Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում. մաս 2-րդ

Արտալղիմյան հողերի ազատագրման հրամայականը ղարաբաղյան պատերազմի տարիներին

ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի որդեգրած «վերակառուցման քաղաքականությունը» վեր է հանում ԽՍՀՄ-ում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական, ազգային խնդիրներ, ինչը խորացնում է առկա ճգնաժամը՝ հանգեցնելով ԽՍՀՄ-ի փլուզմանը:

Արդյունքում միութենական հանրապետությունների տարբեր շրջաններում պայքար է սկսվում ազգային ինքնուրույնության համար, որոնց ԽՍՀՄ ղեկավարները չեն կարողանում  տալ ճիշտ ու արդյունավետ գնահատական՝ փորձելով վերացնել հետևանքները, ոչ թե հակամարտության պատճառները: Նման գործընթաց է սկսվում նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում: Ի սկզբանե արցախահայության պահանջը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալն ու Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկվելն էր, սակայն 1988 թ.-ից սկսած ադրբեջանական կողմի սադրանքները, Սումգայիթի ջարդերը, «Օղակ» օպերացիան լարում մտցրին Հայաստան-Արցախ-Ադրբեջան փոխհարաբերություններում, իսկ արդեն ԽՍՀՄ փլուզումից և պետությունների անկախության հռչակումից հետո Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց՝ Լեռնային Ղարաբաղը ներքաշելով պատերազմի մեջ:

Ներկայացնենք պատերազմի ընթացքում արտալղիմյան հողերի նկատմամբ հայկական ուժերի կողմից վերահսկողության հաստատմանն ուղղված ռազմական գործողությունները և դրանց ձեռնարկման անհրաժեշտությունը:

Բերձոր (Լաչին)

Բերձորի մարդասիրական միջանցքի բացումը պատերազմի ամենակարևոր հաղթանակներից էր, քանի որ դրա շնորհիվ հնարավոր դարձավ ապահովել Գորիս-Լաչին-տեփանակերտ երթևեկությունը՝ ճեղքելով Արցախի շրջափակումը և այն վերջնականապես ցամաքային ուղով կապելով հայրենիքին: Մինչև գործողության իրականացումը ԼՂՀ-ն գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ, դադարեցված էր գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, սնունդ, դեղորայք, ռազմամթերք հնարավոր էր հասցնել միայն օդային տրանսպորտով, սակայն ՀՀ ԱԳՆ մայիսի 18-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին օրերին արցախահայությունը զրկվել էր նաև օդային կապից, ուստի միջանցքի բացումը ուներ կենսական կարևորություն: Ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1992 թ. մայիսի 17-18-ին, երբ Շուշիի ազատագրումից հետո ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները ձեռնարկում են կենսական կարևորություն ունեցող Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի ազատագրումը: Մայիսի 18-ի կեսօրին արդեն Գորիսից Բերձորով Ստեփանակերտ է հասնում առաջին ավտոշարասյունը, որը 4 տարի շարունակ շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը հասցնում է սնունդ, դեղորայք ու այլ անհրաժեշտ պարագաներ: ԼՂՀ ԳԽ-ում արտաքին գործերի ղեկավար Լևոն Մելիք-Շահնազարյանի անունից հրապարակված հայտարարությունում նշվում է. «Մենք ստիպված էինք ջարդել մեզ կաշկանդող շղթաները, չորս տարվա անգութ շրջափակումը, Ադրբեջանի անպատիժ, օրըստօրե անհանգստացնող չարագործությունները և, մանավանդ, աշխարհի մեծերի անտարբերությունը մեզ հուշեցին, որ փրկվելու այլ միջոց չունենք, քան սեփական ուժերի լարումն ու հասցնելիք վճռական հարվածները»: Միջանցքի բացումից հետո Արցախի մի շարք բնակավայրեր փորձեցին վերականգնել իրենց բնականոն կյանքը, որքանով որ դա հնարավոր էր ստեղծված իրավիճակում:

Քարվաճառ (Քելբաջար)

1993 թ.  մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ընթանում էր Քարվաճառի ռազմական գործողությունը, որի նպատակն էր Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերի ոչնչացումը, բռնազավթված բնակավայրերի ազատագրումը և ադրբեջանական բանակի բերձոր-քարվաճառյան խմբավորման ջախջախումը: Քարվաճառի գործողությունը պատասխան էր ադրբեջանցիների՝ Բերձորի մարդասիրական միջանցքի նկատմամբ ձեռնարկած սադրանքներին: Մարտի 27-ին ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ նշվում է, թե ՊՊԿ-ն մարտի 27-ին հանրապետության զինված ուժերին հրամայել է ադրբեջանական բանակի վերսկսած գրոհներից ԼՂ ժողովրդի և սահմանների պաշտպանության ապահովման համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, քանի որ սկսած մարտի 20-ից՝ Ադրբեջանը սաստկացրել է ԼՂՀ-ի դեմ պատերազմը, մարտական գործողություններ նախաձեռնել Մարտակերտի շրջանի, Բերձորի մարդասիրական միջանցքի երկու կողմերում: ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեում նշում էին նաև Քարվաճառի շրջանում հայտնաբերված ադրբեջանական ռազմական քարտեզների մասին, համաձայն որոնց՝ երկու հիմնական հարված էր նախատեսվում Բերձորի և Մարտակերտի ուղղություններով՝ նպատակ ունենալով կտրել Արցախը Հայաստանից և թույլ չտալ բնակչությանը վերադառնալ ազատագրված շրջաններ, ուստի այս շրջանների գրավումը լուծում էր մի շարք մարտավարական հարցեր: Քարվաճառի նկատմամբ վերահսկողության հաստատումը կարևոր էր ոչ միայն դրա ունեցած ստրատեգիական իշխող դիրքի պատճառով, այլ նաև այն հանգամանքով, որ շրջանը կարող էր դառնալ ՀՀ-ն ԼՂՀ-ին կապող հաջորդ կարևոր օղակը:

Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը պարբերաբար դիմում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով դատապարտել Հայաստանի ագրեսիան: Ի վերջո ապրիլի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ը ընդունում է Լեռնային Ղարաբաղին վերաբերող իր առաջին՝ N 822 (1993) բանաձևը, որում հայտնում է իր անհանգստությունը տեղական հայկական ուժերի կողմից Քառվաճառի շրջան ներխուժելու առնչությամբ, պահանջում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և Քարվաճառի ու Ադրբեջանի՝ վերջերս օկուպացված շրջաններից զորքերի դուրսբերում: Այս բանաձևի առնչությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ինչպես ՀՀ իշխանությունները, այնպես էլ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն: ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը նշել է, թե «ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի յուրաքանչյուր տեղաշարժը նպատակ ունի կանխել կամ չեզոքացնել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը ԼՂՀ տարածքի վրա»:

Ակնա (Աղդամ)

Ակնայի ռազմական հենակետի վնասազերծման ռազմական գործողությունները տեղի են  ունեցել 1993 թ. հուլիսի 4-24-ն ընկած ժամանակահատվածում: Պատերազմի տարիներին Ակնան, որ գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ դեպի արևելք, դարձել էր թշնամու ռազմավարական հենակետերից մեկը, ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը Ակնայից հրետակոծում էր Ասկերանի և Մարտակերտի, Ստեփանակերտի ու հարակից շրջանների հայկական բնակավայրերը: Ուստի, Ակնայի վրա վերահսկողություն հաստատելով՝ ԻՊՈւ զորամասերը կստանային հակառակորդին դիմագրավելու արդյունավետ հնարավորություն: Ռազմական գործողությունները սկսվել են հուլիսի 4-ին և ընթացել փոփոխական հաջողություններով: Հուլիսի 4-ին Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Սուրաթ Հուսեյնովը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում այդ առնչությամբ, իսկ Հեյդար Ալիևը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազանգի ժամանակ նրան խնդրում է կարգավորել դրությունը, ինչին ի պատասխան՝ ՀՀ նախագահից մերժում է ստանում այն պատճառաբանությամբ, թե վերջինս այլևս չի կառավարում ԼՂ զորքերը: Օպերացիայի ընթացքում հայ մարտիկներին հաջողվում է լռեցնել հակառակորդի կրակակետը, ինչից հետո նրանք ձեռնարկում են նաև Ակնայում տեղակայված և Ստեփանակերտին անմիջականորեն սպառնացող ռազմակայանի վնասազերծումը: Հարավից՝ Մարտունիի պաշտպանական շրջանի, հարավ-արևմուտքից՝ Ասկերանի, հյուսիս-արևմուտքից՝ ՊԲ մյուս ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները ավարտվել են հուլիսի 23-ին, ինչի արդյունքում Ակնան առնվել է հայկական ուժերի վերահսկողության տակ: Քանի դեռ Ակնան գտնվում էր հակառակորդի վերահսկողության տակ, մեծ էր Ստեփանակերտի և հարակից գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների սպառնալիքը: Ռազմական գործողության ընթացքում ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Բաբուրյանը նշում էր, թե հայ ինքնապաշտպանները պատասխան հարվածներ են հասցնում ադրբեջանական օդուժի ու ծանր զինատեսակների կիրառության դեմ, ուստի ձեռնարկվող գործողությունները անհրաժեշտություն էին և լուծում էին հայ բնակչության անվտանգության հարցը:

Ակնայի գործողությունից հետո Հեյդար Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ նախագահողին հղած ուղերձում նշում է. «հուլիսի 24-ին հայ ագրեսորները զավթել են Ադրբեջանի տարածքի 17 տոկոսը: Նրանք գրավել են ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Լաչինի և Քելբաջարի շրջանները, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Ղազախի, Ֆիզուլու, Զանգելանի և Աղդամի շրջանների 503 բնակավայրեր»: Այս գործողությունը դժկամությամբ ընդունվեց ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը նշեց, թե հայերի կողմից Ակնայի գրավումը չի կարող արդարացվել՝ որպես ինքնապաշտպանության նպատակով արված քայլ: Մինչդեռ անհերքելի է, որ Ակնայի ռազմական գործողությամբ չեզոքացվեց հայկական որոշ շրջանների հրետակոծությունը, ինչպես նաև հակառակորդին հասցվեց զգալի ռազմական և բարոյահոգեբանական հարված: Ինչպես վկայում է Բագրատ Ուլուբաբյանը. «Աղդամի անկումը ճակատագրական դեր ունեցավ հակամարտության գոտում. նրանից հետո ադրբեջանական կողմը հիմնականում դատում էր մայոր Սադըխ Մամեդովի պես («Եթե հայերն ուզենան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը»)»: Ակնայի գործողությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչեց ԼՂՀ իշխանություններին՝ որպես հակամարտող կողմ: Օպերացիայի շնորհիվ խաթարվեց նաև ԼՂՀ հարավային և արևելյան սահմանների երկայնքով հակառակորդի խմբավորումների գործունեությունը և թիկունքային ապահովումը: Պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը հուլիսի 23-ին դիմում է ԼՂՀ իշխանություններին՝ կրակի դադարեցման խնդրանքով, սակայն, ի հեճուկս պայմանավորվածությունների՝ Ադրբեջանը հրաժարվում է իր ստանձնած պարտավորությունները կատարելուց:  Այս առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ը  հուլիսի 29-ին ընդունում է N 853 (1993) բանաձևը, որում դատապարտում է Աղդամի և Ադրբեջանի Հանրապետության այլ տարածքների գրավումը և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները և հակամարտությանը մասնակցող զավթիչ ուժերը անհապաղ, լրիվ և անվերապահորեն դուրս բերել Ակնայի շրջանից և Ադրբեջանի Հանրապետության՝ վերջերս բռնազավթված մյուս բոլոր շրջաններից:

Վարանդա (Ֆիզուլի),  Մեխակավան (Ջաբրայիլ), Որոտան (Կուբաթլու) և Կովսական (Զանգելան)

Ակնայի ռազմական գործողության հաղթանակից հետո ադրբեջանական կողմը սկսեց զգալի մարդկային ռեսուրսներ և միջոցներ կենտրոնացնել Վարանդայի և Մեխակավանի շրջաններում՝ այդպիսով հարվածն ուղղելով ԼՂՀ արևելյան և հարավարևելյան շրջաններ՝ հրթիռահրետակոծելով հայկական պաշտպանական դիրքերը ռազմաճակատի ողջ երկայնքով: Այս շրջանների նկատմամբ վերահսկողության հաստատումը կարևոր էր նախ հայկական գյուղերը պաշտպանելու, ապա ազատագրված տարածքների անվտանգությունը ապահովելու տեսանկյունից: Հատկապես հրատապ էր Վարանդայի ազատագրումը, որը կապահովեր ԼՂՀ հարավային սահմանի անվտանգությունը: Ադրբեջանի գործողություններից գերազանցապես տուժում էր Հադրութը, որտեղ ավերվել էին մի շարք բնակելի շենքեր, կային վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում: Օդային հարձակում կատարվեց նաև Կապանի վրա՝ որպես անմիջական հակամարտող կողմ Հայաստանը պատերազմի մեջ նեգրավելու նպատակով: Երկարատև մարտերից հետո, սակայն, հայկական կողմը կարողացավ հասնել հաջողության: Օգոստոսի 22-ին ադրբեջանական ուժերը հեռանում են Վարանդայից, օգոստոսի 25-ին հայկական բանակը իր վերահսկողությունն է հաստատում Մեխակավանի շրջանի նկատմամբ, ապա ազատագրվում է Որոտանը: Այսպես՝ 1993 թ. սեպտեմբերի դրությամբ հայկական ուժերը ռազմաճակատի որոշ հատվածներում գտնվում էին Իրանից 4-5 կմ հեռավորության վրա: Հոկտեմբերին ադրբեջանական կողմը վերսկսում է ԼՂՀ հյուսիսարևելյան հատվածի, Ակնայի, Վարանդայի հրետակոծումը, սակայն ՊԲ ստորաբաժանումները, կասեցնելով ադրբեջանական կողմի առաջխաղացումը, ազատագրում են Կովսականի շրջանը, Մեխակավանի ու Որոտանի՝ մինչ այդ չազատագրված շրջանները, ինչով չեզոքացվում է ԼՂՀ հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան սահմանային գոտուց սպառնացող վտանգը:

Հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի ԱԽ ընդունեց իր հերթական՝ N 874 (1993) բանաձևը, որով կողմերին կոչ էր արվում իրականացնել սեպտեմբերի 28-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ ընդունված գրաֆիկը: Այն նախատեսում էր հայկական զորքերի դուրսբերում Որոտանից, Ակնայից, Վարանդայից, Մեխակավանից, Քարվաճառից: Սակայն կողմերի միջև առկա անհամաձայնությունները հնարավոր չդարձրին գրաֆիկի կատարումը (օր.՝ Ադրբեջանը պահանջում էր անդրադառնալ նաև փախստականների հարցին), ինչը հանգեցրեց պատերազմական գործողությունների շարունակությանը: Նոյեմբերի 12-ին ընդունվեց ԱԽ-ի՝ ԼՂ-ին վերաբերող վերջին բանաձևը՝ N 884 (1993), որում կողմերին կոչ էր արվում իրականացնել նախորդ երեք բանաձևերի դրույթները: Այս առնչությամբ նոյեմբերի 15-ին ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը մամլո ասուլիսում շեշտել է, որ եթե նախորդ բանաձևը չընդունվեց Ադրբեջանի կողմից, ապա այս բանաձևը ընդունելի չէ նաև Ղարաբաղի համար: Քանի որ առաջնահերթ պահանջ էր դրվում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ դա չիրագործեց ադրբեջանական կողմը, բանաձևի մնացած պահանջների իրագործումը հնարավոր չեղավ: Մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ օրինակ՝ 853-րդ բանաձևը կոչ էր անում «Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել իր ազդեցության օգտագործումը ԼՂ հայերի նկատմամբ…», ինչը փաստում էր ՄԱԿ-ի կողմից Հայաստանի ձեռնարկած քայլերը գնահատելու, ինչպես նաև ՀՀ-ն՝ որպես հակամարտության անուղղակի կողմ դիտարկելու մասին: Կարծում ենք (նաև հետագա զարգացումներն ապացուցեցին), որ ԱԽ-ն միտված չէր հիմնահարցի քննարկումը շարունակել ՄԱԿ-ում, քանի որ գերտերությունների համար առաջնահերթ էր Հարավսլավիայի հիմնահարցի լուծումը Եվրոպայում, ուստի հիմնահարցի քննարկումը դուրս բերվեց կառույցից:

Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև 1994 թ.: Այս ընթացքում ձեռք բերված կարևորագույն հաղթանակը Օմարի լեռնանցքի նկատմամբ վերահսկողության հաստատումն էր, որով Քարվաճառի շրջանն ամբողջովին ընկավ հայկական ուժերի հսկողության տակ: Այսպիսով, 1994 թ. հայկական ուժերը կարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու ստեղծումը: Ռազմաճակատում կրած անհաջողությունները ադրբեջանական կողմին ի վերջո դրդեցին համաձայնել զինադադարի առաջարկին: Ղարաբաղյան հարցի շուրջ տարվող բանակցությունների համար ԵԱՀԿ-ն միակ հարթակը չէր. դեռևս 1992 թ. ԱՊՀ շրջանակներում ձևավորվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցության խումբ, որի շրջանակներում 1994 թ. մայիսի 3-5-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվեց ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողով: Արդյունքում կողմերը մայիսի 5-ին ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը (Ադրբեջանական կողմը ստորագրեց մայիսի 8-ին), որի հիման վրա ձեռք բերվեց համաձայնություն զինադադարի մասին: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը ստորագրեց արձանագրությունը միայն երկու փոփոխություն մտցնելուց հետո, որոնցից մեկը վերաբերում էր «դիտորդներ» բառը «միջազգային դիտորդներ»-ով փոխարինելուն: Ամենաէական փոփոխությունը վերաբերում էր «զբաղեցրած տարածքներ» ձևակերպմանը: Եթե արձանագրության սկզբնական տարբերակում նշվում էր «օկուպացված տարածքներ» եզրը, ապա դա ենթադրում էր նաև օկուպանտների հիշատակում, որը, ղարաբաղյան կողմի առաջարկությամբ, պետք է նշվեր որպես «Ղարաբաղի զինված կազմավորումների օկուպացրած», ինչը արդեն ներկայանում էր որպես կարգավիճակ: Ի վերջո այն փոխարինվեց «գրավված տարածքներ» ձևակերպումով: Մայիսի 12-ից, համաձայն հրադադարի մասին պայմանագրի[1], հակամարտության գոտում հաստատվեց հրադադար:

Փաստորեն, պատերազմական գործողությունների ընթացքում հայկական ուժերի գործողությունները դրդված են եղել հակառակորդին հակահարված տալու և հայաբնակ շրջանների անվտանգությունը ապահովելու, Արցախը շրջափակումից ազատելու կենսական անհրաժեշտությամբ, ուստի դրանք կրել են ինքնապաշտպանական բնույթ: Արտալղիմյան հողերը, որ 1923 թ. ադրբեջանական իշխանությունների կամայականությամբ առանձնացվել էին Ղարաբաղից, դարձան, և առ այսօր  էլ երաշխիքն են այն բանի, որ խաղաղ բնակավայրերը այլևս չեն հրետակոծվի հակառակորդի կողմից:

Հաջորդ երկու վերլուծություններում կանդրադառնանք անվտանգության գոտու պատկանելության խնդրի քննարկմանը արցախյան հակամարտության շուրջ տարվող բանակցություններում, ինչպես նաև դրանց կարևորությանը Հայաստանի (ներառյալ՝ Արցախ) համար:

[1]http://www.nkr.am/hy/ceasefire-agreement/147/, դիտված՝ 1.05.2015


Օգտագործած գրականության ցանկ

  1. Ա. Ղարիբյան, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը 1918-1920 թթ. և Մեծ Բրիտանիան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012 թ.:
  2. Ա. Վիրաբյան, Լեռնային Ղարաբաղի սահմանների հիմնահարցը 1917-1923 թթ., «ԼՂՀ անցյալը, ներկան և ապագան» միջազգային գիտաժողով, Երևան, 2007 թ.:
  3. Բ. Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997 թ.:
  4. Խ. Գալստյան, Քաղաքական բանակցություններ. տեսություն և պրակտիկա, Երևան, 2007 թ.:
  5. «Հայոց պատմություն», դասագիրք ուսումնական հաստատությունների համար, Հր. Ռ. Սիմոնյանի խմբագրությամբ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012 թ.:
  6. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994 թթ.), հանրագիտարան, Երևան, 2004 թ.:
  7. Ал. Манасян, Карабахский конфликт: ключевые понятия и хроника, Ереван, 2005 г.
  8. В. Микаелян, Нагорный Карабах в 1918-1923 гг., Сборник документов и материалов, Ереван, 1992 г.
  9. Кавказский календарь на 1917 год, Тифлис, 1916 г.
  10. Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарий / Сост., отв. ред., авт. вступ. ст. и коммент. д. ю. н., проф. Ю.Г. Барсегов, Москва, КРУГЪ, 2008. – Т. 1.
  11. С. Золян, Нагорный Карабах: проблема и конфликт, http://armenianhouse.org/zolyan/nf-ru/karabakh/6.html
  12. Ali Abasov, Haroutiun Khachatrian, The Karabakh Conflict, Variants of Settlement: Concepts and Reality, Baku-Yerevan, 2006, http://www.ca-c.org/dataeng/books/book-1/Abaso_Khachatrian.pdf
  13. Shahen Avakian, Nagorno Karabagh: Legal Aspects, Yerevan, 2013
  14. ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջ՝ president.az
  15. Արմեդիա՝ http://armedia.am/
  16. ԵԱՀԿ պաշտոնական կայքէջ՝ http://www.osce.org/
  17. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կայքէջ՝ http://www.europeanintegration.am/
  18. ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ՝ http://www.nkr.am/
  19. ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջ՝ http://mfa.am/hy/
  20. ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջ ՝ http://www.president.am/
  21. ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջ՝ http://www.un.org/
  22. Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան՝ https://hy.wikipedia.org/
  23. “Conciliation Resources” NGO web page ` http://www.c-r.org/
  24. az օնլայն թերթ՝ http://www.day.az/
  25. Radio Free Europe, Radio Liberty` http://www.rferl.org/


Հեղինակ՝ Վիկտորյա Այդինյան (Viktorya Aydinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

  1. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 1-ին
  2. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 3֊րդ
  3. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 4֊րդ