Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ը «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության հետ մեկտեղ անցկացրեցին գիդ-զբոսավարների դպրոցը, որի ընթացքում կազմակերպվեցին երկու ամիս տևողությամբ անվճար դասընթացներ:
Դպրոցի նպատակն էր համակողմանի և խորը գիտելիքներ հաղորդել մասնակիցներին զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես տեսական պարապմունքների, այնպես էլ գործնական այցելությունների միջոցով, որոնց ընթացքում տեղի ունեցան մի շարք այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր:
«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ը մշտապես նեցուկ է կանգնում նմանօրինակ նախագծերին: ԵՎՀԿ վերլուծաբաններ Արեգ Քոչինյանը, Աննա Խաչյանը, Գոռ Մադոյանը և Նժդեհ Հովսեփյանը նույնպես դասավանդեցին դպրոցում:
Օգոստոս ամսին ավարտվեց դպրոցի առաջին շրջանը, որի ընթացքում մոտ տասը ուսանողներ հնարավորություն ստացան ծանոթանալու և ուսումնասիրելու Հայաստանի զբոսաշրջային հիմնական ուղղություններին, դրանց պատմությանը և մշակութային կարևորությանը:
Վկայականների հանձնման արարողության ընթացքում ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ փոխնախագահ Բագրատ Սահակյանը շնորհավորեցին նախագծի մասնակիցներին՝ նշելով, որ «Գիդ-զբոսավարների դպրոց»-ը առաջին համատեղ նախագիծն էր, որը վերածվեց կրթական հարթակի, որից հետո մասնակիցներին միանշանակ հնարավորություն կընձեռվի անցնելու պրակտիկ աշխատանքի՝ առավել արդյունավետ օգտագործելու համար դպրոցում ստացած գիտելիքները: