ՀՀ արտահանման կառուցվածքը

Այժմյան գլոբալացման պայմաններում ցանկացած պետության տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ապահովել ներդաշնակ համադրություն ներքին սպառման և արտահանման միջև: Ասվածն առավել ակտուալ է ՀՀ պարագայում, քանի որ երկրի առաջ ծառացած աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները «պատվով» լուծելու համար անհրաժեշտ է օր առաջ սկիզբ դնել տնտեսության զարգացման գործընթացին: ՀՀ ներկայիս առևտրային հաշվեկշռի պակասորդ/ՀՆԱ հարաբերությունն արդեն իսկ ազդակ է, որը ցույց է տալիս հայրենական տնտեսության մրցունակության մակարդակը տարածաշրջանում և աշխարհում:

Հայաստանի պարագայում, պետք է նկատել, որ արտահանման կառուցվածքը դեռևս հեռու է երկարատև տնտեսական աճի ապահովման հիմք լինելուց: Դիտարկվող ժամանակահատվածում[1] (2002-2016 թթ.) առևտրային հաշվեկշռի պակասորդը կազմել է նվազագույնը՝ ՀՆԱ-ի 33%-ը, ինչն արդեն իսկ ցույց է տալիս արտաքին առևտրի անկատարությունը: Արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ցույց է տալիս համապատասխան արտադրանք/ներ/ով տվյալ երկրի տնտեսության հագեցվածության մասին, ինչպես նաև արտահանվող շուկաներում տվյալ արտադրանք/ներ/ի մրցունակության մակարդակի մասին:

մլն ՀՀ դրամ

Թվական ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ՀԱՇՎԵԿՇՌԻ
ՊԱԿԱՍՈՐԴ
ՀՆԱ ԱՀՊ-Ի ԲԱԺԻՆԸ
ՀՆԱ-Ի ՄԵՋ (%)
2002 505,160 987,156 ” 481,996 1,362,472 35
2003 685,599 1,279,486 ” 593,887 1,624,643 37
2004 722,912 1,350,698 ” 627,786 1,907,945 33
2005 973,921 1,801,736 ” 827,815 2,242,881 37
2006 985,108 2,191,613 ” 1,206,504 2,656,190 45
2007 1,152,301 3,267,788 ” 2,115,487 3,149,283 67
2008 1,057,161 4,426,129 ” 3,368,968 3,568,228 94
2009 710,158 3,321,134 ” 2,610,976 3,141,651 83
2010 1,041,057 3,748,954 ” 2,707,897 3,460,203 78
2011 1,334,339 4,145,332 ” 2,810,993 3,777,946 74
2012 1,380,199 4,261,233 ” 2,881,034 4,000,722 72
2013 1,478,749 4,385,866 ” 2,907,117 4,555,638 64
2014 1,547,287 4,424,425 ” 2,877,138 4,828,626 60
2015 1,485,332 4,385,865.9 ” 2,900,534 5,032,089 58
2016 1,782,398 4,298,148.6 ” 2,515,750 5,042,153 50

 Աղյուսակ 1. Առևտրային հաշվեկշռի պակասորդի դինամիկան և բաժինը ՀՆԱ-ի մեջ ՀՀ-ում 2002-2016 թթ.[2]:

Վերլուծելով թվային տվյալները՝ պարզ է դառնում, որ վճարային հաշվեկշիռ/ՀՆԱ ցուցանիշը, ընդհանուր առմամբ, ունի աճի միտում։ Ճգնաժամային տարիներին, բնականաբար, այն առավել բարձր մակարդակ է գրանցել՝ 2008 թվականին հասնելով 94-ի: Թերևս սա պայմանավորված է ներմուծման ծավալների մեծացմամբ և արտահանման ծավալների կրճատմամբ: Այս «ռեկորդային» տարվանից հետո այն տարեցտարի նվազման միտում ունի, որը, սակայն, ընդհանուր առմամբ, չի հասել իր նախկին՝ մինչճգնաժամային տարիների մակարդակին:

Իհարկե, այս ցուցանիշը բարելավելու երկու տարբերակ կա՝ արտահանման ավելացում կամ ներմուծման պակասեցում: Բնականաբար բացառվում է երկրորդ տարբերակի համար ուղղակի միջամտություններ կատարելը (ուղղակիորեն խոչընդոտներ ստեղծել արտահանող ընկերությունների համար), բայց ահա արտահանման ծավալների ընդլայնման հնարավորությունները բացահայտելու համար հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ արտահանման հիմնական ներուժային ապրանքատեսակներին, թիրախային երկրներին և տարածաշրջաններին:

ՀՀ արտահանվող հիմնական ապրանքախմբեր

Ըստ ապրանքախմբերի՝ դեռևս 2000-2011 թվականներին ՀՀ-ում արտահանումը բավականին բարձր աստիճանի կենտրոնացվածություն ուներ. արտահանման գերակշիռ մասը բաժին էր ընկնում 4 ապրանքախմբերի (Թանկարժեք քարեր և մետաղներ, Ոչ թանկարժեք մետաղներ, Պատրաստի սնունդ, Հանքահումքային ապրանքներ): Այս 4 խմբին բաժին էր ընկնում միջինում 80%-ը: Արդյո՞ք այս ապրանքախմբերը հեռանկարային են տևական տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից: Հաշվի առնելով, որ բնական ռեսուրսները սահմանափակ են, կարելի է ասել, որ ոչ: Այստեղից առաջ է գալիս արտահանման հիմնական ոլորտների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:

N ԹՎԱԿԱՆ 2011 2012 2013 2014 2015 2016
1. Սննդեղեն, գյուղ. հումք, որից՝ 17.9% 23.8% 28.1% 28.3% 27.8% 29.4%
  Ալկոհոլային, ոչ ալկ. խմիչքներ 11.1% 13.8% 14.5% 12.6% 8.5% 9.9%
  Ծխախոտ և հումք 1.2% 3.1% 4.7% 7.7% 11.6% 11.8%
2.

 

Հանքանյութեր, որից՝ 30.3% 28.4% 27.3% 25.5% 32.3% 26.8%
Վառելիքա-էներգետիկ ապրանքներ 8.1% 6.9% 5.7% 5.6% 7.2% 3.9%
3. Քիմիական արտադրանք, կաուչուկ 1.5% 1.8% 1.9% 1.7% 1.7% 1.5%
4. Մորթի, կաշի, արտադրանք 0.3% 0.2% 0.3% 0.2% 0.3% 0.5%
5. Փայտեղեն և թղթե արտադրանք 0.1% 0.1% 0.3% 0.2% 0.2% 0.1%
6. Տեքստիլ, կոշկեղեն 0.7% 1.6% 2.8% 3.4% 4.7% 5.6%
7. Քարե, գիպսե արտադրանք,

կերամիկա, ապակի

1.3% 1.3% 1.7% 1.4% 0.8% 0.9%
8. Թանկ. քարեր, մետաղներ 14.7% 12.7% 12.7% 15.3% 13.2% 19.0%
9. Մետաղներ և արտադրանք 27.3% 25.1% 20.9% 20.1% 15.5% 12.5%
10. Մեքենաներ, սարքավ.-ներ, փոխադրամիջոցներ 4.7% 3.2% 2.3% 1.9% 1.7% 1.7%
11. Այլ ապրանքներ 1.3% 1.7% 1.7% 2.0% 1.8% 2.0%
  4 խոշոր ապրանքախմբերի բաժինը 90.2% 90.0% 89.0% 89.1% 88.7% 87.7%

Աղյուսակ 2. ՀՀ արտահանման կառուցվածքն  ըստ հիմնական ապրանքախմբերի (տոկոս ընդհանուրի նկատմամբ) 2011-2016 թթ.[3]:

Ակներև է, որ վերը նշված 4 ապրանքախմբերի բաժինն ընդհանուրի մեջ ոչ միայն չի նվազել, այլ ընդհակառակը, աճել է՝ վերջին տարիներին տատանվելով 88%-ի շուրջ. վերջինիս մոտ 1/3-ը կազմում է 1-ին խումբը, որը, կարծում ենք, դրական փաստ է: Կարծում ենք՝ գյուղմթերքի արտադրությունը, որպես ՀՀ տնտեսական աճի գործոն, կարող է էական լինել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում առկա են հարյուրավոր հեկտարներով չմշակվող հողատարածքներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում էական աճ է գրանցել նաև «Ծխախոտ և հումք» ենթաապրանքախմբի տեսակարար կշիռը, որը վկայում է, որ այս արտադրանքը բավականին մրցունակ է: Նույնը կարելի է ասել նաև «Տեքստիլ, կոշկեղեն» ապրանքախմբի մասին: Թերևս այս և նմանատիպ արտադրանքներն են, որ երկարաժամկետում գալու են փոխարինելու բնական ռեսուրսների՝ որպես հումքի արտահանմանը: Փաստացի ունենք այն վիճակը, երբ արտահանվող արտադրանքի դիվերսիֆիկացում չի կատարվում, որն իրենից ներկայացնում է ռիսկ՝ տնտեսության զարգացման կայունության տեսանկյունից:

ՀՀ արտահանման ուղղությունները

2013 թվականին ՀՀ-ն անդամակցեց ԵՎՐԱԶԵՍ տնտեսական միությանը: Այս տեսանկյունից դիտարկենք ՀՀ արտահանման կառուցվածքն ըստ երկրների խմբերի:

ԹՎԱԿԱՆ    
ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԵՐ 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ.
ԱՊՀ 20.09 24.02 26.82 23.98 19.55 23.63
ԵՄ 45.52 37.28 33.61 29.00 28.04 27.05
ԱՍԻԱ 16.29 19.21 24.56 32.14 38.27 34.75
ԱՄԵՐԻԿԱ 12.83 13.98 12.7 12.47 11.39 10.29
ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ 5.27 5.50 2.32 2.40 2.75 4.28
ԵՏՄ 22.02 17.73 22.69

Աղյուսակ 3. ՀՀ արտահանման կառուցվածքն ըստ երկրների խմբերի (տոկոս ընդհանուրի նկատմամբ) 2011-2016թթ.[4]:

Ինչպես տեսնում ենք, արտահանվող երկրների խմբում թե՛ ԱՊՀ-ը և թե՛ ԵՏՄ-ը բավականին համեստ բաժին են կազմում, և 3 տարին էլ ոչ կարճ ժամանակահատված է հետևություններ չանելու համար: Փոխարենը Եվրոպական միություն արտահանման ծավալներն են էապես կրճատվել՝ նույն ծավալը չապահովելով ԵՏՄ մասով: Ընդ որում, 2015 թվականին ՌԴ արտահանման ծավալները կազմել են շուրջ 15% (ԱՊՀ և ԵՏՄ երկրների խմբի բաժինները պայմանավորված են հենց ՌԴ արտահանման ծավալներով): Ընդ որում, առկա են մի քանի, այսպես ասած, տարածաշրջաններ, որտեղ ՀՀ արտահանման ծավալները նմանատիպ են, սակայն ոչ մեկ մեծ բաժին ունեցող երկրի հաշվին:

Եվրոպական միություն. Դիտարկվող ժամանակահատվածի սկզբում՝ 2011 թվականին, այս տարածաշրջանին բաժին ընկնող արտահանման ծավալները 2-ից ավելի անգամ գերազանցել են ԱՊՀ բաժնին: Ընդ որում, այն գլխավորապես եղել է ի հաշիվ հետևյալ երկրների՝ Բելգիա՝ 3.2%, Բուլղարիա՝ 5.3%, Գերմանիա՝ 9.8%, Նիդերլանդներ՝ 3.2%, Հյուսիսային Ամերիկա,  ԱՄՆ՝ 3.7%, Կանադա՝ 7.5%, Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 5.2%, Իրաք՝ 8.8%, Չինաստան՝ 11.1%: Այս դեպքում ելնելով միայն տնտեսական զարգացման հեռանկարներից՝ իհարկե, մեղմ ասած, կասկածի տակ է դրվում ՀՀ անդամակցության իմաստը ԵՏՄ-ին, քանի որ այն էապես չակտիվացրեց ՀՀ արտաքին առևտուրը ԵՏՄ անդամ պետությունների հետ, ի հավելումն սրա՝ նվազեցրեց արտահանման ծավալները դեպի ԵՄ-ի և Ամերիկայի երկրների խմբեր: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ հայաստանյան արտադրությունն ունի որոշակի ներուժ մի քանի ապրանքախմբերով և մի քանի ուղղություններով։ Այնուամենայնիվ, ներկայումս ինչպես ապրանքախմբերի, այնպես էլ երկրների/տարածաշրջանների առումով չունենք արտահանման դիվերսիֆիկացիա:


Գրականություն

 

  1. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն armstat.am   19/06/2017
  2. ՀՀ Մաքսային ծառայություն հttp://www.customs.am/   08/06/2017

[1]Տվյալ ցուցանիշի վերլուծության համար հեղինակի կողմից ընտրվել է այս ժամանակահատվածը:

[2] Աղյուսակը կազմվել է հեղինակի կողմից՝   ՀՀ ԱՎԾ տարեգրքերի թվային տվյալների հիման վրա, www.armstat.am:

[3] Աղյուսակը կազմվել է հեղինակի կողմից՝   ՀՀ ԱՎԾ տարեգրքերի թվային տվյալների հիման վրա, www.armstat.am

[4] Աղյուսակը կազմվել է հեղինակի կողմից՝   ՀՀ ԱՎԾ տարեգրքերի թվային տվյալների հիման վրա, www.armstat.am:


 Հեղինակ` Նարեկ Մուրադյան (Narek Muradyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: