Վերջին տարիներին Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության ամենաթեժ կետերից մեկը՝ որպես մի շարք հզոր պետությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ. վերջին շրջանում տարածաշրջանում ավելացել է ևս մեկ խաղացող՝ Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը: Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը ահաբեկչական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է ինքն իրեն խալիֆի և իմամի տիտղոսներ շնորհած Իբրահիմ Ավադ Ալիալ Բաղդադիի կողմից, ունի կենտրոնացված հիերարխիկ կառավարում, որտեղ իշխանության գլուխը խալիֆն է: ԻՊ-ն սունիական ծայրահեղական կառույց է և իր վերահսկողությունը հաստատած տարածքներում ոչնչացմամբ է սպառնում այլ կրոն և արժեքներ կրողներին: Այս պահին այն վերահսկում է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածը, ինչպես նաև՝ Իրաքի սունիական եռանկյուն կոչվող հատվածը: ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծությունը, ըստ տարբեր աղբյուրների, գնահատվում է 60-80 հազ. կմ2: Կառույցն իր զինատեսակների մի մասը ձեռք է բերել Ասադի դեմ արևմտյան ուժերի, սաուդիտների և Թուրքիայի կողմից մղվող պայքարում՝ որպես օգնություն: Ըստ վերջին տվյալների և հետազոտությունների՝ կառույցի զինտեխնիկայի և զինատեսակների մեծ մասը խլվել է սիրիական և իրաքյան բանակներից, հատկապես 2014 թ. Մոսուլի գրավումից հետո: Թեթև զինատեսակներից առկա են ամերիկյան M16-եր, ինչպես նաև՝ սիրիական զորքերից խլած AK-ները, իսկ M79 90 mm հրթիռները, որոնք 2013 թ.-ին սաուդիտները տրամադրում էին հակաասադյան ընդդիմությանը, օգտագործվում են որպես հակատանկային հրթիռներ: Առկա են նաև Մոսուլի գրավումից հետո իրաքյան բանակից խլված մի քանի scud բալիստիկ հրթիռային համակարգեր և մի քանի ՄԻԳ 21 ինքնաթիռներ, 30 սովետական T55 և 10 T72 տանկեր: Բացի այդ՝ «Իսլամական պետությունը» Քոբանիում օգտագործել է քիմիական զենք:
Այս կառույցը աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունն է: Սկզբնական շրջանում այն հիմնականում գոյատևում էր նվիրատվությունների, գերիների համար վճարվող փրկագների հաշվին՝ հետագայում վերածվելով ֆինանսապես անկախ և կայուն կազմավորման: Այս պահին ԻՊ վերահսկողության տակ է գտնվում Իրաքի և Սիրիայի նավթահորերի զգալի մասը: Միայն Մոսուլի 2 նավթամշակման գործարանները արտադրում են օրական 16000 բարել նավթ: Նրանց վերահսկողության տակ է նաև սիրիական գազի պաշարների 45%-ը, որը, սակայն, առայժմ չի հաջողվում օգտագործել: Ըստ տարբեր աղբյուրների՝ ԻՊ-ի նավթի վաճառքից ստացված եկամուտը հասնում է օրական 2-6 մլն դոլարի:
Սիրիական կոնֆլիկտում Թուրքիայի որդեգրած ուղին ստիպում է զգուշանալ: Թուրքիայում մեծանում է կրոնական գործոնի դերը: Բացի այդ՝ այն ձգտում է բարձրացնել իր քաղաքական կշիռը և ազդեցությունը տարածաշրջանում: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի տարածաշրջանային դերին մոտենում է օսմանյան անցյալի տեսանկյունից և հարևան պետություններում իշխանությունների վրա իրենց ազդեցությունը տարածելու միջոցով փորձում է ստեղծել խալիֆայության նմանվող մի պետություն: Բացի իր ազդեցությունը մեծացնելուց՝ Թուրքիային անհրաժեշտ է նաև թույլ չտալ Սիրիայի մասնատումը, քանի որ դա կբերի քրդական հարցի շուրջ նոր զարգացումների: Թերևս սա միակ կետն է, որտեղ Թուրքիայի շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ: Սիրիայում ռուսական ազդեցությունը և ռազմական ներկայությունը կարող են երաշխավորվել միայն Ասադի ռեժիմի առկայության պարագայում, հակառակ դեպքում՝ Ռուսաստանի համար հետևանքները անկանխատեսելի են: Կրկին անդրադառնանք Թուրքիային: Որքան էլ թուրքական իշխանությունները հայտարարեն, թե ԻՊ-ի գաղափարախոսությունը տրամագծորեն տարբերվում է իսլամական գաղափարներից, ԻՊ-ի գոյությունը ձեռնտու է Թուրքիային: Աջակցելով ԻՊ-ին՝ Թուրքիան նպաստում է արաբական երկրների, մասնավորապես՝ Սիրիայի, Իրաքի և Լիբանանի դիրքերի թուլացմանը և նոր զենք է ստանում Իրանի դեմ հնարավոր կոնֆլիկտի դեպքում: Իսլամիստների զորքերն ազատ հատում են թուրքական սահմանները, իսկ ըստ որոշ տեղեկությունների՝ մի քանի օպերացիաների ժամանակ ստացել են թուրքական բանակի անմիջական ռազմական աջակցությունը:
Թուրքիայում բնական գազի և նավթի հիմնական մասը ներկրվում է Ռուսաստանից, իսկ այլընտրանքային տարբերակ է իրանական ավելի թանկ էներգառեսուրսը: Թուրքիան իր էներգետիկ շուկան դիվերսիֆիկացնելու խնդիր ունի: Թուրքիան հայտնվել է նաև մի շարք միջազգային սկանդալների մեջ, որոնց պատճառը նրա՝ առանց իրաքյան իշխանությունների համաձայնության Իրաքյան Քրդստանից անօրինական կերպով նավթ և գազ ներկրելու փաստն էր, իսկ այժմ այդ նավթագազային կարիքները կարող են բավարարվել ԻՊ-ից անօրինական կերպով ներկրվող նավթի հաշվին: Թեև ԱՄՆ ճնշման տակ Թուրքիան թույլ տվեց քրդերի որոշ խմբերի անցնել Սիրիա և կռվել ԻՊ-ի դեմ, այնուամենայնիվ այն հրաժարվում է իրականացնել ակտիվ ռազմական գործողություններ: Պատճառն այն է, որ ռազմական գործողությունների հետևանքով քրդերի մոտ կարող է բարձրանալ ինքնագիտակցության մակարդակը, և կարող են խորանալ կապերը Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի քրդերի միջև,ինչը կարող է հանգեցնել սիրիական քրդերի կշռի մեծացման և Սիրիայի հյուսիսային հատվածում քրդական ինքնավարության ստեղծման հարցի առաջադրման, ինչը Թուրքիայի համար չափազանց վտանգավոր է՝ կապված Թուրքիայում բնակվող քրդերի հետ:
Վերջին շրջանում ակտիվացել են «Իսլամական պետություն» խմբավորման՝ Կովկասի և միջինասիական երկրների նկատմամբ նկրտումների վերաբերյալ արվող հայտարարությունները: ԻՊ-ի կազմում կովկասյան երկրներից ժամանած զինյալների թիվը կազմում է մոտ 1500: Համադրելով ԻՊ-ի և Թուրքիայի հեռակա շահերը՝ պարզ է դառնում, որ Հայաստանը սեպ է՝ խրված Իրաքից և Սիրայից սկսվող և Ռուսաստանով մինչև Չինաստան տարածվող ապագա իսլամական պետության ստեղծման ճանապարհին: Սիրիայում և Իրաքում իրենց դիրքերը ամրապնդելուց հետո ԻՊ-ի զինյալները կարող են մեծ վտանգ դառնալ Հայաստանի ազգային անվտանգության համար: Պատահական չէր, որ 2015թ. սեպտեմբերին ՀՀ-ում տեղի ունեցած «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ հնարավոր սցենարներից մեկը հենց Թուրքիայի տարածքում ԻՊ վերահսկողության հաստատման դեպքում հնարավոր գործողություններն էին:
ԻԼԻՊ-ի հավակնությունները ամբողջ Կովկասի նկատմամբ դառնում են անխուսափելի, հատկապես եթե հաշվի առնենք Ադրբեջանում իսլամական հեղափոխության հնարավորությունը, կամ միգուցե որոշ հանգամանքների դեպքում զինյալների՝ դեպի Նախիջևան անցման սցենարը: Սա հակասում է նաև Ռուսաստանի տարածաշրջանային շահերին, բայց արդյո՞ք նման պայմաններում և այս բարդ տարածաշրջանում այն ի վիճակի կլինի պաշտպանել իր շահերը: Ռուսաստանին այլ տարբերակ չի մնա, քանի որ կորցնելով այս տարածաշրջանը՝ այն կկանգնի նաև սեփական տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների առջև:
Ուսումնասիրելով ԻՊ-ի ռազմական կարողությունները (ըստ տարբեր տվյալների՝ 50000-250000 մարդ) և հասկանալով այդ կառույցից եկող վտանգը տարածաշրջանի համար՝ հարց է առաջանում, թե ինչպես է մինչ այժմ պայքար մղվել ԻՊ-ի դեմ:
Այս համատեքստում կարևորություն է ձեռք բերում պայքարն առաջնորդողների հարցը.
- ԻՊ-ի դեմ ստեղծված միաջազգային կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ
2014թ. սեպտեմբերին ԻՊ-ի կողմից ամերիկացի երկու լրագրողների մահապատժի ենթարկելուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց ԻՊ-ի դեմ սկսվող ռազմական գործողությունների մասին: The New York Times –ը, հղում անելով Սպիտակ տանը, հստակեցնում է, որ ռազմական գործողությունները պլանավորվում են անցկացվել 3 փուլով` ավիահարվածներ, իրաքյան և քրդական զինված ուժերի վերապատրաստում և սիրիական թաքստոցներում ահաբեկիչների ոչնչացում:
Այս կոալիցիայի մեջ են մտնում ԵՄ երկրների մեծ մասը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, ԱՄէ-ն, Բահրեյնը, Քաթարը, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ավստրալիան:
- Քրդական «փեշմերգա»-ի զինյալները
1970 թվականին Իրաքի հյուսիսային հատվածում ստեղծվել էր քրդական ինքնավարություն, որին իրաքյան սահմանադրությամբ լայն իրավունքներ էին տրված, այդ թվում նաև՝ սեփական զորք ունենալու իրավունք (փեշմերգա՝ մահվան աչքերին նայող) : Փեշմերգայի զինյալների թիվը կազմում է մոտ 190000:
- Իրաքյան կառավարական բանակը
Ըստ ԱՄՆ ՊՆ հայտարարությունների՝ իրաքյան բանակը գտնվում է հուսալքված վիճակում: Այնուամենայնիվ այն իրենից բավականին մեծ ուժ է ներկայացնում` 190000 զինվորականներ և մոտ կես միլիոն ոստիկաններ:
- Սիրիայի քուրդ զինյալները
Այն Սիրիայի հյուսիսում ապրող քրդերի կողմից կազմված միավորում է: Զինյալների թիվը մոտ 65000 է, որի մեկ երրորդը կազմում են կանայք:
- Սիրիական կառավարական բանակ
2011թ. քաղաքացիական պատերազմի սկզբին բանակի թիվը կազմում էր կես մլն.՝ ներառյալ ռեզերվը: 2015թ. իրականացրել է որոշ օպերացիաներ լիբանանյան «Հեզբոլլահի» հետ համատեղ, որը շիական ռազմական կառույց է:
- Ռուսաստան
Սկսած 2015 թ. սեպտեմբերի 30-ից՝ ՌԴ օդատիեզերային ուժերը Սիրիայում ԻՊ-ի դեմ սկսեցին իրականացնել ռազմական գործողություններ: Այն իրականացնելու համար նրանք օգտագործում են 30 ռմբակոծիչ և հարձակվողական ինքնաթիռներ, 4 կործանիչ, ՄԻ-24 և ՄԻ-17 ուղղաթիռներ: Սիրիայում ռուսական ավիաբազան պաշտպանվում է Միջերկրական ծովում գտնվող ռուսական նավատորմի կողմից:
Այսպիսով, ԻՊ դեմ պայքարում են հսկայական ռազմական և ֆինանսական ուժ ունեցող ուժեր, սակայն նրանց շահերի բախման պատճառով հաջողություններ չեն գրանցվում:
Տարածաշրջանային պետությունների շահերի հարաբերակցությունը
Տարածաշրջանում ազդեցության բաժանման և վերաբաժանման համար հիմնական պայքարն ընթանում է Իսրայել-Սաուդյան Արաբիա զույգի և Իրանի միջև: Դե ֆակտո Սաուդյան Արաբիան սունիական աշխարհի առաջնորդն է, իսկ Իրանը՝ շիական: Իրանի և նրա դաշնակիցների հզորացումը և տարածաշրջանում նրանց ազդեցության մեծացումը այն պատճառն է, որի համար.
1.Իսրայելն ու Սաուդիան Արաբիան պատրաստ են համագործակցել միմյանց հետ,
2.ԱՄՆ-ն ոչ միայն պատրաստ է, այլև արդեն սկսել է աջակցել ռադիկալ խմբավորումներին նրանց դեմ պայքարում, օրինակ՝2011թ.-ից սկսած ՝ Իրանի գլխավոր դաշնակից Սիրիայում ԱՄՆ-ն աջակցում էր ռադիակալ ընդդիմադիր խմբավորումներին, իսկ 1980-1988թ. աջակցում էր Սադամ Հուսեյնի իշխանությանը Իրանի դեմ պայքարում:
«Foreign Policy»-ի՝ 2013թ. հրապարակած «Կենտրոնական հետախուզությունների բյուրոյի ֆայլերն ապացուցում են, որ ԱՄՆ-ն օգնել է Սադամին Իրանի դեմ թունավոր գազի օգտագործման հարցում» հոդվածում խոսվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները տեղյակ էին, որ Իրաքը քիմիական զենք է օգտագործելու Իրանի դեմ, սակայն չկանխարգելեցին և նույնիսկ չարտահայտվեցին դրա դեմ: Հոդվածում նշվում է, որ իրաքյան ռազմական ուժերը օգտվել են ամերիկյան արբանյակների և այլ հետախուզական տվյալներից: Ըստ նույն տվյալների՝ եթե քիմիական զենք չկիրառվեր, ապա իրանական զորքերը կճեղքեին իրաքյան պաշտանությունը և կհաղթեին պատերազմում, ինչը կբերեր Իրանի կտրուկ հզորացմանը և տարածաշրջանում նրա ազդեցության կտրուկ աճին:
Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո ամերիկացիները Իրաքում իշխանության բերեցին շիաներին, ինչը հանգեցրեց երկար ընդմիջումից հետո իրան-իրաքյան հարաբերություններում նկատվող մերձեցմանը:
Ստեղծվեց, այսպես կոչված, «shia crescent»-ը (շիական մահիկ), որը Իրանից Իրաքով ձգվում էր մինչև Լիբանան, և որտեղ իշխանության գլուխ էին շիաները, ինչը խիստ անհանգստացնում էր սաուդիտներին:
2004 թվականից հետո ԱՄՆ-ն ստիպված եղավ փոխել իր քաղաքական կուրսը այդ տարածաշրջանում:
Ամերիկյան «The New Yorker» պարբերականում Սեմուել Հերշի` 2007 սթ. տպագրած «Redirection» հոդվածում խոսվում է այն մասին, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն պետք է օգտագործի սունիական ուժերը, որպեսզի իր ազդեցության տակ պահի Իրաքում հզորացող շիաներին, թուլացնի լիբանանյան Հեզբոլլահը, թույլ չտա հզորանալ շիական Իրանին և, իհարկե, թուլացնի Իրանի գլխավոր դաշնակից Սիրիային: Սունիական ուժեր ասելով՝ ԱՄՆ-ն առաջին հերթին նկատի ունի Սաուդիան Արաբիային: Չմոռանանք նաև, որ Ալ-Քաիդան ևս կազմված է հիմնականում սունի մահմեդականներից: Սունիական ծայրահեղական ուժերի ակտիվացումը, այդ թվում՝ Իսլամական պետության ստեղծումը, կարող էր հանդիսանալ հենց այս քաղաքականության անցանկալի կողմնակի հետևանք: Հերշի գնահատականներով՝ ԱՄՆ-ն, Իրաքում աջակցելով շիաներին, իսկ Իրանի դեմ պայքարում՝ սունիներին, չի կարողանում այս ուժերի մեջ հավասարակշռություն ապահովել: Այս իրավիճակը նմանություններ ունի 80-ական թվականների հետ, երբ ԱՄՆ-ն, ցանկանալով Աֆղանստանում հակադրվել ԽՍՀՄ-ին, աջակցեց իսլամիստների դիմադրությանը, որից հետագայում փաստացի ձևավորվեց Ալ-Քաիդան:
Այս ամենի արմատները կարելի է փնտրել դեռևս 7-րդ դարում սունիների և շիաների պառակտման մեջ, ինչը տեղի ունեցավ՝ ելնելով կրոնական պատճառներից:
Սունիները իշխող դիրք ունեին Արաբական խալիֆայությունում, հետևաբար՝ նաև հետագայում ստեղծված Օսմանյան կայսրությունում: Աշխարհի մահմադականների մոտ 90%-ը սունիներ են, սակայն շիաները մեծամասնություն են կազմում Իրանում, Իրաքում, Բահրեյնում և Լիբանանում: Նավթով հարուստ տարածաշրջանում շիական մահիկի ազդեցության մեծացումը խիստ անհանգստացնում է արևմուտքին և սունիներին: Սաուդյան Արաբիային Իրանի հզորացումը անհանգստացնում էր ոչ միայն նրանով, որ այն կխախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, այլև կարող է հանգեցնել Սաուդյան Արաբիայի ներսում մի շարք խնդիրների: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիայի՝ նավթով հարուստ արևելյան հատվածում շիաները մեծ թիվ են կազմում, և արևմուտքի, Իսրայելի, սունիական երկրների համար շիական երկրների հզորացման կանխարգելումը ավելի կարևոր է, քան ԻՊ վերացումը:
2014 թ. ԱՄՆ միացյալ շտաբների կոմիտեի ղեկավար գեներալ Դեմփսին Կոնգրեսում հայտարարեց, թե գիտի ԱՄՆ-ի արաբական շատ դաշնակիցների, որոնք աջակցում են ԻՊ-ին, ինչին սենատորներից մեկը պատասխանեց, որ դա արվում է այն պատճառով, որ սիրիական ազատ բանակը չի կարողանում կռվել Ասադի դեմ, մինչդեռ ԻՊ-ն փորձում է նրան հեռացնել: Իսկ 2014 թ.-ի հոկտեմբերին Ջո Բայդենը հայտարարեց, որ սաուդիտները, ԱՄԷ-ն և Թուրքիան այնքան են հետաքրքրված Ասադին տապալելով, որ պատրաստ են տրամադրել հարյուրավոր միլիոն դոլարներ և հարյուրավոր տոննա զենք նրանց, ովքեր պատրաստ են կռվել Ասադի դեմ: Չի բացառվում, որ ԻՊ-ն հենց այս ամենի հետևանքն է:
2014թ. Գոլանի բարձունքներում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահները Դջեբաթ-ան-Նուսրայի զինյալներին զեկուցում էին Իսրայելի կողմից տրվող աջակցության մասին: Նույն Ան-Նուսրայի և այլ հակաասադական խմբավորումներից զինյալների բավական մեծ հոսք գրանցվեց դեպի ԻՊ:
Այսպիսով, պարզ է դառնում, որ շիական մահիկի կամ ԻՊ-ի դեմ պայքարելը ներկայացված ուժերի համար ընտրության հարց է: Այս պահին շիական մահիկի երկրների ազդեցության մեծացումը շատերի համար ներկայանում է որպես ավելի մեծ վտանգ, քան ԻՊ-ի գոյությունը, որի դեմ ռեալ և կործանիչ գործողություններ կսկսվեն միայն Իրանի և իր դաշնակիցների խիստ թուլացման պայմաններում: Մերձավոր Արևելքը հսկայական նշանակություն ունի գերտերությունների և համաշխարհային տնտեսության տեսանկյունից, ուստի չափազանց կարևոր է, թե ում ազդեցությունն ավելի մեծ կլինի տարածաշրջանում:
Օգտագործված գրականության ցանկ
http://www.longwarjournal.org/
http://www.terrorism-info.org.il/
http://www.politrus.com /
http://middleeastnewsservice.com/
http://poistine.org/
Հեղինակ՝ Հմայակ Բաղրամյան (Hmayak Baghramyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: