Քաղաքական գործչի խարիզման որպես հաջողության գրավական
Խարիզմա բառը ծագում է հունարենից (charisma) և նշանակում է «աստվածային շնորհ[i]»: Այն հատկապես կիրառելի է «խարիզմատիկ առաջնորդություն» կապակցության մեջ:
Խարիզմատիկ առաջնորդի ուժը սակավ հանդիպող շնորհ ունենալու մեջ է: Հասարակության կյանքում քաղաքական լիդերի դերակատարումը պայմանավորող մի շարք հանգամանքներ գոյություն ունեն: Մասնավորապես լիդերի իմիջը, երկրի բնակչության մենթալիտետը, էթնո-կրոնական կազմը, պետության տիպը և այլն: Շատ դեպքերում քաղաքականության մեջ առաջնորդի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն նրա կողմից իր գործառույթների արդյունավետ իրականացմամբ, այլև նրա ինտուիտիվ, բնազդային զգացմունքներով, որոնք դրսևորվում են սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ, վիճակը փրկելու համար պայմանների ստեղծման շնորհով: Լիդերները սովորաբար ունենում են իրենց ոճի կարևորագույն տարրեր՝ արտաքին առանձնահատկություններ, անցյալի դրվագներ, ձայնի ինտոնացիա, մանիերա, ծագում և անգամ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են յուրօրինակ մատանին կամ հագուստը: Թեև սրանք անհատի գործնական ու բարոյական հատկանիշների մասին միշտ չէ, որ բավարար ինֆորմացիա են հաղորդում, բայց հաճախ ունենում են մոգական ազդեցություն:
Քաղաքականության անձնավորումը Թուրքիայի Հանրապետությունում
Արևելքի երկրների զարգացման բնորոշ գծերից է խարիզմատիկ առաջնորդի առկայությունը: Եվ սա ցայտուն երևում է հատկապես Թուրքիայի Հանրապետության օրինակում[ii]: 1923թ.-ին Հանրապետության ստեղծումով Թուրքիայում քեմալական ռազմական-բյուրոկրատական վերնախավը որդեգրեց բարեփոխումների արևմտյան մոդելը երկրի արդիականացման համար: Սակայն իրականացված լայնածավալ փոփոխությունների արդյունքում Թուրքիայի հասարակությունը զրկվեց համերաշխման հիմնական ձևերից, որոնք հիմնված էին այսպես կոչված «ավանդույթի իշխանության վրա»: Այդ պատճառով քեմալական քաղաքական վերնախավը գիտակցաբար կիրառում էր հասարակության համախմբման այնպիսի մեխանիզմներ, որոնք «ավանդույթի իշխանության» սիմուլյակրներ էին: Հատկապես կարևոր նշանակություն ուներ խարիզմատիկ առաջնորդության սիմուլյակրը, որը երբեմն ձևավորում էր քաղաքական առաջնորդի անձի պաշտամունք[iii]: Սա կիրառվել է Թուրքիայի իշխող վերնախավի կողմից հանրապետության պատմության ողջ ընթացքում և այսօր էլ շարունակվում է: Խարիզմատիկ առաջնորդության երևույթը հաճախ կապվում է քաղաքական գործչի անձնային հատկանիշների ու առաջ բերած գաղափարների հետ, այնինչ թուրքական օրինակի համեմատական դիտարկումը այլ արևելյան քաղաքական համակարգերի համատեքստում ցույց է տալիս, որ խարիզմատիկ առաջնորդությունը մշտապես առկա է թուրքական քաղաքական համակարգում` հանդիսանալով սոցիալ-մշակութային դինամիկայի կարևորագույն բաղադրիչ[iv]: 20-րդ դարի առաջին կեսին Եվրոպայում ստեղծվող ամբողջատիրական, ավտորիտար վարչակարգերում կարևոր գործոն էր անհատի պաշտամունքի ինստիտուտը[v]: Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների ազդեցության տակ, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների արդյունքում, Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը կարճ ժամանակ անց դարձավ տիպիկ արևելյան ավտորիտար առաջնորդ։ Նրա անձի շուրջ ստեղծվեց պաշտամունք[vi], որի դրսևորումները շարունակվում են մինչ օրս:
2013թ.-ի դեկտեմբերին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ էր ունենում Ստամբուլում, նրա որոշ կողմնակիցներ հագել էին շապիկներ, որոնց վրա կարելի էր կարդալ՝ «Մա՛րդ, մենք գալիս ենք քո հետքերով»: Սա հիշեցնում է հայտնի քեմալիստական կարգախոսը` «Մեր հա՛յր, մենք գալիս ենք քո հետքերով»: Սա և շատ այլ քայլեր վկայում են, որ ժամանակակից Թուրքիայում փորձ է արվում ստեղծել մեկ այլ անհատի` Էրդողանի անձի շուրջ պաշտամունք: Նրա մասին նկարահանվում են ֆիլմեր, գրվում են գրքեր, ստեղծվում են նրան գովերգող արվեստի գործեր: Գրեթե ամենուր կարելի է տեսնել նրա պատկերով պաստառներ, դրոշներ, արձաններ, նրա անունով են կոչվել մի շարք հաստատություններ[vii]:
Էրդողանի գլխավորած իշխող վերնախավը բերեց նոր գաղափարներ, որոնց հիմքում ընկած է իսլամական ազգայնականությունը` համեմված օսմանյան ժառանգության վերաարժևորմամբ[viii]:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես խարիզմատիկ ղեկավար
Թուրքիայում Աթաթուրքը` որպես խարիզմատիկ առաջնորդի կերպար, մնում է անգերազանցելի, թեև նախագահ Էրդողանը ևս ձգտում է իր անձի շուրջ պաշտամունք ստեղծել: Նա ունի կրոնական և «փողոցային» լիդերին բնորոշ ու անհրաժեշտ հատկություններ[ix]:
Էրդողան քաղաքական գործչի, նրա գաղափարների, քաղաքական ուղղության ձևավորումը հասկանալու համար անհրաժեշտ է սկսել նրա մանկության շրջանից: Էրդողանը ծնվել է 1954թ.-ին Ստամբուլի Քասըմփաշա թաղամասում, որը հայտնի է Ստամբուլում որպես ակտիվ, կիսակրիմինալ շրջան: Քասըմփաշայից լինելը ասոցացվում է համարձակ, ճարպիկ, «փողոցային տղայի» կամ «լավ տղայի» կերպարի հետ[x]: Մանուկ տարիքում նա զովացուցիչ ըմպելիքներ ու բուլկիներ է վաճառել քաղաքի վտանգավոր թաղամասերում: Էրդողանը իր ելույթներում բազմիցս նշել է քասըմփաշացի լինելու հանգամանքը: Մասնավորապես Բեյօղլու-Քասըմփաշա թունելի բացմանը նա իր ելությում հայտնեց, թե բախտավոր է, որ իր ճակատագիրը գրվել է Քասըմփաշայում[xi]: Այսպիսով, միջավայրը գործչի ձևավորման վրա ունեցել է իր ուղղակի ազդեցությունը: Ալին Օզինյանի դիտարկմամբ՝ Էրդողանի հաջողության գրավականներից է նաև այն, որ դուրս գալով «փողոցից»՝ Էրդողանը չմոռացավ այդ մարդկանց մտածելակերպն ու խնդիրները[xii]: Հարկ է ուշադրություն դարձնել նաև Էրդողանի ստացած կրթությանը: Նա 1973թ.-ին ավարտել է Ստամբուլի` այն ժամանակ գոյություն ունեցող միակ կրոնական թեքում ունեցող Իմամ Հաթիփ դպրոցը, որի շրջանավարտները 70-ականներին ընկալվում էին որպես իսլամիստներ և կարող էին որոշակի դժվարությունների հանդիպել[xiii]: Էրդողանը ցանկություն է ունեցել աստվածաբան դառնալ, սակայն ավելի ուշ որոշել է զբաղվել քաղաքականությամբ: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հենց «քաղաքական իսլամի ջատագովն ու դրոշակակիրն» է: Էրդողանը նաև խրախուսում է կրոնական դպրոցների ստեղծումը` լավ հասկանալով, թե որքան կարևոր է կրթությունը անհատի կայացման գործում: 2017-2018թթ.-ին Իմամ Հաթիփ դպրոցների թիվը հասել է 1453-ի[xiv]: Էրդողանը երբեք չի թաքցրել իր իսլամական հայացքներն ու Օսմանյան կայսրության վերականգնման ձգտումները: Կարելի է նույնիսկ ասել, որ իսլամական դիրքորոշումը Օսմանյան կայսրության վերականգնման ցանկության հետ փոխկապակցված է: Այս առիթով մեծ քննարկումների առիթ դարձավ 2015թ.-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի այցն Անկարա[xv]: Էրդողանը նրան ընդունեց Անկարայում գտնվող իր նոր նստավայրում, ուր տեղափոխվել էր 2014թ.-ի հոկտեմբերին[xvi]: Նոր նստավայրը խորհրդանշելու էր «Նոր Թուրքիայի» սկիզբը[xvii]: Էրդողանը Աբբասին դիմավորեց զինվորական հագուստով ու սրերով զինված 16 պատմական մարտիկների ներկայությամբ: Սոցիալական կայքերում սկսեցին ծաղրել կատարվածը: Մասնավորապես՝ թուրք լրագրող Կադրի Գուրսելը այն որակեց որպես «Օսմանյան կրկես պալատում»: Նաև սարկազմով նշեց, որ Էրդողանը՝ որպես «փաշա», դիմավորեց Ռամալլահից կառավարիչ Աբբասին այնպես, կարծես վերջինս Օսմանյան կայսրության Պաղեստին նահանգն էր ներկայացնում[xviii]: Այդ 16 զինվորները խորհրդանշում էին Թուրքիայի պատմության 16 կայսրությունները[xix]: Այս 16 կայսրություններն են խորհրդանշում նաև Թուրքիայի Նախագահության պաշտոնական կնիքի 16 աստղերը:
Էրդողանը հաճախ է հղումներ անում մինչհանրապետական շրջանի Թուրքիային և սրա հետևանքով էլ հաճախ մեղադրվում է երկրի աշխարհիկությունն ու ժամանակակից կառուցվածքը թուլացնելու փորձերում:
2011թ.-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը դատապարտող որոշման նախագծին Էրդողանը խիստ պատասխան տվեց: Իր խոսքն ուղղելով Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին՝ Էրդողանը կարդաց պատմական մի փաստաթուղթ-նամակ, որը 1526թ-ին Օսմանյան սուլթան Սուլեյման Հրաշալին գրել էր Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս Առաջինին: Այն իրենից ներկայացնում էր գերության մեջ գտնվող Ֆրանցիսկոսի օգնության խնդրանքի պատասխանը: Նամակի սկզբում թվելով բոլոր երկրները, որոնց տիրում է ինքը` Օսմանյան սուլթանը, Սուլեյմանն իր խոսքն ուղղում է Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկոսին՝ ասելով, որ վերջինս դեսպանից կտեղեկանա այն մասին, ինչ նա պատրաստվում է անել: Իր ելույթում Էրդողանը ցանկանում էր հատկապես շեշտել բազմաթիվ երկրների տեր Սուլթան Սուլեյմանի ու Ֆրանսիայի` գերի ընկած և օգնություն խնդրող արքայի հակադրությունը[xx]: Իր մեկ այլ ելույթում Էրդողանը խոսում է իրենց՝ Սուլթան Սուլեյմանի թոռները լինելու մասին[xxi]:
2018թ-ի փետրվարի 11-ին Սուլթան Աբդուլհամիդ 2-րդի մահվան 100-րդ տարելիցին նվիրված իր ելույթում[xxii] Էրդողանը նշեց, որ ոմանք փորձում են կտրել իրենց արմատներից և իրենց երկրի պատմության սկիզբը համարել 1923 թ-ը[xxiii]: Նա ելույթում նշում է, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակողն է և որ այսուհետ պետք է հրաժարվել Օսմանյան և Հանրապետական շրջանները առանձին-առանձին ընդունելուց: Էրդողանը Աբդուլ Համիդին համարեց «աշխարհի վերջին համընդհանուր կայսր»: Իր այս ելույթով Էրդողանը փորձում է վերացնել քեմալիստների կողմից ստեղծված անդունդը Հանրապետական և Օսմանյան շրջանների Թուրքիաների միջև:
Էրդողանի խարիզմատիկ լիդերի կերպարի համար կարևոր նշանակություն ունեցավ տնտեսական աճի գործոնը: 2003-2015թթ-ին երկրում ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 4,6%, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2015թ-ի դրությամբ կազմել է 20.438 $[xxiv]: Սա տնտեսական արդյունավետ քաղաքականության արդյունք էր, քանի որ Թուրքիան կարողացավ դիմակայել համաշխարհային ճգնաժամին և նույնիսկ աճ արձանագրել: Սա երկրի արտաքին քաղաքականության հետ մեկտեղ օգնեց երկրին դառնալ տարածաշրջանում առաջատար պետություն: Այս առաջընթացը մեծ մասով վերագրվում է հենց Էրդողանին և ԱԶԿ-ին:
Դժվար չէ տեսնել, որ Էրդողանը հանրության առջև ունեցած իր ելույթների ժամանակ ժողովրդի ջերմությունն ու աջակցությունն է ստանում: Նրա ձայնի տոնայնությունը, նրանում առկա վստահությունը, ուժը, հավատը գրավիչ են և ազդեցիկ: Էրդողանի ելույթները զգացմունքային են, համեմված առած-ասացվածքներով, օսմաներեն բառերով: Գաղտնիք չէ նաև նախագահի մեծ սերը բանաստեղծությունների նկատմամբ: Նա ընտրել է ժողովրդի սրտին ազդեցիկ ու հուզիչ բանաստեղծությունների միջոցով հասնելու ուղին: Սա Էրդողանի խարիզմատիկ կերպարի կարևոր տարրերից է: «Առաջնորդը» հիմնականում ժողովրդին դիմում է աղոթք-բանաստեղծություններով[xxv]:
Բանաստեղծությունների նկատմամբ սերը ու դրանց հիմնականում կրոնական բովանդակությունը, սակայն, Էրդողանի համար որոշակի դժվարություններ են առաջացրել: Դեռևս Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը վարելիս, Շիիրթում ունեցած ելույթի ժամանակ (1997թ.) Էրդողանը արտասանեց Բալկանյան պատերազմի ժամանակ Զիա Գյոքալփի կողմից գրված «Զինվորի աղոթքը», իսկ վերջում մի քառատող, որը խիստ իսլամիստական էր: Քառատողի իմաստը մոտավորապես հետևյալն էր. «մզկիթները կլինեն մեր սրերը, մուսուլմանները` մեր զինվորները, և մենք կհասնենք մեր նպատակներին»: Այս ելույթի պատճառով, Էրդողանը Թուրքիայի Քրեական օրենսգրքի 312/2 հոդվածի համաձայն, «Կրոնական և ռասսայական խտրականության հիմքով հրապարակայնորեն ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու»[xxvi] մեղադրանքով դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման:
Այն, որ նախագահ Էրդողանը երկրում մեծ աջակցություն է վայելում, պարզ դարձավ նաև 2016թ-ի հուլիսին կայացած հեղաշրջման փորձի ձախողումից: Հեղաշրջման անհաջողության գլխավոր պատճառներից էր նաև Էրդողանին սատարող ժողովրդական հսկա զանգվածների արագ մոբիլիզացիան[xxvii]: Էրդողանը կարողացավ գրագետ օգտագործել իրեն հավատարիմ ուժերի ողջ պոտենցիալը` դեպքերի զարգացման առաջին իսկ ժամերից քաղաքացիներին կոչ անելով գրավել հանրային տարածքներն ու չթողնել զինվորականներին երկրում հաստատել իրենց իշխանությունը[xxviii]: Իշխանությունը ժողովրդի մոբիլիզացման համար ընտրեց «տեր կանգնել ժողովրդավարությանը» կարգախոսը, որն ունեցավ իր հաջողությունը:
2017թ-ի ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հանրաքվե, որին երկրի բնակչության 51.3%-ը պատասխանեց այո, իսկ 48.3%-ը`ոչ[xxix]: Սահմանադրական փոփոխությամբ երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից անցում կատարեց նախագահականի: Արդեն ապրիլի 18-ին նախագահ Էրդողանը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրության մասին[xxx]: Դեռևս 2016թ-ի հեղաշրջման փորձից հետո երկրում հաստատված «արտակարգ իրավիճակի» պայմաններում[xxxi] 2018թ-ի հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ[xxxii]: «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձայների գրեթե 53%-ը ստանալով, վերընտրվեց նախագահի պաշտոնում:[xxxiii]
Թուրքիայում խարիզմատիկ առաջնորդությունը, անհատի պաշտամունքը արմատավորված երևույթներ են: Այն նաև թուրք ժողովրդի՝ կայսերապետական համակարգում երկար գտնվելու արդյունք է: Իսկ արդեն Աթաթուրքից հետո թուրք ժողովուրդը մշտապես իր համար «հայր» է փնտրում:
Հղումներ
[i] Խարիզմա բառի ստուգաբանություն/ ArmDik.com
http://www.armdict.com/dictionary/foreign-languages/%D4%BD%D4%B1%D5%90%D4%BB%D4%B6%D5%84%D4%B1
[ii] Վ. Գեղամյան, «Խարիզմատիկ առաջնորդություն»/ Բուն TV-26.10.2017
http://boon.am/varujangeghamyan/
[iii] Վ. Գեղամյան, «Սոցիալ-մշակութային դինամիկան Թուրքիայում Ի. Ինոնյուի նախագահության շրջանում», Սեղմագիր ⁄ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ 2017⁄ էջ 3: http://etd.asj-oa.am/5916/4/Final-%D5%8D%D5%A5%D5%B2%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80.pdf
[iv] Վ. Գեղամյան, «Սոցիալ-մշակութային դինամիկան Թուրքիայում Ի. Ինոնյուի նախագահության շրջանում» Սեղմագիր ⁄ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ 2017⁄ էջ 3: http://etd.asj-oa.am/5916/4/Final-%D5%8D%D5%A5%D5%B2%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80.pdf
[v] Վ. Գեղամյան, ««Երկրորդ մարդը», Անձի պաշտամունքը և միջկուսակցական պայքարը Թուրքիայում, 1938-1950»: ⁄ Արևելագիտության հարցեր, մաս 10-րդ, ԵՊՀ հրատ., 2015⁄ էջ 79:
http://publications.ysu.am/wp-content/uploads/2015/12/5Varujan_gexamyan.pdf
[vi] Վ. Գեղամյան, «Խարիզմատիկ առաջնորդություն»/Բուն TV-26.10.2017
http://boon.am/varujangeghamyan/
[vii]Վ. Գեղամյան, ««Երկրորդ մարդը», Անձի պաշտամունքը և միջկուսակցական պայքարը Թուրքիայում», 1938-1950: ⁄ Արևելագիտության հարցեր, մաս 10-րդ, ԵՊՀ հրատ., 2015⁄ էջ 94:
[viii] Վարուժան Գեղամյան, «Աթաթուրքի իսկական հետևորդը», Թուրքագիտական պորտալ:
[ix] Ռուբեն Մելքոնյան, «Թուրքիան ավտորիտարիզմի և սադրանքի զուգահեռականներում»: ⁄«Անդին» գրական-մշակութային ամսագիր ⁄ 2016
[x] Ռուբեն Մելքոնյան, «Թուրքիան ավտորիտարիզմի և սադրանքի զուգահեռականներում»: ⁄«Անդին» գրական-մշակութային ամսագիր ⁄ 2016
[xi] “Kasımpaşa Tüneli açılış Töreni”,« Türkie» թերթ, 27.01.2018 http://www.turkiyegazetesi.com.tr/ekonomi/539502.aspx
[xii]«Ով է Էրդողանը», «ՍիվիլՆեթ» լրատվականի «Թուրքիան ինչպես որ կա» հաղորդում, փորձագետ Ալին Օզինյանի հետ լրագրող Թաթուլ Հակոբյանի հարցազրույցը: 03.07.2014 https://www.youtube.com/watch?v=3fdQBPdGMHU&t=797s
[xiii] «Ով է Էրդողանը», «ՍիվիլՆեթ» լրատվականի «Թուրքիան ինչպես որ կա» հաղորդում, փորձագետ Ալին Օզինյանի հետ լրագրող Թաթուլ Հակոբյանի հարցազրույցը: 03.07.2014 https://www.youtube.com/watch?v=3fdQBPdGMHU&t=797s
[xiv]“Imam Hatip okullarının sayısı arttı, öğrenci sayısı düştü”, Sputnik Türkiye, 12.11.2017 https://tr.sputniknews.com/turkiye/201711121030965365-imam-hatip-okul-ogrenci-sayisi/
[xv]” Abbas welcomed at Turkish presidential palace by Erdogan and 16 warriors”, The Guardian: 12.01. 2015
https://www.theguardian.com/world/2015/jan/12/abbas-erdogan-16-warriors-turkish-presidential-palace
[xvi]“Analysis: Erdogan’s “Ottoman” Ceremonial Welcome Of Abbas Reflects His Regional Ambitions”,The Tower, 01.13.15:
[xvii] “Abbas welcomed at Turkish presidential palace by Erdogan and 16 warriors”, The Guardian: 12.01.2015
https://www.theguardian.com/world/2015/jan/12/abbas-erdogan-16-warriors-turkish-presidential-palace
[xviii] “Analysis: Erdogan’s “Ottoman” Ceremonial Welcome Of Abbas Reflects His Regional Ambitions”,The Tower, 01.13.15:
[xix] “ekşisözlük” բառարան/16 türk devleti
https://eksisozluk.com/16-turk-devleti”1516791
[xx] Başbakan Recep Tayyip Erdoğan’dan Sarkozi’e Kanuni Sultan Süleyman’ın Mektubuyla Tavsiye/ Bilgisocialcom/https://www.youtube.com/watch?v=9ejXURM8nT4
[xxi] Başbakan Erdoğan:Biz Kanuni Sultan Süleyman’ın torunlarıyız/ Aktüel Gündem/https://www.youtube.com/watch?v=K9iI7_dmUhE
[xxii]Erdoğan’ın Kemalistleri Yerin Dibine Sokan ABDÜLHAMID konuşması/ SAVUNAN ADAM/https://www.youtube.com/watch?v=xtAobKqs0eA
[xxiii] Sabah./ CUMHURBAŞKANI ERDOĞAN:Abdulham¡d Han dünyanın son evrensel imparatordur.
[xxiv] T.C. BAŞBAKANLIK YATIRIM DESTEK VE TANITIM AJANSI
http://www.invest.gov.tr/tr-TR/investmentguide/investorsguide/Pages/MacroEconomicIndicators.aspx
[xxv]Recep Tayyip Erdoğan Dua Șiiri/Koyun mu Dediniz?/ https://www.youtube.com/watch?v=FKsZGfLdWsQ
Recep Tayyip Erdoğan Șiir okudu herkes agladı/ emre bayram/https://www.youtube.com/watch?v=B2tm6k7Rez0&t=2s
RECEP TAYIIP ERDOĜAN EY OĜUL ȘIIRI/ Seçkin Reçber/ https://www.youtube.com/watch?v=M04x-h_T5ME
[xxvi] ‘’halkı din ve ırk farkı gözeterek kin ve düşmanlığa açıkça tahrik etmek’’
http://www.milliyet.com.tr/1998/04/22/siyaset/siy00.html
[xxvii] Վ. Գեղամյան, «Թուրքիայում կատարված հեղաշրջումը»/Թուրքագիտական պորտալ:
[xxviii] Վ. Գեղամյան, «Թուրքիայում կատարված հեղաշրջումը»/Թուրքագիտական պորտալ:
[xxix]Referanduma katılım oranı arttı/CNN TÜRK/16.04.2017
https://www.cnnturk.com/turkiye/referandum-sonuclari-belli-oldu-iste-katilim-oranlari
[xxx]Erdoğan açıkladı…Erken seçim tarihi belli oldu/ Hürriyet/18.04.2018 http://www.hurriyet.com.tr/gundem/erdogandan-erken-secim-icin-son-dakika-aciklamasi-40809175
[xxxi] OHAL dün gece ilan edildi /Hürriyet/21.07.2016
http://www.hurriyet.com.tr/gundem/son-dakika-haberi-tum-ulkede-ohal-ilan-edildi-40156536
[xxxii] Turkey election: Erdogan wins re-election as president/CNN/ 25.07.2018
https://www.bbc.com/news/world-europe-44596072
[xxxiii] Տե´ս նախորդը:
Գրականություն
Հեղինակ` Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: