«Ինլայթ»-ը ներկայացնում է Տաթև Դերզյանի «Մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների սոցիալիզացիայի վրա» հոդվածը:

Սոցիալիզացիայի ընթացքում և սոցիալիզացիայի արդյունքում անհատը ձեռք է բերում որոշ գիտելիքներ, փորձ, հմտություններ, որոնք նպաստում են նրա՝ հասարակությանն  ինտեգրվելուն, այստեղ գործող օրենքները, կանոններն ու բարոյական նորմերը հասկանալուն: Չնայած այն հանգամանքին, որ սոցիալիզացիան շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում, այնուամենայնիվ, կյանքի առաջին փուլում՝ մանկության ժամանակ, այն առավել կարևոր է, քանի որ, պայմանավորված կենսաբանական-գենետիկական առանձնահատկություններով՝ առաջին տարիների ընթացքում երեխայի ստացած տպավորությունները ձևավորում են նրա անհատականությունը, բնավորությունը, նախասիրությունները և վարքը:

Սոցիալիզացիան իրականացվում է այսպես կոչված գործակալների միջոցով (տարիքային խումբ, եկեղեցի, ընտանիք, դպրոց և այլն), սակայն ի դեմս սոցիալիզացիայի մնացած գործակալների՝ ժամանակակից աշխարհում հեռուստատեսությունը համարվում է ամենաարդյունավետը որոշակի գաղափարների, գիտելիքի, տեղեկատվության տարածման հարցում, քանի որ աուդիովիզուալ փոխանցմամբ տեղեկատվության յուրացումը դյուրին է: Հեռուստատեսության ազդեցության գործիքներն են հաղորդումները, գովազդները, լուրերը, ֆիլմերը և մուլտֆիլմերը: Մուլտֆիլմերը երեխաների համար առավել գրավիչ են. դրանք ազդում են երեխայի աշխարհընկալման, արժեքների ձևավորման, դաստիարակման գործընթացների վրա:

Մուլտֆիլմերը և երեխաները  

Երեխաները աչքի են ընկնում հետաքրքրասիրությամբ, իսկ ժամանակ անցկացնելով միայն մանկապարտեզում/դպրոցում և տանը՝ երեխայի գիտելիքի ծարավը չի հագենում: Բացի դրանից, երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի դիմաց, քան վերոնշյալ ցանկացած կառույցում: Միչիգանի համալսարանի պրոֆեսորներ Կայլա Բրոյսի և Բրեդ Բուշմենի հետազոտությունը[i] պարզել է, որ՝

  • 2-5 տարեկան երեխաները շաբաթական 32 ժամ մուլտֆիլմ են դիտում,
  • 6-11 տարեկանները՝ 28 ժամ,
  • 8-18 տարեկան երեխաների 71%-ը ունի առանձին հեռուստացույց,
  • 7-12 տարեկան երեխաների 53%-ը հեռուստացույց են դիտում առանց ծնողների վերահսկողության:

Նույն համալսարանի պրոֆեսոր Շարմինը իր հետազոտության մեջ փաստում է, որ երեխաներին ավելի շատ գրավում են մուլտֆիլմերը, քան սովորելու ավանդական, ակադեմիական միջոցները, պատճառը մուլտֆիլմերի հետաքրքիր սցենարների, աուդիովիզուալ էֆֆեկտների և գունային լուծումների մեջ է: Գիտնականները ապացուցել են, որ երեխաները ոչ միայն սովորում են մուլտֆիլմերից, այլ նաև կոգնիտիվ ընդունակությունների շնորհիվ մտապահում և ընդօրինակում են մուլտհերոսների պահվածքը:

Երեխաները վաղ հասակում դեռ բավական հմտություններ չունեն մուլտհերոսների գործողություններին սեփական գնահատականը տալու համար, և գլխավոր հերոսի գործողությունները երեխայի համար անքննելի իրողություններ են: Ծնողների դերը այստեղ կարևոր է, քանի որ նրանք կարող են կանխել բացասական հետևանքները՝ երեխաներին բացատրելով այս կամ այն արարքի հետևանքները:

Ռուսաստանի դպրոցներից մեկում 47 երեխաների և նրանց ծնողների շրջանում իրականացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների 56%-ը նախընտրում է արտասահմանյան մուլտֆիլմեր, 14%-ը՝ ռուսական, 30%-ը՝ 2-ն էլ: Ծնողների 33%-ը սահմանափակում է երեխաներին մուլտֆիլմերի ընտրության հարցում, 67%-ը՝ ոչ: Երեխաների 41%-ի սիրած հերոսներն էին մուլտերից նինձյա-կրիաները, տրանսֆորմերները, վինքսի փերիներին, փոքրիկ ջրահարսին նախընտրեցին 39%-ը, Սպունգ-Բոբին՝ 12%-ը, Լունտիկին՝ 6%-ը, սովետական մուլտհերոսներին՝ 2%-ը:

Մուլտֆիլմերի ազդեցությունները երեխաների զարգացման վրա

Գիտնականները միակարծիք չեն մուլտֆիլմերի՝ երեխաների վրա ազդեցության դրական կամ բացասական լինելու կապակցությամբ:

Դրական ազդեցությունը. Դրական էֆֆեկտների մեջ գիտնականները առանձնացնում են մուլտֆիլմերի օժանդակ դերը՝ երեխաների կրթության, աշխարհի մասին հավելյալ տեղեկատվության տրամադրման և հետաքրքիր ժամանցի կազմակերպման հարցերում: Մուլտֆիլմերը երեխաներին սովորեցնում են հասարակության մեջ ընդունված վարքի կանոնները (հարգանքը մեծերի հանդեպ, թիմային աշխատանք և այլն), հարստացնում են բառապաշարը (օտար լեզվով մուլտֆիլմ դիտելիս երեխան կարող է յուրացնել նաև այդ լեզուն), օգնում են բացահայտել աշխարհը /Դորա. ճանապարհորդողը, Դեքստերի լաբորատորիան/: Մուլտհերոսներից շատերը առողջ կենսակերպ ունեցող կերպարներ են, ունեն բազմաթիվ դրական բնութագրիչներ, իսկ երեխաները հաճախ կրկնօրինակում են իրենց հերոսներին:

Բացասական ազդեցությունը. Ավելի լայն ուսումնասիրություններ են արվել՝ պարզելու մուլտֆիլմերի բացասական ազդեցությունը երեխաների պահվածքի վրա: Գիտնականները հիմնականում առանձնացնում են առողջության համար վնասները, դաժան պահվածքը և սեքսուալության նշանները: 1997 թվականին Ճապոնիայում 653 երեխա էպիլեպսիկ ընկնավորման պատճառով հայտնվեց հիվանդանոցում: Հետագա ուսումնասիրությունները պարզեցին, որ դրա պատճառը «Պոկեմոն» մուլտսերիալի 38-րդ էպիզոդի կարմրակապույտ պայթյունն է. բոլոր երեխաները այդ օրը նայել էին այդ էպիզոդը: Հետագայում այդ էպիզոդը արգելվեց Ճապոնիայի կառավարության կողմից և երբեք չվերանկարահանվեց:

Ամերիկայի մանկաբուժական ակադեմիայի մասնագետները պարզել են, որ այն երեխաները, որոնք նայում են դաժանությամբ լի մուլտֆիլմեր, դառնում են ագրեսիվ, անհնազանդ, դաժան և բարկացած: Մուլտֆիլմերը օգնում են երեխաներին զարգացնել երևակայությունը, սակայն դրա բացասական ազդեցությունը կարող է լինել այն, որ երեխաները շատ երկար կարող են մնալ երևակայական աշխարհում:
Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Հիսմանը նշում է, որ մուլտֆիլմերում դաժան տեսարանների առկայությունը երեխաների մոտ ստեղծում է գործողության և դրա հետևանքները հասկանալու դժվարություն. օրինակ՝ երբ որ ինչ-որ ծանր իր է ընկնում հերոսի գլխին, տեսարանը ծիծաղ է առաջացնում, հերոսին ոչ մի վնաս չի հասցվում. տեսնելով սա՝ երեխայի մոտ աստիճանաբար խզվում է գործողություն-հետևանք կապը (օրինակ՝ Թոմ և Ջերրի, Teenage Mutant Ninja Turtles):

Մուլտֆիլմը՝ որպես արժեքների տարածման միջոց

Ինչպես ցանկացած աուդիովիզուալ պրոդուկտ, մուլտֆիլմերը նույնպես հնարավոր է օգտագործել որպես արժեքների տարածման միջոց: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում պատերազմող կողմերը ակտիվորեն օգտագործում էին պրոպագանդայի բոլոր միջոցները՝ ներառյալ մուլտֆիլմերը: Ամերիկյան կառավարության պատվերով Walt Disney ընկերության մուլտիպլիկատորները նկարեցին 32 հականացիստական մուլտֆիլմեր (ամենահայտնիներն են «Մահվան ուսուցումը. նացիստների կայացումը» (1943թ.) և օսկարակիր «Ֆյուրերի երեսը» (1943թ.)): Մուլտֆիլմերի հիմնական թեմաները թշնամու կերպարի ստեղծումը, հարկերի ժամանակին վճարումը և բանակին անհրաժեշտ ներդրումներ կատարելու գաղափարներն էին:  Disney-ի մուլտֆիլմերը այդ ժամանակ դիտվում էին ամբողջ ընտանիքով, նաև ցուցադրվում էին կինոթատրոններում՝ ֆիլմերից առաջ:

1936 թվականին Ճապոնիայում նկարահանեցին հակաամերիկյան մուլտֆիլմ՝ օգտագործելով Միքի Մաուսին: Նացիստական Գերմանիայում այդ ժամանակաշրջանում արգելված էին նացիստական գաղափարախոսությանը հակասող ցանկացած տեղեկատվություն՝ այդ թվում Disney-ի մուլտֆիլմերը: Գերմանիայի այդ ժամանակաշրջանի ամենահայտնի պրոպագանդիստական մուլտֆիլմը «Քնած դշխուհին» էր, որտեղ չար կախարդը Ժողովրդավարությունն էր, քնած արքայադուստրը՝ Գերմանիան, իսկ արքայազնը՝ Ադոլֆ Հիտլերը: Սովետական կինոարտադրության ամենահաջողված պրոպագանդիստական մուլտֆիլմը «Միլիոներ»-ն  է (1963թ.), որը նկարահանվել է Սառը պատերազմի ժամանակ կապիտալիզմի և սոցիալիզմի տարբերությունները ցույց տալու համար:

Ժամանակակից աշխարհում մուլտֆիլմերը գրեթե զերծ են պատերազմական թեմայով պրոպագանդայից, դրա փոխարեն որոշ մուլտֆիլմեր մարդասիրական արժեքների և գաղափարների տարածման միջոց են: Լրագրողների և կինոքննադատների կողմից այս առաքելությունը լավագույնս կատարող մուլտֆիլմերն են «Նեմոյին փնտրելիս»-ը (2003թ.) «Կենդանապոլիսը» (2016թ.) «Դորիին փնտրելիս»-ը (2016թ.): «Նեմոյին փնտրելիս» և «Դորիին փնտրելիս» մուլտֆիլմերը, որոնք ցույց են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց (ձկների օրինակով) և հասարակության փոխհարաբերությունները: «Կենդանապոլիսը» նկարահանվել է փախստականների ճգնաժամի շրջանում և հիմնական գաղափարը հակառասիստական, քսենոֆոբիայից զերծ հասարակության ստեղծումն է:

Walt Disney-ի ճանապարհը դեպի ֆեմինիզմ[ii]

Համաձայն սոցիալական հոգեբանության՝ մարդու գենդերը, նրա գենդերային պահվածքը վաղ հասակից ձևավորվում է սոցիալականացման գործընթացներում կնոջ և տղամարդու դերերի մասին ստացած պատկերացումներից: Գիտնականները սա անվանում են տարբերակող սոցիալիզացում:

Disney-ը հաճախ էր մեղադրվում հակաֆեմինիստական գաղափարների տարածման մեջ, քննադատությունների հիմնական թիրախը Disney–ի ամենահայտնի մուլտֆիլմների շարքն էր՝ «Disney-ի արքայադուստրերը»: 1939-1959 թվականների՝ Disney–ի արքայադուստրերը աչքի չէին ընկնում անհատականության որևէ հատկանիշով, բացի նրանից, որ բոլորը գեղեցիկ էին, ունեին լավ ձայն և լավ տնային տնտեսուհիներ էին: Այդ ժամանակ սպիտակամորթ կանայք նոր էին ստացել ընտրական իրավունք, սակայն հասարակությունում նրանց դերը շատ չէր փոխվել: «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1937թ.), «Մոխրոտիկը» (1950թ.) և «Քնած դշխուհին» (1959թ.) մուլտֆիլմերի հերոսուհիները հիմնականում պասիվ արքայադուստրեր էին, որոնք ամբողջ մուլտֆիլմի ընթացքում չեն ներքաշվում որևէ ակտիվ գործողությունների մեջ և  վերջում փրկվում են արքայազնների կողմից:
«Փոքրիկ ջրահարս»-ով (1989թ.) սկսվում է Disney–ի նոր շրջանը, որը տևեց 1989 թվականից մինչև 1998 թվականը: Այս ժամանակաշրջանը կարելի է պայմանականորեն կոչել «աղջիկները անախորժությունների մեջ» («Փոքրիկ ջրահարսը» (1989թ.) «Գեղեցկուհին և հրեշը» (1991թ.), «Ալադին» (1992թ.) «Պակահոնտաս» (1995թ.) և «Մուլան» (1998թ.)): Այս շրջանում նկարահանված մուլտֆիլմերի հերոսուհիների անհատականությունը ընդգծվում է, նրանք ունեն իրենց երազանքները, ձգտումները, սակայն միշտ ընկնում են որևէ անախորժության մեջ սեփական արկածախնդրության պատճառով: Այստեղ ընդգծելու հատուկ կարիք ունի «Գեղեցկուհին և հրեշը» (1991թ.) մուլտֆիլմի հերոսուհի Բելլը, որը ի ծնե արքայադուստր չէ, իսկ նրա և հրեշի սիրո պատմությունը ներքին գեղեցկության մասին է: «Մուլանը» (1998թ.) այս ժամանակաշրջանի ամենաֆեմինիստական մուլտֆիլմն է. հերոսուհին գնում է չինական բանակ հոր պատիվը փրկելու համար, սակայն  ստիպված է տղամարդ ձևանալ դրա համար:

2009 թվականին «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմով սկսվեց Disney–ի պրո-ֆեմինիստական ժամանակաշրջանը: «Արքայադուստրը և գորտը» և «Ռապունցել» (2010թ.) մուլտֆիլմերում, ճիշտ է, առկա են ռոմանտիկ հարաբերություններ, սակայն հերոսուհիները վառ անհատականություններ են և մի քանի անգամ էլ փրկում են տղամարդկանց: «Սրտով խիզախը» (2012թ.), «Սառցե սիրտը» (2013թ.) և «Մոանա» (2016թ.) մուլտֆիլմերի կիզակետում է գտնվում ընտանեկան սերը, աղջկա հարաբերությունները հոր, մոր, եղբայրների և քույրերի հետ:

Խորհրդային, ռուսական և հայկական մուլտֆիլմերը

Խորհրդային ժամանակաշրջանում նկարահանված մուլտֆիլմերը (Союзмультфильм) սիրված էին Խորհրդային միության ողջ տարածքում, ինչպես նաև դրա սահմաներից դուրս: Անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ մուլտֆիլմերը նախկին խորհրդային երկրներում դեռևս պահպանում էին իրենց հեղինակությունը: Տարածված կարծիքի համաձայն՝ խորհրդային  մուլտֆիլմերը երեխաներին սովորեցնում են բարություն, ընկերասիրություն, աշխատասիրություն և այլն: Սակայն Ռուսաստանում 2015 թվականին արգելել են ցուցադրել մի շարք խորհրդային մուլտֆիլմեր, որոնք են «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան», «Դե՛ սպասիր», «Կարլսոնը, որը ապրում է տանիքում», «Ոզնին մշուշի մեջ», «Բրեմենյան երաժիշտները» և այլն: Մուլտֆիլմերը արգելելու պատճառների մեջ հիմնականում նշվում են անպատշաճ ապրելակերպի քարոզումը:

Ռուսաստանում այժմ ամենահայտնի ռուսական մուլտֆիլմերն են «Մաշան և արջը», «Ֆիկսիկները», «Երեք կատուները», «Նոր Բրեմենյան երաժիշտները», և ռուս հսկաների (богатыри) մասին մուլտֆիլմերի շարքը: «Մաշան և արջը» մուլտֆիլմը որոշակի անհանգստություն է առաջացրել մանկական հոգեբանների մոտ, քանի որ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին որևէ դրական բան չի սովորեցնում: Իսկ հսկաների մասին մուլտֆիլմերը, ըստ մասնագետների, նախատեսված են ավելի շատ մեծահասակների համար:

Հայկական մուլտֆիլմերի մեծամասնությունը, որոնք նկարահանվել են և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախացումից հետո, հիմնված է հայկական հեքիաթների, առակների և պատմվածքների վրա: Ամենասիրվածներն են «Գտնված երազը», «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը», «Սասունցի Դավիթը» և վերջերս նկարահանված «Անահիտը»: «Անահիտ» մուլտֆիլմը նկարահանվել է համանուն հեքիաթի հիման վրա, սակայն, ինչպես ռուսական հսկաների մուլտշարքը, ունի ժամանակակից մոտիվներ: Վիճակագրությունը սակայն ցույց է տալիս, որ հայ երեխաները հիմնականում նախընտրում են արտասահմանյան մուլտֆիլմեր:

Թերևս, Disney-ը մուլտարտադրության հսկաներից է, նրա արտադրության թե՛ լիամետրաժ մուլտֆիլմերը, թե՛ մուլտսերիալները պահանջարկ ունեն երեխաների մոտ, ուստի և դրանց ազդեցությունը երեխաների մոտ սեփական սոցիալական դերի հետ կապված բավականին մեծ է:

Մուլտֆիլմերը երեխաների ժամանցի կարևոր ուսուցանող մաս են և  ազդում են նրա մարդկային կերտվածքի վրա: Մուլտֆիլմերի բացասական ազդեցությունից երեխաներին զերծ պահելու համար ծնողներին խորհուրդ է տրվում հետևել, թե երեխաները ինչ մուլտֆիլմ են դիտում, քանի ժամ են դիտում, ինչպես նաև թե մուլտֆիլմը տարիքային ինչ սահմանափակում ունի:

Հղումներ

[i]   Հետազոտությունը վերաբերում է զարգացած և զարգացող երկրներին

[ii] Հետաքրքիր է, որ գլխավոր չար հերոսի ծառայի անունը Էնվեր է:

Գրականություն

  1. Հայկական մուլտերը դժվար հասկանալի են, http://www.aravot.am/2009/05/26/360207/
  2. “Finding Dory” shatters stereotypes about disabilities, http://www.cbsnews.com/news/finding-dory-shatters-stereotypes-about-disabilities-with-empowering-characters/
  3. 10 Disney Propaganda cartoons from World War ll, http://listverse.com/2017/02/05/10-disney-propaganda-cartoons-from-world-war-ii/
  4. A cartoon gateway to real world issues, https://www.theatlantic.com/education/archive/2016/12/a-cartoon-opening-to-real-world-topics/511514/
  5. Baran S., Davis D., (2009) Mass Communication Theory: Foundations, Ferment, and Future
  6. Brotherson, S. (2015) Understanding Brain Development in Young Children. Family Science Specialist, NDSU Extension Service
  7. Cartoons and their influence, https://novakdjokovicfoundation.org/negative-impacts-of-cartoons/
  8. Feminisney: When Disney Meets Feminism, http://www.huffingtonpost.com/sean-randall/feminisney-when-disney-me_b_10634040.html
  9. How cartoons and propaganda were used against Nazis and jews during WWll, http://www.teenink.com/college_guide/college_essays/article/420241/How-Cartoons-and-Propaganda-were-used-Against-Jews-and-Nazis-During-WWII/
  10. Influencing America through animation, http://www.insidethemagic.net/2017/01/influencing-america-through-animation-wwii-propaganda-cartoons-part-three-walt-disney/
  11. Jensen, E. (1998) Teaching with the Brain in Mind. Association for Supervision and Curriculum Development, Alexandria.
  12. Kirsh, S.J. (2006) Cartoon Violence and Aggression in Youth. Aggression and Violent Behavior,
  13. Lambruai Z. (2012), The Negative Effect of Cartoons on Children ” An Empirical Study, Algeria
  14. Septiadi (2007) Televisi dan Parubahan. Unmuh Press, Surakarta.
  15. Soviet animated propaganda, https://animation-stories.com/tag/soviet-animated-propaganda/
  16. The evolution of feminism in Disney princess films, https://moviepilot.com/posts/4036071
  17. The history behind Disney princesses, https://the-artifice.com/feminism-disney-princesses/
  18. Гендерная психология. Законы мужского и женского поведения http://bookap.info/popular/burn/gl11.shtm.
  19. Дети и интернет,http://www.greenmama.ru/nid/3095862/
  20. 10 Советских мультфильмов под запретом, https://miridei.com/idei-dosuga/kakoi-film-posmotret/neveroyatno_eti_10_sovetskih_multfilmov_pod_zapretom/
  21. Как советские мультфильмы влияют на детей, www.cartoondistrict.com/effect-of-cartoons-on-childrens-mind/
  22. Современные российские мультфильмы — традиция или угроза?, https://www.oum.ru/literature/roditelyam-o-detyah/sovremennye-rossiyskie-multfilmy-tradiciya-ili-ugroza/


Հեղինակ՝ Տաթև Դերզյան (Tatev Derzyan)  ©  Բոլոր իրավունքները պաշտպանված են: