Տեսլա ընկերության հեղաշրջումը

2017 թ. ապրիլի 4-ին ամբողջ աշխարհի տնտեսական լրատվական աղբյուրները անակնկալ կերպով հայտարարեցին, որ Տեսլա ընկերությունը շուկայական կապիտալիզացիայովi (ընկերության մեծությունը բնորոշող ցուցանիշներից մեկն է) գերազանցել է մինչ այդ պահը այդ ոլորտի ԱՄՆ խոշորագույն ընկերության՝ Ջեներալ Մոթրսի կապիտալիզացիայի մեծությանը և այդպիսով Տեսլան դարձել է ԱՄՆ խոշորագույն ավտոարտադրողը: Նման լուրը կարելի է մեղմ ասած տպավորիչ համարել համեմատաբար վերջերս հիմնադրված ընկերության համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ ընկերությունը գործում է ավտոարտադրության ոլորտում, որտեղ սթարթափներ հաճախ չեն լինում: Ավելին՝ ընկերությունը կարողացել է մրցակցել ԱՄՆ խոշոր ընկերությունների հետ` առաջարկելով էլեկտրականությամբ աշխատող մեքենաներ: Սակայն առավել տարօրինակ է այն փաստը, որ ավտոարտադրող եռյակից (Կրայսլեր, Ֆորդ, Ջեներալ Մոթրս) յուրաքանչյուրը տարեկան արտադրում է մի քանի միլիոն մեքենա, իսկ Տեսլան իր գոյության ընթացքում դեռ նույնիսկ կես միլիոն մեքենայի վաճառք չի ապահովել:

Տեսլա և Ֆորդ ընկերությունների շուկայական կապիտալիզացիաներըii

Հասկանալով Տեսլա ընկերության կտրուկ աճի ֆենոմենը՝ կբացահայտենք, թե դա ավտոարտադրողի նորարարությունների արդյունքում առաջացած բնական գործընթա՞ց է, թե՞ ընկերության բաժնետոմսերը չափազանց գերագնահատված են ընկերության նկատմամբ` ֆոնդային բորսայի մասնակիցների կողմից մեծ հետաքրքրության պատճառով:

Արդյոք հետագայում այս փաստը հանգեցնելու՞ է նոր անկման, թե իրոք ընկերությունը այնպիսի նորամուծություն է կատարել, որը թույլ է տալիս այն դասել աշխարհի ամենաթանկ ընկերությունների շարքին:

Այս պահին ընկերությունն իր կապիտալիզացիայով գտնվում է աշխարհում 4-րդ տեղում՝ զիջելով միայն ոլորտի հսկաներին՝ Տոյոտա, Դայմլեր և Ֆոլկսվագեն Էյ-Ջի ընկերություններին:

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներըiii

 

Հ/Հ Ավտոմեքենաներ և բեռնատարներ արտադրողներ մլն ԱՄՆ դոլար

1

Տոյոտա Մոթոր

174,000.00

2

Դայմլեր

79,900.00

3

Ֆոլկվագեն Էյ-Ջի

79,300.00

4

Տեսլա

53,100.00

5

Գեներալ Մոթորս

51,500.00

6

Հոնդա Մոթոր

51,500.00

7

Ֆորդ Մոթոր

43,800.00

8

Նիսսան Մոթոր

39,700.00

9

Տատա Մոթորս

21,300.00

10

Ֆերրարի

15,700.00

11

Հարլի-Դեվիթսոն

9,700.00

 

Ըներության վաճառքները

Տեսլա ընկերության նման թռիչքաձև զարգացման ֆենոմենի պարզաբանումը անհրաժեշտ է սկսել արտադրությունից: Առաջին անգամ ընկերությունը ավտոաշխարհի ուշադրությունը գրավեց 2008 թվականին՝ Ռոդստեր սպորտային մոդելով, որը ԱՄՆ-ում վաճառվում էր մոտ 109,000 ԱՄՆ դոլլարով: Հաջորդ մոդելը լյուքս դասի Մոդել Էս սեդանն էր 2012 թվականին, որի ամենամատչելի տարբերակը արժե մոտ 69,500 դոլլար: Վերջին ապրանքանիշը, որը պլանավորվում է շուկա հանել, Մոդել 3-ն է, որը առաջարկվում է արդեն 35,000 դոլլար արժողությամբ: Չնայած այն հանգամանքին, որ մոդելների գները նվազում են, այնուամենայնիվ դեռևս գինը համեմատաբար բարձր է, և մրցունակ չէ դասական՝ նույն կատեգորիայի ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատ: 2016 թվականի վերջի դրությամբ ընկերությունը վաճառել է ընդամենը 186,000 հատ էլեկտրոմեքենա, ինչը չնայած աշխարհում երկրորդ ցուցանիշն է «Նիսսան» ընկերությունից հետո, այնուամենայնիվ անհամեմատելի փոքր է ամերիկյան ավտոարտադրության եռյակի վաճառքներից: 2016 թվականին ԱՄՆ-ում արտադրվել է մոտ 12.2 մլն. մեքենա, այսինքն` Տեսլայի մասնաբաժինը կազմել է մոտ 1.5%:iv Դա պայմանավորված է երկու հանգամանքով. նախ` Տեսլայի մեքենաները դեռևս չեն արտադրվում կոնվեերային սկզբունքով, ինչը նաև պայմանավորում է բարձր ինքնարժեք, բացի այդ՝ մեքենաները պահանջում են էլեկտրական լիցքավորման ենթակառուցվածքներ, ինչը լավ զարգացած է միայն Հյուսիսային Ամերիկայում և մասամբ Եվրոպայում: Այսինքն՝ վաճառքները կաշկանդված են նաև աշխարհագրորեն:

Տեխնիկական նորամուծությունները

Հարկ է նշել նաև այն փաստը, որ էլեկտրական մեքենաների ամենաթանկարժեք մասերից են մարտկոցները: Դրանք առայժմ բարձր արդյունավետություն ունեն միայն մարդատար մեքենաների համար, որտեղ չեն պահանջվում մեծ, ուժային մարտկոցներ: Դա նշանակում է, որ առայժմ ընկերությունը չի կարող բեռնատարների շուկա մտնել, ինչը ևս կաշկանդում է ընկերության գործունեությունը: Էլեկտրական մարտկոցների արժեքը նվազեցնելու համար ընկերությունը օգտագործեց մասշտաբի օրենքը` նպատակ ունենալով կառուցել աշխարհում ամենամեծ գործարանը, որը մասամբ արդեն գործում է: Այն կմատակարարի էլեկտրական մարտկոցներ ոչ միայն ավտոմեքենաների արտադրամասին, այլև դրանք ուղղակի վաճառքի կհանի: Նախատեսվում է, որ միայն այդ գործարանը ի զորու կլինի արտադրել այնքան մարտկոցներ, որքան ամբողջ աշխարհում էր արտադրվում մինչ գործարկումը: Նշված գործունեության տեսակը դիվերսիֆիկացիա է նշանակում ընկերության համար: Կարելի է համարել, որ ընկերությունը էներգետիկ և ավտոարտադրության ոլորտների հատման կետում է գործունեություն կազմակերպում:

Կարևոր նորամուծություն է նաև ավտոմատ կառավարման համակարգը: Այն, չնայած, գտնվում է փորձարկման փուլում, սակայն կիրառում է առաջադեմ տեսաազդանշանի հիման վրա զարգացված և նեյրոնային ցանցերի կիրառությունով համակարգչային տեխնոլոգիա: Այս ոլորտում ընկերությունը առաջատար է, և հիմնական մրցակիցները բավական երկար ժամանակ զարգացնում էին ռադիոտեղորոշման տեխնոլոգիայի հիման վրա ավտոմատ կառավարման համակարգեր, որոնք արդյունավետ չեն:

Ֆինանսական դրությունը

Առավել խորքային վերլուծությունը պահանջում է նաև ընկերության ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությունը:

Ընկերությանը բավականին շոշափելի օգնություն է տրամադրում ԱՄՆ կառավարությունը, որը, ըստ գնահատականների, մոտ 4.9 մլրդ դոլլարի դրամաշնորհ է հատկացրել ընկերությանը` չհաշված հարկային արտոնություններն առանձին նահանգներում:v

Համաձայն Տեսլայի հրապարակվող հաշվետվությունների՝ 2016 թվականին ընկերությունը ունեցել է 7 մլրդ ԱՄՆ դոլլարի հասույթ և կրել 675 մլն դոլլարի զուտ վնաս, այն դեպքում, երբ Ջեներալ Մոթրսի հասույթը կազմել է 166 մլրդ ԱՄՆ դոլլար, իսկ զուտ շահույթը կազմել է 9.4 մլրդ դոլլար: Ակտիվների համեմատությունը նույնպես ի վնաս Տեսլայի է. Ջեներալ Մոթրսի ակտիվները 9.8 անգամ գերազանցում են վերջինիս: Այսինքն` թվային ցուցանիշները հավաստում են, որ Ջեներալ Մոթրսը հասուն ընկերություն է, իսկ Տեսլան դեռ կայացման փուլը չի հաղթահարել:

Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ ընկերության բաժնետոմսերի շուրջ իրոք իրարանցում է ստեղծված, և առայժմ ընկերության թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ակտիվները այդքան արժեք չեն ներկայացնում, որ ընկերությունը աշխարհում համարվի 4-րդը:

Բաժնետիրական ընկերության բաժնետոմսի գինը ձևավորվում է այդ գործիքից ակնկալվող դիվիդենտների ներկա արժեքների հանրագումարով՝ հաշվի առած զեղչման տոկոսադրույքը: Ընկերության 1 բաժնետոմսը գրելու պահին արժեր մոտ 313 ԱՄՆ դոլլար: Առաջնային տեղաբաշխման պահին՝ 2010 թվականին, բաժնետոմսերն արժեին 17 ԱՄՆ դոլլար, այսինքն` ներդրողները հավատում են ընկերությանը, և վերջինիս կողմից կատարվող նորամուծությանը:vi Ջեներալ Մոթորս ընկերության բաժնետոմսերը 2017 թվականի մայիսի դրությամբ արժեին ընդամենը 32.5 ԱՄՆ դոլլար, այսինքն ակնհայտ է, որ Տեսլայի բաժնետոմսերը էական աճ են ունեցել, արդեն երկրորդային շուկայում: Եթե հաշվի առնենք, որ ընկերության բաժնետոմսերի նախնական վաճառքը տեղի է ունեցել 23 դոլլարով, իսկ արժեքի մեծ մասը այդ բաժնետոմսերը ձեռք են բերել արդեն երկրորդային շուկայում, ապա դա նույնպես կարող է հավաստել, որ տեղի է ունեցել բորսայական սպեկուլյատիվ առքուվաճառք: vii Այնուամենայնիվ նաև ակնհայտ է, որ ընկերությունը արժեքավոր նորարարություն է կատարում, և բորսայական առևտրի ընթացքում առաջացած իրարանցումը իր գործունեության հիմնական ուղղության հետևանք է միայն:

Ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ Տեսլան այժմ գտնվում է բարձր ռիսկային գոտում, և ընկերության ապագան կախված է այն հանգամանքից, թե ինչքանով այն կկարողանա պահպանել իր ղեկավար Իլոն Մասկի կողմից տրված ամբիցիոզ խոստումները արտադրության մասսայականացման, կոնվեերային արտադրության, ավտոմատ կառավարման համակարգի կատարելագործման և վաճառքների քանակի վերաբերյալ:

Տեսլայի հետքը

Չնայած ընկերության արժեթղթերի շուրջ ստեղծված աղմուկին` այնուամենայնիվ Տեսլա ընկերությունը մեծ աշխատանք է կատարել էլեկտրական մեքենաների մասսայականացման գործում, և ավտոարդյունաբերությունն այլևս մեծագույն փոփոխությունների առաջ է կանգնած: Եթե անցած դարի 90-ականներին չկար միասնական մոտեցում, ինչպիսին պետք է լինի ավտոարդյունաբերության ապագան, և ինչ էներգիա պետք է օգտագործեն ապագայի մեքենաները՝ բիովառելիք (ստացվում է բուսական ծագում ունեցող հումքի վերամշակումից), ջրածին, բարձր ճնշմամբ օդ, ապա այժմ, մեծամասամբ Տեսլա ընկերության շնորհիվ, արդեն հստակ է, որ եթե տեխնոլոգիաները զարգանան գործող տենդենցով, ապա ապագայի մեքենաներն ամենայն հավանականությամբ կունենան էլեկտրական շարժիչներ, հետևաբար՝ ներքին այրման շարժիչների դարի ավարտը հեռու չէ: Աստիճանաբար էլեկտրական մեքենաների վերալիցքավորման արժեքը կնվազի՝ պայմանավորված նման մեքենաների քանակի աճով: Դա էլ իր հերթին էականորեն կնվազեցնի ճանապարհորդությունների արժեքը և, ինչը ավելի կարևոր է, ավտոարդյունաբերությունում բրածո վառելիքից մարդկությունն անցում կկատարի վերականգնվող էներգիայի աղբյուրների:




Հեղինակ՝ Էդգար Խաչատրյան (Edgar Khachatryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: