Ինքնիշխանությունը (Sovereignty) և ինտերվենցիան (Intervention)
Պետության ինքնիշխանության ուրվագծերը տարիների ընթացքում ենթարկվել են փոփոխությունների: Այսօր արդեն ակնհայտ է, որ որոշ պետություններ ավելի ինքնիշխան են, քան մյուսները: Դրանք իրենց հզոր տնտեսական և ռազմական կարգավիճակի շնորհիվ միջազգային ասպարեզում տիրապետում են ավելի շատ իշխանության, ըստ այդմ էլ՝ նրանց դիրքորոշումը առավել կարևոր է, իսկ նրանց գործողությունները՝ քիչ քննադատելի:
Պետության ինքնիշխանությունը պետական իշխանության գերակայությունն է պետության ներքին կյանքում և նրա անկախությունը արտաքին հարաբերություններում, այսինքն՝ պետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ամբողջությունը՝ լիիշխանությունը նրա ամբողջ տարածքում, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ոլորտում պետության չենթարկվելը օտար պետություններին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ պետությունը կամովին համաձայնում է որոշակի սահմաններում սահմանափակել իր ինքնիշխանությունը: Ինքնիշխանությունը պետության անկապտելի հատկություններից է, ուստի սկզբունքորեն այն միշտ ամբողջական է և բացառիկ: Ներկայումս պետական ինքնիշխանության սկզբունքը չի համարվում անսահմանափակ և բացարձակ, այլ դիտարկվում է միջազգային իրավունքի մի շարք հանրաճանաչ սկզբունքների հետ որոշակի հարաբերությունների տեսանկյունից: Մասնավորապես՝ ներքին հարաբերություններում պետական ինքնիշխանության սկզբունքը չպետք է հակասի մարդու և քաղաքացու իրավունքներին, իսկ արտաքին հարաբերություններում ինքնիշխանությունը սահմանափակված է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներով, ինչպիսիք են պատերազմը չսանձազերծելու սկզբունքը, միջազգային կազմակերպություններին կամ տարածաշրջանային կազմակերպություններին անդամագրվելիս ստանձնած պարտականությունները և այլն: Ժողովրդավարական հասարակություններում պետության ինքնիշխանությունը բխում է ժողովրդի ինքնիշխանությունից:
Ինչ վերաբերում է ինտերվենցիային, ապա վերջինիս գաղափարն, ընդհանուր առմամբ, նոր չէ: ՄԱԿ-ի Կանոնադրությունը բոլոր պետություններին իրավունք է վերապահում հատելու մյուս պետության սահմանները ռազմական եղանակով՝ ինքնապաշտպանության անվան ներքո կամ Անվտանգության խորհրդի կողմից լիազորված լինելու պարագայում: Ավելին՝ պետություններին թույլատրվում է ներխուժել այլ պետության տարածք կոլեկտիվ ինքնապաշտպանության անվան տակ: Ինտերվենցիայի գաղափարը ՄԱԿ-ի Կանոնադրության սահմաններից դուրս բավականին վիճահարույց է: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում զարգացել են ինտերվենցիայի մի քանի նոր պարադիգմաներ: Միջամտության զարգացող տեսություններից մեկը զուգորդվում է մարդու իրավունքների ակտիվացող շարժման հետ. գաղափար, համաձայն որի՝ պետությունները կարող են միջամտել այլ պետությունների գործերին մարդկային իրավունքների պաշտպանության անվան տակ: Մի քանի նման ինտերվենցիաներ տեղի են ունեցել XX դարի վերջին: Օրինակ՝ 1990-ական թթ. սկզբին տեղի ունեցավ ինտերվենցիա՝ հանուն Իրաքի քրդերի, երբ մի քանի երկրներ հարձակում գործեցին Իրաքի դեմ՝ այնտեղի էթնիկ քրդերի պաշտպանության պատրվակով, կամ ՆԱՏՕ-ի ինտերվենցիան Կոսովո, որն իբրև թե նպատակ ուներ պաշտպանելու էթնիկ ալբանացիներին: Գիտնականներից շատերը պաշտպանում են մարդասիրական միջամտության գաղափարը, իսկ շատերը կարծում են, որ այն ձեռք է բերում զարգացող սովորութային նորմի կարգավիճակ:
Բացի այդ՝ ոմանք արդարացնում են ինտերվենցիայի այլ տեսակները ևս: Այսպես օրինակ՝ Ռիչարդ Հաասսը, ով Ջորջ Բուշի վարչակազմի ավագ խորհրդական էր, պաշտպանում է, այսպես կոչված, ինքնիշխանությունից ինքնակամ հրաժարվելու գաղափարը: Այս տեսության համաձայն՝ պետությունները հրաժարվում են իրենց ինքնիշխանությունից ինքաբերաբար՝ այդպիսով «հրավիրելով» արտաքին դերակատարների միջամտությունը, եթե ցուցաբերում են երեք տեսակի դատապարտելի վարքագիծ: Այդ երեք վարքագծերը, որ արդարացնում են ինքնիշխանության կորուստը, հետևյալներն են՝ ահաբեկչության հովանավորչությունը, զանգվածային ոչնչացման զենքի թաքցնելը և մարդկանց իրավունքների ոտնահարումը: Վերջինս, որ ինքնիշխանության կորստի երրորդ պատճառն է, արդեն իսկ գոյություն ունեցող հումանիտար միջամտության հարացույցն է:
Ինքնիշխանությունից ինքնաբերաբար հրաժարման տեսությունը զգալի փոփոխություններ է մտցնում պետության ինքնիշխանության և հավասարության սկզբունքի ավանդական ընկալման մեջ: Հաասսը ճանաչում է այն փաստը, որ որոշ պետություններ ավելի ինքնիշխան են, քան մյուսները՝ դրանում ոչ մի սխալ բան չտեսնելով:
Իհարկե, ինչ վերաբերում է Հաասսին, նա դժվար թե բացասական երանգ տեսներ սրա մեջ: Սակայն արդյո՞ք այս ամենը՝ մարդու իրավունքներ, լիբերալ արժեքներ, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտություն և այլն, հանդես չեն գալիս գեղեցիկ բովանդակությամբ, բայց կեղծ էությամբ ստի տեսքով: Մարդիկ անարդարությունը զգում են, բայց դրա բացատրությունը չգտնելով՝ փորձում են ամեն ինչ տեսնել երևացող գործընթացների շրջանակներում, որտեղ և մարդակենտրոն համակարգի փոխարեն տեսնում են մարդակեր և մարդատյաց համակարգ:
Որքանով որ Հաասսի առաջադրած տեսությունը գերիշխում է միջազգային հարաբերություններում, այն ներկայացվում է որպես իրական «Grotian Moment»: Այս տեսության համաձայն՝ պետական ինքնիշխանությունը և հավասարությունը կարող են փոխարինվել անհավասար իշխանության համակարգի և մեծ տերությունների գերակայության: Քանի որ մեծ տերությունները դե-ֆակտո միշտ էլ մեծ ազդեցություն են ունեցել միջազգային ասպարեզում, «Grotian Moment»-ը, Հաասսի տեսության համաձայն, զուտ օրինականացնում է մեծ տերությունների կառավարումը՝ վերածելով այն միջազգային հարաբերությունների լուրջ տեսության: Այստեղ, իհարկե, Հաասսը ո՛չ սխալվում, ո՛չ էլ հայտնագործություն է անում, քանի որ մեծ տերությունների գործողությունները, այդ թվում՝ դրանց անօրինական դրսևորումները գրեթե մշտապես օրինականացվում են, քանզի խաղի և վարքագծի կանոններ թելադրողները հենց իրենք են:
Պետականության իրավական տեսությունը փոխվել է, և «պետության ինքնիշխանություն» և «ինտերվենցիա» հասկացությունները խիստ տարբերվում են այսօր: Սակայն, ըստ միջազգային իրավունքի նորմերի՝ պետականությունը չի ենթադրում, որ պետությունները իրենց սահմաններում առանց որևէ հետևանքների կարող են ցուցաբերել ցանկացած վարքագիծ: Ընդհակառակը, թվում է, թե նման ոչ պատշաճ վարքագիծը կարող է հանգեցնել այլ պետությունների կողմից անմիջական պատժամիջոցների կիրառմանը:
Գլոբալիզացիան (Globalization) կամ պետական փոխկապվածությունը (State Inter-Connectivity)
Ներկա ժամանակաշրջանում աշխարհում տեղի ունեցող գործընթացներն ազդեցություն ունեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, մշակութային, հոգևոր տեսանկյուններից: Ստեղծվել է նոր համաշխարհային աշխարհակարգ, որի ցուցանիշն է համաշխարհայնացումը, իսկ դա ենթադրում է, որ սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կապերն ու հարաբերությունները ձեռք են բերում համաշխարհային բնույթ: Գլոբալիզացիան մի երևույթ է, որը կարելի է բնութագրել որպես աշխարհի տարբեր շրջանների, ժողովուրդների միջև էթնիկական, սոցիալական, մշակութային և կոմերցիոն շահերի փոխկապվածություն, որը ազդում է իրավական տարբեր որորտների, այդ թվում և միջազգային իրավունքի վրա:
Այսպիսով՝ միջազգային իրավունքը վերջին տասնամյակների ընթացքում ենթարկվել է էվոլյուցիոն գործընթացի, ներպետական հակամարտության բանաձևային գործիքից փոխակերպվել է հզոր գլոբալ գործիքի, որը ներկա է առօրյա կյանքում և ազդում է մի շարք պետական դերակատարների և ոչ պետական սուբյեկտների որոշումների և քաղաքականության վրա: Միջազգային իրավունքն ընդարձակել է իր դերը նման «խիստ» եղանակով՝ դրանով իսկ հանգեցնելով ավանդական պետական ինքնիշխանության էրոզիայի: Այլևս ճիշտ չէ այն տեսակետը, թե պետություններն իրենց տարածքում կարող են անել այն, ինչ ցանկանում են, ավելի շուտ՝ այն, ինչ անում են պետությունները, հաճախ ազդում է մյուս պետությունների վրա՝ վերջիններիս կողմից հանգեցնելով պատասխան ռեակցիայի:
«Grotian Moment»-ը գլոբալիզացիայի արդյունք է, որն ազդում է պետականության իրավական տեսության վերոնշյալ չորրորդ չափանիշի, այն է ՝ միջազգային հարաբերությունների ասպարեզ մտնելու ունակության վրա: Արդ՝ պետությունները պետք է ներգրավված լինեն միջազգային համագործակցության մեջ, որդեգրեն համապատասխան վարքագիծ, որպեսզի խուսափեն պատժամիջոցների, ընդհանուր «օստրակիզմի» կամ միջամտության այլ ձևերի ենթարկվելուց:
«Grotian Moment» : Պետականության նոր տեսությունը
Պետականության ընդունված չորս չափորոշիչներն արդեն բավական չեն ապացուցելու, որ սուբյեկտը պետք է դիտարկվի որպես պետություն ժամանակակից միջազգային իրավունքի տեսանկյունից: «Grotian Moment»-ում ֆունդամենտալ փոփոխությունների ժամանակներում նոր սովորութային իրավական նորմերի արագացված ձևավորման պայմաններում պետականության պահանջները զարգանում են: Այսպես` պետականության ձգտող ցանկացած սուբյեկտ պետք է ստանա մեծ տերությունների աջակցությունը: Մեծ տերությունների կողմից տվյալ սուբյեկտի ճանաչման կամ չճանաչման ակտը ուղղակիորեն ազդում է վերջինիս իրական կարգավիճակի վրա:
Այս հետևությունը բխում է մեծ տերությունների հետևյալ կանոնից՝ կենտրոնացված իշխանությունը մի քանի հզոր պետությունների ձեռքում, դժբախտաբար, ուղղորդում է գլոբալ հարաբերությունները: Օրինակ՝ Կոսովոն պետականության համար պայքարում ստացավ մեծ տերությունների աջակցությունը, ինչի արդյունքում նրա անկախացումը Սերբիայից համեմատաբար հեշտ ստացվեց: Իսկ ահա այնպիսի պետություններ, ինչպիսիք են Տիբեթը, Թայվանը, Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Օսիան և Արցախը, չեն կարողանում համոզել գերտերություններին իրենց պետականության աստիճան շնորհելու անհրաժեշտությունը, այդպիսով, նրանք չեն հայտնվում գլոբալ հարաբերությունների բեմահարթակում:
Երկրորդ` պետականության ձգտող ցանկացած երկիր պարտավոր է երաշխավորել նաև, որ հարգելու է մարդու, այդ թվում նաև փոքրամասնությունների իրավունքները: Հակառակ դեպքում վերջիններիս իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև պետության տարածքային ամբողջականության կորստի: Երբ 1990-ականների սկզբին նախկին ԽՍՀՄ-ը և Հարավսլավիան փլուզվեցին, Եվրամիության երկրները հրաժարվեցին Եվրոպայում որևէ նոր սուբյեկտի ճանաչել որպես պետություն, հատկապես եթե այն չէր ձգտում մարդու իրավուքների պաշտպանությանը: Հզոր երկրների համար սա հարմար առիթ է ստեղծում հանուն մարդու իրավունքների պաշտպանության ինքնիշխան երկրների գործերին միջամտելու համար:
Երրորդ` պետականության ձգտող ցանկացած երկիր պարտավոր է ցույց տալ միջազգային կազմակերպություններին անդամակցելու և հաստատված կանոններին հետևելու իր պատրաստակամությունը: Միջազգային կազմակերպությունների և իրավական նորմերի տարածման հետևանքով, որոնք գոյություն ունեն պետական կյանքի գրեթե բոլոր ասպեկտներում, ցանկացած երկրի համար գրեթե անհավանական է դարձել գործունեություն ծավալել՝ անտեսելով միջազգային կառույցները:
Պետականության չորրորդ չափանիշը՝ միջազգային հարաբերությունների մեջ մտնելու հնարավորությունների ապահովումը, պետականության ձգտող ցանկացած երկրի համար կարևոր կոմպոնենտ է: Փաստորեն, պետականության տեսությունը պետք է փոփոխվի և ընդգրկի այս «Grotian Moment»-ը, ներառի նոր պահանջները և ապահովի պետականության «պիտակի» ավելի ճշգրիտ շնորհումը այն հայցող սուբյեկտներին:
Կրկինհայացք գցելով ներկա աշխարհաքաղաքական իրադարձություններին՝ պարզ է դառնում, որ վերոհիշյալ չորս չափանիշները հայտնվել են «գրոհված» կարգավիճակում: Ասվածն առավել ակնհայտ է դառնում ԻԼԻՊ- ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) օրինակը դիտարկելիս, որը, թեև միջազգային հարաբերությունների չճանաչված սուբյեկտ է, սակայն այսօր գոյություն ունեցող շատ ու շատ պետություններից «ավելի պետություն է»՝ բավականին ընդարձակ տարածքներով և կառուցվածքով: Այն անգամ հարկ չի համարում միջազգային հարաբերություններում որպես պետություն ճանաչվելու որևէ հայտ ներկայացնել: Եվ ասել, թե այս ոչ պետական սուբյեկտն այսօր կաշկանդված է միջազգային իրավունքի և վարքագծի ինչ–ինչ կանոնների նորմերով, կամ ավելին՝ սահմանափակ կարողություններ ունի միջազգային գործընթացների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից, անշուշտ, անպատեհ և ժամանակավրեպ է:
Ամփոփում
Իրավունքը հանդես է գալիս ոչ միայն որպես միջազգային կյանքի կարևոր կարգավորիչ, այլև փաստարկ վիճաբանության մեջ: Ավելին` քաղաքականության մեջ այն ինքնաբերաբար դառնում է վեճի առարկա: Այն հաճախ երկիմաստ է, և վերջինիս սկզբունքները, որպես կանոն, կիրառվում են ընտրողաբար (օրինակ՝ Կոսովոյի և Արցախի «քաղաքական ճակատագրերի» իրողությունը): Միջազգային իրավունքը միջպետական հարաբերությունները կառավարող գործիքից փոխակերպվել է նորմերի, կանոնների և կարգավորումների համընդհանուր ցանցի` կառավարելով պետությունների շրջանակներում գործառնող տարբեր բնագավառներ: Գլոբալիզացիան խորապես ազդել է պետությունների վարքագծի վրա, և չնայած նրան, որ վերջինիս արդյունքում պետականությունը կորցրել է ինքնիշխանության որոշ հատկանիշներ, այնուամենայնիվ, այն շարունակում է համարվել կարևորագույն իրավական տեսություն:
Աշխարհը կերպարանափոխվում է. այն չի դառնում ավելի լավը կամ ավելի վատը, այն դառնում է ուրիշ: Փոփոխությունները, որոնք կատարվում են աշխարհում, թելադրում են միջազգային իրավական նորմերի փոփոխության անհրաժեշտություն, որոնք, իրենց հերթին, կկարգավորեն նոր երևույթներն ու գործընթացները: Կարևոր է, որ այս փոփոխությունները չանտեսեն ամենագլխավորը՝ մարդուն՝ իր իրավունքների և ազատությունների հետ մեկտեղ:
Գրականության ցանկ
Հեղինակ՝ Աննա Խաչյան: © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև