Արժութային ռեժիմը ՀՀ-ում

Արժույթը տվյալ երկրի դրամական համակարգը կազմող փողային (կամ փողի դեր իրականացնող ապրանքի) միավորն է: Միջազգային արժութային համակարգի առաջնային խնդիրն ապրանքների ու կապիտալի անարգել հոսքի ապահովումն է. այն պետք է նպաստի երկրների վճարումների հավասարակշռմանը, ինչը ենթադրում է բավարար կանխիկի ապահովում վճարումների հնարավոր պակասորդը ֆինանսավորելու համար: Տվյալ երկրի արժութային համակարգն ուղղված է ներքին և արտաքին շուկաների կապն ապահովելուն, քանի որ դրա միջոցով է ապահովվում ներքին արտադրության և արտաքին գների միջև կապը:

Բաց տնտեսություն ունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը, մեծ տեսակարար կշիռ ունի արտաքին շրջանառությունը. այստեղ փոխարժեքի փոփոխությունը կարող է հանգեցնել ներքին առաջարկի և պահանջարկի ծավալների մեծ տեղաշարժերի։

1992 թ. Հայաստանը, անդամակցելով ԱՄՀ-ին, ընդունել է համաձայնագիր, որով միջազգային հանրությանը հավաստիացրել է, որ վարելու է հուսալի տնտեսական քաղաքականություն՝ նպաստելով համակարգի զարգացմանը: ՀՀ ԿԲ արտարժութային քաղաքականությունն ուղղված է ՀՀ դրամի հուսալիության ապահովմանը, կապիտալի շարժին, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ իրավատնտեսական դաշտի ստեղծմանը:

ԱՄՀ-ն սահմանում է փոխարժեքի ռեժիմների 3 հիմնական տեսակ`

  • ֆիքսված ռեժիմ,
  • անցումային ռեժիմ,
  • լողացող ռեժիմ։

Ֆիքսված ռեժիմը ցանկալի չէ Հայաստանի տնտեսության համար, քանի որ տվյալ պարագայում ռեժիմի ընտրությունը կախված է տնտեսության հզորությունից և կարող է հանգեցնել գնաճի: ՀՀ-ն որդեգրել է բաց տնտեսության քաղաքականություն, ինչը ևս չի համապատասխանում ֆիքսված ռեժիմի քաղաքականությանը: Անցումային ռեժիմի պարագայում հնարավոր են փոխարժեքի տատանումներ: Այսօր ՀՀ ԿԲ-ն վարում է ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ (ԱՄՀ-ի 2012 թ. տվյալներով այս ռեժիմն է նախընտրում անդամ երկրների 35%-ը): Ռեժիմը կարգավորվում է առաջարկի և պահանջարկի հիման վրա: Այս պարագայում ԿԲ-ի կողմից ինտերվենցիաներն իրականացվում են միայն բացառիկ դեպքերում՝ նպատակ հետապնդելով վերացնել շուկայի գործունեության խաթարումները: Ռեժիմը համարվում է ազատ լողացող, երբ իշխանությունները ներկայացնում են համապատասխան տեղեկատվություն այն մասին, որ վերոնշյալ ինտերվենցիաները եղել են սահմանափակ, այսինքն՝ նախորդ 6 ամիսների ընթացքում իրականացվել է առավելագույնը 3 ինտերվենցիա և դրանցից յուրաքանչյուրի տևողությունն էլ չի գերազանցել 3 աշխատանքային օրը:

Ըստ ԿԲ 2017 թ. տվյալների՝ հունվար-փետրվար ամիսներին ընդհանուր առմամբ իրականացվել է 15,000,000 USD ինտերվենցիա՝ 485.84 միջին փոխարժեքով: Փետրվար-մարտ ժամանակահատվածում ինտերվենցիաներ չեն իրականացվել:

2015 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ տարածաշրջանային տատանողականության ներքո ՀՀ արժութային շուկայում կանխատեսումները տանում էին դեպի արժեզրկում, ԿԲ-ն փոխարժեքի ճշգրտման համար առանց էական ճնշումների կարողանում էր ապահովել կայունություն, սակայն, ի վերջո, 2015 թ. ՀՀ դրամն արժեզրկվեց 14%-ով: Իհարկե, սա, տարածաշրջանի հետ համեմատ, վատագույն ցուցանիշը չէր, քանզի, օրինակ, դոլարի նկատմամբ ղազախական թենգեն արժեզրկվեց 23,74%, ռուսական ռուբլին՝ 59,77%-ով:

Արժեզրկումը շարունակվեց և 2016 թ.: ՀՀ ԿԲ տվյալներով տարվա սկզբին ՀՀ դրամի արժեզրկումն ավելացավ 3%-ով, իսկ տարվա 2-րդ կեսին դրամն ընդունեց կայուն արժեզրկման դիրք: Դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ 2017 թ. հունվար-ապրիլին կազմել է 0.5%: Ապրիլին դրամն արժեզրկվել է դոլարի նկատմամբ 0,1%, իսկ ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 485,10 դրամ 1 դոլարի համար: Ազգային արժույթի արժեզրկման պարագայում իջնում են արտահանման գները, քանի որ այդ դեպքում արտահանողները, օգտվելով տրված պայմաններից, իջեցնում են արտահանման գները՝ բարձրացնելով սեփական մրցակցային դիրքը արտաքին շուկաներում և խթանում արտահանման աճը: Սակայն, սրան զուգընթաց, տեղի է ունենում ներմուծման գների աճ, քանի որ արտասահմանյան մատակարարները պետք է անփոփոխ պահեն իրենց արտադրանքի իրացումից ստացված ազգային արժույթով հասույթը: Թանկ ներմուծումը սպառողների համար դառնում է պակաս գրավիչ, նվազում է դրա պահանջարկը, սրանով խթանվում է նաև հայրենական փոխարինող ապրանքների արտադրանքը: Այս ամենն էլ իր հերթին հանգեցնում է առևտրային հաշվեկշռի «պակասուրդ»-ի կրճատմանը:

Այսպիսով՝ փորձենք հասկանալ՝ ինչու է ԿԲ-ն ընտրել ազատ լողացող արժութային ռեժիմը և ոչ ֆիքսվածը, և որոնք են դրա նպաստավոր կողմերը տնտեսության համար:

Ֆիքսված ռեժիմը, իհարկե, ունի առավելություններ: Օրինակ՝ դրա շնորհիվ կատարվում են համապատասխան կանխատեսումներ: Սակայն նշված ռեժիմն անհրաժեշտություն է առաջացնում անընդմեջ կատարել արժույթի ներարկումներ, ինչը հանգեցնում է երկրում ինֆլացիայի: Լողացող փոխարժեքի ռեժիմի շնորհիվ ՀՀ ԿԲ-ն ինտերվենցիաների միջոցով տեղեկատվություն է տալիս շուկաներին՝ իրենց լավ գործող հաստատությունների և արդյունավետ մակրոտնտեսական կառավարման մասին, և շուկաները, ստանալով տեղեկատվությունը, սկսում են գործել դրան ադեկվատ: ԿԲ-ի ինտերվենցիաներն իրենցից ենթադրում են միջամտություն ֆինանսական շուկաների գործառնությանը: Շուկան պատրաստ է լինում դրամի արժեզրկմանն ու հնարավորություն է ստանում մեղմելու դրա հետևանքները: Ընտրելով ազատ լողացող ռեժիմ՝ ՀՀ-ն հնարավորություն է տալիս տնտեսությանը մեղմել ճգնաժամային իրավիճակները: Ազատ լողացող արժութային ռեժիմն ապահովում է դրամավարկային քաղաքականության անկախությունը, ավտոմատ կարգավորում է փոխարժեքն ավելի արագ, քան գները և թույլ տալիս խուսափել սպեկուլյատիվ հարձակումներից:


Գրականություն

  1. Մնացականյան Հ., «ՀՀ արժութային շուկայի արդի խնդիրները», Երևան, 2016 թ

  2. «Ինտերվենցիաները ԿԲ-ի կողմից», ԿԲ-ի պաշտոնական տվյալներ http://moneymarket.am/index.php?page=menuinfo&id1=2&id2=2&id3=2&language=Hay

  3. «Դրամավարկային քաղաքականություն» ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայք https://www.cba.am/am/SitePages/mpobjective.aspx

  4. «Ժամանակագրական շարքեր» ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայք http://www.armstat.am/am/?id=17010&nid=126


Հեղինակ` Նարինե Խաչատրյան (Narine Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: