Անվտանգության գոտու հիմնահարցը Արցախյան հակամարտության համատեքստում. մաս 1-ին

Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության գերակայություններից է հռչակել Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը, սակայն ակնհայտ է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այսօր նախ և առաջ ունի ազգային անվտանգության նշանակություն, ուստի պատահական չէ, որ այն գտնվում է քաղաքական ու քաղաքագիտական մտքի ուսումնասիրությունների կիզակետում: Հիմնախնդիրը մի շարք առանձին բաղադրիչների համալիր է, որ ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների, արտալղիմյան հողերի, հումանիտար միջանցքի ստեղծման, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման հեռանկարի և այլ հարցեր: Ներկայումս արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունները տարվում են «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում, որոնք ընդհանուր կերպով անդրադառնում են վերոնշյալ բոլոր խնդիրներին, ուստի դրանցից յուրաքանչյուրն ունի համապարփակ ուսումնասիրման կարիք: 

Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել անվտանգության գոտու կարգավիճակի հիմնախնդիրը ողջ 20-րդ դարում և պատճառահետևանքային կապերի հաջորդականությամբ պարզաբանել դրանց շուրջ առկա հակասությունները բանակցությունների ներկայիս փուլում, ինչպես նաև վեր հանել հակադրվող կարծիքների հիմքում ընկած օբյեկտիվ փաստարկումները:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախության հռչակումից ի վեր շրջանառվում են երկու անկախ պետությունների միասնական քաղաքական քարտեզներ, որոնք հաճախ ճիշտ չեն պատկերում ԼՂՀ ներկայիս սահմանները՝ հանրապետության շուրջ ստեղծված «անվտանգության գոտին»՝ արտալղիմյան հողերը, պատկերելով Ադրբեջանի Հանրապետության տարածքում: «Արտալղիմյան հողեր» կամ «անվտանգության գոտի» ասելով նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք 1921 թ. հուլիսի 5-ի դեկրետով անցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն վերջինիս կողմից չեն ներառվել 1923 թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ: Դրանք են՝ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլու Զենգելանի, Ջաբրայիլի շրջանների և Ֆիզուլու ու Աղդամի շրջանների արևմտյան հատվածները, որոնք հայերս հաճախ անվանում ենք «ազատագրված տարածքներ»՝ ի պատասխան հակառակորդի կողմից շրջանառվող «օկուպացված տարածքների»: Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններում կարևոր տեղ ունեն հենց այս շրջանների ապագայի տեսլականի քննարկումները, իսկ «մադրիդյան սկզբունքները» ուղղակիորեն ենթադրում են դրանց մի մասի հանձնումը Ադրբեջանին և միայն ԼՂՀ-ՀՀ կապող միջանցքի ստեղծումը այդ «անվտանգության գոտու» մի հատվածում: Հատկանշական է, որ «հողերի զիջման» հարցի շուրջ կան լուրջ տարաձայնություններ քաղաքական, քաղաքագիտական շրջանակներում և ՀՀ քաղաքացիների շրջանում: Մի մասը հակված է այն տեսակետին, թե ի սկզբանե այդ շրջանների նկատմամբ վերահսկողություն է սահմանվել այն ակնկալիքով, որ բանակցությունների ընթացքում դրանք «կփոխանակվեն» Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչման հետ, և ելնելով պրագմատիզմից ու փոխզիջումային բանակցությունների տրամաբանությունից՝ արցախյան հիմնահարցը վերջնականապես լուծելու համար այդ տարածքները անհրաժեշտ է հանձնել Ադրբեջանին: Այս տեսակետի հակառակորդները ելնում են այն փաստարկումներից, թե այդ շրջանները ոչ միայն պատմականորեն հայկական հողեր են, որ Ադրբեջանի իշխանությունների կամայականությամբ հայաթափվել են և կտրվել ԼՂԻՄ-ից, այլև այսօր ԼՂՀ և ՀՀ սահմանների պաշտպանության համար ունեն ռազմաստրատեգիական կարևորություն: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ անգամ այդ շրջանների զիջման դեպքում Լեռնային Ղարաբաղի ապագան հնարավոր է միայն ԱՀ սահմաններում:

Իրականում անվտանգության գոտու հիմնահարցի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է հակամարտությունը դիտարկել ոչ թե 1980-ական թթ.-ից, այլ 1910-ական թթ. տարածաշրջանում ստեղծված իրավիճակից. 20-րդ դարի ընթացքում այդ հողերի կարգավիճակի ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալու խնդրի էությունը և կատարելու տրամաբանված եզրահանգումներ՝ կապված 21-րդ դարում դրանց հետագա ճակատագրի հետ: Այսպիսով՝ անդրադարձը անվտանգության գոտուն հնարավորություն է տալիս հասկանալ արցախյան հակամարտության կարևորագույն խնդիրներից մեկը, որի շուրջ առկա տարաձայնությունները հաճախ դառնում են փոխզիջումային տարբերակների որոնման լուրջ խոչընդոտներ:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծումը

Ներկայիս Լեռնային Ղարաբաղի տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Արցախ (Առան) աշխարհի միջնամասը՝ Սյունիքից Կուր ընկած հատվածը: Թեպետ 16-18-րդ դդ. հյուսիսից Արցախ են ներխուժել թուրքական քոչվոր ցեղեր, սակայն Արցախի (Խամսայի) մելիքությունները[i] երկար ժամանակ շարունակել են իրենց ինքնուրույնությունը: 19-րդ դարում Գյուլիստանի, ապա Թուրքմենչայի պայմանագրերով հաստատվեց Արցախի անցումը Ռուսաստանին: Ցարական Ռուսաստանում 19-րդ դարում անցկացված վարչական ռեֆորմների արդյունքում Ղարաբաղը մտցվեց Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ, ընդ որում՝ Գյուլիստանը մտցվեց Ելիզավետպոլի գավառ, Ջրաբերդը՝ Ջևանշիրի, Վարանդան և Խաչենը՝ Շուշիի, Դիզակը՝ Շուշիի և Կարյագինոյի գավառներ: Ընհանուր առմամբ՝ պատմաաշխարհագրական առումով 1917 թ. Ղարաբաղն ընդգրկում էր Ելիզավետպոլի, Ղազախի, Շուշիի, Կարյագինոյի և Ջևանշիրի գավառները, որտեղ հայերը կազմում էին ընդհանուր բնակչության 75.46 %-ը: Այս իրադրությունը Ղարաբաղում պահպանվեց մինչև 1917 թ.՝ Փետրվարյան, ապա Հոկտեմբերյան հեղափոխությունները: Հետագա իրադարձությունները հանգեցրին Արցախում իշխանությունների անընդհատ փոփոխության, սակայն Ղարաբաղը դիտարկվում էր արտալղիմյան հողերի հետ միասնության մեջ:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արցախահայության համար գերակա էր բուն Հայաստանից մեկուսանալու վտանգը, թուրք-մուսավաթական հարձակումներին դիմակայելը և տեղական կառավարման մարմինների ստեղծումը: 1918 թ. մայիսին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության լուծարումով ու երեք հանրապետությունների անկախության հռչակմամբ սկսվեց տարածքային սուր պայքար նորանկախ պետությունների միջև: Ղարաբաղը դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների հակամարտության թիրախը: 1918 թ. դրությամբ Ղարաբաղի սահմանների մասին պատկերացում կազմելու համար անդրադառնանք հուլիսի 10-ին Թիֆլիսում Ղարաբաղի հայրենակցական միության կազմած տեղեկանքին, համաձայն որի՝ Ղարաբաղը իր մեջ ներառում էր Ելիզավետպոլի, Ջևանշիրի, Շուշիի, Կարյագինոյի և Զանգեզուրի լեռնային շրջանները: Մուդրոսի զինադադարից հետո երկրամասում հաստատվում են Անգլիայի դիրքերը: Վերջինիս ստեղծած գեներալ-նահանգապետությունը իր մեջ ներառում էր Զանգեզուրի, Շուշիի, Ջևանշիրի և Կարյագինոյի (Ջաբրայիլի) գավառները: 1919 թ. փետրվարի 10-ին Շուշիում տեղի ունեցած Ղարաբաղի հայության 4-րդ համագումարում ընդունվում է Ղարաբաղի ժամանակավոր կառավարման նախագիծը, որում մասնավորապես նշված էր. «Հայկական Ղարաբաղ են կոչվում Շուշիի, Կարյագինոյի, Ջիվանշիրի (Ջրաբերդ) և Ելիզավետպոլի (Գյուլիստան) գավառների լեռնային գոտիները»:

1920 թ. ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացմամբ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներն ավելի են սաստկանում, իսկ Հայաստանի խորհրդայնացմամբ վերսկսվում է Ղարաբաղի համար հայ-ադրբեջանական պայքարը:

Քանի դեռ Զանգեզուրն անկախ էր, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը ուրվագծվում էր հօգուտ Հայաստանի: ՌԿԿ Կովկասյան բյուրոյի հունիսի 3-ի որոշմամբ հանձնարարվել էր հայտարարել «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելության մասին»: Հարցը քննարկման է դրվում ՌԿԿ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 4-ի նիստում, որտեղ որոշում է կայացվում Ղարաբաղի լեռնային մասը միացնել Հայաստանին և այնտեղ հանրաքվե անցկացնել: Որոշմանը դեմ է արտահայտվում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Նարիմանովը, ինչի արդյունքում հարցի քննարկումը տեղափոխվում է ՌԿԿ կենտկոմ: Հուլիսի 5-ին որոշվում է Լեռնային Ղարաբաղը ներառել Ադրբեջանական ԽՍՀ կազմում՝ վերջինիս լայն մարզային ինքնավարություն տրամադրելու պայմանով, իսկ ինքնավար մարզի սահմանների որոշումը հանձնարարվում է Ադրբեջանի կենտկոմին:

Սակայն ադրբեջանական իշխանությունները երկու տարի շարունակ հետաձգում էին ինքնավար մարզի ստեղծման աշխատանքները: Այդ ընթացքում լուրջ հակասություններ կային Լեռնային ու Դաշտային Ղարաբաղի հայ ու իսլամադավան բնակիչների միջև, կենտրոնին ուղարկված նամակներից պարզ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունները դժվարանում էին կարգուկանոն հաստատել, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պարբերաբար բողոքում էին իշխող կարգերից՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղը միացնել Հայկական ԽՍՀ-ին: Իր հերթին Հայաստանի իշխանությունները դիմումներ էին հղում Անդրերկոմին, որպեսզի վերջինս Ադրբեջանից  պահանջի իրականացնել ինքնավար մարզի ստեղծումը: Հակասություններ կային կապված ստեղծվելիք ինքնավար մարզի սահմանների հետ: Հայաստանից առաջարկում էին առանձնացնել հայաբնակ շրջանները՝ սահմանների հարցը լուծելով էթնիկ հիմքի վրա: Սակայն ադրբեջանական իշխանությունները, սահմանների հարցը որոշելով, լուծում էին նաև այլ խնդիրներ: Նախատեսվում էր Շուշի քաղաքը մտցնել Լեռնային Ղարաբաղի կազմի մեջ, իսկ Դաշտային Ղարաբաղից կազմավորել երկու շրջան, քրդերով բնակեցված տարածքներից՝ Քուրդիստանական շրջան: Արդյունքում Ադրբեջանի կենտգործկոմի՝ 1923 թ. հուլիսի 7-ի դեկրետով Ղարաբաղը բաժանվում է երեք մասի՝ Լեռնային Ղարաբաղ՝ Խանքենդի (Ստեփանակերտ) կենտրոնով, Ցածրադիր Ղարաբաղ և Քուրդիստան: Ադրբեջանական իշխանությունները մտադրված Լեռնային Ղարաբաղը կտրեցին Հայաստանից՝ նրանց միջև ստեղծելով, այսպես կոչված, «Կարմիր Քուրդիստան»: Ղարաբաղի ցածրադիր վայրերից ձևավորեցին Աղդամի և Ջաբրայիլի գավառները:

«Կարմիր Քուրդիստանի» ստեղծման գաղափարը հիմք դարձավ, որպեսզի Լեռնային Ղարաբաղից անջատվեն Դաշքեսանը (Քարհատ), Քելբաջարը (Քարվաճառ), Շահումյանը և Խանլարը (պատմական Գյուլիստան), Կուբաթլին, Զանգելանը, Ֆիզուլին, Հորադիզը և այլ տարածքներ (որոշ շրջաններում հայերը մեծամասնություն էին կազմում), իսկ Լաչինի (Բերձոր) անջատմամբ հայաբնակ ինքնավար մարզը զրկվում էր Հայաստանի հետ ցամաքային հաղորդակցությունից: Արցախյան պատերազմի տարիներին հակառակորդը օգտագործել է Լեռնային Ղարաբաղից անջատված հենց այս շրջանները՝ գնդակոծելու հայկական գյուղերը և իրականացնելու Արցախի մեկուսացումը:

Փաստորեն, արտալղիմյան հողերը 1923 թ. հուլիսի 7-ի դրությամբ եղել են Լեռնային Ղարաբաղի անքակտելի մասը և միայն ադրբեջանական իշխանությունների համառ ջանքերով են առանձնացվել և դրվել կենտրոնական իշխանության ենթակայության տակ՝ նպատակ ունենալով կտրել Արցախի հայաբնակ շրջանները Հայաստանից՝ մեղմելու արցախահայության ձգտումը՝ միանալ հայրենիքին:

Հաջորդ վերլուծություններում կներկայացնենք անվտանգության գոտու հիմնահարցը 1991-1994 թթ. պատերազմի տարիներին, ընթացող բանակցությունների համատեքստում, ինչպես նաև կվերլուծենք հողերի կարևորությունը Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի համար:


[i] Գյուլիստանի (նախկին Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի և Խանլարի շրջանները), Ջրաբերդի (ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային և կենտրոնական հատվածներ), Վարանդայի (ԼՂՀ Ասկերանի, Շուշիի և Մարտունու շրջաններ), Խաչենի (ԼՂՀ կենտրոնական շրջանները) և Դիզակի (Հադրութի, Ֆիզուլու, Զանգելանի շրջանները մինչև Արաքս գետ) մելիքություններ:

Օգտագործած գրականության ցանկ

  1. Ա. Ղարիբյան, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը 1918-1920 թթ. և Մեծ Բրիտանիան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012 թ.
  2. Ա. Վիրաբյան, Լեռնային Ղարաբաղի սահմանների հիմնահարցը 1917-1923 թթ., «ԼՂՀ անցյալը, ներկան և ապագան» միջազգային գիտաժողով, Երևան, 2007 թ.
  3. Բ. Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997 թ.
  4. Խ. Գալստյան, Քաղաքական բանակցություններ. տեսություն և պրակտիկա, Երևան, 2007 թ.
  5. «Հայոց պատմություն», դասագիրք ուսումնական հաստատությունների համար, Հր. Ռ. Սիմոնյանի խմբագրությամբ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012 թ.
  6. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994 թթ.), հանրագիտարան, Երևան, 2004 թ.
  7. Ал. Манасян, Карабахский конфликт: ключевые понятия и хроника, Ереван, 2005 г.
  8. В. Микаелян, Нагорный Карабах в 1918-1923 гг., Сборник документов и материалов , Ереван, 1992 г.
  9. Кавказский календарь на 1917 год, Тифлис, 1916 г.
  10. Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарий / Сост., отв. ред., авт. вступ. ст. и коммент. д. ю. н., проф. Ю.Г. Барсегов, Москва, КРУГЪ, 2008. – Т. 1.
  11. С. Золян, Нагорный Карабах: проблема и конфликт, http://armenianhouse.org/zolyan/nf-ru/karabakh/6.html
  12. Ali Abasov, Haroutiun Khachatrian, The Karabakh Conflict, Variants of Settlement: Concepts and Reality, Baku-Yerevan, 2006, http://www.ca-c.org/dataeng/books/book-1/Abaso_Khachatrian.pdf
  13. Shahen Avakian, Nagorno Karabagh: Legal Aspects, Yerevan, 2013
  14. ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջ՝ president.az
  15. Արմեդիա՝ http://armedia.am/
  16. ԵԱՀԿ պաշտոնական կայքէջ՝ http://www.osce.org/
  17. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կայքէջ՝ http://www.europeanintegration.am/
  18. ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ՝ http://www.nkr.am/
  19. ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջ՝ http://mfa.am/hy/
  20. ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջ ՝ http://www.president.am/
  21. ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջ՝ http://www.un.org/
  22. Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան՝ https://hy.wikipedia.org/
  23. “Conciliation Resources” NGO web page ` http://www.c-r.org/
  24. az օնլայն թերթ՝ http://www.day.az/
  25. Radio Free Europe, Radio Liberty` http://www.rferl.org/


Հեղինակ՝ Վիկտորյա Այդինյան (Viktorya Aydinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

  1. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 2֊րդ
  2. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 3֊րդ
  3. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 4֊րդ