Մարտահրավերներ և դրանց տրվող պատասխաններ

Photo: www.jam-news.net
Photo: www.jam-news.net

Ներածության փոխարեն

Ձեռնամուխ լինելով նմանօրինակ բովանդակությամբ վերլուծություն գրելու աշխատանքներին՝ մենք հետապնդել ենք հետևյալ նպատակը. փորձել ներկայացնել մեր պետականությանն ու հասարակությանը սպառնացող ապագայի հնարավոր տեսլականներից մեկը՝ կատարելով այժմյան ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում տիրող իրավիճակի և դրանց նկատմամբ պետական իշխանությունների վերաբերմունքի ու տարվող քաղաքականության ընդհանրական վերլուծություն: Միով բանիվ՝ կարող ենք արձանագրել, որ մեր հիմնական նպատակն է ցույց տալ մեր հասարակության առջև հասարակական-քաղաքական կյանքում ծառացած մարտահրավերների (եթե կուզեք` քաղաքակրթական մարտահրավերների) էությունը, որոնց շուտափույթ լուծումը պարզապես կենսական նշանակություն ունի մեր պետականության և, ընդհանրապես, հայկական տարրի գոյության պահպանման և հետագա հնարավոր ու ցանկալի զարգացման համար:

Բրիտանացի պատմաբան, պատմական փիլիսոփա, մշակութաբան Առնոլդ Թոյնբին իր կոթողային «Պատմության հետազոտություն» աշխատության մեջ այն միտքն է զարգացնում, որ յուրաքանչյուր հասարակության և քաղաքակրթության վիճակված է իր գոյության ընթացքում բախվել ամենատարբեր մարտահրավերների, որոնց ճիշտ ժամանակին տրվող արդյունավետ լուծումներն են, որ հիմք են նախապատրաստում այդ հասարակությունների զարգացման համար: Զարգացնելով իր այս հիպոթեզը՝ Թոյնբին նշում է, որ քաղաքակրթությունների առջև ծառացած մարտահրավերներն ի վիճակի է լուծել ոչ թե հասարակությունն ամբողջությամբ վերցրած, այլ նրա ընդամենը մի մասը կազմող ինտելեկտուալ հատվածը, որին նա տալիս է «ազգային էլիտա» անվանումը: Ամբողջովին համաձայնելով մեծ բրիտանացու առաջ քաշած վերոնշյալ թեզի հետ և փորձելով դրա տրամաբանության շրջանակներում դիտարկել մեր հասարակության օրինակը՝ ուշադրություն ենք դարձնում ՀՀ ներկա իշխանությունների վարած ներքին քաղաքականությանը: Հաշվի առնելով այն անժխտելի փաստը, որ այսօրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, հեռու են թոյնբյան էլիտա լինելուց՝ ստիպված ենք դիմել համաշխարհային հռչակ վայելող մեկ այլ մտավորականի՝ լուսավորական դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Ժան Ժակ Ռուսոյի առաջ քաշած գաղափարների օգնությանը՝ միաժամանակ տալով դրանց մեր մեկնությունները: Այսպիսով՝ եթե գործող իշխանության կրողները ի վիճակի չեն կամ չեն ուզում լուծել հանրույթի առաջ ծառացած մարտահրավերները կամ, այլ կերպ ասած, էլիտա չեն, ապա լուծումը հասարակական, մշակութային և գիտական դաշտի այն բացառիկ ինտելեկտուալ ներկայացուցիչների ձեռքում է, ովքեր ունեն բավարար ներուժ նոր ազգային էլիտա ձևավորելու համար: Նրանք են, որ իրենց ստեղծած կազմակերպությունների, խմբակների, միությունների և ծավալած շարժման ջանքերով պետք է իրենց ուսերին վերցնեն վերոնշյալ մարտահրավերի՝ նոր ազգային էլիտայի ձևավորման ողջ պատասխանատվությունը:

Հայսմ՝ վերլուծության հիմնական հատվածում կփորձենք ընդհանրական կերպով վերլուծել մեր հանրույթի առջև ի հայտ եկած և առաջնահերթ լուծումներ պահանջող մարտահրավերների էությունը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը, դրա տրամաբանությունը, հետևանքները և, ըստ այդմ էլ, վերջում թույլ կտանք մեզ տալ գուցե և սուբյեկտիվ (ինչը մեզ թույլ է տալիս աշխատության ֆորմատը), բայց, այնուամենայնիվ, համապատասխան գնահատական, այն է՝ այսօրվա ներուժով ներկայիս իշխանությունները ի զորու չեն, գուցե և իրական ցանկություն էլ չունեն լուծելու մեր առջև վեր խոյացած և օր առաջ պատասխաններ պահանջող մարտահրավերները:

Մարտահրավերներ և դրանց տրվող «լուծումներ»

1. Այն, որ մեր պետական կառավարման ապարատը կոռումպացված է, նորություն չէ և ոչ մեկիս համար, ինչը նույնիսկ չեն ժխտում այդ ապարատի կարկառուն և ականավոր ներկայացուցիչները: Միակ տարբերությունը սույն հարցում հասարակ քաղաքացիների և վերջիններիս միջև երևի թե այն է, որ նրանք փորձում են հնարավորինս մեղմ ներկայացնել այդ կոռուպցիոն ռիսկերը: Իսկ այն փաստը, որ կոռուպցիան այսօր արդեն անցել է ազգային անվտանգության համար վտանգավոր համարվող սահմանագիծը, ուղղակի անժխտելի Է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որ սկզբունքն է որպես կանոն հիմնականում աշխատում մեր պետության մեջ պետական ոլորտում աշխատանքի անցնելու գործում: Դպրոցներում, դատական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, էլ չենք խոսում նախարարությունների մասին, աշխատանքի ընդունման գործընթացը մեծիմասամբ ուղեկցվում է կոռուպցիոն երևույթներով: Իսկ ամենավատն այն է, որ այդ ամենը կատարվում է պետական բարձր պաշտոնյաների անմիջական հովանավորությամբ և վերահսկողությամբ: Փաստորեն, իբրև արդյունք կարող ենք արձանագրել, որ պետական այն ապարատը, որը պետք է իր ուսերին վերցնի մեր հանրույթի առջև ծառացած մարտահրավերների լուծման դժվարին և պատասխանատու գործը, համալրվում է ոչ կոմպետենտ, շատ դեպքերում պետականակենտրոն մտածելակերպից զուրկ, քրեածին, «փողոցային վարքուբարքով» ուղղորդվող և կենսաձև վարող անձանցով: Նման մարդիկ ոչ միայն ունակ չեն լուծելու ազգային նշանակության ու կարևորության, իսկ երբեմն էլ անգամ ամենատարրական խնդիրները, այլև նպատակ ունեն հնարավորինս օգտագործել իրենց` պետական ծառայողի դիրքը՝ նախ, իրենց տված կաշառքը հետ բերելու, ապա նաև սեփական քսակը լցնելու, հարստություն դիզելու համար: Արդյունքը այն տխուր իրականությունն է, որը տիրում է պետական կառավարման ցանկացած ոլորտում: Չկա մի պետական ինստիտուտ, որի հետ գործնական կամ առօրեական խնդիրներով պայմանավորված առնչակցության գործընթացը տհաճության, եթե չասենք զզվանքի զգացում չառաջացնի հասարակ քաղաքացիների մոտ: Ինչպես հաղորդակցվելու տարրական կանոնները, այնպես էլ պետաշխատողի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները հիմնականում խորթ են համակարգի աշխատակազմի ճնշող մեծամասնությանը: Ամենացածր ծառայողական դիրքն անգամ շահարկվում է անձնական շահերի համար՝ արդյունք հանդիսանալով «մաղարիչների», «լավության տակից դուրս գալու», «պատիվ տալու» և վերջապես կաշառակերության:

Ամենևին էլ չժխտելով այն փաստը, որ կոռուպցիոն տարրեր գոյություն ունեն անգամ ամենազարգացած և լիբերալ հասարակություններում` ցանկանում ենք նշել, որ այստեղ էական է համակարգ-բացառություն հարաբերակցությունը։ Զարգացած լիբերալ հասարակություններում կոռուպցիան արտահայտվում է բացառություններով, իսկ մեր երկրում այն հենց համակարգն է։

Իշխանությունների կողմից իրականացվող բացառապես կոսմետիկ և ցուցադրական բնույթ կրող միջոցառումները, որոնք հատկապես ակտիվացան վերջին շրջանում, ի զորու չեն փոխել ստեղծված իրավիճակի ընդհանուր պատկերը: Չնայած կառավարության ղեկավարների հռչակած արմատական փոփոխությունների անհրաժեշտությանը և մասնավորապես այս վերջին փուլում զգալի թվով պաշտոնանկություններին, որևէ լուրջ դրական փոփոխություն չի նկատվել, և հույս էլ չկա, որ կնկատվի: Մեզ` հոռետես համարողներին ի պատասխան կավելացնենք, որ լուծումը ոչ թե անձանց, այլ համակարգի` աշխատելու հիմնական սկզբունքների արմատական փոփոխության մեջ է: Եվ եթե իշխանությունները հույս ունեն, որ միայն հայտարարությունների մակարդակով փոփոխությունների մասին բարձրաձայնելը բավական է թնջուկը լուծելու համար, ապա նրանց մեծ հուսախաբություն է սպասվում: Առավելագույնը, ինչին նրանք կարող են հասնել, իրենց իշխանության ժամանակավոր վերարտադրությունն է, կրկնում ենք՝ ժամանակավոր, որի հետագա տևողության ընթացքում նույն կործանարար քաղաքականության շարունակությունն էլ ավելի կխորացնի ներքաղաքական բոլոր ոլորտներում առկա ճգնաժամն ու լճացումը, որոնց ճիշտ ժամանակին լուծում չտալը, ըստ Թոյնբիի, հավասարազոր է ընդհանրապես լուծում չտալուն: Իսկ դեպքերի նման զարգացումը ողբերգական հետևանքներ է ունենալու ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև այդ նույն իշխանական բուրգի բացարձակ մեծամասնության համար:

2. Խոսենք մեր իրականությունում ամենալայն կիրառությունն ստացած «ատկատների» և պետական շահերին հակասող թալանի ու վատնման մասին: «Ատկատներ»-ի արատավոր եղելույթը պարզապես անբաժանելի մասն է պետական ծախսերով իրականացվող ճանապարհների, պետական ու այլ հիմնարկների և, ընդհանրապես, պետբյուջեի միջոցներով իրականացվող ցանկացած պրոյեկտի իրականացման գործընթացի: Վաղուց բացահայտված իրականություն է, որ վերոհիշյալ ծրագրերի համար նախատեսված և բյուջեից դուրս գրված գումարների կեսն էլ անգամ չի ծառայում իր նպատակին, այլ գրպանվում է ամենատարբեր մակարդակներում ամենատարբեր անձանց կողմից: Պետք է նշել, որ ասվածը վերաբերում է նաև ցանկացած այլ միջոցառման, որը ֆինանսավորվում է ոչ թե պետբյուջեի, այլ որևէ միջազգային կառույցի կողմից, սակայն իրականացվում է պետական ապարատի կողմից կամ անմիջական վերահսկողությամբ: Ասվածի լավագույն օրինակ է Հյուսիս–հարավ մայրուղու շինարարությունը, որի կառուցման համար հատկացված գումարը արդեն մսխվել է, այն դեպքում, երբ ծրագրված աշխատանքների միայն չնչին մասն է կատարված: Հարդյունս այս ամենի՝ այն գումարները, որոնք պետք է ծառայեին ազգային շահերից բխող հիմնախնդիրների լուծմանը, յուրացվում են մի շարք անձանց կողմից, իսկ մեր հանրույթի առջև ծառացած մարտահրավերները շարունակում են մնալ անպատասխան՝ աստիճանաբար դառնալով պայթունավտանգ և սպառնալով մոտ ապագայում արդեն խարխլել մեծ ջանքերի ու զոհողությունների գնով ձեռք բերված պետականության հիմքերը:

3. Քննարկենք, թե ինչպիսի լուրջ հետևանքներով է հղի պետական ապարատը ոչ կոմպետենտ կադրերով լրացնելու պրոցեսը: Մասնագիտական համապատասխան գիտելիքներից զուրկ քաղծառայողը ոչ միայն ընդունակ չէ իր վրա դրված պարտականությունները բարեխղճորեն կատարելու, այլև հասկանալու դրանց անհրաժեշտությունը պետական մեքենայի անխափան աշխատանքն ապահովելու գործում: Այլ կերպ ասած՝ ոչ մասնագետներով իր շարքերը համալրելով՝ պետական ապարատը ուղղակի կերպով հող է նախապատրաստում ապագայում իր կազմաքանդման համար, որի նախանշաններն արդեն իսկ իրենց ցույց են տալիս: Երկրորդ վտանգն այն է, որ, աշխատանքի ընդունելիս առաջնորդվելով բոլորովին այլ չափանիշներով, բացի մասնագիտական պատրաստվածության ասպեկտից (հազվագյուտ դեպքերում դրանց համադրմամբ), իշխանությունները անխուսափելիորեն խրախուսում են երիտասարդության շրջանում ուսման և գիտելիքի նկատմամբ հետաքրքրության մակարդակի անկմանը: Որպես դրա արդյունք՝ ուսումնական հաստատություններում՝ սկսած հանրակրթական դպրոցներից, վերջացրած ԲՈՒՀ-ով, ունենք պարզապես անմխիթար իրավիճակ: Իսկ ուսման արժեքը այնուամենայնիվ գնահատող, նախանձախնդիր ու հետևողական այն երիտասարդները, ովքեր, անկախ ամեն դժվարություններից, ստացել են համարժեք մասնագիտական գիտելիքներ, կարողանում են տեղ գտնել բացառապես ներքին օղակներում՝ տեսականորեն զրկվելով որևէ բան փոխելու հնարավորությունից: Նման մասնագետների մի մասն էլ, պարզապես չդիմանալով տիրող անարդարության մթնոլորտին և մասնավորապես իրենց, մեղմ ասած, ոչ մասնագետ վերադասի ու, ընդհանրապես, իրենց առջև դրված պահանջներին, լքում են հայրենիքի սահմանները՝ ավելի լավ վարձատրվող և արժանապատիվ աշխատանք գտնելու միտումով: Պետության համար չափազանց վտանգավոր այս երկու հանգամանքները միայն բավարար են, որպեսզի իշխանությունները հասկանան, թե որքան վտանգավոր է իրենց որդեգրած այս քաղաքականությունը ողջ հասարակության համար, որի մի մասն էլ, ի դեպ, իրենք են հանդիսանում:

4. Նեպոտիզմ. քանի որ մենք դեռ չենք կարողացել ամբողջովին ձերբազատվել համակեցական կենցաղավարության մեջ, այսպես կոչված, բարեկամա-ընտանեկան հարաբերություններին բնորոշ տարրերից, պետական հսկողության բացակայության, ամենաթողության պայմաններում առաջին հայացքից ոչ այնքան արատավոր այդ մնացուկները կատարելագործվում են և վերածվում արդեն հասարակական չարիքի: Հարազատներին, բարեկամներին ու ընկերներին աշխատանք տրամադրելու մեր պաշտոնյաների «ընկերասեր ու բարեկամասեր» պահվածքը այսօր արդեն հասարակության համար դարձել է ոչ պակաս վտանգավոր երևույթ, քան նույն կաշառակերությունը: Նման հովանավորչությունից մեր երկրում մեծապես տուժում է հատկապես գործածար միջավայրը: Համազգային հռչակ ու ճանաչում են վայելում պետական ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հարազատ-բարեկամները, որոնց համար գործարար միջավայրում ստեղծված են առանձնահատուկ պայմաններ: Այս ամենի արդյունքն էլ, բնականաբար, մեկ այլ հասարակական չարիքի՝ մոնոպոլիաների առաջացումն է:

5. Արտագաղթ. տրամաբանական է, որ այս ամենի ֆոնի վրա երկրում պետք է սկիզբ առներ արտագաղթը, որն արդեն վերջին շրջանում ավելի շատ հիշեցնում է մարդաթափի: Այլ կերպ չես անվանի այս ամենը, եթե ամենատարբեր հաշվարկներով անկախության 25 տարիների ընթացքում ՀՀ սահմանները լքել է առնվազն 1 միլիոն մարդ: Ընդ որում՝ այն փաստը, որ բնակչության թիվը նվազում է, չեն ժխտում անգամ իշխանությունները: Հաշվի առնելով այն կիսապատերազմական դրությունն ու արտաքին իրավիճակը, որում մենք գտնվում ենք՝ ավելորդ ենք համարում նշել, թե ինչ հետևանքներ կունենան մեր համար արտագաղթի նման տեմպերը:

6. Իշխանությունների և հասարակության միջև անջրպետի աստիճանական մեծացման միտումը հասկանալու համար եկեք դիմենք Գրամշիի «Հեգեմոնիա»-ի տեսությանը: Նրա կարծիքով՝ գերիշխանությունը այն իրավիճակն է, երբ աշխարհընկալման՝ գոյություն ունեցող սկզբունքները տվյալ հանրույթի կողմից այն աստիճան ընդունելի են, որ բացառվում կամ առնվազն անիմաստ է դառնում այլընտրանքային միջոցների փնտրտուքը: Ըստ տեսաբանի՝ գերիշխանության երևույթը հիմնված է համոզումի և հարկադրանքի մեխանիզմների պրոդուկտիվ համադրման վրա[i]: Այժմ եկեք գերիշխանության վերաբերյալ այս տեսությունը փոքր-ինչ տեղայնացնելու փորձ կատարենք: Արդյո՞ք ՀՀ այսօրվա իշխանությունները իրենց գերիշխանությունը պահպանելու և հիմնավորելու համար կարողանում են արդյունավետ իրականացնել վերոնշյալ երկու մեխանիզմների համադրումը: Կարծում ենք, որ առնվազն 2008 թվականի մարտի 1–ից ներկա իշխանությունները հիմնավորապես ձախողել են համոզումի բնագավառում: Չնայած իրենց ողջ մեդիատեղեկատվական ներուժի կիրառմանը՝ իշխանություններին չի հաջողվել հասարակությանը հիմնավորել իր կողմից առաջարկվող աշխարհընկալման և կենսակերպի սկզբունքների առավելությունները գոյություն ունեցող այլընտրանքների նկատմամբ: Ուստի և ձախողելով համոզումի դաշտում՝ հույսը դրվել է հարկադրանքի մեխանիզմի վրա: Այդ են վկայում ոստիկանական զորքերի, հասարակական կարգ ու կանոն հսկող այլ զորամիավորումների անձնակազմի թվի աճի տարեցտարի նկատվող միտումները: Այդ են վկայում նաև արդեն պարբերաբար բնույթ կրող բռնությունների կիրառումը քաղաքացիների, լրագրողների, հասարակության ակտիվ շրջանակների նկատմամբ: Իբրև նշվածի ցայտուն օրինակներ կարող են ծառայել Հուլիսյան դեպքերի ժամանակ ցույցերի մասնակիցների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները:

Ի՞նչ ենք առաջարկում

Մինչ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկներին անցնելը կցանկանայինք նշել, որ դրանք կրում են ընդհանրական-տեսական բնույթ, որը պայմանավորված է մի շարք հարցերի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությամբ: Ուրախ կլինենք հետագայում համապատասխան հնարավորության դեպքում դրանք ենթարկել առավել մանրակրկիտ ուսումնասիրության: Սակայն դրանով հանդերձ՝ ստորև ներկայացվող առաջարկությունների փաթեթը հիմնովին բխում է պետական շահերից և նպատակ է հետապնդում լուծելու մեր հասարակության առջև վեր խոյացած մարտահրավերները, իսկ ապագայում դրանց կատարելագործումը և մանրամասնումը կրելու է տեխնիկական և առանձին ոլորտների համար հատուկ ռազմավարության մշակման բնույթ: Բնականաբար կարող են ներկայացվել նաև այլ առաջարկներ:

1. Պետական ամենաբարձր ատյանների մակարդակով կատաղի պայքար սկսել կոռուպցիայի դեմ: Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող պետական պաշտոնյաներին ոչ միայն պարզապես հեռացնել զբաղեցրած պաշտոններից, այլև, հօգուտ պետության, բռնագրավել նրանց ողջ անշարժ և շարժական ունեցվածքը, ապա ենթարկել ամենախիստ պատիժների:

2. Պետական միջոցները բացառապես ուղղել ազգային շահերից բխող միջոցառումներին: Խստագույն վերահսկողություն հաստատել բյուջեից դուրս եկող անգամ ամենաչնչին գումարների և նրանց օգտագործման արդյունավետության վրա: Ազգային հարստություն համարվող ընդերքից, ջրային և էլեկտրաէներգիայի պաշարներից ստացվող եկամուտների առյուծի բաժինը ուղղել պետբյուջե: Արդյունաբերության և, ընդհանրապես, տնտեսության կազմակերպումն իրականացնել մտածված, իրենց ոլորտների անվիճելի առաջատար համարվող մասնագետների մասնակցությամբ:

3. Պետական ապարատը համալրել բացառապես կոմպետենտ, խելացի, մասնագիտական բարձր որակավորում ունեցող և, որ ամենակարևորն է, պետականակենտրոն մտածելակերպ ունեցող երիտասարդ կադրերով: Սա այն հիմնարար փոփոխությունն է լինելու, որ գալու է իսկապես արմատական փոփոխություններ կատարելու հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Նոր բարձրորակ կադրերով համալրված պետական ապարատը ի վիճակի է լինելու բարձր մակարդակով լուծել իր առջև դրված ցանկացած խնդիր՝ այդպիսով նպաստելով մեր առջև կանգնած մարտահրավերների արդյունավետ լուծմանը, ինչն էլ ստեղծելու է բոլոր անհրաժեշտ պայմանները մեր ազգային զարթոնքի և հզոր պետականության կերտման համար: Արդյունքում, ունենալով բարձրորակ մասնագետների կարիք, պետական մեքենան սկսելու է համարժեք ուշադրության արժանացնել կրթական համակարգին, որը պետք է դառնա ինտելեկտուալ ներուժի վերարտադրման գլխավոր դարբնոցը: Պարզ է, թե նման պայմաններում մեր ուսումնական հաստատությունները ինչպիսի որակական փոփոխությունների կենթարկվեն:

4. Կոռուպցիայի դեմ պայքարը իրենից ենթադրում է նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացում այնպիսի արատավոր երևույթի դեմ, ինչպիսին է նեպոտիզմը: Կարծում ենք, որ պետական վերահսկողությունը և անխափան գործող արդար պատժի համակարգի ներդրումը բավարար կլինեն նշված երևույթների դեմն առնելու համար:

5. Վերոշարադրյալ միջոցառումների իրականացման պարագայում համոզված ենք, որ ինքնաբերաբար կվերանա արտագաղթի հիմնախնդիրը: Առողջ պետական համակարգը, ընդհանուր արդարության մթնոլորտի վերականգնումը, տնտեսական առողջ մրցակցությունը և նմանօրինակ փոփոխությունները տեսնելով՝ մեր քաղաքացիները ոչ միայն չեն լքի մեր պետության սահմանները, այլև ընդհակառակը՝ անցած տարիների ընթացքում գնացածների մի զգալի հատվածը կվերադառնա հայրենիք:

6. Իրականացնելով պետական, տնտեսական, դատական և մնացած այլ ոլորտների առողջացման ծրագիրը՝ իշխանությունները ստիպված չեն լինի իրենց ողջ երևակայությունը գործի դնել հասարակությանը համոզելու համար, որ իրենց տեսլականները ամենաարդյունավետն են: Այդ դեպքում բավական կլինի ուղղակի ցույց տալ իրական պատկերը, ինչը ինքնին արդեն կխոսի վերջիններիս արդյունավետության մասին:

Արդյունքում, կթուլանա այն ծայրաստիճան լարված և շիկացած մթնոլորտը, որն առկա է ներհասարակական հարաբերություններում և անգամ արդեն միջանձնային հարաբերություններում: Կփոքրանա այն անջրպետը, որն այսօր առկա է իշխանություն-հասարակություն հարաբերություններում և որը գնալով ավելի ու ավելի է խորանում:

Եզրահանգում

Այսօր մեր հասարակությունը կանգնած է լրջագույն հիմնախնդիրների առջև, որոնց շուտափույթ և արդյունավետ լուծումներից է կախված մեր պետականության և հասարակության ապագան:

Չնայած որ ներկա իշխանություններն ու հասարակությունն ընդհանուր առմամբ գտնվում են միևնույն մշակութային, բարոյական և հոգևոր արժեքների տիրույթում, այնուամենայնիվ նրանց միջև ի հայտ է եկել սոցիալական խնդիրներով պայմանավորված անջրպետ, որը հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների վատթարացմանը զուգահեռ օրեցօր մեծանալու միտումներ է գրանցում: Երկրում աղքատության չափազանց մեծ ցուցանիշների ֆոնին նկատվում են ծայրահեղական դրսևորումներ, որոնց հետագա տարածումը չի բխում ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների շահերից, որոնք, ի դեպ, նույն հասարակությանն են պատկանում: Այնպես որ՝ այն պաշտոնյաները, որոնք կարծում են, որ «նավի խորտակվելու ընթացքում» իրենք փախուստի կդիմեն, պետք է գիտակցեն, որ դեպքերի նման զարգացման պարագայում փրկվողների թիվը չի գերազանցելու 500-ը:

Իսկ ի՞նչ է սպասվելու մնացածներին՝ կրկին թողնում ենք ընթերցողների երևակայությանը:
Քանի որ մեծ հույսեր չենք փայփայում գործող իշխանություններից վերոգրյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ուստի հիմնականում ապավինում ենք մեր իրական ազգային էլիտային՝ հանձին անկախության ոգով դաստիարակված սերնդին։

Այսպիսով՝ մենք ունենք մեկ ճանապարհ՝ միասին լծվում ենք պետականաշինության գործընթացին, կամ …Իրականում «կամ» չկա. ելքը մեկն է՝ պետականության ամրապնդում և հետագա զարգացում ու հզորացում:


[i] Գոռ Մադոյան ― Գրամշիական գերիշխանություն․համառոտ ակնարկ


Գրականություն

  1. Тойнби А. Дж. Цивилизация перед судом истории: Сборник / Пер. с англ. — М.: Рольф, 2002. — 592 с..
  2. Тойнби А. Дж. Исследование истории. Пер. К. Я. Кожурина, Изд-во СПб ун-та., Изд-во Олега Абышко, 2006.
  3. Jean Jacques Rousseau, the social contract,
    http://www.sparknotes.com/philosophy/socialcontract/section10.rhtml
  4. Gramsci and hegemony, https://www.powercube.net/other-forms-of-power/scott-resistance/
  5. http://www.grandars.ru/college/sociologiya/teorii-elit.html
  6. http://paperroom.ipsa.org/papers/paper_4036.pdf


Հեղինակ՝ Հայկ Փայտյան (Hayk Paytyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: