Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում. մաս 4-րդ

Քառօրյա պատերազմի դասերը

Ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց թե՛ քաղաքական ու ռազմական էլիտային, թե՛ քաղաքացիներին վերաիմաստավորել իրենց դիրքորոշումը արցախյան հակամարտության լուծման հեռանկարի առնչությամբ: Այն հստակեցրեց հակամարտության տարբեր խնդիրների շուրջ առկա անորոշությունները և ապացուցեց, որ հակամարտության այս փուլում այլևս ժամանակը չէ առաջնորդվել քաղաքական բանակցությունների փոխզիջումային տրամաբանությունից բխող ֆորմալիստական ձևակերպումներով:

Արցախյան հիմնախնդրի բանակցություններում հայկական կողմը մշտապես հանդես է եկել փոխզիջման պատրաստ դիրքորոշմամբ՝ հանուն խաղաղության՝ ի հակադրություն ադրբեջանական ագրեսիայի և ցանկացած փոխզիջում բացառող հռետորաբանության: Հայկական դիվանագիտության նման դիրքավորումը պայմանավորված էր միջազգային հանրությանը և «քաղաքակիրթ» աշխարհին դրական իմիջով ներկայանալու անհրաժեշտությամբ: Սակայն վերջին զարգացումները պետք է վերացրած լինեն այն մտայնությունը, թե միջազգային կառույցները կարևորում են այն հանգամանքը, թե որ կողմն է պատերազմը հրահրողը կամ բանակցային գործընթացը տապալողը. միևնույն է՝ կոչերն ուղղված են լինելու երկու կողմերին էլ՝ դադարեցնելու պատերազմական գործողությունները՝ առանց մեղավորին պատժելու կամ գոնե մատնանշելու: Դեռ ավելին՝ պարզաբանվեց այն հանգամանքը, որ Մինսկի խմբի մանդատի մեջ չի մտնում հետաքննություն անցկացնելը՝ պարզելու, թե որ կողմն է հրահրում ռազմական բախումները1: Այս պարագայում հայկական կողմը ևս պետք է փոխի իր պաշտոնական դիրքորոշումը և հռետորաբանությունը նախագահի և արտաքին գործերի նախարարի մակարդակում, քանի որ ռեալպոլիտիկն ապացուցում է, որ շահեկան դիրքերում է հայտնվում ոչ թե դրական լույսի ներքո անմեղսունակ ներկայացող պետությունը, այլ իր շահերին հետամուտ եղող և ներուժ ունեցող խաղացողը: Այս պարագայում պատահական չէ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխանը լրագրողի հարցին. «Այս իրականության մեջ մի թիզ անգամ հողի զիջման մասին խոսք անգամ չի կարող գնալ»:

Հեռանալով հիմնախնդրի դեկլարատիվ կողմից և հաշվի առնելով պատերազմի դասերը՝ ի վերջո, անհրաժեշտ է հասկանալ մեր դիրքորոշման վերափոխման անհրաժեշտությունը: Հարցը դիտարկենք խաղերի տեսության շրջանակում՝ բանտարկյալի դիլեմայի ձևափոխված տարբերակով, որը շեշտադրումը կատարում է խաղացողների միջև առկա վստահության վրա, ինչը բացակայում է հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Հայկական կողմը արտալղիմյան հողերի հանձնումն Ադրբեջանին դիտարկել է որպես փոխզիջում Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչման դիմաց: Մոդելավորենք բանակցությունները հայկական կողմի պատկերացմամբ:

Խաղացող 1՝ Հայաստան, Խաղացող 2՝ Ադրբեջան

[table width =”100%” style =” table-hover” responsive =”false”]
[table_body]
[table_row]
[row_column][/row_column]
[row_column]Վստահություն (զիջում)[/row_column]
[row_column]Անվստահություն (հրաժարում զիջումից)[/row_column]
[/table_row]
[table_row]
[row_column]Վստահություն (զիջում)[/row_column]
[row_column]

  1.  ԼՂՀ ճանաչում Ադրբեջանի կողմից
  2. Արտալղիմյան հողեր

[/row_column]
[row_column]

  1.  Արտալղիմյան հողեր
  2. 0

[/row_column]
[/table_row]
[table_row]
[row_column]Անվստահություն (հրաժարում զիջումից)[/row_column]
[row_column]

  1.  0
  2. Արտալղիմյան հողեր

[/row_column]
[row_column]

  1. Արտալղիմյան հողեր
  2. 0

[/row_column]
[/table_row]
[/table_body]
[/table]

Հիպոթետիկ ձևով պատկերացնենք, թե Ադրբեջանը համաձայնում է խնդրի հանգուցալուծմանը առաջին տարբերակով: Ի՞նչ կտա մեզ Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Արդյո՞ք ԼՂՀ-ն կդառնա միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, կամ էլ Ադրբեջանի կողմից ճանաչմանը կհետևե՞ն այլ պետություններ: Նախ՝ ԼՂՀ-ն արդեն դե ֆակտո կայացել է որպես պետություն՝ Մոնտեվիդեոյի կոնվենցիայի սահմանած չափանիշներին համապատասխան (միայն սահմանված տարածքի մասով որոշակի վերապահությամբ): Բացի այդ՝ ըստ այդ նույն կոնվենցիայի Հոդված 3-ի՝ «պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից նրա ճանաչումից»: Ի դեպ՝ ԱՄՆ-ի, ՄԲ-ի, Գերմանիայի և ևս 105 պետությունների կողմից ճանաչված Կոսովոն ճանաչված չէ Սերբիայի կողմից: Միջազգային հարաբերություններում պետության ներուժն է ծնում իրավունք, ուստի եթե ցանկանում ենք հասնել ԼՂՀ ճանաչմանը, պետք է աշխատենք սեփական պետության կենսունակության և կարևորության բարձրացման վրա: Խնդրի հանգուցալուծման այս տարբերակը ավելի շատ նման է 0-ական գումարով խաղի, քանի որ Ադրբեջանին մենք զիջելու ենք դե ֆակտո ԼՂՀ մաս կազմող հողեր, իսկ Ադրբեջանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը, ինչը փաստացի մենք արդեն ունենք: Բարեբախտաբար թե դժբախտաբար, այս տարբերակը իրատեսական չէ:

Միանգամից պետք է բացառել նաև լուծման երկրորդ տարբերակը, թե Ադրբեջանը բանակցային ճանապարհով կհամաձայնի գնալ զիջման՝ արտալղիմյան հողերը դիտարկելով որպես ԼՂ-ի մաս:

Մեր կողմից անվտանգության գոտու հանձնմանը համաձայնելը հավասարազոր կլինի հիմնախնդրի լուծման երրորդ տարբերակին: Ենթադրենք՝ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում անվտանգության գոտին և սպասում վերջինիս կողմից փոխզիջմանը: Արդյո՞ք Ադրբեջանը բանակցային այնպիսի կողմ է, որին կարելի է վստահել. քառօրյա պատերազմի ժամանակ վերջինիս կողմից հայտարարված միակողմանի հրադադարի կեղծ լուրերը վերահաստատեցին, որ՝ ոչ: Կա՞ արդյոք երաշխիք, որ վերջինիս կողմից չեն սկսվի հրետակոծվել նախկին ԼՂԻՄ տարածքները. ո՛չ: Հնարավո՞ր է, որ այս փոխզիջումից հետո Ադրբեջանը դադարեցնի գոնե Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանը գնդակոծել. հավանականությունը քիչ է: Ստացվում է, որ առաջինը զիջման գնալու դեպքում խաղը մեզ համար դարձյալ կավարտվի 0-ական գումարով (երրորդ տարբերակ): Ըստ էության՝ ադրբեջանական կողմը հատկապես վերջին տարիներին երբեք չի դիտարկել Արցախի կարգավիճակն իր տարածքներից դուրս: Սրա ապացույցն են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները (օր.՝ տե՛ս Ալիևի հայտարարությունը), ատելություն սերմանող և պատերազմով սպառնացող հռետորաբանությունը (օր.՝ տե՛ս «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ստեղծած ժողովածուն): Փաստորեն, Ադրբեջանում բացառում են այնպիսի լուծում, որը Արցախը չի դիտարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիմքով: Այսինքն՝ այս տարբերակը ևս պետք է բացառել:

Չորրորդ տարբերակը՝ երկու կողմերի փոխադարձ անվստահություն. համապատասխանում է ներկայիս իրավիճակին, որը թեպետ երկարաժամկետ հեռանկարով լուծում չէ, սակայն մեզ ձեռնտու միակ ընդունելի տարբերակն է այսօր: Ընդ որում՝ ստատուս քվոն իրապես կարող է խախտվել, երբ խախտվի ուժերի հավասարակշռությունը, այսինքն՝ կողմերից մեկը վստահ լինի, որ պատերազմի դեպքում լիովին կջախջախի դիմացինին: Այս պարագայում կարևորվում է պետության ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և դեմոգրաֆիական ներուժը՝ պայմանավորված այդ ոլորտների փոխկապվածությամբ:

Անհրաժեշտ է հասկանալ նաև արտալղիմյան հողերի կարևորությունը ողջ ԼՂՀ, նաև ՀՀ համար: Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների արդյունքում հայկական վերահսկողության հաստատումը արտալղիմյան հողերում ուներ նախ և առաջ ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ միայն այդ կերպ էր հնարավոր ապահովել հայկական մի շարք շրջանների անվտանգությունը՝ պայմանավորված այդ շրջանների բարձրադիր դիրքով: Պատահական չէ, որ մինչև հայկական ուժերի կողմից արտալղիմյան հողերի ազատագրումը ադրբեջանցիները հրետակոծում էին հայկական շրջանները հենց այդ դիրքերից, օրինակ՝ Աղդամից հրետակոծվում էին Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի ու հարակից շրջանների հայկական բնակավայրերը, հարավային շրջաններից նշանառության տակ էր վերցվում Սյունիքը: Փաստորեն, արտալղիմյան հողերն առաջին հերթին բնական պատնեշ են: Բացի այդ՝ հողերի հանձնմամբ մեծանում է հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը, փոքրանում է Իրանի հետ սահմանը, ինչը նոր դժվարություններ կառաջացնի ոչ միայն ԼՂՀ, այլև ողջ Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Պատահական չեն արտալղիմյան հողերը անվանվում անվտանգության գոտի: Տարիներ շարունակ հենց այդ շրջանների բարենպաստ դիրքի շնորհիվ է մեր բանակը կարողացել հավասարակշռել Ադրբեջանի ռազմական ծախսերը: Հատկապես քառօրյա պատերազմից հետո շատ է խոսվել ռազմավարական տեսանկյունից այդ շրջանների կարևորության մասին. սա այլևս ապացուցման կարիք չունեցող փաստ է:

Մեծ է նաև այդ հողերի տնտեսական նշանակությունը Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ 22 տարիների ընթացքում դրանք տնտեսապես ինտեգրվել են մեկ միասնական համակարգի մեջ: Միայն այդ շրջանների ջրային ռեսուրսների դիտարկումը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել դրանց՝ ողջ ԼՂ տնտեսության համար ունեցած կարևորության մասին: Տնտեսական առումով բարեբեր են հատկապես հարավային շրջանի հողերը:

Պակաս կարևոր չէ արտալղիմյան հողերի մշակութային ժառանգության խնդիրը: Ծանոթ լինելով ադրբեջանական իշխանությունների կողմից մշակութային ջարդի դեպքերին՝ Ջուղայի խաչքարերի օրինակով, անհրաժեշտ է գիտակցել, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ նաև Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Դադիվանքի վանական համալիրը և տասնյակ պատմամշակութային հուշարձաններ:

Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական գործոններին, ապա շատ հաճախ ներկայիս քաղաքական միտքը դրանք ստորադասում է ռեալպոլիտիկին ու փնտրում հակամարտությունների կարգավորման ավելի պրագմատիկ լուծումներ, սակայն չպետք է մոռանալ, որ արցախյան հաղթանակը մեր արդի պատմության ամենագլխավոր դրվագն է, որը հնարավորություն տվեց ձերբազատվել ազգային թերարժեքության և ցեղասպանված լինելու բարդույթներից, այն բարձրացրեց ազգային ինքնագիտակցության մակարդակը և երկար տարիների ընդմիջումից հետո միավորեց համայն հայությանը հայրենիքի գաղափարի շուրջ, քանի որ ազգային ինքնագիտակցության մեջ մտնում են նաև ազգային, էթնոգենետիկ տարածքի մասին պատկերացումները: Հաղթանակը ձեռք է բերվել բազմաթիվ հայերի կյանքի գնով, այդ շրջաններից յուրաքանչյուրի ազատագրման պատմությունը կապված է հերոսական որևէ դրվագի, բազմաթիվ հայ մարտիկների անվան հետ: Թեպետ սենտիմենտներից զուրկ չէ այն արտահայտությունը, թե հողը սրբագործվել է բազմաթիվ հայերի արյամբ, սակայն հենց այդ նույն սենտիմենտներն են անգամ 21-րդ դարում որոշում հասարակական գիտակցության կարևոր շերտերը: Ուստի՝ առանց երաշխիքների ցանկացած զիջումը դիտվում է իբրև հաղթած կողմի պարտություն:

Մյուս կարևոր հանգամանքը, որ, ցավոք, անտեսված է բանակցային գործընթացում, արդարության վերականգնման անհրաժեշտությունն է: Վերլուծության առաջին մասում փորձել ենք հիմնավորել, որ այդ 7 շրջանները միտումնավոր կերպով առանձնացվել են ստեղծվելիք ԼՂԻՄ-ից, ապա խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները անուղղակի կերպով նպաստել են այդ շրջաններում հայերի և ադրբեջանցիների համամասնության փոփոխմանը: Ուստի չպետք է մոռանալ, որ անգամ քաղաքական բանակցություններում փոխզիջման գնալը չպետք է հակասի արդարության սկզբունքին:

Պարզ է դառնում, որ հակամարտության ներկայիս փուլում ադրբեջանական կողմը պատրաստ չէ որևէ փոխզիջման և իր վրա ստանձնելու հիմնախնդիրը վերջնականապես լուծելու պատասխանատվությունը, ինչը նաև դրդված է սեփական իշխանության վերարտադրության ապահովման անհրաժեշտությամբ: Եթե բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանը Հայաստանին ու Արցախին առաջարկում է զրոյական գումարով խաղ՝ միայն Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարության տրամադրում Ադրբեջանի սահմաններում, ապա դա ոչ թե փոխզիջում է, այլ վերադարձ հակամարտության հիմքերին: Այս հանգամանքը պետք է դրդի վերաձևակերպել հայկական կողմի պաշտոնական և պետական-ռազմավարական քաղաքականությունը և դիրքորոշումը արցախյան հակամարտությունում իր առաջարկած փոխզիջումների վերաբերյալ:

Մյուս հանգամանքը, որ կարևոր է արտալղիմյան հողերի հիմնահարցի քննարկումներում, բանակցող կողմերի միջև առկա հարաբերությունների դիտարկումն է: Երկու պետությունների միջև կա ձևավորվող անհանդուրժողականություն, որը ավելի է սաստկանում հատկապես հարևան երկրում՝ իշխանությունների համառ ջանքերի, ատելության դրդող ճառերի, պատերազմի մղող կոչերի շնորհիվ և նաև որպես հետևանք՝ պատերազմում պարտվող կողմ լինելու: Հատկապես վերջին իրադարձությունները ապացուցում են, որ գործնականում այլևս անհնար է հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ կենսագործունեությունը Արցախում, ինչպես նաև այն հանգամանքը, որ անգամ հայերով բնակեցված արտալղիմյան հողերի հանձնումը Ադրբեջանին չի ապահովելու և ոչ մի երաշխիք նրանց անվտանգության և ընդհանրապես՝ ողջ ԼՂ կարգավիճակի որոշման ու ինքնորոշման իրավունքի իրացման առումով: Ուստի հարց է առաջանում, թե արդյոք ներկայիս ստատուս քվոն ամենաշահավետ լուծումը չէ գոնե առաջիկա տասնամյակի համար: Բնականաբար, կոնֆլիկտի լուծումը կողմերի համար միշտ լինում է շահեկան, սակայն միայն դրանցից յուրաքանչյուրի առաջարկած տարբերակով: Այս գաղափարը կարելի է պրոյեկտել նաև արցախյան հակամարտության վրա: Գաղտնիք չէ, որ ներհայաստանյան մի շարք խնդիրներ ցավալիորեն կապում են արցախյան կոնֆլիկտի հետ, ինչը երբեմն խաթարում է ՀՀ քաղաքական և տնտեսական համակարգի դինամիկ զարգացումը, հետևապես՝ մենք կլինեինք ավելի շահեկան դիրքերում, եթե լուծված լիներ ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն փոխզիջման գնալուց առաջ պետք է հաշվարկել, թե արդյոք մեր առաջարկած զիջումները արդարացնելու են իրենց և բերելու են սպասվելիք արդյունքը, արդյոք Ադրբեջանը այն վստահելի բանակցող կողմն է, որի հետ այսօր կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել՝ չվտանգելով արցախահայության ապագան: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայանում է՝ որպես միասնական քաղաքական, տնտեսական, աշխարհագրական համակարգ, որի բաղկացուցիչ մասն են կազմում նաև արտալղիմյան հողերը: Որոշ առումներով՝ վարվում է նաև պետական քաղաքականություն դրանց վերաբնակեցման համար, քանի որ աստիճանաբար ձևավորվում է այն գիտակցությունը, որ այդ շրջանները անհրաժեշտ են ոչ միայն պաշտպանական առումով, այլև ԼՂՀ օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում ենք, որ առնվազն բանակցությունների ներկայիս փուլում արտալղիմյան հողերը չեն կարող և չպետք է զիջվեն Ադրբեջանին:


1 http://www.tert.am/am/news/2016/04/09/igor-popov/1987107


Օգտագործած գրականության ցանկ

  1.  Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջ, http://www.president.az
  2. «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պաշտոնական կայքէջ, http://www.eufoa.am/am
  3. Organization of American States, official page, http://www.oas.org/en/sla/dil/international_law.asp
  4. Shahen Avakian, Nagorno Karabagh: Legal Aspects, Yerevan, 2013
  5. Stanford Encyclopedia of Philosophy, http://plato.stanford.edu/entries/game-theory/#PD
  6. Tert.am
  7. Youtube.com


Հեղինակ՝ Վիկտորյա Այդինյան (Viktorya Aydinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

  1. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 1-ին
  2. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 2֊րդ
  3. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 3֊րդ