Հուլիսի 22-ին «Ծիրանի» մշակութային հանգույցի նախաձեռնությամբ Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հայոց դիցաբանությունը և դրա առանձնահատկությունները» թեմայով զրույց-բանախոսություն, որը վարում էր ԵՎՀԿ վերլուծաբան Գոռ Մադոյանը: Բանախոսությունը նպատակ ուներ ներկայացնել հայոց հեթանոսական կրոնի համակարգային առանձնահատկությունները` քննելով հայկական հեթանոսական դիցարանները հայասական, ուրարտական ժամանակաշրջաններում, Արտաշեսյանների և Արշակունիների գահակալության տարիներին:
Բանախոսը զուգահեռներ անցկացրեց քրիստոնեության արդի և հեթանոսական հին հավատալիքների միջև` մասնավորապես ընդգծելով նրանք, որոնք պահպանվել կամ վերաիմաստավորվել են քրիստոնեության մեջ: Հանդիպման ավարտին ունկնդիրները կիսվեցին իրենց կարծիքներով՝ բարձր գնահատելով դասախոսության դերը Քրիստոնեության ընդունման համատեքստում հայերի ծագման մասին ներկայիս պատկերացումների հստակեցման գործում: Նրանցից մեկը, ով առաջին մասնագիտությամբ բժիշկ էր, երկրորդ մասնագիտությամբ՝ արվեստաբան, նշեց, որ նմանօրինակ զրույց-հանդիպումները հիանալի առիթ են հանրությանը ապահովելու վստահարժան և ճշգրիտ գիտելիքներով, հատկապես այս շրջանում, երբ կրոնական ըմբռնումներում գնալով ավելի են շատանում թյուրիմացությունները: Մեկ այլ ունկնդիր արժևորեց բանախոսության դերը ներկայումս եղած մոտեցումները վերանայելու համար: