Անտիբիոտիկներ. ընդհանուր բնութագիր
Անտիբիոտիկները միկրոօրգանիզմների կողմից արտադրվող կամ սինթետիկ նյութերի կողմից սինթեզվող քիմիական նյութեր են, որոնք ի վիճակի են կանգնեցնել բակտերիաների և այլ միկրոբների աճը, հանգեցնել դրանց ոչնչացման: Անտիբիոտիկները օրգանիզմների վրա տարբեր կերպ են ազդում: Ազդեցությունը կարող է լինել ավելի թույլ կամ ուժեղ, երկարատև կամ կարճատև: Հնարավոր է նաև, որ նյութերն օրգանիզմի վրա չազդեն ընդհանրապես: Որոշ անտիբիոտիկ նյութեր կարող են օգտագործվել քիմիաթերապիաների, սուր միկրոբային ինֆեկցիաների բուժման մեջ, սակայն դրանցից որոշները խիստ տոքսիկ են՝ անգամ մահաբեր: Չնայած պրոկարիոտների վրա ունեցած մեծ ազդեցությանը՝ անտիբիոտիկ միջոցները գրեթե անզոր են վիրուսների դեմ պայքարում:
Մինչև 20-րդ դարի 30-ական թվականները հազարավոր մարդիկ մահանում էին թոքաբորբից, դիզենտերիայից, տիֆից, սեպսիսից, տուբերկուլյոզից և նմանատիպ այլ հիվանդություններից: Ապաքինման դեպքերը հազվադեպ էին. նման ախտորոշումը մահ էր կանխագուշակում: Ամեն ինչ փոխվեց անտիբիոտիկների հայտնագործումից հետո:
1928 թ. սեպտեմբերին Ալեքսանդր Ֆլեմինգը մեկամսյա բացակայությունից հետո վերադառնում է իր լաբորատորիա, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկում ստաֆիլակոկներին: Նմուշներից մեկի վրա Ֆլեմինգը նկատում է բորբոս: Ստաֆիլակոկի այն գաղութները, որոնք նախկինում գտնվում էին բորբոսի փոխարեն, ոչնչացել էին: Ֆլեմինգը բորբոսն անվանեց պենիցիլին: 1929 թ. Ֆլեմինգը ներկայացրեց իր բացահայտումը, բայց այն միանգամից մեծ հիացմունք չառաջացրեց ժամանակակիցների մոտ, քանի որ պենիցիլինը կայուն նյութ չէր և կարճաժամկետ պահպանման արդյունքում անգամ կորցնում էր իր օգտակար հատկանիշները: Պենիցիլինի կատարելագործմանն ուղղված աշխատանքները բարեբախտաբար չդադարեցին: 1938 թ. գիտնականներ Հ. Ֆլորին և Է. Չեյնը կարողացան ստանալ մաքուր պենիցիլին: 1941 թ. արյան վարակ ունեցող տասնհինգամյա պատանու հնարավոր եղավ փրկել պենիցիլինի շնորհիվ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պենիցիլինն անփոխարինելի դեր ունեցավ: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել անդամահատման հազարավոր դեպքերից և ոչ միայն: 1950-ական թթ. պենիցիլինն արդեն օգտագործվում էր համաշխարհային մասշտաբով: Նախկինում մահացու համարվող մի շարք հիվանդություններ բուժելու հատկության շնորհիվ, անտիբիոտիկները ձեռք բերեցին պանացեայի հեղինակություն:
Սակայն անտիբիոտիկները ամեն ինչի դեմ չէ, որ կարող են պայքարել: 1960-ականներից սկսած հայտնաբերվում են բակտերիաներ, որոնց դեմ անտիբիոտիկ նյութերն անզոր են: Մասնագետները հաճախ նշում են, որ պատճառը զարգացող, մուտացիայի ենթարկվող բակտերիաներն են, բայց, մեր կարծիքով, բնական պատճառներից բացի այստեղ քիչ չէ նաև հիվանդների դերը: Առանց ախտորոշվելու, պարզապես լսած լինելով, որ անտիբիոտիկ նյութերն ունեն մեծ արդյունավետություն, նրանք ընդունում են հաբերը և արդյունքում ձեռք բերում ռեզիստենտություն: 2014 թ. զեկույցում այս խնդրին անդրադարձել է նաև World Health Organization կազմակերպությունը1:
Դեղերի մասին օրենքը
ՀՀ «Դեղերի մասին» օրենքը, որն ուժի մեջ էր մտել 1999 թ., ընդհանուր առմամբ կարգավորում էր դեղամիջոցներին առնչվող դաշտը: Ասվածը չի վերաբերում միայն անտիբիոտիկներին: Այն ուներ մի շարք թերություններ, որոնցից օգտվելը հնարավորություն էր տալիս «լողալ», քանի որ հստակ սահմանումների բացակայությունը, դեղերի վաճառքին, գրանցմանը և այլ կարգավորման կարիք ունեցող խնդիրներին մանրամասն չանդրադառնալը տարընկալումների տեղիք էր տալիս: Վիճակը շտկելու, արդի հարաբերություններին հարմարեցնելու համար, 2016 թ. դեկտեմբերի 15-ին ուժի մեջ մտավ
«Դեղերի մասին» նոր օրենքը, որը աննախադեպ առաջընթաց էր նախորդ տարբերակի համեմատ: Ամենաէական լրացումը, ըստ մեզ, բնագավառի կարևոր հասկացությունների սահմանումն էր: Օրենքով սահմանվեցին պետական դեղային քաղաքականության սկզբունքները՝ նպատակ ունենալով դեղերն ավելի մատչելի և հասանելի դարձնել մարդկանց, հստակեցվեց փորձարկումներ կատարելու կարգը, գովազդի և տեղեկատվություն տրամադրելու հարաբերությունը, առավել մանրամասն սահմանվեցին դեղերի պատրաստման չափանիշները, կարգավորվեցին դեղերի արտահանմանն ու ներմուծմանն առնչվող խնդիրները և այլն: Ընդլայնվել և ավելի մանրամասն շարադրվել է նաև այն դեղամիջոցների ցուցակը, որոնք բաց են թողնվում դեղատոմսով:
Օրենքի՝ քննարկման փուլում գտնվելու ժամանակից ի վեր պտտվում էին խոսակցություններ, թե նոր օրենքով այլևս հնարավոր չի լինի առանց դեղատոմսի ձեռք բերել անտիբիոտիկ նյութեր: Ոչ միայն անտիբիոտիկների, այլև հակամիկրոբային բոլոր դեղերի ազատ վաճառքը պետք է արգելվեր:
Օրենքի 24-րդ հոդվածը վերաբերում է դեղատոմսով բաց թողնվող դեղամիջոցներին: Այնտեղ, սակայն, ուղղակիորեն «հակամիկրոբային», «հակաբիոտիկ»
հասկացությունները նշված չեն՝ ի տարբերություն օրինակ հոգեմետ միջոցների: Ստացվում է, որ անտիբիոտիկները դեղատոմսով վաճառելու հարցը թողնված է իրավունքի սուբյեկտների մեկնաբանությանը, ինչը նշանակում է, որ օրենքն այս խնդիրը չլուծեց: Նշված հոդվածի 9-րդ կետը դեղատոմսով բացթողում է նախատեսում նաև այնպիսի դեղերի համար, որոնք «կիրառվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ախտորոշումը կատարվում է բժշկական հաստատությունում, չնայած դեղաբուժությունը և հետագա հսկողությունը բժշկի կողմից կարող են իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում»2: Վերադառնալով անտիբիոտիկ միջոցներով բուժվող հիվանդությունների ցուցակին, նկատում ենք, որ դրանց ախտորոշման համար հիմնականում անհրաժեշտ է բժշկական հաստատությունում արված հետազոտություն: Այսինքն՝ օրենքի նման մեկնաբանությունը կարող է հիմք հանդիսանալ անտիբիոտիկ նյութերը դասել դեղատոմսով վաճառվող դեղերի շարքը: Օրենքում դրանք ուղղակի չնշելը, սակայն, թյուրըմբռնման տեղիք է տալիս:
Համեմատության համար կարող ենք բերել հոգեմետ նյութերի օրինակը: Նույն 24-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ լիազոր մարմնի սահմանած քանակներից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղամիջոցները դասվում են դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին: Փոխարենը անտիբիոտիկների՝ դեղատոմսով բաց թողնվելու հարցը չի արժանանում անհրաժեշտ ուշադրության: Մինչդեռ նման նախաձեռնությունը խիստ դրական ազդեցություն կունենար: Իհարկե, դրա վերջնական գործարկման, պրակտիկայում պահպանման համար, կպահանջվեն մեծ ջանքեր՝ սկսած ենթաօրենսդրական կարգավորումներից:
Ինչու՞ պետք է արգելել անտիբիոտիկների ազատ վաճառքը
Արդյո՞ք այսօր Հայաստանում կարիք կա արգելել անտիբիոտիկների ազատ վաճառքը, ի՞նչ խնդիր կլուծվի դրանով և ի՞նչ բացասական հետևանքների այն կհանգեցնի:
Մեր համոզմամբ անտիբիոտիկների ազատ վաճառքը պետք է արգելվի և արգելքը պիտի աշխատի գործնականում: Շատ քաղաքացիներ անտիբիոտիկ նյութերը դասում են շարքային ցավազրկողների, հանգստացնող դեղահաբերի, մրսածության դեմ թեյերի շարքին: Պատճառն այն է, որ անգամ ամենասովորական մրսածության ժամանակ նրանք օգտագործում են անտիբիոտիկ նյութեր, առանց տեղյակ լինելու, որ վիրուսների դեմ պայքարում դրանք իրականում չունեն մեծ ազդեցություն: Արդյունքում՝ օրգանիզմը սովորում է անտիբիոտիկներին և այն ժամանակ, երբ առկա է լինում բակտերիալ ինֆեկցիա, որը ենթակա է անտիբիոտիկներով բուժման, դրանք արդեն նախկին ուժով չեն ազդում: Հարևանին, բարեկամին որևէ դեղամիջոցի օգնելու հանգամանքը կարող է բավարար հիմք հանդիսանալ այն օգտագործելու: Վիրուսի և բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ ախտանիշները հաճախ նման են, սակայն որպեսզի հասկանանք, թե երկուսից որ մեկի հետ գործ ունենք, անհրաժեշտ են հետազոտություններ: Հետևաբար հիմնվել ախտանիշների նմանության վրա՝ բավարար չէ:
Մեր հայրենակիցները անտիբիոտիկներին վերագրում են այնպիսի հատկանիշներ, որոնցով դրանք իրականում օժտված չեն: Օրինակ՝ անտիբիոտիկներն ազդում են ավելի արագ, քան այլ միջոցները: Բանն այն է, որ հիվանդը մեկ-երկու հաբ օգտագործելով՝ արհեստականորեն արագացնում է ապաքինման գործընթացը, մինչդեռ բուժումը ավարտին հասցնելու համար պետք է անցնել բուժման կուրսն ամբողջությամբ: Անտիբիոտիկ նյութերի մասին թույլ պատկերացումների պատճառով գործնականում հանդիպում են դեպքեր, երբ հիվանդները անտիբիոտիկներ են օգտագործում պրոֆիլակտիկայի համար, գուցե մտածելով, որ այդպիսով ուժեղացնում են իրենց իմունային համակարգը, կամ դրանք նույնացնում են վիտամինների հետ: Անտիբիոտիկներին պանացեա համարելու պատճառով քաղաքացիները մոռանում են, որ դրանք կարող են ունենալ կողմնակի ազդեցություն, մասնավորապես՝ դիսբակտերիոզ, ներքին օրգանների վրա ունեցած տոքսիկ ազդեցություն, ալերգիկ ռեակցիաներ:
Երբ անտիբիոտիկները սկսեն վաճառվել միայն դեղատոմսերով, քաղաքացիները ավելի «կհարգեն» դրանք՝ ելնելով այն սկզբունքից, որ եթե վաճառվում է միայն դեղատոմսով, ուրեմն պայքարում է լուրջ հիվանդությունների դեմ և ինքնագլուխ օգտագործումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Նման գիտակցության առաջ գալը կհանգեցնի ամեն պատեհ-անպատեհ առիթով անտիբիոտիկ օգտագործելուց հրաժարվելուն:
Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ բժշկին դիմում են միայն այն ժամանակ, երբ դանակը հասել է ոսկորին: Ազատ վաճառքի արգելումը որոշ չափով կզարգացնի բժշկի դիմելու կուլտուրան: Այսինքն՝ հիվանդները նախ կդիմեն պարզելու համար իրենց հիվանդության բնույթը և ապա միայն անհրաժեշտության դեպքում կստանան համապատասխան բուժում:
Միայն անտիբիոտիկների ոչ կոմպետենտ օգտագործման արդյունքում առաջացող բացասական հետևանքները (սնկային հիվանդություններ, ալերգիկ ռեակցիաներ, տոքսիկ ռեակցիաներ և այլն) արդեն իսկ բավարար են դրանց վաճառքը դեղատոմսով դարձնելու համար:
Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանում բախվել է պոլիկլինիկաների ծանրաբեռնվածության խնդրի հետ: Երբեմն միտք է ծագում արժե՞ արդյոք օրեր շարունակ սպասել, ավելի արագ չի՞ լինի ինքնուրույն միջոցներ ձեռնարկելը, մանավանդ երբ հիվանդի վիճակը օր օրի վատանում է, կամ դրական շարժ չկա: Անտիբիոտիկների՝ բացառապես դեղատոմսով վաճառքը կհանգեցնի հերթերի մեծացման, զննման ժամկետները կերկարացվեն և ինքնաբերաբար դժվար կդառնա հիվանդությանն արագ արձագանքելը: Միգուցե անգամ կարիք լինի մասնավոր, վճարովի կենտրոններ դիմելու: Տեսական ձևակերպումներ տալը խնդրի թերևս ամենահեշտ լուծվող առաջադրանքներից է: Գործնականում ազատ վաճառքն արգելելը անհամեմատ ավելի դժվար կլինի:
Բացասական կամ դժվարություններ առաջացնող կողմերը հաշվի առնելով անգամ՝ կարծում ենք, որ անտիբիոտիկները պետք է վաճառվեն բժշկի դեղատոմսով՝ նպաստելով նրան, որ հիվանդն առնվազն գիտակցի, թե ինչ դեղ է ընդունում: Հաշվի առնելով առկա պայմանները՝ առավել իրատեսական կլինի առաջարկել նախ արգելել նեղ սպեկտրի անտիբիոտիկ նյութերի ազատ վաճառքը և դրանք վաճառել միայն դեղատոմսով, ապա արդյունքը տեսնելով, պոլիկլինիկաների ծանրաբեռնվածության և այլ էական խնդիրը լուծելուց հետո սկսել դեղատոմսով վաճառել նաև լայն սպեկտրի անտիբիոտիկները3:
Ասվածը տարածված պրակտիկա է արտասահմանում: Տարբեր երկրներում հեղինակավոր բժշկական ամսագրեր, բժիշկներ հրապարակում են հոդվածներ՝ ինչպես ճիշտ օգտագործել անտիբիոտիկները, որ չափաբաժինները կտան մաքսիմալ օգուտ նվազագույն վնասով: Այդ հոդվածներում որպես նախաբան մատչելի լեզվով ներկայացվում է անտիբիոտիկների հանդեպ ռեզիստենտության խնդիրը4:
Մեր դեպքում նույնպես ոչ թե դեղերի առանձին անուններ պետք է հայտնվեն դեղատոմսով վաճառվողների ցուցակում, այլ անտիբիոտիկների շարքն ամբողջությամբ, նախ որպեսզի պայքարը ուղղված լինի խնդրի լուծմանը, ոչ թե կոնկրետ դեղարտադրողների/ներկրողների դեմ պայքարելուն: Աշխարհը աստիճանաբար մոտենում է հետանտիբիոտիկ շրջանին, բայց քանի այն վերջնականապես չի եկել, իրազեկ լինելը, ընդունած դեղամիջոցին ծանոթ լինելը, այն ըստ անհրաժեշտության և մասնագետի նշանակմամբ կիրառելը, նախ և առաջ հօգուտ հիվանդների է:
Հղումներ
1 WHO-ի 2014 թվականի ապրիլին հրապարակած զեկույցը անդրադարձավ անտիբիոտիկների նկատմամբ դիմադրողականությանը՝ այն համարելով լուրջ առողջապահական խնդիր: Ասվում էր նաև, որ հետանտիբիոտիկային աշխարհը, որտեղ հասարակ վնասվածքները կարող են դառնալ մահվան պատճառ, այդքան էլ հեռու չէ:
2 ՀՀ օրենքը դեղերի մասին:
3 Լայն սպեկտրի անտիբիոտիկները ազդում են ավելի մեծ քանակությամբ պատոգենների վրա, սակայն կա նաև հավանականություն, որ դրանք նորմալ միկրոֆլորայի վրա որոշակի բացասական ազդեցություն կունենան (ամպիցիլլին, լեվոմիցետին և այլն): Նեղ սպեկտրի անտիբիոտիկները ազդում են կոնկրետ հարուցիչների վրա (ստրեպտոմիցին, նիստատին, մոնոմիցին և այլն):
4 Օրինակ ՝ Antibiotic Guidelines 2015-2016 Johns Hopkins Medicine.
Գրականություն
-
ՀՀ դեղերի մասին օրենք 1998. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75275
-
ՀՀ դեղերի մասին օրենք 2016. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=106446
-
Anderson, Douglas Mosby’s Medical, Nursing & Allied Health Dictionary ( 6th UK ed.). St. Louis, Missouri, USA.
-
Wright, Peter M.; Seiple, Ian B.; Myers, Andrew G The evolving role of chemical synthesis in antibacterial drug discovery”. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4536949/
-
Rustam Aminov “A brief history of the antibiotic era: lessons learned and challenges for the future”,. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3109405/
Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան (Lusine Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: