանցում իրականացվող գրագետ մենեջմենթի արդյունք է, որը տեղի է ունենում Չկոնիայի ղեկավարությամբ: Այդ պատճառով շատ ավելի իրատեսական է, որ հենց այս գործարարը կլինի «ՄաքԴոնալդս»”ի հիմնադիրը նաև Հայաստանում: Վերջերս կրկին խոսակցություններ տարածվեցինvi, որ Թեմուր Չկոնիան ձեռք է բերել Հայաստանում «ՄաքԴոնալդս» բացելու արտոնագիր, և որ շուտով կսկսվեն կառուցման աշխատանքները: Ըստ լուրերի՝ նախատեսվում է կառուցել 3-4 մասնաճյուղ, որոնցից ամեն մեկի համար կներդրվի 2-3 մլն եվրոյի հասնող գումար:
Այն, որ արագ սննդի ցանցերը հիմնականում բավականին հեռու են առողջ սնունդ մատուցելուց, ապացուցված է, բայց այնուամենայնիվ այս ոլորտում նույնպես կարելի է ընտրել համեմատաբար որակյալին: Այսօր Հայաստանում գործում են «KFC», «Pizza Hut» միջազգային կազմակերպությունները: Վերջերս էլ բացվեց հանրահայտ «Բուրգեր Քինգը», որն արդեն իսկ լավ դիրքավորվել է շուկայում: Նման մրցակիցների առկայությունը կարող է Հայաստան գալու լրացուցիչ խթան հանդիսանալ «ՄաքԴոնալդս»”ի համար, քանի որ վերջինս մրցակիցներից ետ չմնալու համար կցանկանա Հայաստանում ևս ձեռք բերել շուկայի որոշակի մասնաբաժին: Բացի այդ, կխթանվի գյուղատնտեսության ոլորտի գործունեությունը, քանի որ հայկական «ՄաքԴոնալդս»”ում կօգտագործվեն հայկական արտադրության մթերքներ: «ՄաքԴոնալդս»”ի առկայությունը նաև կարող է բարձրացնել մեր երկրի իմիջը և բարենպաստ գործոն լինել օտարերկրյա ներդրողների համար, որպեսզի վերջիններս իրենց միջոցները ցանկանան ներդնել մեր երկրում, կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր: Ամեն դեպքում չենք կարող չփաստել, որ «ՄաքԴոնալդս»”ի առկայությունը նոր որակ կբերի արագ սննդի հայկական շուկային՝ յուրօրինակ երանգ հաղորդելով ոլորտի մրցակցությանը, սպասարկման որակին:
i «ՄաքԴոնալդսը», որպես այդպիսին, իր ֆրանչայզակալներին փոխառու միջոցներ չի տրամադրում: ii Նշենք, սակայն, որ ժամանակին հայտնի հայ գործարար Խաչատուր Սուքիասյանը մտադրություն ուներ դառնալու «ՄաքԴոնալդս»”ի ֆրանչայզակալը և բերել այն Հայաստան: iii Վերջին երկու տարվա կտրվածքով և տարվա առաջին հինգ ամիսների հաշվարկով Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 38 միլիարդ 188 մլն դրամի չափով։ Այլ կերպ ասած՝ 2014-ին Հայաստանում ապրող մարդիկ հունվար”մայիս ամիսներին 38 միլիարդ դրամով ավելի շատ գումար են ծախսել, քան 2016 թվականին: iv «ՄաքԴոնալդս»”ի հիմնական սկզբունքներն են որակը, սպասարկման մակարդակը, մաքրությունը և մատչելի գները: v 2011 թվականի դրությամբ Վրաստանում գործում էր «ՄաքԴոնալդս»”ի 4 մասնաճյուղ՝ 3-ը Թբիլիսիում. 1-ը ՝ Քութայիսիում, իսկ արդեն 2013 թվականին դրանց թիվը հասավ 6-ի, որից 4-ը գործում են Թբիլիսիում, 1-ը՝ Քութայիսիում, մյուսն էլ՝ Բաթումիում: Ներկայումս «ՄաքԴոնալդս»”ի կետեր կան նաև Զուգդիդիում և Ռութավիում:Հղումներ
Հեղինակ՝ Աննա Մինասարյան (Anna Minasaryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: