Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում. արդյունավետ պայքա՞ր, թե՞ շեղում նպատակից

Photo: http://www.alquds.co.uk
Photo: http://www.alquds.co.uk

Վերջին տարիներին թե՛ ՀՀ իշխանության, թե՛ հասարակության և թե՛ սփյուռքյան կառույցների կողմից մեծ ոգևորությամբ է ընդունվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի ներկայացումը տարբեր երկրների խորհրդարաններում: Առաջին հայացքից այս օրինագծերը կարող են համարվել թուրքական ժխտողականության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, մինչդեռ խորքային առումով ուսումնասիրելիս ի հայտ են գալիս մի շարք վիճահարույց հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության քրեականացումը ժխտող օրինագծերի արդյունավետությունը:

Քաղաքական միտումներ

Հաշվի առնելով այն, որ Հայոց ցեղասպանության շահարկումը մշտապես եղել է որևէ քաղաքական հարցի լուծման համար օժանդակ միջոց՝ նախ պարզենք, թե երբ և ինչու են շրջանառության մեջ դրվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող (այսուհետ՝ ՀՑԺՔ) օրինագծերը:

Առաջին հերթին խոսքը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին է, ինչի նկատմամբ տարբեր պատճառներով ավանդաբար բացասական դիրքորոշում ունեն ԵՄ ամենաազդեցիկ երկրները՝ Ֆրանսիան և Գերմանիան: 2006 թ. աշնանը ԵՄ-Թուրքիա բանակցությունները փակուղի մտան, քանի որ Թուրքիան  հայտարարեց, որ չի բացելու իր նավահանգիստներն ու ավիաուղիները ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության համար և առևտուր չի անելու նրա հետ: ԵՄ-ում անընդունելի համարեցին Թուրքիայի դիրքորոշումը միության անդամ պետության նկատմամբ: Քննադատություններին զուգահեռ 2006 թ. հոկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը, մեր կարծիքով, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հավելյալ միջոց դարձավ: Արդեն դեկտեմբերին ԵՄ-ն դադարեցրեց Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք Եվրոպական խորհրդի որոշմամբ վերսկսվել էին 2005 թվականին:

Որպես օրինաչափություն՝ Ֆրանսիայում ՀՑԺՔ օրինագծի քննարկումը կապված է նաև նախագահական ընտրությունների հետ: Այսպես, օրինագիծը առաջին անգամ խորհրդարանական քննարկման է դրվել 2007 թվականի, իսկ երկրորդ անգամ՝ 2012 թ. նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ: Հայկական համայնքի վստահությունն ու ձայները շահելու համար 2011 թ. նոյեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ միաժամանակ շեշտելով, որ ԵՄ-ն Թուրքիայի համար չէi: Ժխտման քրեականացումը եղել է Ֆրանսիայի նախագահներ Ն. Սարկոզիի և Ֆ. Օլանդի նախընտրական խոստումներից մեկը։ Ներկայիս նախագահ Է. Մակրոնը ևս իր ընտրարշավի ընթացքում դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ պետք է շարունակել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը:

2011 թ. դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը կրկին ընդունեց ՀՑԺՔ oրինագիծը, իսկ 2012 թ. հունվարին Սենատը, չնայած թուրքական սպառնալիքներին, հաստատեց այդ որոշումը: Սենատի՝ այս անգամ առավել վճռական հակաթուրքական դիրքորոշումը թերևս պայմանավորված էր արաբական գարնան ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում թուրքական դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքականությամբ, որը միտված էր թուլացնելու Եվրոպայի և առաջին հերթին Ֆրանսիայի ունեցած ավանդական ուժեղ ազդեցությունը նշված տարածաշրջաններում: Դրան ի հավելումն` նշենք 2011 թ. քրդական կազմակերպությունների հետ հակամարտության սրումը, իսկ հոկտեմբերին՝ Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքի ներխուժումը, ինչը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց եվրոպական երկրներում:

Բայց օրինագիծն ուժի մեջ չմտավ, քանի որ 2012 թվականի փետրվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշում ընդունեց, ըստ որի 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտումը պատժող օրենքը հակասող համարվեց Ֆրանսիայի Սահմանադրությանը, քանի որ այն խոչընդոտում է արտահայտման և հաղորդակցման ազատության իրացմանը:

2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետևեց հոկտեմբերին Ֆրանսիայի Սենատում ՀՑԺՔ օրինագծի հերթական քննարկումն ու ընդունումը: Թուրքական ավտոկրատիայի պատճառով շարունակ ի հայտ եկող խնդիրները, ինչպես, օրինակ, Գյուլենականների նկատմամբ բռնությունները, գերմանական ամսաթերթի լրագրողի ձերբակալությունը և ԵՄ-Թուրքիա փախստականների համաձայնագրում Թուրքիայի առաջ քաշած կետերըii անհանգստություն են առաջացնում ԵՄ երկրներում: Ուստի Գերմանիան և Ֆրանսիան հերթական անգամ Հայոց ցեղասպանության անվան տակ ուժեղացրին ճնշումը թուրքական կառավարության վրա:

Սակայն հունվարին Ֆրանսիայի սահմանադրական դատարանը կրկին չեղարկեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Հարց է առաջանում՝ ինչու Ֆրանսիայի կառավարությունը, նախաձեռնելով ՀՑԺՔ օրինագիծը և Սենատի մակարդակով ընդունելով այն, հետամուտ չի լինում դրա օրենքի ուժ ստանալուն: Շատերին թվում է, թե պատճառը թուրքական ակտիվ լոբբինգն է, ինչպես նաև այն, որ յուրաքանչյուր բանաձևի, օրինագծի ընդունմանը հաջորդում է Անկարայի կողմից դեսպանների հետկանչը, Էրդողանի՝ էթիկայից դուրս հայտարարությունները, պատժամիջոցներ կիրառելու, ռազմական, տնտեսական և քաղաքական պայմանավորվածությունների, բազմամիլիարդանոց գործարքների չեղյալ հայտարարելու թուրքական սպառնալիքները: Իհարկե, թուրքական լոբբինգը որոշակի ազդեցություն ունի այն պառլամենտականների վրա, ովքեր քրեականացման օրինագծի դեմ են քվեարկում, որպեսզի նրանք օրինագիծը մտցնեն Սահմանադրական դատարան: Սակայն խնդիրն այն է, որ, անկախ թուրքական սպառնալիքներից, Սահմանադրական դատարանը ժխտման քրեականացումը, միևնույն է, համարելու է հակասահմանադրական: Այն, որ օրինագիծը ձախողելու է  հակասահմանադրականության հիմունքով, չի կարող հայտնի չլինել Ֆրանսիական կառավարության, նախագահի և օրենսդիրների համար:  Ուստի, եթե արդեն երրորդ անգամ օրինագիծը չի ենթարկվում այնպիսի փոփոխությունների, որպեսզի չհակասի Ֆրանսիայի Սահմանադրությանը, նշանակում է՝ Ֆրանսիական կառավարության նպատակը իրականում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը չէ:

Իսկ մինչև օրինագիծը հասնում է Սահմանադրական դատարան, Ֆրանսիան կարողանում է գոնե կարճաժամկետ հեռանկարում հասնել իր նպատակին, այն է՝ թուլացնել Թուրքիայի քաղաքական ներուժը՝ խափանելով նրա անդամակցության փորձերը ԵՄ-ին, զսպելով Անկարայի՝ ԵՄ երկրների թուրքական համայնքների միջոցով քաղաքական կյանքում եղանակ ստեղծելու նկրտումները և այլն:

Մակերեսային ընկալումները ՀՑԺՔ օրինագծերի ընդունման հարցի շուրջ հայկական իրականության մեջ այն տպավորությունն են ստեղծում, որ դրանք սփյուռքի հայկական կառույցների տևական և ակտիվ ջանքերի արդյունքն են, որոնք իբրև թե պետք է շարունակական բնույթ կրեն՝ հետամուտ լինելով ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքների ընդունմանը: Բայց փաստերը ցույց են տալիս, որ ՀՑԺ քրեականացումը Թուրքիայի վրա քաղաքական ճնշման լծակներից մեկն է, ընդ որում՝ ոչ միայն Եվրոպական երկրների համար: Այսպես, եթե Ֆրանսիան բավականին դիվանագիտորեն է օգտվում այդ օրինագծերից՝ կիրառելով այն ժամանակ, երբ հայկական համայնքը առիթ է ընձեռում, ապա Ռուսաստանը նման քայլի գնաց՝ չթաքցնելով իրական նպատակները և չսպասելով հայկական համայնքի կողմից քայլերի: Ասվածի ապացույցն է 2015 թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռը խոցելուց հետո ընդամենը մեկ օր անց՝ նոյեմբերի 25-ին, «Արդար Ռուսաստան» կուսակցության կողմից պետդումա ներկայացված ՀՑԺՔ օրինագիծը:

Իրավական բացեր

Ներկայումս ցեղասպանությունը քրեականացնող օրենքներ ընդունել են Շվեյցարիան (1993թ․), Սլովակիան (2009թ․), Հունաստանը (2014թ․) և Կիպրոսը (2015թ․): Գործնականում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումն իր արտահայտությունը գտավ, երբ 2007 թ. Լոզանի դատարանը մեղավոր ճանաչեց թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին[iii]՝ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասսայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ մասով: Սակայն 2013 թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ստորին պալատի որոշմամբ, իսկ Շվեյցարիայի կողմից այդ որոշումը բողոքարկելուց հետո 2015 թ. ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշմամբ արձանագրվեց, որ Շվեյցարիան խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ կարծիք արտահայտելու ազատության իրավունքը: Եվրոպական դատարանը գտավ, որ Փերինչեքի կատարած արտահայտությունները չեն վերաբերում Կոնվենցիայի 17-րդ հոդվածին (իրավունքների չարաշահման արգելում)՝ միաժամանակ նշելով, թե այնպիսի գաղափարների արտահայտումը, որոնք կարող են վիրավորել կամ շփոթության մեջ գցել, պաշտպանվում է կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

ՄԻԵԴ-ի վճիռը բացահայտեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում իրավական պրակտիկայի խիստ խոցելի կողմը: Եթե «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիանiv բողոք էր ներկայացնում Փերինչեքի դեմ, ապա պետք է ունենար վերջինիս կողմից ռասսայական խտրականությամբ արտահայտվելու և ատելության կոչ անելու փաստարկների ամբողջություն, որոնք բավական ծանրակշիռ կլինեին անգամ ՄԻԵԴ-ի կողմից գործի քննման ժամանակ: Մինչդեռ հայցը հարուցվել է՝ հիմնվելով  Փերինչեքի՝ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է» արտահայտության հիման վրա:

Որպես հայերի նկատմամբ ատելության կամ անհանդուրժողականության արտահայտման ապացույց կարող էր օգտագործվել Փերինչեքի կապը թուրքական «Թալեաթ փաշա» կազմակերպության հետ: Թեպետ շվեյցարական դատարանը բերել էր սա որպես փաստարկ, սակայն, ինչպես ասված է ՄԻԵԴ-ի վճռում, մեղադրյալի նկատմամբ դատական հետապնդում չի եղել ատելության քարոզի հիմքով, ինչը շվեյցարական օրենսդրությամբ առանձին հանցանք է: Եվ երկրորդ, Շվեյցարական դատարանը մեղադրյալի՝ «Թալեաթ փաշա»-ի հետ առնչության հետ կապված «մանրամասներ չի տալիս, և ապացույց չկա, որ այսպես կոչված «Թալեաթ-փաշա» կոմիտեին նրա անդամակցությունը բխում է հայերին նսեմացնելու և նրանց նկատմամբ ատելություն քարոզելու ցանկությունից»v:

Չմանրամասնելով դատական ամբողջ գործընթածը՝ նշենք․ ՄԻԵԴ-ի որոշումը ամրագրեց, որ չկա Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման և դրա համար պատասխանատվության ենթարկելու հրատապ սոցիալական անհրաժեշտություն և, փաստորեն, իմաստազրկեց Եվրոպական պետություններում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքները քրեական պատասխանատվության ենթարկելու մասով:

Բացի այդ, բանավեճի առարկա դարձավ այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերը կարող են նորմատիվային հիմք հանդիսանալ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքները կիրառելիս: Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես օրենք ընդունվել է միայն Ֆրանսիայում և Ուրուգվայում, մինչդեռ Շվեյցարիայում այն ճանաչվել է Ազգային Խորհրդի բանաձևի ձևաչափով (2003 թ.), որը չունի օրենքի ուժ: ՄԻԵԴ-ի վճիռը, փաստորեն, ցույց տվեց, որ ճանաչումը չի ենթադրում իրավական հետևանքներ և միայն դեկլարատիվ բնույթ ունեցող հայտարարություն է: Անկախ նրանից՝ պետությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, յուրաքանչյուր ոք ազատ է մերժել Հայոց ցեղասպանության եղելությունն այդ պետությունների տարածքում:



Գրականություն

  1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա, http://www.idcarmenia.am/sites/default/files/attachments/Konvencia.pdf
  2. Case of Perinçek v. Switzerland, Judgement, Grand Chamber, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-158235
  3. Case of Perinçek v. Switzerland, Judgement, Lower Chamber, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-139724
  4. Մարուքյան Ա. Ց., Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում, Եր., 2015, 220 էջ:
  5. Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում, գիտաժողով, Եր., 2016, 112 էջ:
  6. Michael J. Bazyler, Holocaust Denial Laws and Other Legislation Criminalizing Promotion of Nazism, http://www.ihgjlm.com/wp-content/uploads/2016/01/Holocaust-Denial-Laws-1.pdf
  7. Roger W. Smith, Legislating against Genocide Denial: Criminalizing Denial or Preventing Free Speech?, 4 U. St. Thomas J.L. & Pub. Po
  8. l’y 128 (2010). http://ir.stthomas.edu/cgi/viewcontent.cgi?article=1050&context=ustjlpp


i Մարուքյան Ա. Ց., Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում, Եր., 2015, էջ 181

ii Համաձայնագրով նախատեսվում էր վերաակտիվացնել ԵՄ-Թուրքիա բանակցությունները անդամակցության շուրջ, իսկ թուրք քաղաքացիներին մինչև 2016 թ. հունիս ստանային առանց վիզային ռեժիմի Շենգեն գոտի մուտք գործելու իրավունք:

iii «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան 2005 թ. հուլիսին բողոք էր ներկայացրել ընդդեմ Դողու Փերինչեքի՝ վերջինիս կողմից Հայոց ցեղասպանությունը «միջազգային կեղծիք» անվանելու համար:

iv ՀՀ-ի՝ որպես երրորդ կողմ ընդգրկվելը պայմանավորված է եղել ՄԻԵԴ-ի ստորին պալատի կողմից 2013 թ. վճռի այն մասով, որը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը:

v Case of Perinçek v. Switzerland, N 232, N 234, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-158235


Հեղինակ` Արմինե Մուրադյան (Armine Muradyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հաջորդ մասը՝ այստեղ:


Armine Muradyan
Միջազգային հարաբերությունների մագիստրոս, հետաքրքրությունների շրջանակը՝ թուրք-ամերիկյան հարաբերություններ, ցեղասպանագիտություն, համաշխարհային քաղաքական արդի գործընթացներ։