Մերօրյա փոփոխվող աշխարհում օրեցօր ավելանում են տնտեսագիտական եզրույթներ ու հասկացություններ, մշակվում և կատարելագործվում են արդեն իսկ գործող հաշվարկային բանաձևերը: Համաշխարհային տնտեսության կարևորագույն խնդիրներից մեկի՝ աղքատության պատկերն էլ տարբեր է՝ ըստ հաշվարկման մեթոդի ընտրության: Սույն նյութում կքննարկվի վերոնշյալ տարբերությունները:
Թեև աշխարհի շատ երկրներում աղքատության դեմ պայքարը հասել է զգալի արդյունքների (վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիարդ մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից), սակայն մինչ այժմ այն համարվում է դժվարլուծելի խնդիր բոլորի համար (աշխարհում շուրջ 760 միլիոն մարդ շարունակում է ապրել աղքատ՝ օրական 1,9 դոլարով):
Միջազգային այս հարցին լուծում տալու համար էր, թերևս, ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Հազարամյակի հռչակագիր»-ը, որն ուղղված է աշխարհում աղքատության հիմնախնդրի լուծմանը: Համաձայն հռչակագրի՝ աղքատության կրճատմանը օժանդակում են և՛ հարուստ, և՛ աղքատ երկրները, քանի որ խնդիրը միջազգային է: Բացի այդ, հռչակագրի բուն նպատակն էր մարդկանց մեջ արժանապատվության ամրապնդումը, խաղաղության և հավասարության հասնելը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Երկրները, ինչպես մարդիկ, ըստ հարստության մակարդակի, բաժանվում են 2 մեծ «բևեռի»՝ հարուստներ և աղքատներ: Նշված բևեռականացումն արտահայտելու համար տնտեսագետները հաճախ օգտագործում են Ջինի գործակիցը և Լորենցի կորը, որոնք ցույց են տալիս, թե համախառն եկամուտների որ մասը բնակչության առանձին խմբերի մոտ ինչպես է կենտրոնացած: Հաշվի առնելով Ջինի գործակցի տրամաբանությունը՝ որքան Ջինի գործակիցը մոտենում է 1-ին, այդքան տվյալ երկրում ազգային եկամտի բաշխման անհամաչափությունը նվազում է և ընդհակառակը՝ որքան մոտենում է 0-ին, այդքան շեղվածությունը մեծանում է: Մասնավորապես՝ 2014թ.-ին ՀՀ-ում Ջինի գործակիցն, ըստ եկամուտների, կազմել է 0.373, իսկ ըստ սպառման` 0.277: Հետևաբար՝ Հայաստանում բնակչության անհավասարությունն ավելի խորն է ըստ եկամուտների ցուցանիշի`սպառման ցուցանիշի համեմատ. որքան փոքր է թիվը, այնքան քիչ է բևեռացվածությունը։ Այնուամենայնիվ, աղքատության մակարդակը, համաձայն Համաշխարհային բանկի տվյալների, 2016թ-ին ՀՀ-ում կազմել է 23.9 տոկոս՝ 2015թ-ի 22.6 տոկոսի համեմատ: Ներկայումս Հայաստանի կառավարությունը աղքատության հաղթահարման համար առաջնորդվում է «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման» ծրագրով: Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է աղքատության մակարդակը 2017թ.-ին հասցնել 24%-ի, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 2.4%-ի:
Երկրների աղքատությունը գնահատող ցուցանիշները ժամանակի ընթացքում փոփոխվել են, համալրվել, և նույնիսկ այս դեպքում էլ մնացել հարաբերական:Մասնավորապես՝ նախկինում ընդունված էր աղքատության ոչ հստակ սահմանում՝ հաշվի առնելով բացառապես եկամուտների և սպառման մակարդակը: Ներկայումս կիրառվում է համալիր հասկացություն՝ հաշվի առնելով նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, սոցիալական և քաղաքական հարցերին անձի մասնակցությունը, անձի ազատությունն ու անվտանգությունը և այլն: Ընդ որում, ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից ներդրված համալիր ցուցանիշի կիրառումը նպաստում է առանձին երկրների առանձնահատկությունները հաշվի առնելուն: Իրականացվող հարցումերը անկախ են, չեն պարունակում պետական վերահսկողություն, ինչպես արվում էր 1960-80-ականներին:
Երկրների աղքատության գնահատման հիմնական ցուցանիշը շարունակում է մնալ ՀՆԱ-ն /hամախառն ներքին արդյունք/: ՀՆԱ-ն (անգլ.՝ Gross Domestic Product (GDP)) տվյալ երկրի եկամտի և ներդրման տնտեսության չափաձև է, տնտեսական համակարգում մեկ տարվա ընթացքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը։
Համաշխարհային բանկի տվյալներով` 2017 թվականին ամենամեծ ՀՆԱ-ն ունեցել է ԱՄՆ-ն (19,417.144 միլիարդ ԱՄՆ դոլար), երկրորդը այս ցուցանիշով Չինաստանն է (11,795.297 միլիարդ ԱՄՆ դոլար), այնուհետև՝ Ճապոնիան (4,841.221 միլիարդ ԱՄՆ դոլար): Առաջատարների ցանկը ներկայացված է ստորև՝
Երկիր | Անվանական ՀՆԱ (միլիարդ) ԱՄՆ դոլար |
ԱՄՆ | 19,417.144 |
Չինաստան | 11,795.297 |
Ճապոնիա | 4,841.221 |
Գերմանիա | 3,423.287 |
Միացյալ Թագավորություն | 2,496.757 |
Հնդկաստան | 2,454.458 |
Ֆրանսիա | 2,420.440 |
Բրազիլիա | 2,140.940 |
Իտալիա | 1,807.425 |
Կանադա | 1,600.265 |
Ամենափոքր ՀՆԱ գրանցած երկիրն է Տուվալուն (0.036 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայի մասին տվյալները բացակայում են: ՀՀ-ն այս ցուցակում զբաղեցնում է 133-րդ հորիզոնականը՝ 10.741 միլիարդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի արդյունքներով ՀՀ-ն 131-րդն էր (10,75 միլիարդ ԱՄՆ դոլար):
Ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն կազմել է 77,988 տրիլիոն դոլար, որը 2015 թվականի համեմատ (74 տրիլիոն) աճել է 3,988 տրիլիոն դոլարով: Վերջին 50-ամյակում այս ցուցանիշը աճել է մոտ 55 անգամ: Այս աճը պայմանավորված է եղել մի շարք գործոններով՝ աշխարհի բնակչության աճ, ինչի շնորհիվ մեծացել է աշխարհում արտադրվող բարիքների ծավալը, տեխնոլոգիական առաջընթաց և, իհարկե, սպառողական գների աճ:
Առավել հաճախ որևէ երկրի բնակչի կենսամակարդակի իրական պատկերը ստանալու համար օգտագործվում է 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը, որը հաշվարկվում է երկրի ՀՆԱ-ն բաժանելով տվյալ երկրի բնակչության (ռեզիդենտների) թվաքանակին: Այս ցուցանիշով, սակայն, վարկային սանդղակը այլ պատկեր է արտացոլում: Մասնավորապես՝ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով առաջատար է Լյուքսեմբուրգը (101,715 հազար ԱՄՆ դոլար), այնուհետև` Շվեյցարիան (78,245 հազար ԱՄՆ դոլար), Նորվեգիան (73,450 հազար ԱՄՆ դոլար): Առաջատարների ցանկը ներկայացված է ստորև՝
Երկիր | 1 շնչի հաշվով ՀՆԱ /հազար/ ԱՄՆ դոլար |
Լյուքսեմբուրգ | 101,715 |
Շվեյցարիա | 78,245 |
Նորվեգիա | 73,450 |
Մակաո հատուկ տարածաշրջան | 68,401 |
Իսլանդիա | 67,570 |
Քաթար | 64,447 |
Իռլանդիա | 62,085 |
ԱՄՆ | 59,609 |
Ավստրալիա | 55,215 |
Դանիա | 52,871 |
ՀՀ-ն այս աղյուսակում 117-րդն է՝ 3,591 հազար ԱՄՆ դոլար ցուցանիշով: Ամենաաղքատներից են Մալավին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը (շուրջ 322 ԱՄՆ դոլար): Հարկ է նշել, որ այս ցուցանիշը նույնպես ընդհանրական է և հաճախ լիովին չի արտացոլում իրական պատկերը: Օրինակ՝ այն երկրներում, որտեղ մեծ է հարուստների և աղքատների միջև բևեռացվածության ցուցանիշը, այն «նույնականացնում» է ռեզիդենտներին՝ հաշվի առնելով վերջիններիս միջին քանակը: Մինչ այժմ ներկայացված ցուցանիշները քանակական էին և չէին ներառում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կամավորությունը, չգրանցված վաճառքները և այլն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՄԱԿ-ը 1990 թվականին հրապարակեց մեկ այլ ցուցանիշ՝ «Մարդկային զարգացման ինդեքս»-ը (Human Development Index (HDI)), որն արտացոլում է ռեզիդենտի երկարակեցությունը. հաշվարկվում է կյանքի սպասվող տևողությունը ծնվելու պահին, կրթության միջին տևողությունը, կենսամակարդակը և այլն: ՀՀ-ն, ըստ այս ցուցանիշի, ինչպես և Ուկրաինան, 84-րդն է (0,743 համաթիվ): Առաջատարների տասնյակը ներկայացված է ստորև՝
Երկիր | Մարդկային զարգացման ինդեքսի համաթիվ |
Նորվեգիա | 0,949 |
Ավստրալիա | 0.939 |
Շվեյցարիա | 0.939 |
Գերմանիա | 0.926 |
Դանիա | 0.925 |
Սինգապուր | 0.925 |
Նիդեռլանդներ | 0.924 |
Իռլանդիա | 0.923 |
Իսլանդիա | 0.921 |
Կանադա | 0.920 |
Այս ցուցանիշը ներառում է նաև գենդերային անհավասարությունը և աղքատության մակարդակը, ինչի հետևանքով էլ ՀՀ-ն 84-րդն է 188 երկրների շարքում: Այսպիսով՝ տնտեսությունների զարգացմանը զուգընթաց ավելանում են տնտեսական այն ցուցանիշների թիվը, որոնք լավագույնս բնորոշում են մարդու կենսամակարդակը, համեմատում դրանք ըստ երկրների, իսկ միջազգային խոշոր կազմակերպություններն իրենց հերթին մշակում են ծրագրեր, հռչակագրեր և այլն՝ համաձայն որի աղքատության կրճատումը և եկամուտների հավասարություն ապահովելը ոչ միայն աղքատների գերխնդիրն է, այլև հատկապես հարուստների, քանի որ վերջիններիս օժանդակությամբ են աշխարհում ստեղծվում հիմնադրամներ, ֆոնդեր, միջազգային տարբեր կառույցներ, որոնց նպատակն է զսպել և նվազեցնել անխուսափելի համարվող երևույթների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:
Գրականություն
- List of Countries by Projected GDP per capita ” http://statisticstimes.com/economy/countries-by-projected-gdp-capita.php
- Ազգային վիճակագրական ծառայություն ” http://www.armstat.am
- Համաշխարհային բանկ ” https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD
- Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016, ԱՎԾ ”http://ampop.am/poverty-in-armenia/
- Միավորված ազգերի կազմակերպությունը ՀՀ-ում ” http://www.un.am/hy/p/united-nations-in-armenia
Հեղինակ՝ Անահիտ Զուրաբյան (Anahit Zurabyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: