Նախորդ մասն այստեղ
Բոլոր շահագրգիռ կողմերի վարքի վերլուծություն
Ցուցարարներ – հեղափոխության ամբողջ ընթացքում ցուցաբերել են աննախադեպ զսպվածություն, պատասխանատվություն և ամենից առավել կազմակերպվածություն։ Ապակենտրոնացված ցույցերը և բողոքի ակցիաները ամբողջ հանրապետությունով մեկ տեղի էին ունենում չտեսնված հարմոնիկ։ Ամեն ժամ, ամեն րոպե նոր քաղաքներ ու գյուղեր էին միանում համազգային շարժմանը ու, որ հատկանշական է, ամենուր դա տեղի էր ունենում բացառապես խաղաղ, առանց բռնության՝ չշեղվելով հեղափոխության որդեգրած փիլիսոփայությունից։ Անգամ Սերժ Սագսյանի հրաժարականի օրը, երբ մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել էր մոտ կես միլիոն մարդ, տեղի չունեցան անկարգություններ, որևէ պատուհան չջարդվեց, որևէ մեքենա չվնասվեց. այս ամենը համեմատելի չէ անգամ արևմտյան զարգացած ժողովրդավարությունների՝ ծավալներով շատ ավելի փոքր հանրահավաքների ընթացքում տեղի ունեցող անկարգությունների հետ։
Ոստիկանություն – առանձին օրերի գերլարված մթնոլորտի արդյունքում տեղ գտած խախտումները չհաշված՝ ցուցաբերում էր աննախադեպ զուսպ և պրոֆեսիոնալ, տեղ-տեղ անգամ զիջողական կեցվածք։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ոստիկանությունը դուրս էր բերել իր հիմնական ուժերը քաղաքից և ընդհանրապես չէր արձագանքում հասարակական-քաղաքական զարգացումներին։
Բանակ – ի տարբերություն մարտի 1-ի՝ չօգտագործվեց խաղաղ բնակչության դեմ, սակայն, իմ խորին համոզմամբ, ոչ թե Սերժ Սարգսյանի բարոյական հատկանիշների շնորհիվ, այլ բանակում տեղի ունեցած համակարգային ու կադրային փոփոխությունների արդյունքում։
ԱԱԾ – գրեթե մինչև վերջին պահը սպասարկել է Սերժ Սարգսյանի շահերը, իրականացրել է մի շարք հատուկ գործողություններ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների առևանգումը։
Իշխանական վերնախավ ” (Արմեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Բակո Սահակյան, ուժային կառույցների ղեկավարներ)։ Հատկանշական է, որ նախկինում այդքան միատարր ու կուռ թվացող բուրգը այս անգամ չմիավորվեց Սերժ Սարգսյանի շուրջ՝ բախտորոշ պահին նրան, փաստորեն, ոչ միայն միայնակ թողնելով, այլև սկսելով ճնշումներ գործադրել նրա դեմ։ Սա, թերևս, վկայում է այն դրական փոփոխությունների մասին, որոնք իրենց հետ բերել էին նոր սերնդի քաղաքական գործիչները։ Սա, իհարկե, լավ տարբերակն է: Վատն էլ այն է, որ մի խումբ կարիերիստներ հոգնել էին 10 տարի տևած միևնույն մարդու՝ միջինից ցածր արդյունավետության ղեկավարումից, ու փորձում էին ստեղծված իրավիճակը օգտագործել իրենց օգտին[i] ու առաջին անգամ ձեռք բերել իրական իշխանություն։ Թե տարբերակներից որն էր ավելի մոտ իրականությանը, ցույց կտա ժամանակը։
Հանրապետական կուսակցություն – քվազի քաղաքական ուժ, որը օլիգարխների գվարդիաների, քրեական էլեմենտների ու թաղային խուժանի ներգրավմամբ կազմակերպվող բռնաճշնումների միջոցով փորձում էր վախի ու բռնության մեջ խեղդել շարժումը։ Ադմինիստրատիվ ռեսուրսները, աշխատողների վրա ճնշումները, աշխատակիցներին աշխատանքից հեռացնելը, սադրիչների ներգրավելը (Մաշտոցի պողոտան գիշերը), կրթական հաստատություններում սովորողների վրա ճնշումները, թերևս անազատ հասարակությունների իշխանությունների դասական գործիքակազմերից են, որոնք լիուլի օգտագործվում էին այստեղ։ ԱԺ-ում մենք ականատես եղանք նաև ակնհայտ սուտ և պրովոկատիվ հայտարարությունների ԱԺ հանրապետական պատգամավորների կողմից, հայտարարությունների, որոնք ունեին մեկ նպատակ՝ համոզել Ռուսական կողմին, որ Հայաստանում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան հակառուսական շարժում, ինչը առնվազն սեփական պետության շահերի սաբոտաժ է, իսկ ավելի ուղիղ ասված՝ դավաճանություն։ Ի դեմ այս կուսակցություն կոչվող քրեաօլիգարխիկ ակումբի՝ մենք, փաստորեն, ունենք իրականությունից կտրված մակաբույծ մի շերտ, որը մինչ օրս անում է ամեն հնարավորը իշխանության առնվազն մի մասը պահելու համար։ Հանրապետականը իր շոշափուկներով փաստացի ոչ թե կուսակցություն էր, այլ Հայաստանում կառավարման համակարգը և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները ամբողջովին ծածկած քրեա-օլիգարխիկ կառույց։
Սերժ Սարգսյան – ամենամեծ դժվարությունը այս մարդու գործողությունների ու մտադրությունների վերլուծությունն է, սակայն, եթե մենք հենաքար ենք վերցնում իշխանությանը մնալու անհագուրդ ցանկությունը, ապա նրա բոլոր քայլերը բացատրելի են դառնում այս գործիքակազմով։ Քանի դեռ փաստացի չեն ապացուցվել թմրանյութերի և խաղատների հետ նրա առնչության մեղադրանքները, իշխանության մնալու միակ տրամաբանված նպատակ կարող է համարվել Ղարաբաղյան հարցում սեփական անձի դերի խիստ գերագնահատումը։ Շատ հնարավոր է, որ տարիների ընթացքում իրականության հետ կապը կորցրած այս մարդը իսկապես հավատում էր, որ միայն ինքն է ի վիճակի լուծելու Ղարաբաղյան հարցը։ Այսպես թե այնպես, նա մինչև վերջին օրն էլ պատրաստ էր անել ամեն բան իշխանության մնալու համար։ Ապրիլի 22-ին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, քննարկման սեղանին դրված է եղել արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը։ Սրան, եթե գումարում ենք Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում մարտիմեկյան դասերի հոխորտանքները, իրավիճակը ավելի պատկերավոր է դառնում։ Պետք չէ Սերժ Սարգսյանի հրաժարականը գնահատել իբրև ասպետական քայլ, դա ծայրահեղ կարիքի արդյունք էր մարդու, ում ոչ մի ուրիշ ելք չէր մնացել. թե՛ ներքին շրջանակը, թե՛ ռուսական կողմը նրան չէին սատարում։ Թերևս սա է պատճառը, որ իր հրաժարականի մեջ նա կարծես հայոց «գահի» ժառանգորդ է ընկալում հենց Փաշինյանին։
Ակտիվիստներ և ցույցերի ղեկավար կազմ – հասարակական ակտիվ զանգվածը ապրեց շեշտակի էվոլուցիա: Սրանից ընդամենը երկու ամիս առաջ գրված հոդվածում (Քաղաքացիական շարժումները և քաղաքական խնդիրները) իմ կողմից բարձրացված խնդիրները ու մարտահրավերները գտան իրենց արժանի լուծումները, և հասարակությունը, հատկապես դրա ակտիվ ու երիտասարդ հատվածը, կարողացավ նորից քաղաքականացվել, դնել քաղաքական օրակարգ ու հասնել դրա լուծմանը։ Հասարակական ակտիվը նաև ցուցաբարեց մոբիլություն, տեղում իրավիճակը կազմակերպելու կարողություն, պետական մտածողություն և կազմակերպվածություն։ Ցույցերի ղեկավար կազմը, սակայն, բացառությամբ մի քանի անհատների, թերևս հեղափոխության ու ապագա համակարգի կառուցման ամենաթույլ կողմն է։ Կա ինտելեկտուալ ռեսուրսի ահռելի պակաս։
Նիկոլ Փաշինյան – պատմության մեջ մշտապես քննարկվող հարցերից մեկը առաջնորդի դերի հարցն է։ Շարժման ոդիսականը ու դրա առաջնորդի դերը թերևս լավագույնս ներկայացնում են այս հարցի բովանդակությունը։ Անշուշտ հայկական հեղափոխությունը ու դրա հաջողությունը բաղկացած են մի քանի մոդուլներից, որոնք տարբեր ուժ ունեն, տարբեր ուղղվածություն և նշանակություն. դրանցից շատերն անգամ որոշիչ են։ Սակայն այս ամենի մեջ կա մի մոդուլ, որի ազդեցությունը առավել տեսանելի ու ակնհայտ է, քան մյուս որոշիչները, և այդ մոդուլը շարժման ղեկավարն է։ Միայն առաջնորդի գործունեությունը անշուշտ բավ չէր նման հաղթանակի համար, բայց և առանց Փաշինյանի հեղափոխությունը չէր լինի։ Մասնավորից գնալով ընդհանուրի՝ ճիշտ առաջնորդի առկայությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
ԱՄՆ, ԵՄ – Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը շարժմանը ըստ էության աջակցեցին ոչինչ չանելով, զրոյական ներգրավվածությունը ամենամեծ օգնությունն էր հեղափոխության հաղթանակի համար, քանի որ որևէ ներգրավվածություն իր հետ շղթայական կերպով բերելու էր նաև Ռուսական կողմից միջամտություն՝ արդեն ռեժիմի կողմից։ Միևնույն ժամանակ ուշագրավ են որոշ փաստեր. Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները չէին շնորհավորել Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու առթիվ, ինչը ավանդույթի աննախադեպ խախտում էր, քանի որ երկուսն էլ ավանդաբար առաջին արձագանքող երկների թվում են հայաստանյան իրադարձություններին։ Թերևս մեծագույն ներդրումը, որ տարիների ընթացքում արել էր ԵՄ-ն, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերն էին։ Սա բնականաբար չի կարելի դիտարկել որպես միջամտություն Հայաստանի գործերին։ Դա սեփական սահմանները ու հարևանությունը բարեկեցիկ ու անդորր պահելու փորձ է, որը Եվրոպական միությունը ձեռնարկում է իր բոլոր հարևանների մոտ, սակայն ոչ միշտ այսքան արդյունավետ։ ԶԼՄ-ների տեսանկյունից խնդիրը մի փոքր այլ է. դեռ երբևէ առաջնակարգ լրատվակնները այսքան ուշադիր ու այսքան միանշանակ չէին իրենց գնահատականների մեջ Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ինչպես այս շարժմանն էր, ու դրանք բավական լուրջ դեր ունեցան թե՛ ռեժիմի հեղինակազրկման գործում, և թե՛ դրան բռնի ուժի գործածումից ետ պահելու հարցում։
Ռուսաստան – ընդհանուր առմամբ պահպանեց չեզոքություն։ Հարկավոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայատանից եղել են բազմաթիվ փորձեր՝ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, ՀՀԿ-ական պատգամավորների կողմից Ռուսաստանը ծավալվող քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, սակայն դրանք բոլորը տապալվել են։ Պատճառը անշուշտ ոչ թե ռուսական կողմի հանկարծահաս հարգանքն է միջազգային իրավունքի ու դրա սուբյեկտների հանդեպ, այլ պարզ հաշվարկը՝ Ռուսաստանը շատ լուրջ տնտեսական, քաղաքական, ռազմական լծակներ ունի Հայաստանի վրա։ Այդ լծակները, ըստ էության, թույլ են տալիս մեր ռազմավարական դաշնակցին անհրաժեշտ չափով ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է հասել գործադիր իշխանությանը (պայմանով, որ միայն թե ոչ հստակ արևմտամետները)։ Այս ամենը հաշվի առնելով՝ Կրեմլը նպատակահարմար չգտավ իրականացնել մինչև արմատները փտած ու ոչ լեգիտիմ համակարգի փրկությունը Հայաստանի բնակչության մեծագույն մասի աչքերում ախոյան դառնալու գնով։
Ադրբեջան – չնայած Հայաստանում պարբերաբար տարածվող կեղծ տեղեկություններին՝ առանձնակի ակտիվացում ճակատային մասում հակառակորդի կողմից չի նկատվել։ Սա թերևս կարելի է պայմանավորել երկու գործոնով՝ քաղաքական լրջագույն ճնշում Ադրբեջանի վրա համաշխարհային ուժային կենտրոններից։ Նման իրավիճակում ռազմական գործողությունների վերսկսումը պայթունավտանգ կարող էր լինել ողջ տարածաշրջանի համար, բոլորը հասկանում էին, որ Ադրբեջանը կարող էր չդիմանալ գայթակղությանը և դրա համար ակտիվորեն աշխատում էին այդ ուղղությամբ։ Երկրորդ պատճառը հատկապես Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նկատվող համազգային զարթոնքն ու բարոյահոգեբանական վիճակի աննախադեպ ու շեշտակի աճն էր, ինչը ուժերի նման դասավորվածության պարագայում ունի առաջնակարգ նշանակություն։
Եզրահանգումներ ու հետևություններ հայկական հեղափոխության մասին
Նախ առաձնացնենք մի քանի կարևոր եզրահանգում․
- Սա պայքար էր ժողովրդավարական արժեքների պահպանման համար, ինչը վկայում է, որ անցնող 30 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել են այսպես ասած ժողովրդավարության սողանքի կարմիր գծեր։ Գծեր, որոնցից այն կողմ հասարակությունը պատրաստ չէ սողանք հանդուրժելու։ Դրանցից մեկը, ինչպես ցույց տվեց փորձը, իշխանության պարբերական փոխանցելիության սկզբունքի պահպանումն է։ Հասարակության գիտակցության մեջ նման կարմիր գծերի առկայությունն է, որ դարձնում է երկիրը իրապես ժողովրդավարական, և ինչքան մոտ են այդ գծերը դեկլարացված արժեքներին ու օրենքներին, այնքան երկիրը ավելի առողջ է։
- Պայքարը սկսվեց իբրև զուտ դեմոկրատական հեղափոխություն, սակայն վերջին փուլում ավելի արագ ու անցնցում ընթանալու համար դրա ղեկավարները այն տարան բուրժուադեմոկրատական ուղիով։ Այսինքն՝ շարժմանը միացան խոշոր բիզնեսի, մեր դեպքում՝ օլիգարխիայի ներկայացուցիչները։ Թե՛ շարժման ղեկավարների հավաստիացումները և թե՛ շարժման տրամաբանությունը հուշում են, որ սա խիստ ժամանակավոր երևույթ է, որ կտևի մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
- Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը որոշիչ պահ էր Հայաստանի Հանրապետության համար։ Երկիրը, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում հանդես էր գալիս իբրև կիսաազատ, այժմ կարող էր համալրել անազատ երկրների շարքը։ Սակայն հեղափոխությունը ոչ միայն դա թույլ չտվեց, այլև արագորեն սկսեց տանել հանրապետությունը ազատականացման ճանապարհով։
- Հեղափոխությունը հասուն քաղաքական ազգի և հասուն քաղաքացիական հասարակության դրսևորում էր։ Մարդկանց մոտ կար մեկ ընդհանրություն և մեկ ճակատագիր ունենալու զգացողություն՝ անկախ նրանից՝ խոսքը ոստիկանի, զինվորականի, թե ցուցարարի մասին է։ Ասածը սակայն չի նշանակում, թե Հայաստանում արդեն իսկ ձևավորվել են այդպիսիք, պարզապես կոնկրետ պայմաններում և կոնկրետ ժամանակահատվածում նման դրսևորումները հնարավոր են։ Դա առաջին լուրջ շոշափելի քայլն է նման հասարակություն և ազգություն դառնալու ճանապարհին։
- Առաջին անգամ մեր հասարակությունը ազատություն-անվտանգություն երկընտրանքի մեջ ընտրեց առաջինը և միանգամից ստացավ նաև երկրորդը։ Իրապես ազատ հասարակությունները անհամեմատ ավելի կենսունակ են, և քաղաքացիները անհամեմատ ավելի լավ զինվորներ են, քան հակառակի դեպքում։ Մեզանում առաջին անգամ եղավ սրա ապացույցը, երբ տասնամյակներ շարունակված ադրբեջանական վտանգի քարոզը, որ զսպում էր երկրում կուտակված հեղափոխական ներուժը, հաղթահարվեց ու ի ճիգ դարձվեց։ Այժմ էլ մեր հասարակությունը շատ ավելի պատրաստ է պատերազմի ու զենքի ձեռքին հայրենիքը պաշտպանելուն։
- Տեղի ունեցողը ոչ թե հեղաշրջում է կամ իշխանափոխություն, այլ հենց հեղափոխություն։ Հայաստանում ոչ թե մեկ առանձին կուսակցություն է հեռացվում իշխանությունից, այլ քանդվում, ապամոնտաժվում է մի ամբողջ համակարգ՝ քրեաօլիգարխիկ համակարգ, որը սակայն ֆորմալ առումով դեկլարացված չէր, բայց գործում ու ծաղկում էր։
Առանձնացնենք նաև մի քանի կարևոր հետևություն.
- Որո՞նք պետք է լինեն հեղափոխության հաջորդ քայլերը։ Քայլ 3-րդ՝ կուսակցությունների մասին օրենքի և ընտրական օրենսգրքի փոփոխություններ ԿԸՀ-ում, Ոստիկանությունում, Դատախազությունում և ՔՀԿ-ում կադրային փոփոխություններ։ Քայլ 4-րդ՝ ԱԺ արտահերթ, արդար ու թափանցիկ ընտրություններ, որով մենք ականատես կդառնանք հեղափոխության նվաճումների կապիտալիզացիայի։ Քայլ 5-րդ՝ նոր կարգի կառավարություն՝ հիմնված ոչ թե կուսակցական պատկանելության կամ անձնական կապերի, այլ մերիտոկրատիայի սկզբունքի վրա։
- Փորձը ցույց տվեց, որ Հայաստանում անօրինականությունների ու իշխանության չարաշահումների դեմ պայքարի ու իշխանությանը հավասարակշռելու գործի մեջ քաղաքացիական հասարակությունը ու դրա ինստիտուտները շատ ավելի արդյունավետ են գործում, քան քաղաքական ընդդիմությունը։ Սա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, սակայն փաստն այն էր, որ հեղափոխության հիմնական շարժիչ ուժ հանդիսացող երիտասարդությունը ոչ թե քաղաքական կազմակերպվածություն ուներ, այլ քաղաքացիական։ Փաստն այն է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները շատ ավելի արդյունավետ, թեթև ու սկզբունքային էին գործում, քան քաղաքական կուսակցությունները։ Ընդսմին՝ հետագայում ևս մեր նպատակը պետք է լինի քաղաքացիական հասարակության զարգացումն ու դրա ինստիտուտների հզորացումը։
- Քաղաքական դաշտը պետք է ամբողջովին ապաքրեականացվի, քրեական էլեմենտները պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից, քրեական մեթոդներով հարցեր լուծելը պետք է անհանդուրժելի լինի, քրեական էլեմենտները պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության ներքո։ Ապաօլիգարխացում (դեկապիտալիզացիայի մասին օրենք) – քաղաքականությունը և խոշոր բիզնեսը, այն էլ օլիգարխիկ բնույթի խոշոր բիզնեսը, պետք է ամբողջությամբ տարանջատվեն։ Անշուշտ պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք պաշտպանում են խոշոր բիզնեսի շահերը, բայց դրանք ամբողջովին այլ կարգավորումներ են։ Օլիգարխների և այլ ուժային կենտրոնների շուրջ հավաքված «գվարդիաները», որոնք ըստ էության զինված խմբավորումներ են պետության ներսում, պետք է ամբողջովին զինաթափվեն և ցրվեն, դրանց կազմակերպիչները՝ խստագույնս պատժվեն։
- Քաղաքական դաշտի ռեաբիլիտացիա – Սերժ Սարգսյանի վարած հետևողական քաղաքականության շնորհիվ քաղաքական դաշտը ընդհանրապես և ընդդիմադիր հատվածը մասնավորապես ամբողջովին հեղինակազրկված են։ Քաղաքականը մեր իրականությունում հոմանիշ է անբարոյականին, և չկա վստահություն գեթ որևէ քաղաքական ուժի հանդեպ, բացի նոր հեղափոխականից։ Նախ և առաջ դաշտը պետք է մաքրվի նախորդ դարի արժեբանությամբ ու գիտելիքներով ապրող մարդկանցից, քաղաքական առուծախի և հանցավոր սխեմաների մեջ թաթախվածներից և քաղաքական օպուրտունիստներից։ Պետք է երևան գան նոր սերնդի քաղաքական գործիչներ, ընդ որում՝ դրանք ոչ թե պետք է լինեն նույն այդ կուսակցությունների երիտթևերի և ուսխորհուրդների ներկայացուցիչները, այլ հասարակական ակտիվիստները, հեղափոխականներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
[i] Չսպասելով շարժման տեմպի նման ուժգնացում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Գրականություն