Ժամանակակից բարձրարժեք արվեստը և նրա «դառը» ճշմարտությունը

Սույն վերլուծության նպատակն է համառոտ ներկայացնել, թե որտեղից է գալիս ժամանակակից արվեստը, ինչպես է ընկալվում մարդկանց կողմից,  ով է որոշում՝ ինչը կարելի է համարել ժամանակակից արվեստի գլուխգործոց, և որ գործոններն են ազդում ժամանակակից արվեստի գործի գինը որոշելու վրա:

Ժամանակակից արվեստի ծագումը կամ ավարտի սկիզբը

19-րդ դարի վերջին մի խումբ նկարիչներ, ովքեր հետագայում հայտնի դարձան որպես իմպրեսիոնիստներ, դուրս եկան Գեղարվեստի ակադեմիայի և նրա պարտադրած դասական չափանիշների դեմ: Հեղափոխականների առաջին սերունդը դեռևս պահպանում էր դիսցիպլինար դիզայնի և վարպետության տարրերը՝ դրանք համադրելով այն տեսակետի հետ, ըստ որի՝ «գեղեցկությունը այն կրողի աչքերում է»: Ինչպես պատահում է հեղափոխությունների մեծ մասի դեպքում, յուրաքանչյուր սերնդի հետ չափանիշները արժեզրկվում են կամ փոփոխվում մինչև դրանց իսպառ վերացումը: Հատկապես պոստմոդեռնիզմի սկզբնավորումից ի վեր արվեստի աշխարհում իրերը փոփոխվեցին անդառնալիորեն: Եթե նախքան պոստմոդեռնիզմը արվեստը հիմնականում հիմնվում էր իդեալիզմի և բանականության վրա, ապա պոստմոդեռնիզմը ծագում էր սկեպտիցիզմից, ծաղրանքից և բանականությունը կասկածի ենթարկելուց՝ հարցականի տակ դնելով այն միտքը, որ գոյություն ունեն համաշխարհային որոշակիություններ և ճշմարտություններ:

Պոստմոդեռնիստական արվեստի համաձայն՝ անհատական փորձառությունը և դրա մեկնաբանությունը ավելի կոնկրետ են, քան վերացական սկզբունքները, որոնք  ձեռք են բերում  իմաստային բարդ և հաճախ հակասական շերտեր: Սրա հետ մեկտեղ արվեստի օբյեկտը ևս արմատապես փոխվեց, քանի որ շատ նկարիչներ սկսեցին օգտագործել իրենց արվեստը հայտարարությամբ հանդես գալու և երբեմն պարզապես ազդեցություն գործելու համար: Հարկ է նշել, որ անցյալում նկարիչները ևս հայտարարություններ էին անում իրենց գործերով, բայց դա երբեք չէր լինում իրենց գործի տեսողական գերազանցությանը վնասելու գնով: Անցյալի վարպետները կատարելագործում էին իրենց գործերը՝ ձգտելով հասնել որակի բարձրագույն մակարդակի, և կատարելության էին հասցնում նախորդ վարպետների գործերը, մինչդեռ ժամանակակից նկարիչների մեծ մասը ձգտում է, այսպես կոչված, ինքնարտահայտման՝ այս ամենը նմանեցնելով մրցակցության, որտեղ հաղթում է ամենամեծ տպավորություն գործողը:

Այսպես, 19-րդ դարի վերջերին արվեստի աշխարհը արմատապես փոխվեց, և քանի որ այլևս չկային սկզբունքներ, ավելի ու ավելի էր դժվարանում հասկանալը, թե որն է արվեստի գլուխգործոց՝ վեր հանելով շատ հարցեր ու փաստարկներ: Խնդիրը դառնում է ավելի բարդ, եթե արվեստի գործի գինը համարվում է գլուխգործոցի որոշիչ բնութագրական:

Ժամանակակից արվեստի «գլուխգործոց»

Հայտնի հույն փիլիսոփա Արիստոտելը պնդում էր, որ «մարդն իր էությամբ սոցիալական էակ է, իսկ հասարակությունը այն է, ինչը նախորդում է անհատին: Ցանկացած մեկը, ով չի կարողանում վարել հասարակական կյանք կամ այնքան ինքնաբավ է, որ դրա կարիքը չունի և, հետևաբար, հասարակության մաս չի կազմում, կա՛մ հրեշ է, կա՛մ՝ աստված»: Այս դատողությունից երկու եզրակացություն  կարելի է անել.

1.Մեզնից շատերը՝ իբրև սոցիալական էակներ,  կյանքի  ինչպես մեծ, այնպես էլ փոքր քայլեր կատարելիս զգում են շրջապատի հավանության կարիքը. դա է պատճառը, որ շատ հաճախ մարդիկ պնդում են, որ իրենց դուր են գալիս բաներ, որոնք իրականում չեն հավանում, բարձրաձայնում են կարծիքներ, որոնք իրականում իրենց չեն պատկանում՝ հիմք ընդունելով շրջապատի գաղափարները և հավատալիքները:

2.Նրանք, ովքեր այնքան ինքնաբավ են, որ չեն երկնչում հարցականի տակ դնել հասարակության չափանիշները և հավանության կարիք չեն զգում, թելադրում են կանոններ ուրիշների համար: Վերոհիշյալը կիրառելի է ժամանակակից արվեստի և գեղարվեստի վերաբերյալ մարդկանց ունեցած և արտահայտած կարծիքների համար: Ասվածը հիմնավորելու համար բերենք հետևյալ օրինակը. Ռուսաստանից Օլեգ Մատվեևը 5 րոպեում «վրձնել էր» «վերացական» նկար: Որպես կատակ նա տեղադրել է նկարը համացանցում և ներկայացրել որպես ֆրանսիացի նկարչի գործ, ավելացրել կենսագրական որոշ տխուր տվյալներ, որպեսզի նկարն առավել առեղծվածային թվա: Մեկնաբանությունները չուշացան. շատերը հավանել էին նկարը և պատրաստ էին վճարել ավելին, քան «նկարիչը» կառաջարկեր: Ինչու՞ էր այսքան մարդ պատրաստ վճարել անիրական արվեստի համար: Պատասխանը թերևս այն է, որ ժամանակակից արվեստի ամենաթանկ գործերից մեկը ունի համանման «գաղափար» (Ջաքսոն Պոլլոք, N5, 2006թ. մայիսին վաճառվել է 140 միլիոն դոլարով, ինչը նոր ցուցանիշ էր նկարի՝ երբևէ ունեցած ամենաբարձր գնի համեմատ): Ակնհայտորեն արվեստը չի սահմանվում միայն գումարով, բայց այդ մարդկանցից շատերը մտածում էին՝ եթե N5-ի նման գործը այդքան արժի, ապա այս  «նկարը»  ևս պետք է բարձր արժեք ունենա՝ առանց հաշվի առնելու այնպիսի գործոնների նշանակությունը, ինչպիսիք են տեխնիկան, դպրոցը, որին պատկանում է նկարիչը, ուղղությունը, որին նկարիչը հետևում է, և այլն՝ ցույց տալով, որ մարդկանցից շատերը պատրաստ են կուրորեն հետևել ինքնաբավ մարդկանց կողմից նրբանկատորեն հրամցված չափանիշներին և գաղափարներին:

Համանման մեկ այլ օրինակ է Youtube-ի օգտատերերի կողմից ժամանակակից  արվեստի թանգարանում իրականացրած  փորձը: Նրանք ցուցադրեցին IKEA-ի 10 եվրո արժողությամբ գործերից մեկը և խնդրեցին թանգարանի այցելուներին իրենց կարծիքները հայտնել: Նրանք տպավորված էին գործով, նրանցից մեկը այն անվանեց «անհավատալի»: Նրանք բոլորը հավատացած էին, որ դա արվեստի շատ արժեքավոր գործ է: Հետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, նկարով տպավորված չէին լինի, եթե սկզբնապես իմանային դրա իրական պատմությունը, ինչպես կարող ենք եզրակացնել  ճշմարտությունը իմանալուց հետո նրանց դեմքի արտահայտությունից: Այս փորձը հաստատեց այն փաստը, որ եթե որևէ բան թանգարանում կամ պատկերասրահում է և ունի կարծեցյալ հայտնի հեղինակ, ապա այն գլուխգործոց է և պետք է բարձրարժեք լինի. որքան հեղինակավոր է պատկերասրահը, այնքան ավելի բարձր է գործի գինը: Արդյո՞ք իրականում այդպես է:

Բարձրարժեք արվեստի գինը և արժեքը

Ընդհանրապես արվեստի մասին մտածելիս շատ մարդիկ կարծում են, թե արվեստի արժեքը կախված է նրա գեղագիտական գնահատականից: Սակայն սա չի վերաբերում ժամանակակից արվեստին: Սրա պատճառներից մեկն այն է, որ, ինչպես նշվեց վերևում, ժամանակակից արվեստում չկան որակի համաշխարհային չափանիշներ: Այսպես, համարյա անհնար է որոշել՝ ինչ գեղագիտական արժեք ունի գործը և արդյո՞ք ընդհանրապես գեղագիտական արժեք ունի, թե ոչ: Ահա այս ժամանակ ավելի հեշտ է դառնում մանիպուլյացիայի ենթարկել զանգվածներին, որոնք ոլորտի վերաբերյալ գիտելիքի պակաս ունեն և դնել այն գինը, որը ցանկանում են միջնորդները:

Դոն Թոմփսոնը, ով Նյու Յորքի համալսարանի Ստերնի բիզնես դպրոցի դասախոս է ու «12 միլիոնով լցված շնաձուկը. ժամանակակից արվեստի հետաքրքիր տնտեսությունը» գրքի հեղինակ, իր գրքում գրում է, որ արվեստի գնի բանաձևը հետևյալն է. որքան մեծ է աշխատանքը, այնքան բարձր է գինը: Երբ գործը ներկայացված է աշխարհին և պետք է վաճառվի, գինը որոշելիս ամենակարևոր և առաջնային գործոնը նկարչի հեղինակությունն է, բայց եթե նկարիչը սկսնակ է և, հետևաբար, չունի հեղինակություն, որոշում կայացնելիս միջնորդի հեղինակությունն է դեր խաղում: Բայց կա մի կողմ, որը իրականում կայացնում է բոլոր որոշումները. արվեստի աշխարհում գները որոշողը պատկերասրահներն են: Պատկերասրահները մանիպուլացնում են գները այն աստիճանի, որը անօրինական կհամարվեր շատ ոլորտներում: Այսօր մի խումբ պատկերասրահների, կոլեկցիոներների, թանգարանների հավանությամբ է  որոշվում՝ որն է լավ և արժեքավոր, և որը՝ ոչ: Իհարկե, միջնորդը չի կարող գերագնահատել գործը, որովհետև ոչ պրոֆեսիոնալ է նվազեցնել գինը, երբ չի վաճառվում. սա էլ է շուկա, բայց այստեղ զեղչերը անընդունելի են: Պատկերասրահները կնախընտրեն հրաժարվել նկարչից քան իջեցնել գործի գինը, որովհետև այդպես վարվելը վատ ազդանշան է նկարչի գործերի արժեքի և պատկերասրահի  վստահելիության համար: Ահա թե ինչու, լրագրող և տնտեսագետ Ալիսոն Շրագերը գրում է. «Մեծ պատկերասրահները գաղտնի են պահում գները, որպեսզի հետո կարողանան փոփոխել դրանք՝ կախված նրանից, թե ով կլինի գնորդը»: Հիմա թվում է, թե գնորդները խարդախության զոհ են, բայց իրականում նրանք այս խարդախության մասնակիցն են: Շատ կոլեկցիոներներ իրենց հավաքածուն առավել արժեքավոր դարձնելու համար հսկայական գումարներ են վճարում այն նկարչի գործի համար, ում  մյուս գործերն արդեն ունեն: Արվեստի գործ գնելը նաև օգտագործվում է փողերի լվացման համար: Շատ երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, իրենց կառավարությանը խաբելու համար  հարուստ կոլեկցիոներների կողմից օգտագործվող մեկ այլ խաբեբայություն է իրենց հավաքածուները նվիրատվություն անելը, ինչի փոխարեն  ազատվում են հարկերից: Բայց հետաքրքիր է, որ նրանք նվիրատվություն չեն անում այն գնով, որով գնել էին, այլ նրանք վարձակալում են իրենց գնահատողներին՝ որոշելու նվիրատվության ենթակա հավաքածուի՝ իրենց ցանկալի գինը:

Նույնիսկ ազատվելով հարկերից՝ նրանք չեն հանձնում իրենց հավաքածուն: Շատերը ստեղծում են անձնական պատկերասրահ և ընդամենը գործ են ունենում այն հանրությանը անվանապես հասանելի դարձնելու թեթև անհարմարությունների հետ՝ թույլատրելով մուտք գործել միայն նշանակումով, սահմանափակ ժամանակով, տարեկան մի քանի ամիս միայն և այլն:

Այսպիսով, ժամանակակից բարձրարժեք արվեստի շուկան արատավոր շղթա է պատկերասրահների, որոնք միտումնավոր գաղտնի են պահում գները շուկայում լիակատար իշխանություն և վերահսկողություն ունենալու համար՝ որոշելու՝ որն է ժամանակակից արվեստի գլուխգործոց, որը՝ ոչ,  միջնորդների, ովքեր «վաճառում են իրենց նկարչին»՝ օգտագործելով մարկետինգի ընդունելի և ոչ ընդունելի տարբեր ձևեր, կոլեկցիոներների, ովքեր գնում են գործերը ժամանակակից արվեստում ներդրած գումարը ամբողջապես օգտագործելու հետագա միտումներով:  Այս շրջանից դուրս սովորական մարդիկ են, ովքեր կա՛մ կուրորեն հետևում են պատկերասրահների և միջնորդների առաջ քաշած չափանիշներին, կա՛մ ընդհանուր առմամբ ծաղրում են շուկան և ժամանակակից արվեստը: Այս դեպքում  շրջանից դուրս գտնվող նկարիչները, ովքեր ունեն իրական տաղանդ, բայց վատ միջնորդներ, տուժում են, քանի որ նրանք ոչ միայն համարյա գումար չեն վաստակում, այլ նաև նրանք կարող են ընկալվել որպես ժամանակակից արվեստի շուկայի խեղկատանքի մի մասնիկ: Նրանց արվեստը լավն է, գուցե ավելի լավը, բայց ոչ բավականաչափ հեղինակավոր:

Անխոս, ժամանակակից արվեստի շատ գործեր կան, որոնք կարող են հպարտորեն լինել անցյալի գլուխգործոցների կողքին, նկարիչներ կան, ովքեր տաղանդավոր են, գուցե ավելի տաղանդավոր, քան անցյալի  վարպետները, և կոլեկցիոներներ կան, ովքեր գնում են գործեր հանուն արվեստի՝ առանց թաքուն մտադրություն ունենալու, բայց խաբեություններով լի բարձրարժեք ժամանակակից արվեստի շուկան անհնար է դարձնում  իրական արվեստը կեղծից տարբերակելը՝ այսպիսով աստիճանաբար կորցնելով իր դիրքերը և վստահությունը, բայց շարունակելով մնալ մեծ խաբեություն:


Գրականություն

  1. Arnason, H. “History of Modern Art: Painting, Sculpture, Architecture, Photography”. Harvard, 1998.
  2. Bowley G., Rashbaum W. K., “Has the Art Market Become an Unwitting Partner in Crime?”The New York Times,
  3. Cohen P., “Valuable as Art, but Priceless as a Tool to Launder Money”.The New York Times,
  4. Felch J., Smith D., “Inflated Art Appraisals Cost U.S. Government Untold Millions”. Los Angeles Times,
  5. Mayyasi A., “Why Is Art Expensive?”Priceonomics,
  6. Schrager A., “High-End Art Is One of the Most Manipulated Markets in the World.”Quartz,
  7. Thompson D. “The $12 Million Stuffed Shark: The Curious Economics of Contemporary Art.” Palgrave Macmillan, 2008.
  8. https://www.jackson-pollock.org/number-5.jspv
  9. https://www.prageru.com/videos/why-modern-art-so-bad
  10. https://pikabu.ru/story/quotchto_s_yetimi_lyudmi_ne_takquot_2775566

11.https://www.youtube.com/watch?v=4BlLX03OJRU


Հեղինակ՝ Տաթև Թումանյան (Tatev Tumanyan):© Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Թարգմանիչ՝ Սոնա Արամյան: