Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում. մաս 3-րդ

Արտալղիմյան հողերի հիմնահարցը բանակցային գործընթացում

Վերլուծության երրորդ մասում ներկայացնում ենք արտալղիմյան հողերի ճակատագրի քննարկումները բանակցային գործընթացում՝ շեշտը դնելով առանցքային ծրագրերի և հիմնականում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկվող տարբերակների վրա:

Դեռևս պատերազմի առաջին օրերին Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, որդեգրել էին փոխզիջումային տարբերակով արցախյան հիմնախնդիրը լուծելու քաղաքականություն, որը հնարավոր էր հիմնախնդրի միջազգայնացման արդյունքում: Քանի որ Ադրբեջանը հրաժարվում էր ուղղակի բանակցություններից, ուստի միջնորդների կարիք կար: Ադրբեջանական իշխանությունները դեմ էին հարցի քննարկմանը միջազգային ատյաններում՝ այն համարելով Ադրբեջանի ներքին խնդիրը: 1990 թ. դեկտեմբերին ԳԽ նիստում Տեր-Պետրոսյանը առաջ է քաշում արցախյան հիմնահարցի միջազգայնացման գաղափարը, որը կա՛մ կտաներ հիմնախնդրի լուծմանը, կա՛մ կսառեցներ այն, սակայն միջազգային երաշխիքներ կապահովեր ինքնավար մարզի բնակչության համար: Այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին, երբ նման առաքելություն իր վրա փորձեց ստանձնել ԵԱՀԽ-ն, որի հանձնարարականներում (1992 թ. փետրվար) հիմնահարցի լուծում էր համարվում կրակի դադարեցումը, հումանիտար միջանցքի ստեղծումը, բանակցությունների անցկացումը ՀՀ ու ԱՀ, ինչպես նաև արցախյան իշխանությունների միջև, ինչին կտրականապես դեմ է արտահայտվել ադրբեջանական կողմը: Վերջնական լուծումը ևս ուրվագծվում էր. ԼՂ-ին ինքնավար մարզի կարգավիճակի տրամադրում Ադրբեջանի կազմում, ինչին Տեր-Պետրոսյանը դեմ չէր, սակայն ՀՀ քաղաքական շրջանակներում չուներ համապատասխան աջակցություն: ԼՂ բնակչությունը կտրականապես դեմ էր Ադրբեջանի կազմում մնալուն, իր հերթին Ադրբեջանը չէր պատրաստվում մշակութային ինքնավարությունից ավելին տրամադրելուն, քանի որ վստահ էր իր զորքերի հաղթանակի հարցում:

1991-1994 թթ. պատերազմական գործողություններն ընթանում էին փոփոխական հաջողություններով, որոնց ընթացքում Ադրբեջանում երկու իշխանափոխություն տեղի ունեցավ, երբ Մութալիբովին փոխարինեց Էլչիբեյը, իսկ վերջինիս՝ Ալիևը: 1994 թ. ակնհայտ դարձավ, որ ռազմական ճանապարհով ադրբեջանական կողմը չի կարող հասնել առավելության, ուստի համաձայնեց նստել բանակցային սեղանի շուրջ: Դեռևս 1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում կայացել էր ԵԱՀԽ Նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ որոշվել էր հնարավորինս արագ Մինսկում խորհրդաժողով հրավիրել ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ, որը հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հարթակ կտրամադրեր` հիմնվելով ԵԱՀԽ սկզբունքների վրա։ 1992 թ.-ից ի վեր ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններն ընթանում են Մինսկի խորհրդաժողովի ձևաչափով, սակայն մինչև 1994 թ. բանակցային գործընթացում ոչ մի էական հաջողություն չի գրանցվել, քանի որ ռազմական գործողությունները դեռևս շարունակվում էին: Նպատակահարմար է արտալղիմյան հողերի կարգավիճակի հետ կապված հարցերը դիտարկել 1994 թ.-ի՝ Բուդապեշտի գագաթնաժողովից սկսած: ԵԱՀԿ գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության մասին առաջին անդրադարձը տեղ է գտել հենց Բուդապեշտի գագաթնաժողովի արդյունքում ընդունված «Նոր դարաշրջանում իրական գործընկերության ճանապարհին» խորագրով հռչակագրում։ Փաստաթուղթը հղում է կատարում ՄԱԿ ԱԽ բանաձևերին՝ շեշտը դնելով դրանց իրականացման վրա, այսինքն՝ ԵԱՀԿ շրջանակներում ԼՂ հարակից տարածքների վերադարձը առանց ԼՂ կարգավիճակի և այլ խնդիրների հստակեցման: Մեկ տարի անց՝ 1995 թ.-ին, Օտտավայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևն առավել հստակ է արտահայտում կարգավորման ուղիների նկատմամբ կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումը: Կարգավորումը միջնորդների պատկերացմամբ պետք է իրականացվեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: ԼՂ հարակից տարածքներից հայկական ուժերի անմիջական դուրսբերումը քննարկման առարկա չէր անգամ: Հետսառըպատերազմյան տարիներին առաջացած կոնֆլիկտները կարգավորելիս շեշտը գերազանցապես դրվում էր տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, այդ պատճառով էլ Հայաստանը փորձում էր հղում անել նաև ազգերի ինքնորոշման իրավունքին՝ հնարավորություն ստանալով որոշակիորեն հավասարեցնել հայկական ու ադրբեջանական կողմերի ելակետային դիրքերը: Այնուամենայնիվ, նախկին ԼՂԻՄ-ի մեջ չմտնող ազատագրված տարածքները հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել վերադարձնել Ադրբեջանին, ինչը սկզբում բխում էր փոխզիջումային բանակցությունների տրամաբանությունից:

Լիսաբոնի՝ 1996 թ. դեկտեմբերի 2-3-ը ընթացած գագաթնաժողովում ԵԱՀԿ ՄԽ-ն և ԵԱՀԿ գործող նախագահն առաջարկել են հետևյալ սկզբունքները, որոնք պետք է հիմք դառնային ղարաբաղյան հակամարտության

  1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականություն,
  2. Համաձայնագրում հաստատված, ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ, որը նրան ինքնավարության բարձր աստիճան է ապահովում Ադրբեջանի կազմում,
  3. Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության երաշխավորված անվտանգություն, այդ թվում՝ բոլոր կողմերի փոխադարձ պարտավորություն` կատարելու համաձայնագրի բոլոր կետերը:

Հայաստանը վետո կիրառեց համաժողովի եզրափակիչ փաստաթղթի մեջ նախագահող երկրի ներկայացուցչի ձևակերպման նկատմամբ, ինչի արդյունքում հայտարարությունը տեղափոխվեց հավելված։ Այս առնչությամբ Հայաստանի պատվիրակության հայտարարությունը նշում էր, թե դեռևս որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, ուստի իր անհամաձայնությունն էր հայտնում ձևակերպումների վերաբերյալ: Փաստորեն՝ առկախ էր մնում ոչ միայն արտալղիմյան հողերի, այլև՝ բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնահարցը:

1997-98 թթ. առաջ քաշվեցին արցախյան հիմնահարցի կարգավորման 3 տարբերակներ՝ «փաթեթային» (1997 թ. հուլիս), «փուլային» (1997 թ. դեկտեմբեր) և «ընդհանուր պետության» (1998 թ. նոյեմբեր):

«Փաթեթային» տարբերակով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության՝ 1988 թ. սահմանագծից ներս, բուֆերային գոտու ստեղծում 1988 թ. ԼՂԻՄ սահմանագծի և հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային մասի երկայնքով և այդտեղ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում, Լաչինի միջանցի վարձակալում ԵԱՀԿ կողմից և դրա տրամադրում ԼՂ իշխանություններին, ընդ որում՝ Լաչին քաղաքը հանվում էր Լաչինի միջանցքից և դրվում ադրբեջանական վարչարարության տակ, և իրականացվելու էր փախստականների վերադարձ իրենց բնակավայրերը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այն մնում էր իբրև պետական և տարածքային կազմավորում Ադրբեջանի կազմում, ընդ որում՝ դրա վարչական սահմանները գծվելու էին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններով: Փաստորեն, կարգավորման «փաթեթային» տարբերակը նախատեսում էր ԼՂ ինքնորոշման իրացում Ադրբեջանի կազմում, բուֆերային գոտու ստեղծում արտալղիմյան հողերի մի մասում, այդտեղ խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ, ինչը փաստացի կնշանակեր այդ տարածքների հանձնում Ադրբեջանին: Միակ դրական կողմը Լաչինի միջանցքի պահպանումն էր, որով Լեռնային Ղարաբաղը կկապվեր Հայաստանի հետ: Բնականաբար, այս առաջարկը մերժվեց ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից, թեպետ մերժման պատճառը ոչ թե արտալղիմյան հողերի հանձնումն էր, այլ ԼՂ կարգավիճակի սահմանումը Ադրբեջանի կազմում:

«Փուլային» տարբերակը ենթադրում էր նույն գործողությունները՝ բացառությամբ ԼՂ կարգավիճակի նախնական որոշման և մի քանի այլ դրույթների: Այսպես՝ հոդված 11-ում նշվում էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն՝ հնարավորինս արագ համաձայնության գալու համար: Այսպիսով՝ առկախ էր մնում միայն Լաչինի հարցը, մինչդեռ մնացյալ 6 շրջանները հանձնվում էին Ադրբեջանին: Հակամարտության կարգավորման այս տարբերակը թեպետ ընդունելի համարվեց ՀՀ և ԱՀ կողմից, սակայն ղարաբաղյան կողմը մերժեց, քանի որ չկային երաշխիքներ, որ ԼՂ կողմից վերահսկվող տարածքների վերադարձից հետո ադրբեջանական կողմը կշարունակի բանակցությունները:

Փուլային տարբերակի ընդունումը ընդվզումներ առաջացրեց Տեր-Պետրոսյանի դեմ: Վերջինս իր «Պատերազմ թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում գրում է.

 «…. Թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները ես համարել եմ «իրական (ռեալ) տարբերակներ»։ Նշել եմ նաև, որ Հայաստանը լուրջ վերապահումներով ընդունել է համանախագահների ներկայացրած առաջին ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կարգավորման փաթեթային տարբերակ։ Եվ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը գրավոր կերպով կտրականապես մերժել են այդ տարբերակը, համանախագահներն ստիպված են եղել կողմերին առաջարկել փուլային լուծում։ Եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման «փուլ առ փուլ» տարբերակը: Մերժելով նախ փաթեթային, ապա փուլային լուծումները և այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին՝ ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը։ …. հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել։ Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից՝ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, և վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները»:

Հայկական երկու պետություններում մեծամասնության համար անընդունելի էին թե՛ փուլային և թե՛ փաթեթային տարբերակները, քանի որ, ըստ էության, երկուսն էլ նախատեսում էին ԼՂ-ի դիտարկումը Ադրբեջանի կազմում: Նախագահի և ընդդիմության ու ժողովրդի մեծ մասի միջև առկա նման տարաձայնությունները իշխանական ճգնաժամի ու Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառներից մեկն էին:

Ինչ վերաբերում է «ընդհանուր պետության» տարբերակին, ապա այստեղ իբրև թե փորձ էր արվել հաշվի առնել երկու պետությունների առարկությունները նախորդ երկու տարբերակների առնչությամբ, ուստի նշվում էր, թե «Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է՝ հանրապետության ձևով, որը կազմավորում է ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ»: Այս դեպքում ևս ստեղծվելիք պետական կազմավորման սահմանները լինելու էին նախկին ԼՂԻՄ սահմանները: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա այդ հարցը պետք է լուծվեր առանձին համաձայնագրով, իսկ մինչ այդ Լաչինը մնալու էր որպես ապառազմականացված գոտի: Փաստորեն, համաձայնագրով ևս արտալղիմյան հողերը հանձնվում էին Ադրբեջանին, իսկ Լաչինի հիմնահարցը մնում էր առկախ, թեպետ այն ուներ կենսական անհրաժեշտություն՝ կապելով ԼՂ-ն Հայաստանին: Այս առնչությամբ Վարդան Օսկանյանը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կիրառել ոչ կոնվենցիոնալ մոտեցումներ: Ես ասացի, որ մեզ համար, օրինակ, ընդունելի կլիներ փաստացիորեն` de facto անկախ, իրավականորեն` de jure ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակը, և այդ առումով արժե մտածել մերձդնեստրյան հակամարտության պարագայում առաջարկվող «ընդհանուր պետության» մեկ այլ տարբերակը կիրառելու մասին, որը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հորիզոնական հարաբերություններ կապահովի: 1998 թ. նոյեմբերին, Մինսկի խմբի համանախագահները կողմերին ներկայացրին «ընդհանուր պետության» առաջարկը»: Նախկին արտգործնախարարի փոխանցմամբ՝ հայկական երկու կողմերը դեռ չէին հասցրել իրենց դիրքորոշումը հայտնել այս առնչությամբ, երբ եկավ Ադրբեջանի մերժողական պատասխանը:

Հակամարտության շուրջ տարվող բանակցությունների հաջորդ փուլը սկսվեց 2001 թ., երբ քննարկումներն ընթացան «փարիզյան սկզբունքների» շուրջ: Այս առնչությամբ 2002 թ. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել է, թե այդ սկզբունքները ոչ այլ ինչ էին, եթե ոչ միջանցքների փոխանակման առաջարկներ, օրինակ՝ Մեղրին Լաչինի դիմաց, սակայն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքել է այս հայտարարությունը: Ենթադրվում է, թե Երևանը և Ստեփանակերտը շեշտադրումը անում էին հետևյալ հարցերի վրա՝ Ղարաբաղի՝ Ադրբեջանից ուղղահայաց կախվածության բացառում, ԼՂ և ՀՀ մշտական հաղորդակցության ապահովում, ԼՂ բնակչության անվտանգության համար երաշխիքների ստեղծում: «Փարիզյան սկզբունքները» ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում: Այս առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե համաձայնագրով տարածքների հանձնում կնախատեսվի միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղին շնորհվի այնպիսի կարգավիճակ, որը կգոհացնի հայկական կողմին, և թե ինքը պնդում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև «հորիզոնական» կապի, կամ Ստեփանակերտի` Բաքվին չենթարկվելու տարբերակները: Հետագայում՝ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, Օսկանյանը նշել է, թե փաստաթղթի էությունը Լեռնային Ղարաբաղը` Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելն էր, իսկ Ադրբեջանը պետք է իրավունք ստանար ՀՀ տարածքով անխափան կապ հաստատել Նախիջևանի հետ: Սակայն Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց Քոչարյանի հետ բանակցել շրջանառվող սկզբունքների և տարբերակի շուրջ:

Բանակցությունների ներկայիս փուլը արդյունքն է 2004 թ. մեկնարկած «Պրահայի գործընթացի», երբ ապրիլին Պրահայում տեղի ուենցավ ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հանդիպում: Գործընթացի շրջանակներում 2006 թ. հուլիսի 6-ին հրապարակվեց ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը, որում մասնավորապես ուղենշվում էին որոշ սկզբունքներ, այդ թվում՝ հայկական զորքերի վերատարատեղում Լեռնային Ղարաբաղի շրջակա ադրբեջանական տարածքներից (արտալղիմյան հողերից), Քելբաջարի ու Լաչինի համար հատուկ պայմանների սահմանում (այդ թվում՝ Հայաստանի և ԼՂ միջև միջանցքի համար), այդ տարածքների ապառազմականացում և հանրաքվեի անցկացում՝ որոշելու ԼՂ հետագա կարգավիճակը: Փաստորեն, կողմերը ունեին նախնական համաձայնություն արտալղիմյան հողերի վերաբերյալ (բացառությամբ Լաչինի և Քարվաճառի որոշ շրջանների). դրանք հանձնվելու էին Ադրբեջանին:

Այսօր բանակցություններն ընթանում են 2007 թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ներկայումս բանակցությունների սեղանին դրված «մադրիդյան սկզբունքները» ենթադրում են ԼՂ հարակից տարածքների՝ արտալղիմյան հողերի վերադարձ Ադրբեջանին ու ԼՂ և ՀՀ կապող միջանցքի ստեղծում: Քանի որ «մադրիդյան սկզբունքները» բավականին անորոշ են, միջնորդների կողմից քայլեր են ձեռնարկվում այդ սկզբունքների շուրջ որոշակիության ձեռքբերման, գործողությունների հաջորդականության սահմանման վերաբերյալ, ինչը լուրջ դժվարություններ է առաջացնում. սրա ապացույցն է մինչ այժմ որևէ համաձայնագրի բացակայությունը: Ընդ որում՝ տարբեր են հայկական և ադրբեջանական կողմերի մեկնաբանությունները, որոնք նաև միտված են սեփական ժողովուրդներին իրենց դիրքորոշման շահեկանությունը ցույց տալուն: Այսպես՝ 2010 թ. Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե համաձայնագիրը կրելու է ավելի շատ փուլային բնույթ, որը ենթադրելու է հայկական ուժերի դուրսբերում Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլիի շրջաններից և Լաչինի շրջանի 13 գյուղերից, ապա նաև դուրսբերում Լաչինի և Քելբաջարի մնացյալ տարածքներից, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի լուծում Ադրբեջանի սահմաններում: Ընդ որում՝ բանակցությունների արդի փուլում ադրբեջանական կողմը փորձում է դուրս գալ բանակցությունների ներկա ֆորմատից՝ ընդհուպ մինչև Մինսկի խմբի շրջանակներում հարցի կարգավորումից: Թերևս բարձրաստիճան պաշտոնյաների իրարամերժ հայտարարությունները փաստում են, որ դեռ տարիներ կպահանջվեն փոխզիջումային ընդունելի տարբերակի մշակման համար:

Անդրադառնանք արտալղիմյան հողերի առնչությամբ ՀՀ հայտարարություններին ամենաբարձր՝ նախագահի մակարդակով: Այսպես՝ 2010 թ. մարտին սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշում է. «Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ո՛չ բնակեցվում և ո՛չ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջումը կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»: Ի պատասխան այս հարցազրույցի՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Փոլուհովը նշել է, թե առաջին հերթին անհրաժեշտ է հայկական զորքերի դուրսբերում օկուպացված տարածքներից, ապա միայն ԼՂ կարգավիճակի լուծում Ադրբեջանի կազմում: Այսպիսով՝ կողմերի միջև հակասությունը սկզբունքների հաջորդականության և ԼՂ կարգավիճակի մասին հակադիր պատկերացումների պատճառով է, քանի որ հայկական կողմը պահանջում է նախ ԼՂ կարգավիճակի որոշում, ապա տարածքների հանձնում և փախստականների վերադարձ, իսկ ադրբեջանական կողմը՝ նույն գործողությունները հակառակ հաջորդականությամբ: Այսպիսի հակասությունների պատճառը ոչ միայն պահանջների տարբերությունն է, այլև փոխզիջման գնալու անկարողությունը և այդ փոխզիջման տարբերակները սեփական ժողովուրդներին ներկայացնելու մտավախությունը միջէթնիկ՝ օրեցօր մեծացող անհանդուրժողականության պայմաններում:

Փաստորեն, բանակցությունների սեղանին դրված բոլոր փաստաթղթերը նախատեսում էին անվտանգության գոտու գերակշիռ մասի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատում, ինչը իբրև թե բխում էր փոխզիջումային բանակցությունների տրամաբանությունից: Սակայն հաշվի առնելով 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, վերջինիս նկատմամբ վստահության հիմքերի բացակայությունը և մի շարք այլ հանգամանքներ՝ առնվազն բանակցությունների ներկայիս փուլում անհնար է այդ տարածքների հանձնումը ադրբեջանական կողմին, ընդ որում՝ այս մոտեցումը գերիշխող է դառնում նաև հայաստանյան էլիտայի շրջանակներում: Այս և արտալղիմյան հողերի կարևորության հարցին կանդրադառնանք վերլուծության եզրափակիչ մասում:


Օգտագործած գրականության ցանկ

  1.  Բ. Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, 1997 թ.
  2.  Խ. Գալստյան, Քաղաքական բանակցություններ. տեսություն և պրակտիկա, Երևան, 2007 թ.
  3.  Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994 թթ.), հանրագիտարան, Երևան, 2004 թ.
  4.  Ал. Манасян, Карабахский конфликт: ключевые понятия и хроника, Ереван, 2005 г.
  5.  Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарий / Сост., отв. ред., авт. вступ. ст. и коммент. д. ю. н., проф. Ю.Г. Барсегов, Москва, КРУГЪ, 2008. – Т. 1.
  6.  С. Золян, Нагорный Карабах: проблема и конфликт, http://armenianhouse.org/zolyan/nf-ru/karabakh/6.html
  7.  Ali Abasov, Haroutiun Khachatrian, The Karabakh Conflict, Variants of Settlement: Concepts and Reality, Baku-Yerevan, 2006, http://www.ca-c.org/dataeng/books/book-1/Abaso_Khachatrian.pdf
  8.  Shahen Avakian, Nagorno Karabagh: Legal Aspects, Yerevan, 2013
  9.  ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջ՝ president.az
  10.  ԵԱՀԿ պաշտոնական կայքէջ՝ http://www.osce.org/
  11.  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կայքէջ՝ http://www.europeanintegration.am/
  12.  ԼՂՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ՝ http://www.nkr.am/
  13.  ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջ՝ http://mfa.am/hy/
  14.  ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջ ՝ http://www.president.am/
  15.  ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջ՝ http://www.un.org/
  16. «Մեքիամաքս» լրատվամիջոց՝ http://www.mediamax.am/
  17. “Conciliation Resources” NGO web page ` http://www.c-r.org/
  18.  Az օնլայն թերթ՝ http://www.day.az/
  19.  Radio Free Europe, Radio Liberty` http://www.rferl.org/


Հեղինակ՝ Վիկտորյա Այդինյան (Viktorya Aydinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

  1. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 1-ին
  2. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 2֊րդ
  3. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում․ մաս 4֊րդ