Խելացի մտածված բիզնե՞ս, թե՞ գլխացավանք

Playing cards, Casino chips

Հավանականությամբ և պատահականությամբ պայմանավորված խաղերը մարդկանց հրապուրել են դեռ հնագույն ժամանակներից։ Հունաստան, Եգիպտոս, Չինաստան․ սրանք հին աշխարհի այն երկրներից են, որտեղ հավաքույթների ժամանակ զառերի և հավանականության վրա հիմնված խաղերի կազմակերպումը տարածված էր։ Ազարտային խաղերը գոյություն են ունեցել մարդկային հասարակության գոյության հենց սկզբից, քանի որ  ռիսկի գնալը մարդու բնությունն է: Տարբեր կենցաղային և գործնական հարցերի վերաբերյալ մարդիկ կայացնում են տարբեր որոշումներ, ռիսկի են գնում՝ ակնկալելով որոշակի ցանկալի արդյունք։ Ի սկզբանե նմանատիպ խաղերը ունեցել են շփվելու, հաղորդակցվելու և զվարճալի ժամանակ անցկացնելու նպատակ։ Սակայն ժամանակակից հասարակության մեջ ազարտային խաղերը իրենցից ներկայացնում են խոշոր բիզնես զվարճանքի և ժամանցի ոլորտում (խաղատներ, շահումով խաղեր, բինգոներ, խաղադրույքերի օնլայն հարթակներ և այլն), որոնք կարող են ունենալ զգալի ազդեցություն տնտեսական և սոցիալական կյանքի վրա։ Խիստ յուրահատուկ այս ոլորտի ազդեցությունը գնահատելու համար պետք է դիտարկել դրա բերած օգուտները և պատճառած վնասները։ Սա կօգնի մշակել և իրականացնել այնպիսի հարկային-կարգավորիչ քաղաքականություն, որը թույլ կտա նվազեցնել բացասական էֆեկտները և առավել օգուտներ ստանալ։ Սովորաբար այս բիզնեսի մեջ ներգրավված կազմակերպությունների կողմից ուռճացված են ներկայացվում խաղատների և շահումով խաղերի բերած օգուտները՝ ստվերելու համար այն երկարաժամկետ ծախսերը և էֆեկտները, որ կարող են խաղատնային բիզնեսը և շահումով խաղերը ունենալ տեղակայման համայնքի և ամբողջ տնտեսության վրա։ Արժե՞ արդյոք օրինականացնել խաղատնային բիզնեսը։ Պետական բյուջե մուտքերը համարժե՞ք են այն վնասներին, որ երկար ժամկետում կարող են առաջանալ խաղատնային բիզնեսի և ազարտային խաղերի տարածման արդյունքում[i]:

Խաղատնային բիզնեսի աջակիցները տարբեր երկրներում որպես կարևորագույն դրական գործոն նշում են խաղատների կողմից ստեղծվող աշխատատեղերը և տվյալ համայնքում գործազրկության նվազումը։ Որպեսզի պարզ լինի՝ արդյոք այս բիզնեսն է հանգեցրել ավելի ցածր գործազրկության մակարդակի, հարկավոր է նախ և առաջ համեմատել խաղատան տեղակայման համայնքում գործազրկության մակարադակի փոփոխությունը ամբողջ տնտեսության մակարդակով գործազրկության մակարդակի փոփոխության հետ՝ հասկանալու համար՝ արդյոք տնտեսական այլ տեղաշարժերը չէ, որ հանգեցրել են գործազրկության նվազման։ Մյուս կողմից շատ հաճախ աշխատուժը, որ բնակվում է խաղատան տեղակայման համայնքում, կարող է չունենալ համապատասխան որակավորում և հմտություններ տվյալ աշխատանքին ստանձնելու համար։ Սա բերում է նրան, որ աշխատողների մեծ մասը գալիս են այլ համայնքներից, և տեղի գործազրկությունը նվազում է ոչ թե համայնքի աշխատունակ ժողովրդին գործով ապահովելու ճանապարհով, այլ տեղի բնակչության արհեստական ավելացմամբ։ Ինչ խոսք, հավանական է, որ խաղատների և շահումով խաղերի առկայությունը այս կամ այն համայնքում  նպաստի գործազրկության նվազմանը, քանի որ խաղատան առկայությունը տվյալ համայքնում կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտով նպաստել այլ ոլորտներում աշխատատեղերի առաջացմանը։ Միևնույն ժամանակ տվյալ համայնքի հարմարեցումը (ավելի գրավիչ պայմանների ստեղծում պոտենցիալ հաճախորդների համար), ենթակառուցվածքների  բարելավումը կարող են գրավիչ դարձնել տվյալ բնակավայրը զբոսաշրջիկների համար, որոնք նախընտրում են ժամանցի այդ տարբերակը։ Սա իր հերթին համայնքին կբերի նոր դրամական հոսքեր։ Այսպիսով՝ տեղաբնակների եկամուտները կարող են ավելանալ՝ հանգեցնելով սպառման ավելացման, խթանելով տնտեսական ակտիվությունը։ Սակայն այս շղթան աշխատում է վերը նշված տրամաբանությամբ, եթե դիտարկում ենք, որ հիմնական հաճախորդները հանդիսանում են ոչ ռեզիդենտները, որոնք իրենց հետ բերում են նոր դրամական հոսքեր տվյալ համայնք։ Համայնքի բնակչության կողմից իրենց եկամուտների վատնումը խաղատներում կարող է ունենալ լրիվ հակառակ՝ բացասական մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ հանգեցնելով այլ ոլորտներում իրավիճակի վատթարացման՝ ի հաշիվ սպառման նվազման։

Որպես խաղատնային բիզնեսի և շահումով խաղերի դրական հատկանիշ նշվում է նաև հարկային խոշոր մուտքերը. պետությունը և համայնքային բյուջեները ինչ-որ իմաստով կախվածություն են ձեռք բերում այն եկամուտներից, որոնք խաղատների և շահումով խաղերի քանակի մեծացման հետ կարող են հասնել հսկայական չափերի։ Եթե դիտարկենք Հայաստանի օրինակը ըստ ֆինանսների նախարարության տրամդրած տվյալների՝ 2016 և 2017 թվականներին Հայաստանում վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կողմից իրականացված վճարները համապատասխանաբար կազմել են 2016 և 2017 թթ․ ընդհանուր բյուջեի եկամուտների  ընամենը 0.46%-ը և 0,74%-ը[ii],

2016 2017
Պետբյուջեի եկամուտներ                    1,171,107,264,798                 1,210,012,342,000
Հարկեր և տուրքեր                          5,430,170,000                       8,950,760,779
% 0.46% 0.74%

Համեմատության համար պետք է ասել, որ ԱՄՆ-ում (որը խաղատնային զարգացած բիզնես ունեցող պետություններից մեկն է) ոլորտից գանձվող հարկեր-տուրքերի և պետբյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմում է շուրջ 2%: Սակայն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կամ Հայաստանի և ցանկացած այլ զարգացած երկրի միջև համեմատական անցկացնելը, մեծ հաշվով, անիմաստ է:  ԱՄՆ-ում այս բիզնեսը խոշոր գործատու և հարկատու է: Առանձին նահանգներում (օրինակ՝ Նևադա, Իլինոյս) այս բիզնեսի ներկայացուցիչների կողմից կատարվող հարկային վճարները և տուրքերը կազմում են նահանգային բյուջեի եկամուտների մինչև 40%-ը: Բացի այդ՝ զարգացած երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, կան արժանահավատ վերլուծություններ և վիճակագրական տեղեկատվություն բիզնեսից ստացվող եկամուտների և արտաքին բացասական էֆեկտների վերաբերյալ: Հայաստանի պարագայում, որքան էլ զգալի գումար կազմեն գանձվող հարկերը և տուրքերը, չի կարելի հաստատապես ասել, որ այս բիզնեսի գործունեությունը չի հանգեցնում խոր սոցիալական խնդիրների։ Այնպիսի անցումային և բազում սոցիալական խնդիրներով երկրների համար, ինչպիսին է Հայասատանը, խաղատների և շահումով խաղերի պրոպագանդան, գովազդը  և տարածումը հղի է բազում սոցիալական խնդիրներով։ Եվ, որ ամենավատն է, չկան արժանահավատ վերլուծություններ այս բիզնեսի պատճառով սնանկացումների, հանցագործությունների, մարմնավաճառության տարածման և այլ սոցիալական վատթար երևույթների ի հայտ գալու հետ կապված։ Վերջին տարիներին Հայաստանում ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում շահումով խաղերի, առցանց և ոչ առցանց խաղադրույքի կետերի և խաղատների գովազդների ինչպես եթերով, այնպես էլ առցանց հարթակներում և փողոցներում՝  գովազադային վահանակների տեսքով։ Եթե խաղատների դեպքում օրենքով նախատեսված վերահսկումը ծառայություններից օգտվողների տարիքային սահմանափակման հետ կապված առավել հեշտ է, ապա օնլայն խաղադրույքերի հնարավորություն տվող ինտերնետ-հարթակներում նման վերահսկման իրականացումը բավական դժվար է։ Որոշ կայքեր առանձնակի վերահսկման մեխանիզմ չունեն, իսկ առկայության պարագայում նույնիսկ անչափահաս կամ դեռահաս օգտատիրոջ կողմից բավական հեշտ է կեղծ տվյալների ներկայացումը: Այնուամենայնիվ պետք է նշել, որ ոլորտի կարգավորման հետ կապված Հայաստանում նկատվում է առաջընթաց։ Նախկինում  Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքը չեր կարգավորում ինտերնետ շահումով խաղերի ոլորտը։ Այժմ ունենք լրամշակված օրենք, որը ներառում է նաև ինտերնետ շահումով խաղերի կարգավորումը։ Վերջերս Ազգային ժողովի կողմից արդեն ընդունվեց որոշում լրացումներ կատարելու շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում: Նախագիծը միտված է խստացնել «խաղի կանոնները» այս բիզնեսի ներկայցուցիչների համար։ Մասնավորապես նախատեսվում է տարատեսակ լծակների կիրառում խաղամոլների և ազարտային խաղերից խրոնիկ կախվածություն ունեցողների ազարտային խաղերով զբաղվելու սահմանափակումներ, բիզնեսի կողմից խախտումների նկատմամբ վարչական տուգանքների և պատժամիջոցների խստացում։ Հատկապես, համաձայն այս նոր որոշման, դրվում է պարտադիր պահանջ ազարտային խաղի կազմակերպչի վրա անձը հաստատող որևէ փաստաթղթի միջոցով համոզվել, որ խաղացողը  21 տարեկանից բարձր է: Մյուս կողմից՝ խաղացողի կողմից իր  ընտանիքին ֆինանսական և նյութական ծանր դրության մեջ դնելու դեպքում հարազատները իրավունք ունեն դիմելու դատարան խաղամոլ անձին սահմանափակ գործունակ ճանաչելու համար: Դատարանի կողմից որոշումը կայացնելուց հետո 6-օրյա ժամկետում որոշումը ուղարկվում է ազարտային խաղերի կազմակերպիչներին: Փաստաթուղթը ստանալուց հետո կազմակերպիչը պետք է բացառի սահմանափակ գործունակ ճանաչված անձի կողմից իրականացվող ցանկացած գործարք: Միևնույն ժամանակ սահմանափակ գործունակ ճանաչվելուց հետո իրականացված ցանկացած գործարք շահագրգիռ կողմի նախաձեռնությամբ դատարան դիմելու պարագայում համարվում է չեղյալ: Այս պարագայում սահմանվում է նաև տուգանք կազմակերպչի նկատմամբ 0.5 մլն. դրամ գումարի չափով:

Անչափահասներին ազարտային խաղերի մեջ ներգրավվածության արգելումը և խաղամոլների նկատմամբ լծակների կիրառումը, որ նախատեսվում է այս որոշմամբ, կարելի է որակել որպես դրական քայլ՝ միտված ոլորտի հետ կապված սոցիալական խնդիրների նվազեցմանը: Սակայն պետք է նկատել, որ այս ոլորտի հետ կապված ինֆորմացիան եղել և մնում է փակ: Դժվար է գտնել տեղեկատվություն Հայստանում ազարտային խաղերի ազդեցության վերաբերյալ։ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պետք է արժանահավատ վերլուծություն տրամադրվի, որը պատասխանում է հետևյալ հարցին․ արդյո՞ք բյուջե ակնկալվող մուտքերի ապահովումը արժե իրականացնել այնպիսի սոցիալական տեսանկյունից խնդրահարույց բիզնեսի միջոցով, ինչպիսին խաղատնային, շահումով խաղերի բիզնեսն է։ Այս տեսանկյունից պետք է դիտարկվեն այս բիզնեսի դրական և բացասական էֆեկտները։ Կարելի է ասել, որ մի նժարին պետք է դնել դեպի բյուջե դրմական հոսքերը, բիզնեսի կողմից աշխատատեղերի ստեղծումը և այլ օգուտները, իսկ մյուս նժարին՝ այս բիզնեսի առաջ բերած սոցիալական խնդիրները ու այն երկարաժամկետ ծախսերը, որ կարող են ի հայտ գալ:

ԱՄՆ-ում Առողջության ազգային ինստիտուտի կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ազարտային խաղերի լայն տարածումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների[iii]

Սոցիալական խնդիրներ։ Որպես խաղամոլության սոցիալական հետևանքներ հանդիսանում են մեծ չափերի հասնող ֆինանսական կորուստները, հանցագործությունների ավելացումը, խաղամոլների մոտ արդյունավետ աշխատաժամանակի կրճատումը, սնանկացումները և, իհարկե, ընտանիքներում էմոցիոնալ բնույթի բարդությունները։ Հայաստանում չկան վերլուծություններ այն մասին, թե ինչքան է կորցնում կամ շահում միջին քաղաքացին, և խաղամոլության ընդգծված և հիվանդագին դրսևորումները ինչպիսի ազդեցություն ունեն ընտանիքի դեռահաս կամ անչափահաս անդամների վրա։

Հոգեբանական խնդիրներ։  Հաղթել-պարտվել-ռիսկի դիմել շղթայի շարունակական գործողությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա: Ազարտից կախվածությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի, ընդհանուր անհանգստության՝ վատագույն դեպքում առաջացնելով թմրանյութերից կախվածություն և անձի հոգեբանական խանգարումներ: Տրամադրության կտրուկ անկումները, ընկճվածությունը, իմպուլսիվ որոշումների կայացումը և հաճախակի կրկնվող դեպրեսիվ երևույթները հանդիսանում են այն հաճախ հանդիպող ախտանշանները, որոնք առկա են ազարտային խաղերով տարված անձանց շրջանում։ Այս համատեքստում նույնպես ցանկալի կլիներ ՀՀ-ում ունենալ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող պաշտոնական վիճակագրություն նման ախտանիշ ունեցող մարդկանց վերաբերյալ։

Կենսաբանական խնդիրներ։ ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտի մի խումբ հետազոտողների կողմից փորձեր են արվում ապացուցելու, որ խաղամոլությունը կարող է ունենալ նաև կենսաբանական հետևանքներ: Այս հետազոտողները փորձում են ցույց տալ ազարտային խաղերի հետևանքով ուղեղի և մարմնի վրա փոփոխված նյարդաբանական  գործընթացների ազդեցությունը: Հետագա ուսումնասիրությունները թույլ կտան պարզել, թե շարունակական դեպրեսիվ վիճակը և կախվածությունը ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ մարդու օրգանիզմի վրա։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ խաղատների և ազարտային խաղերի առցանց և ոչ առցանց հարթակները կարող են առաջացնել մի շարք սոցիալական և տնտեսական խնդիրներ։ Երբեմն տեղական և կենտրոնական պետական մարմինները կարող են անտեսել շատ հիմնախնդիրներ՝ ապահովելու համար այս բիզնեսից գանձվող տուրքերը և հարկերը։ Սակայն սա, չնայած կարճաժամկետում կարող է ապահովել դրամական հոսքեր դեպի բյուջե, այնուամենայնիվ երկարաժամկետում կարող է առաջացնել այնպիսի սոցիալական և տնտեսական խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի շատ ավեի մեծ ծախսեր։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ոլորտի վերաբերյալ թափանցիկ և արժանահավատ տեղեկատվության տրամադրումը հանրությանը և շահագրգիռ կառույցներին ու կողմերին։ Մյուս կողմից ՀՀ Ֆինանսների նախարարությունը պետք է կիրառի զսպող և կարգավորող այնպիսի մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն վերը շարադրված սոցիալական հետևանքները և կկանխեն բիզնեսի կողմից գերշահույթների ստացումը և դրանց ներդրումը այդ ոլորտի տարածմանը և հզորացմանը նպաստող պրոյեկտների մեջ։


Գրականություն

  1. “Legalized gambling for economic development”, Robert Goodman, March 1994, Northampton, United States (225 pages), citeseerx.ist.psu.edu
  2. nih.gov
  3. minfin.am


[i] http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.836.6310&rep=rep1&type=pdf

Legalized gambling for economic development. Robert Goodman

[ii] http://www.minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun/

[iii] https://www.nih.gov/


Հեղինակ` Լուսինե Խաչատրյան (Lusine Khachatryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են