Իսլամական պետության աշխարհաքաղաքական դոկտրինը․խալիֆաթ

Photo: indiatoday.intoday.in
Photo: indiatoday.intoday.in

Այսօր միջազգային հանրության և համաշխարհային անվտանգության առջև ծառացած առաջնային խնդիրը, անշուշտ, Իսլամական պետությունն է։ Վերջինս այլևս դադարել է ահաբեկչական կազմակերպություն լինելուց և վերածվել է քվազիպետության՝ աշխարհակալական նկրտումներով: Իսլամական պետությունը պլանավորում է ստեղծել պանիսլամական միություն, որի մեջ կմտնեն Հյուսիսային և Կենտրոնական Աֆրիկան, Իսպանիան, Բալկանները, ամբողջ Առաջավոր Ասիան, Ղրիմը, Հարավային Ռուսաստանը, Միջին Ասիան, Պակիստանը, Հնդկաստանը, Հնդկաչինը, Ինդոնեզիան և այլն։ Այս ֆանտաստիկ ծրագիրը իրագործելու համար ԻՊ-ի գաղափարախոսները իրենց զինանոցում են ներառել մի շարք բավականին լուրջ գործիքներ և ինստիտուտներ։ Սույն վերլուծության մեջ կփորձենք ներկայացնել դրանցից առաջնայինի և նրանց ձեռքում առավել վտանգավորի՝ խալիֆայության ինստիտուտը։

Խալիֆաթ

Մուսուլմանների առաջին պետության հիմնադրումը տեղի ունեցավ իսլամի սկզբնավորման տրամաբանության շրջանակներում: Այս ամենի ակունքներում կանգնած էր Մահամեդը  (570-632), ով ծնվել էր Մեքքա քաղաքում՝ արաբական ցեղերի հեթանոս կենտրոնում։ Նրա առաջնորդությամբ ցեղային կառավարման մոդելը փոխարինվեց համայնականով, որտեղ գլխավորը վերաբերմունքն էր նոր կրոնի նկատմամբ: Մեդինայում, ապա և Մեքքայում կայացած առաջին մուսուլմանական համայնքը ամբողջությամբ կառուցված էր մարգարեի անձի շուրջ։ Վերջինս ոչ միայն իրացնում էր արդարադատությունը, այլև հենց մարմնավորում էր այն, և այդպես՝ բոլոր ոլորտներում։ Համայնքի քաղաքական, ռազմական, իրավական, սոցիալական, տնտեսական, հոգևոր կյանքը ամբողջովին կապված էր նրա անձի հետ։ Մահամեդի կողմից ստեղծված կառավարման համակարգը իր էությամբ նոր չէր. սա, որոշակի համայնական ազատություններով հանդերձ, տիպիկ դեսպոտիզմ էր: Այս համակարգի յուրահատկությունը, սակայն, կրոնական և աշխարհիկ կյանքերի ու դրանց իշխանությունների սերտաճման մեջ էր։ Մահամեդի մահվամբ համայնքը ընկղմվեց խորը ճգնաժամի մեջ, քանի որ վերացավ իշխանության գլխավոր խարիսխը, իսկ իշխանությունը դեռևս ինստիտուցիոնալացված չէր։ Դրա, ինչպես նաև իսլամից հրաժարման և բազմաստվածությանը վերադառնալու, ցեղային թշնամանքի, պետական համակարգից հրաժարվելու ու այլ ռիսկերի ֆոնի վրա անհրաժեշություն առաջացավ ստեղծելու իշխանության խիստ հիերարխիկ համակարգ և դրա ղեկավարի՝ Մահամեդի երկրային տեղակալի հաստիք:

Խալիֆ բառը արաբերենից թարգմանվում է որպես տեղապահ, տեղակալ, ով մուսուլմանական համայնքի հոգևոր և քաղաքական առաջնորդն է, ինչպես նաև՝ թեոկրատական մուսուլմանական պետության՝ խալիֆաթի ղեկավարը: Խալիֆները սկզբնապես համարվել են Ալլահի (Աստծո) ուղարկած Մահամեդի տեղակալները, իսկ սկսած Օմեյիդների դինաստիայից՝ հենց Ալլահի  տեղապահները երկրի վրա՝ արդեն համապատասխան բացառիկ և սակրալացված լիազորություններով: Առաջին խալիֆ դարձավ Աբու Բաքր աս-Սուդիկը (572-634): Ընդ որում, եթե ի սկզբանե խալիֆները ընտրովի էին, ապա Օմեյիդների ժամանակ խալիֆաթը նոր որակներ է ձեռք բերում. այն դառնում է մոնարխիկ (ժառանգական և բացարձակ)։ Խալիֆաթը Ղուրանի, շարիաթի օրենքների և ավանդույթային իրավունքի տեսության հիման վրա կայացած թեոկրատական միապետական համակարգ է: Խալիֆը՝ որպես խալիֆաթի ղեկավար, իր ձեռքում էր կենտրոնացրել հոգևոր և աշխարհիկ իշխանությունը: Դասական խալիֆաթը՝ որպես պետական կազմավորում, գոյատևեց 632-ից մինչև 1258 թթ․, երբ Հուլավու խանի բանակները գրավում ու կործանում են Բաղդադը, ապա սպանում վերջին խալիֆ Ալ-Մուսթասիմին՝ ընտանիքով հանդերձ։ Երկու դար անց՝ 1453թ., Կոստանդնուպոլսի գրավումով հիմք է դրվում Օսմանյան աշխարհակալությանը, որը և կառուցում է նոր խալիֆաթ։ Օսմանյան սուլթանները սկսում են կրել նաև խալիֆի՝ բոլոր մուսուլմանների գերագույն հոգևոր և աշխարհիկ առաջնորդի տիտղոսը. դա նրանց թույլ էր տալիս հանդես գալու տերության մուսուլմանական բնակչության և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ առաջնորդի դերում։ Օսմանյան խալիֆայությունը անկում է ապրում 1922 թվականին, երբ Մուստաֆա Քեմալը չեղարկում է այն։ Մինչև բոլորովին վերջերս այս կարևորագույն համամուսուլմանական ինստիտուտը քաղաքական առումով մոռացության էր մատնված, և որևէ մեկը չէր հավակնում դրան։ Այսպիսով, խալիֆի իշխանության գաղափարական հենքը կառուցված է կրոնի, դրա պատվիրանների և կյանքի ու կենցաղի բոլոր ոլորտները կարգավորող օրենքների վրա։ Խալիֆի իշխանությունը երկդիմության շնորհիվ սակրալացված է։

Իսալմը, որն իր էությամբ ամբողջատիրական կրոն է, փաստորեն կարող է ծառայել մեկ մարդու և նրա շուրջ կառուցված համակարգի հզորության պահպանմանը։ Խալիֆայությունն էլ, իր հերթին, միասնական, համաշխարհային համաիսլամական պետություն է, որն ամբողջովին համապատասխանում է իսլամական դոկտրինին և դրա սկզբունքներին։ Կարևոր է հասկանալ, որ միաժամանակ կարող է գոյություն ունենալ միայն մեկ խալիֆաթ։ Խալիֆաթի գոյության հիմնական իմաստը բոլոր մուսուլմանների միավորումն է ու տոտալ, համաշխարհային գերակայության նվաճումը։ Այսինքն՝ եթե կա խալիֆայություն, ապա այն մշտապես ձգտելու է համաշխարհային տիրապետության և իսլամի համաշխարհայնացմանը։

Նեոխալիֆաթ

Իսլամական պետությունը, որը մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից արգելված ահաբեկչական կազմակերպություն է, այսօր բացահայտ հայտարարում է նոր խալիֆաթ ստեղծելու իր ծրագրերի մասին։ Դրա առաջնորդը՝ Իբրահիմ Ավվադը, արդեն իսկ օծվել է իբրև խալիֆ՝ ընդունելով Աբու Բաքր ալ-Բաղդադի անունը (ուշագրավ է, որ նա վերցրել է վերոնշյալ առաջին խալիֆի անունը և ուղղափառների մայրաքաղաքի՝ Բաղդադի սոգնոմենը)։ Նա նաև ընդունել է Ամիր ալ-Մումինին տիտղոսը՝ «ուղղառների պաշտպան» (Օսմանյան խալիֆայության անկումից հետո այս տիտղոսը առաջին անգամ է վիճարկվում): Բաղդադին իրեն հռչակել է նաև մարգարեի ուղիղ ժառանգորդ, ինչը, խալիֆի տիտղոսի հետ համադրվելով, նրան մուսուլմանների աչքերում շնորհում է անսահմանափակ աշխարհիկ և հոգևոր իշխանությամբ։ Ակնառու է սեփական իշխանությունը լեգետիմացնելու և ինստիտուցիոնալացնելու բացահայտ փորձը։ Հաշվի առնելով ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող ընդգրկուն տարածքները և դրա աշխարհակալական ամբիցիաները՝ սա ավելի քան վտանգավոր է։ Չի կարելի թերագնահատել կրոնի ազդեցությունը հասարակության վրա, հատկապես մուսուլմանական շրջանակներում, որոնց սոցիալապես անապահով խավերը, առանց չափազանցության, գումարային առումով այսօր աշխարհի ամենաանգրագետ և հետամնաց շրջանակներից մեկն են։ Կրոնը նրանց պարտավորեցնում է հպատակվել խալիֆին, իսկ խալիֆ իրեն այս պահի դրությամբ հռչակել է միայն մեկը, ուստի հենց նրան էլ պետք է հպատակվի խաժամուժը։ Այս կրոնական-ավանդույթային քարոզչությունը հատկապես մեծ ազդեցություն է ունենում կրթություն չստացած և չափազանց ծայրահեղական վարք ցուցաբերող երիտասարդության վրա։ Խալիֆայության ինստիտուտը այլևս չի վերացվի միայն Բաղդադիի սպանությամբ, ավելին՝ վերջինս սպանվելով կդառնա նահատակի տիպար և սիմվոլ՝ հաջորդ խալիֆի գլխավորությամբ անհավատների դեմ նոր թափով պայքար վարելու համար։

Չնայած իսլամի աստվածաբանների և հոգևոր առաջնորդների առկա քննադատությանը՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նոր խալիֆայության գաղափարը և խալիֆը արդեն իսկ վայելում են առանձին մուսուլմանական երկրների բնակչության մոտ 11-14 տոկոսի համակրանքը, և սա միայն սկզիբն է։

Իսլամական պետությանը և նեոխալիֆաթին, սակայն, հնարավոր է և պետք է արդյունավետ հակադարձել։

ԻՊ-ի և նրա գործիքակազմի դեմ կարող են կիրառվել հետևյալ միջցառումները՝

  1. Ոչ թե առանձին անհատների, այլ ամբողջ կազմակերպության, դրա անձնակազմի և ինֆրաստրուկտուրայի ոչնչացմանն ուղղված լայնածավալ ռազմական օպերացիա,
  2. ԻՊ-ը ֆինանսավորող ուժերի բացահայտման համար միջազգային հետաքննչական լայնածավալ միջոցառումների անցկացում և մեղավորների պատժում։
  3. Քարոզչական միջոցառումների անցկացում իմամների և այլ հոգևոր հեղինակությունների ներգրավմամբ՝ իսլամական երկրների բնակչությանը ներկայացնելու համար ԻՊ-ի աշխարհաքաղաքական նկրտումների և դրա ղեկավարության ծայրահեղական գաղափարների ու ամբիցիաների ոչ ռացիոնալ, ոչ լեգիտիմ, անօրինական և բռնազավթողական լինելը (սա նաև ձեռնտու է իմամներին և այլ հոգևոր հեղինակությունների, քանի որ խալիֆայության վերականգնման դեպքում նրանք ինքնաբերաբար կախվածության մեջ կընկնեն դրանից),
  4. ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակներում տարբեր մուսուլմանական երկրներում սոցիալապես անապահով խավերի  աշխարհիկ տարրական կրթության ապահովում, որը զգալիորեն կնվազեցնի անգրագիտության մակարդակը այս երկրներում, ու որպես անխուսափելի հետևանք՝ կնվազի  նաև ծայրահեղականության դրսևորումների  մակարդակը,
  5. Միջազգային իրավունքի նորմերով խալիֆայության վերականգմանն ուղղված քաղաքական և կրոնական շարժումների արգելում` որակելով դրանք որպես աբողջատիրության ձգտող ու ահաբեկչություն քարոզող՝ նացիզմի, ֆաշիզմի և այլ ահաբեկչական կազմակերպությունների նմանությամբ: Վերջիններս՝ որպես քաղաքական-կրոնական հոսանքներ, միջազգայնորեն արգելված են, քանի որ ձգտում էին մարդու կենսագործունեության և հասարակության տոտալ ու ամբողջական վերահսկողության, մարդկային առանձին խմբերի ֆիզիկական ոչնչացման և համաշխարհային գերիշխանության։ Նշված բոլոր նկրտումները հատուկ են նաև խալիֆայության վերականգնմանը ուղղված շարժումներին։
  6. ՄԱԿ-ի շրջանակներում ԻՊ-ի և դրան աջակցած բոլոր ուժերի քննադատում ու դրանց դեմ քրեական գործերի հարուցում մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրանքով։ ԻՊ-ի ղեկավարության ու դրանց հովանավորների հանդեպ միջազգային տրիբունալի կազմակերպում։

Իսլամական պետությունը բավականին վառ օրինակ է, թե ինչպես կարելի է, առանց որևէ լեգալ կամ լեգիտիմ հիմքերի, պատմության խորքերից վերակենդանացնել վաղուց մոռացված գործիքներ ու ինստիտուտներ և դրանք օգտագործել սեփական քաղաքական կամ այլ շահերի համար։ Ցավո՜ք, այդ օրինակը ուղղված է մարդկության և քաղաքակրթության դեմ ու առանց համարժեք պատասխանի կարող է դառնալ նախադեպային։

Գրականության ցանկ

  1. Caliph, http://www.britannica.com/topic/caliph
  2. Caliphate, http://www.britannica.com/place/Caliphate
  3. Caliphs, http://www.allaboutturkey.com/halife.htm
  4. Ottoman Empire, http://www.britannica.com/place/Ottoman-Empire
  5. ISIS, http://www.britannica.com/topic/Islamic-State-in-Iraq-and-the-Levant
  6. ISIS, http://www.dailymail.co.uk/news/isis/index.html
  7. Katherine, B. Lewis, The Cambridge History of Islam: Cambridge University Press, 1995․
  8. Юрчук В.В., Ислам, Минск, Современное слово, 2004․

 

Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: