Հայաստանի Հանրապետությունը գտնվում է քաղաքական առումով բարդ տարածաշրջանում, ինչն իր ազդեցությունն է թողնում նաև սոցիալական կյանքի, հատկապես՝ տնտեսական հարաբերությունների վրա: Ադրբեջանի Հանրապետությունը բացահայտ պատերազմական քաղաքականություն է վարում ՀՀ նկատմամբ՝ փակ պահելով ՀՀ և Արցախի պետական սահմանները: Վրաստանի Հանրապետությունը փորձում է վարել հավասարակշռված քաղաքականություն, որով էապես խթանում է իր տնտեսությունը: Իսկ Ադրբեջանի տնտեսությունը խարսխված է հումքային բաղադրիչի վրա և մեծ կախում ունի նավթի համաշխարհային գներից: Նշվածի համատեքստում արդիական է երեք երկրների հիմնական տնտեսական ցուցանիշների համեմատությունը, ինչը գաղափար կտա Անդրկովկասում երկրների տնտեսական հնարավորությունների վերաբերյալ: Քանի որ նման վերլուծության համար ցուցանիշները բազմազան են, ուստի ընտրվել են.
-
ՀՆԱ֊ի մեծությունը,
-
մեկ շնչի հաշվով ՀՆԱ֊ն,
-
արտահանման ծավալը,
-
կառավարության հարկային եկամուտներ/ ՀՆԱ հարաբերակցությունը,
-
բանկային համակարգի կապիտալ/ ակտիվներ հարաբերակցությունը:
Նշված ցուցանիշները բավականին ընդհանրացված կերպով գաղափար են տալիս երկրի տնտեսական կարողությունների վերաբերյալ: Վերլուծության նպատակն է ներկայացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական հնարավորությունների համեմատությունը:
Հաշվի առնելով վիճակագրական տվյալների հասանելիության, ինչպես նաև համեմատելիության հանգամանքները՝ վերլուծությունում հիմնականում օգտագործվել են Համաշխարհային բանկի տվյալները: Համաձայն այդ տվյալների՝ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն 2015 թ.-ի դրությամբ կազմել է մոտ 10.5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանինը՝ մոտ 53 մլրդ դոլար, այսինքն՝ 5 անգամ ավելի: Վրաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը բացարձակ մեծությամբ ավելի մոտ է ՀՀ-ին և կազմում է մոտ 14 մլրդ ԱՄՆ դոլար:
Գրաֆիկում պատկերված են Անդրկովկասի գումարային ՀՆԱ֊ում երկրների տեսակարար կշիռները: Այստեղ ևս Ադրբեջանի ՀՆԱ֊ն տեսակարար կշռով գերազանցում է անդրկովկասյան մյուս երկրների ՀՆԱ֊ներին: Այնուամենայնիվ, Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթամթերքի արդյունահանումից: Տնտեսության այդ ճյուղի արտադրանքը հիմանականում արտահանվում է: Այդ պատճառով անհրաժեշտ է ուսումնասիրել երկրների արտահանման կառուցվածքը:
Ինչպես երևում է գրաֆիկից՝ ՀՀ֊ն ամբողջ Անդրկովկասի արտահանման մեջ ունի ընդամենը 11%, նույնիսկ ավելի քիչ է տեսակարար կշռով, քան ՀՆԱ֊ն: Երեք երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացման մակարդակը ցույց տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել արտահանման մեջ տարբեր ապրանքատեսակների տեսակարար կշիռները:
Ինչպես երևում է՝ Ադրբեջանի արտահանման մեջ նավթը և նավթամթերքը կազմում են 86%, ինչը վկայում է տնտեսության ոչ դիվերսիֆիկացված լինելու մասին:
Հայաստանի արտահանման վերաբերյալ կարելի է նշել դիվերսիֆիկացման բավականաչափ բարձր մակարդակը: Առավել մեծ տեսակարար կշիռ է կազմում պղնձի հանքաքարի արտահանումը, որը ընդհանուրի մեջ կազմում է մոտ 20%:
Վրաստանի դեպքում 2015 թվականին կրկին առավել մեծ տեսակարար կշիռ կազմել է պղնձի հանքաքարի արտահանումը, որը կազմել է ընդհանուրի 9.3 %-ը: Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կարելի է համարել բավականաչափ դիվերսիֆիկացված՝ ի տարբերություն Ադրբեջանի:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ մեծությամբ Անդրկովկասում առկա է հետևյալ պատկերը. երեք երկրների մեկ շնչի հաշվով ՀՆԱ֊ները 90-ականների անկումից հետո էականորեն աճել են 2000-2007 թվականներին՝ հասնելով տեղային մաքսիմումի 2008-ին:
Այնուամենայնիվ, տնտեսական անկումը էականորեն կրճատել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն միաժամանակ անդրկովկասյան երեք հանրապետությունում: Ամենաշատ անկումը գրանցվել է ՀՀ֊ում` 26%, Ադրբեջանում անկումը կազմել է 11%, իսկ Վրաստանում՝ 15%: Հաջորդ հատկանշական փաստն այն է, որ Վրաստանի՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը 2011 թվականին գերազանցեց ՀՀ համապատասխան ցուցանիշը: 2015 թվականը անդրկովկասյան երեք հանրապետությունների համար էլ տնտեսական անկման տարի կարելի է համարել: Եթե 2014 թվականի 1 շնչի հաշվով ՀՆԱ֊ի ցուցանիշով Ադրբեջանը առաջատարն էր՝ գրեթե 8.000 դոլար ցուցանիշ ուներ, ապա 2015 թվականի 30% անկումը վկայեց երկրում սկսվող ճգնաժամի մասին: Նավթի գների անկումը, մանաթի կրկնակի արժեզրկումը շոկային ազդակներ հաղորդեցին տնտեսության բոլոր ճյուղերին: Անկումը ավելի կտրուկ էր, քան 2008-2009 թվականներին: Նմանատիպ անկում գրանցվեց նաև Հայաստանում և Վրաստանում, սակայն անհամեմատ ավելի փոքր մասշտաբով՝ համապատասխանաբար՝ 10% և 15%: Հատկանշական է նաև այն փաստը, որ 2015 թվականի անկմամբ Ադրբեջանը վերադարձավ 2008 թվականի նախաճգնաժամային ցուցանիշին, իսկ Հայաստանը նույնիսկ 7 տարիների ընթացքում չի հասել նախաճգնաժամային ցուցանիշին:
Կառավարության տրամադրության տակ գտնվող ֆինանսների և տնտեսությունում ստվերի մակարդակի մասին վկայող ցուցանիշ է հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը: Եթե այն ցածր է հարկային դրույքաչափերից, ապա նշանակում է տնտեսությունում մեծ է ստվերի մակարդակը: Ստորև բերված գրաֆիկը վկայում է, որ ամենաբարձր հարկեր/ՀՆԱ ցուցանիշը ավանդաբար ունի Վրաստանը՝ միջինում 23.5%: Ադրբեջանի ցուցանիշը կազմում է մոտ 14%, իսկ Հայաստանի ցուցանիշը՝ մոտ 18%:
Նշանակում է, որ Վրաստանը ունի հարկային վարչարարության ամենաբարձր մակարդակը անդրկովկասյան երեք հանրապետությունների մեջ: Վերլուծության վերջին ցուցանիշը, որը դիտարկվել է ուսումնասիրության համար, բանկային համակարգի կապիտալի և բանկային ակտիվների հարաբերակցությունն է:
Ինչպես երևում է գրաֆիկից՝ ՀՀ ցուցանիշը պատմականորեն ամենաբարձրն է եղել երեք հանրապետություններում՝ աստիճանաբար նվազելով մինչև 13.6% 2014 թվականին, այնուհետև աճելով մինչև 15.7% 2016 թ.-ին: Ադրբեջանի ցուցանիշը ամենացածրն է եղել՝ 2009-ին՝ կազմելով ընդամենը 11 %: Սակայն ադրբեջանական բանկերը աստիճանաբար մեծացրել են կապիտալի համարժեքության ցուցանիշը՝ հասցնելով մինչև 14.8%-ի 2015 թվականին: Վրաստանի բանկային համակարգի ցուցանիշը նույնպես աստիճանաբար նվազել է՝ կազմելով 14.6% 2016 թվականի դրությամբ: Այսինքն՝ անդրկովկասյան երեք հանրապետությունների մեջ բանկային համակարգի կապիտալի համարժեքությամբ առաջատար դիրք ունի ՀՀ-ն:Ամփոփելով անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանական տնտեսությունը ունի շատ ավելի բարձր դինամիկա, սակայն դա ապահովվում է առաջնահերթ նավթագազային արդյունաբերության շնորհիվ, իսկ 2015 թվականից սկսված ճգնաժամը շատ ավելի խորը հարված է հասցրել Ադրբեջանի տնտեսությանը, քան ՀՀ-ին և ՎՀ-ին: Արտահանման տեսանկյունից առավել մրցունակ երկիր կարելի է համարել Վրաստանը, որը, չունենալով նավթային պաշարներ, կարողանում է արտահանման բարձր ցուցանիշներ դրսևորել: Դա կարելի է պայմանավորել և՛ վերջինիս աշխարհագրական բարենպաստ դիրքով, և՛ Վրաստանի կառավարության վարած արտաքին առևտրային խելամիտ քաղաքականությամբ, որի շնորհիվ վրացական արտադրանքը հնարավոր է դառնում արտահանել նաև ԵՄ երկրներ: Ֆինանսական համակարգի կայունությամբ թերևս առաջատար կարելի է համարել ՀՀ-ն: Դրան կարելի է հավելել այն փաստը, որ ոլորտում մի քանի կարևորագույն օրենսդրական փոփոխությունները 2016-2017 թվականներին հանգեցրին հայաստանյան բանկերի կապիտալի համարժեքության էական բարձրացման: Ընդհանուր առմամբ՝ երեք հանրապետություններից յուրաքանչյուրն էլ որևէ ոլորտում ունի էական առավելություն, ինչը համակշռում է Անդրկովկասում տնտեսական իրավիճակը:
Գրականություն
- Համաշխարհային բանկի տվյալների շտեմարան՝ http://data.worldbank.org/, 25.07.2017
- Համաշխարհային բանկի տվյալների շտեմարան՝ http://wits.worldbank.org/CountryProfile/en/Country/GEO/Year/2015/Summarytext, 25.07.2017
- Համաշխարհային բիզնես գիտելիքների կայք՝ https://globaledge.msu.edu/countries/georgia/tradestats, 25.07.2017
- Տնտեսական բարդության աստղադիտակ՝ http://atlas.media.mit.edu/en/profile/country/aze, 25.07.2017
- Տնտեսական բարդության աստղադիտակ՝ http://atlas.media.mit.edu/en/profile/country/arm/, 25.07.2017
- Տնտեսական բարդության աստղադիտակ՝ http://atlas.media.mit.edu/en/profile/country/geo/, 25.07.2017
- Տնտեսական բարդության աստղադիտակ՝ http://wits.worldbank.org/CountryProfile/en/Country/GEO/Year/2015/Summarytext, 25.07.2017
Հեղինակ՝ Էդգար Խաչատրյան (Edgar Khachatryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: