Ուսանող դառնալու համար անհրաժեշտ է կատարել մի քանի քայլ` պարապել, բարեհաջող հանձնել քննությունները և ընդունվել նախընտրած բուհը և ֆակուլտետը։ Սա ուսանող դառնալու միայն սկզբնական փուլն է։ Չմոռանանք, որ անհրաժեշտ է ճիշտ ժամանակին վճարել նաև ուսման վարձը (եթե, իհարկե, անվճար չեք ընդունվել)։ Սակայն, անկախ այն փաստից՝ սովորելու եք անվճար, թե ոչ, կան ծախսեր, որոնք պարտադիր են բոլոր ուսանողների համար, օրինակ՝ տնից համալսարան և համալսարանից տուն հասնելու, դասախոսի հանձնարարած գիրքը գնելու կամ պատճենահանելու, ճաշարանում սնվելու և այլնի համար։ Իրականում շատ քիչ մարդիկ կան, որոնք հաշվում են, թե ամսական կամ տարեկան որքան գումար են ծախսել, օրինակ, տրանսպորտից օգտվելու համար: Սակայն փաստ է, որ տարեկան կտրվածքով դա փոքր գումար չի կազմում։ Փորձենք պարզել, թե մոտավորապես որքան են կազմում ուսանող լինելու իրական ծախսերը։
Մի փոքր բուհ ընդունվածների մասին
Նախ հասկանանք, թե 2017-18 թվականներին դիմորդների հետ կապված ինչ պատկեր ունենք։ Համաձայն Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տվյալների՝ 2017 թվականին միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9559 դիմորդ։ Բուհ ընդունված դիմորդներից անվճար հիմունքներով են սովորելու 1312-ը, 6954 դիմորդ էլ սովորելու է վճարովի հիմունքներով։ Դրական միավորի շեմը չի հաղթահարվել 1293 դիմորդի կողմից։ Հասկանալու համար՝ սրանք դրական, թե բացասական ցուցանիշներ են, համեմատենք վերոնշյալ տվյալները 2016 թվականի համապատասխան ցուցանիշների հետ։ Այսպես, անցյալ տարի դիմորդների ընդհանուր քանակը եղել է 13941, որը 4382-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից։ 2016 թվականին ընդունվածների քանակը եղել է 9520, ինչը 1254 դիմորդով ավելի է այս տարվա ցուցանիշից։ Հատկանշական է այն, որ այս տարի բուհ են ընդունվել բոլոր նրանք, ովքեր հաղթահարել են դրական միավորի շեմը՝ շատ քիչ միավորներ հավաքելով, ինչը կարող է հանգեցնել ուսանողի որակի նվազմանը։ Դիմորդների քանակի նման կրճատումը մեկ տարում պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից կարելի է առանձնացնել մեծ չափերի հասնող արտագաղթը[i], ծնելիության ցածր մակարդակը, տնային տնտեսությունների ոչ բավարար եկամուտները երեխայի ուսման վարձը վճարել կարողանալու համար և այլն։ Ինչ վերաբերում է մարզերից եկած ուսանողներին, ապա նրանց թիվը 2016/17 թթ. կազմել է ընդհանուր ընդունվածների 15.4%-ը։
Մոտավոր պատկերացում կազմելու և հասկանալու համար, թե միջինում որքան են ծախսում հայաստանաբնակ ուսանողները տրանսպորտից, բուֆետից, պատճենահանումից օգտվելու, բնակարան վարձակալելու համար, մենք սոցիալական ցանցերից մեկում իրականացրել ենք հարցում, որին մասնակցել են 20-ից ավել պետական և ոչ պետական բուհերի 353 ուսանող։ Հարցման ընթացքում ուսանողները նշել էին, թե ուսումնառության ընթացքում մեկ ամսում, ըստ իրենց հաշվարկների, միջինը որքան են ծախսում տրանսպորտի, բուֆետի, պատճենահանման և բնակարանի վարձակալության վրա։ Հարցման արդյունքները կներկայացվեն ստորև՝ ըստ համապատասխան բաժինների։
Տրանսպորտ
Համալսարանին մոտ ապրելը շատ ուսանողների համար երազանքի պես բան է, քանի որ այնքան էլ հաճելի չէ օգտվել երթուղային տաքսիներից և ավտոբուսներից, որոնք առավոտյան խիստ ծանրաբեռնված են լինում։ Համալսարանների մեծ մասն էլ գտնվում է Երևանում, այդ պատճառով տրանսպորտի և բնակավայրի խնդիրն ավելի սուր է դառնում։ Բացի այդ, տրանսպորտից օգտվելն իրենից ենթադրում է որոշակի ծախս։ Ուսանողները սովորաբար չունեն շատ ֆինանսական միջոցներ: Հասկանալով այս ամենը՝ տարբեր երկրների կառավարությունները փորձում են աջակցել իրենց երկրի ապագա մասնագետներին՝ տրամադրելով նրանց կրթաթոշակներ, սահմանելով արտոնություններ որոշ բնագավառներում։ Օրինակ՝ Լեհաստանում ուսանողները տալիս են հասարակական տրանսպորտի վճարի կեսը, Նիդերլանդներում ուսանողները ձևակերպում են արձակուրդային աբոնեմենտ և արձակուրդների ընթացքում տրանսպորտից կարողանում են օգտվել անվճար, իսկ մնացյալ օրերին վճարում են արժեքի 40%-ը միայն։ Ռուսաստանում առկա համակարգում սովորողներին ևս զգալի արտոնություններ են տալիս հասարակական տրանսպորտից օգտվելիս։ Մասնավորապես, եթե Մոսկվայում մետրոյից մեկ ամիս անսահմանափակ օգտվելու համար սովորական քաղաքացին պետք է վճարի 2000 ռուբլի, ապա ուսանողը վճարում է 380 ռուբլի։ Ոսանողների համար արտոնություններ գործում են նաև տրանսպորտային այլ միջոցներից օգտվելիս։ Նմանատիպ երկրների ցանկը շատ է, սակայն մեր երկիրը այնքան էլ մեծ արտոնություններ չի տրամադրում ուսանողներին։ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու արժեքը 100 դրամ է։ Սակայն շատ ուսանողներ ստիպված են լինում օգտվել մեկից ավելի փոխադրամիջոցից տուն և համալսարան հասնելու համար, ինչը զգալիորեն ավելացնում է ծախսը։ Նշենք նաև, որ շատերը համալսարան են գալիս այլ բնակավայրերից և բնական է, որ ստիպված են ավել գումար վճարել տրանսպորտի համար։ Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ ուսանողների ամսական միջին ծախսը տրանսպորտի համար կազմում է 11.600 դրամ (24 $[ii])։ Հարցման մասնակիցների զգալի մասը՝ մոտ 18%-ը նշել է, որ տրանսպորտից օգտվելու համար ծախսում է ամսական մոտ 5000 դրամ։ Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ մեկ ուսումնական տարվա ընթացքում ուսանողին անհրաժեշտ է միջինում 104.400 դրամ (218 $) տրանսպորտից օգտվելու համար։ Սակայն փաստենք, որ ամեն դեպքում մեր երկրում ևս կան որոշակի արտոնություններ ուսանողների համար, մասնավորապես՝ գործում են, օրինակ, Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան անվճար բարեգործական երթուղիները, որոնք նախատեսված են հենց ուսանողներին համալսարան և տուն հասցնելու համար։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս երթուղիներից օգտվում են շատ քիչ ուսանողներ՝ նախապատվությունը տալով վճարովի այլընտրանքներին։ Պատճառներից մեկն այն է, որ ուսանողների փոխարեն տրանսպորտը զբաղեցվում է աշխատանքի շտապող քաղաքացիներով, բացի այս՝ փոխադրման միջոցը գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, և շատ ուսանողներ չեն ցանկանում օգտվել։
Բուֆետ
Բուֆետը ուսանողական կյանքի կարևոր բաղկացուցիչ մասն է։ Ուսանողների մեծ մասը հիմնականում նախընտրում է սնվել համալսարանին կից գործող ճաշարաններում։ Այդ մասին է վկայում մեր կողմից անցկացված հարցումը, ըստ որի մասնակիցների միայն 1.1%-ն է նշել, որ բուֆետից չի օգտվում։ Շատ երկրներում գործում են սննդի հատուկ ցանցեր, որոնք բացվում են համալսարաններին կից և հենց այդպես էլ կոչվում են՝ «ուսանողական»։. Սննդի գինն այստեղ ավելի մատչելի է։ Օրինակ՝ Չեխիայում կան ուսանողական հատուկ քարտեր, որոնց վրա կարելի է գումար փոխանցել և արդյունքում, օրինակ, ճաշարանի ուտելիքների գինը նվազում է 50%-ով։ Մեր երկրի համալսարանների բուֆետներում նորմալ սնվելու և քաղցը հագեցնելու համար միջինը անհրաժեշտ է 500-600 դրամ։ Ինչ վերաբերում է հարցմանը, ապա պատասխաններից պարզ է դառնում, որ միջինում հայ ուսանողը բուֆետում ծախսում է ամսական 9800 դրամ (20 $), մեկ ուսումնական տարվա ընթացքում այդ գումարը կազմում է միջինը 88.200 դրամ (184 $)։ Հարցվածների մեծ մասը՝ 16%-ը, նշել է, որ ամսական բուֆետում սնվելու համար ծախսում է 10.000 դրամ։
Պատճենահանում
Պատճենահանումը այն գործընթացներից է, առանց որի դժվար է պատկերացնել ուսանողական կյանքը։ Թեև մեր օրերում պատճենահանման կարիք այնքան էլ շատ չի զգացվում, քանի որ կարելի է նյութերը ունենալ և պահել համակարգչում, այնուամենայնիվ շատ ուսանողներ նախընտրում են պետք եղած նյութերը տանել պատճենահանման։ Սովորաբար պատճենահանումը արժե 10 դրամ յուրաքանչյուր էջի համար, սակայն համալսարանների մոտ գործող պատճենահանման կետերում գինը կարող է տատանվել 6-8 դրամի սահմաններում։ Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 17.3%-ը, պատասխանել է, որ ամսական պատճենահանման վրա ծախսում է 5.000 դրամ։ Ընդհանրացնելով տվյալները՝ կարող ենք ասել, որ ուսանողները միջինում ամսական տրամադրում են 5.560 (12 $) դրամ պատճենահանման համար, իսկ մեկ ուսումնական տարվա ընթացքում այդ գումարը կազմում է 50.040 (104 $) դրամ։
Բնակարանի վարձակալություն
Ինչպես նշվել էր՝ համալսարան ընդունված ուսանողներից շատերը ուրիշ մարզերից ու քաղաքներից են, այդ պատճառով նրանց համար առաջնային է դառնում ոչ միայն տրանսպորտի հարցը, այլ նաև բնակավայր գտնելը։ Շատերը հաստատվում են իրենց ծանոթների տանը, սակայն զգալի մասն էլ ստիպված է լինում վարձակալել բնակարան։ Հիմնականում նախապատվությունը տրվում է քաղաքի ոչ կենտրոնական հատվածին, ուր տների վարձակալության գումարը ցածր է։ Բնական է, որ ուսանողական հանրակացարաններում բնակվելու դեպքում վարձը շատ ավելի էժան է, սակայն հայ ուսանողները նախընտրում են բնակարան վարձակալելը։ Պատճառները բազում են, սկսած հանրակացարանների ոչ բարվոք վիճակից, վերջացրած օտար մարդկանց հետ չբնակվելու ցանկությամբ։ Ռուսաստանում, օրինակ, հանրակացարանում բնակվող ուսանողը բնակության վարձին, կոմունալ ծախսերին հատկացնում է իր կրթաթոշակի 5%-ը, որը մեծ գումար չի կազմում[iii]:
Վերադառնալով մեր հարցմանը՝ կարող ենք ասել, որ մասնակիցների 23.8%-ն է վարձակալում բնակարան։ Բնակարան վարձակալողների հիմնական մասը՝ 15.3%-ը, վճարում է 30.000 դրամ[iv]։ Ընդհանրացնելով պատասխանները՝ ստանում ենք, որ բնակարան վարձակալելու համար անհրաժեշտ գումարը ամսական միջինում կազմում է 50.800 դրամ (106 $), իսկ ուսումնական տարվա կտրվածքով՝ 457.200 դրամ (952 $) ։
Ամփոփելով հարցման արդյունքները՝ կարող ենք փաստել, որ տրանսպորտից, բուֆետից, պատճենահանումից օգտվելու և բնակարան վարձակալելու համար ուսանողին միջինը ամսական անհրաժեշտ է 77.760 դրամ (162 $), իսկ մեկ ուսումնական տարվա ընթացքում պետք կլինի ծախսել 699.840 դրամ (1458 $)։ Կարող ենք նկատել, որ այս գումարի մեջ զգալի մասնաբաժին ունի բնակարանի վարձակալության ծախսը։ Այն ուսանողները, ովքեր բնակարան չեն վարձակալում, զգալիորեն շահում են, քանի որ տարեկան ծախսում են մոտավորապես 242.640 դրամ (505 $)։ Հայաստանում ուսանողների կրթաթոշակը պետպատվերով սովորողների համար կազմում է 5000 դրամ, կա նաև գերազանցության թոշակ։ Բնական է, որ այս գումարով ուսանողը հազիվ կկարողանա հոգալ իր տրանսպորտի կամ պատճենահանման ծախսը։ Նշենք նաև, որ ուսանողական կյանքը չի սահմանափակվում միայն վերն առանձնացված չորս տեսակի ծախսերով։ Ոսսանողները գնում են հագուստ, այցելում են զվարճանքի վայրեր, բնակարան վարձակալող ուսանողները վճարում են նաև կոմունալ վարձ. այդ ամենը ևս ծախս է և գումարվում է վերը բերված թվերին։
Վերը նշված ծախսերին պետք է ավելացնել նաև ուսման վարձավճարները։ 2017-18 թվականներին համալսարաններում ուսման վարձավճարների զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Վարձավճարները տատանվում են 260.000-1 մլն դրամի սահմաններում։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի հունվար ամսից մինչ հուլիս ամիսը միջին անվանական աշխատավարձը կազմել է 190.397 դրամ։ Բնական է, որ եթե տանը ընդամենը մեկ աշխատող է լինում, ապա ուսման վարձավճարը և հարակից ծախսերը հոգալը բավականին բարդանում է։ Ընդհանրապես ուսանողական տարիներին ծախսված գումարը ներդրում է, որն արվում է ապագայի համար։ Եթե ուսանողը կարողանում է ավարտելուց հետո աշխատել իր մասնագիտությամբ, ապա ներդրումը հաջող է։ Սակայն ՀՀ-ում ուսումնական տարիներին ծախսված գումարների ետբերումը բավականին բարդ է, քանի որ շատ քիչ երիտասարդներ են կարողանում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ։
Ի՞նչ պետք է արվի մեր երկրում ուսանողի համար
Հայաստանում ևս իրականացվում են քայլեր ուսանողներին աջակցելու նպատակով. բանկերը սկսել են տրամադրել ուսանողական վարկեր հատուկ պայմաններով, կան կրթաթոշակների համար բազմաթիվ մրցույթներ, որոնք փոխհատուցում են լավ առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ կամ մասնակի, կան ավիաընկերություններ, որոնք ուսանողների համար ունեն հատուկ զեղչեր, որոշ բանկեր էլ (HSBC, Converse bank) տրամադրում են ISIC քարտ, որը հայ ուսանողին Եվրոպայում շատ առավելություններ է տալիս։ Փորձ է արվում հոգ տանել նաև ուսանողների մշակութային կյանքի մասին, մասնավորապես՝ ուսանողների համար թանգարանի տոմսերի գինը ավելի ցածր է, որոշ համալսարաններում անվճար տրամադրվում են մշակութային միջոցառումների տոմսեր և այլն։ Հաշվի առնելով այն փաստը, որ ուսանողները հասարակության ֆինանսապես խոցելի խմբերից մեկն են, իսկ վերը բերված թվերը խոսում են այն մասին, որ ուսանողի տրամադրության տակ եղած գումարը կարող է չբավականացնել սովորելու և ընթացիկ ծախսերը հոգալու համար՝ կարևոր է, որ մեր երկրում ևս սկսեն ավելի շատ ուշադրություն հատկացնել ուսանողին։ Մասնագիտական կրթության որակը և արդյունավետությունը ավելի կշահեն, եթե ուսանողական տոմսը մի շարք արտոնություններ տար իր տիրոջը, օրինակ,՝ տրանսպորտից, տարբեր սրճարաններից, գրախանութներից, թանգարաններից, վճարովի թրեյինինգներին մասնակցելիս, ապահովագրական և զբոսաշրջային ծառայություններից և այլնից օգտվելիս[v]։ Հայաստանում պաշտոնյա անձիք բազմիցս նշում են «գիտելիքահեն» տնտեսության և «խելացի հասարակության» մասին: Դրան հասնելու համար անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ. օրինակ՝ բարձրագույն մասնագիտական համակարգում սովորող ուսանողներին տալ սոցիալական երաշխիքներ: Այդ պատճառով մեծ կարևորություն է պետք տալ հասարակությունում ուսանողի կարգավիճակի բարձրացմանը, հասնել նրան, որ ուսանողն իրեն չզգա անպաշտպան։ Այդ առումով առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխությունները.
- մշակել համապետական ուսանողական քարտ, որը թույլ կտա ուսանողներին արտոնյալ պայմաններով օգտվել տրանսպորտից, գրադարաններից, գրախանութներից, հագուստի և սննդի խանութներից,
- բարելավել ուսանողական հանրակացարանների վիճակը, բնակության պայմանները, որպեսզի դրանք էլ սկսեն ծառայել իրենց նպատակին,
- բարելավել ուսանողական անվճար երթուղիների վիճակը․ դրանց քանակը և ընդլայնել աշխարհագրությունը, շատացնել երկրորդ հերթի ուսանողներին համալսարան բերող երթուղիների քանակը։
Գրականություն
- Ազգային վիճակագրական ծառայություն http://www.armstat.am/am/?nid=12&id=08001
- Ազգային վիճակագրական ծառայություն http://armstat.am/am/?nid=12&id=19144
- Թերթ.am լրատվական կայք http://www.tert.am/am/news/2017/07/17/ispiryan/2433824
- Segodnya.ua լրատվական կայք http://www.segodnya.ua/life/lsociety/Kak-zhivetsya-pokazatelnym-kategoriyam-grazhdan-u-nas-i-v-ES-469640.html
- Studyinrussia.ru http://studyinrussia.ru/life-in-russia/life-conditions/living-costs/
[i] http://www.aniarc.am/2017/06/28/migration-2017-january-march/
[ii] Գումարը հաշվարկվել է ըստ 15.09.2017թ.-ի դրամ-դոլլար փոխարժեքի:
[iii] ՌԴ-ում ուսանողական կրթաթոշակի մինիմալ չափը 1342 ռուբլի է (11.000 դրամ), իսկ լավ առաջադիմություն ունենալու դեպքում այն կարող է հասնել 6000 ռուբլու կամ, որ նույնն է, 49,200 դրամ (ռուբլու փոխարժեքը 14.09.2017 դրությամբ)
[iv] Պետք է հաշվի առնել այն, որ հարցվածներից յուրաքանչյուրը գրել է իր վճարած գումարի չափը, որը կարող է լինել տան վարձավճարի մի մասը, եթե տունը վարձակալվում է մի քանի հոգու կողմից
[v] Աշխարհում գործում է նմանատիպ ուսանողական միջազգային քարտ՝ ISIC-ը, որը ունենալու դեպքում ուսանողը 130 երկրներում ունենում է մի շարք ծառայություններից օգտվելու արտոնություններ։ Մանրամասների համար՝ http://isic.ru/cards/isic/
Հեղինակ՝ Աննա Մինասարյան (Anna Minasaryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: