Կանանց և տղամարդկանց միջև իրավունքների հավասարություն. խնդիրներ և մարտահրավերներ, քայլեր ֆրանկոֆոնիայի միջոցով

Երբ սեռերի հավասարություն են ասում, ինչի՞ մասին եք մտածում դուք: Հաստատապես կանանց և տղամարդկանց հանդեպ հավասար վերաբերմունքի, և իրավացի եք: Կինը երբեք չպետք է խտրականության զոհ դառնա կին լինելու պատրվակով: Մինչդեռ ապշել կարելի է՝ գիտակցելով, որ 2018թ.-ին համայն աշխարհի կանայք՝ անկախ ռասսայական, կրոնական պատկանելությունից և սեռական կողմնորոշումից, պետք է յուրաքանչյուր օր պայքարեն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում՝ հաղթահարելու սեռերի միջև անհավասարությունը:

Այս թեմայի վերաբերյալ Երևանում ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում «Հավասար ձայներ» խորագրով հատուկ շարք է ստեղծվել: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) հետ համագործակցելով՝ հինգ մայրցամաքներից տասնյակ երկրներ (Ալժիր, Հայաստան, Կամբոջա, Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Մալի, Կոնգո, Սենեգալ, Թունիս) ներկայացրել են տեսանյութեր կանանց և տղամարդկանց միջև իրավունքների հավասարության վերաբերյալ՝ յուրաքանչյուրն անդրադառնալով նույն թեմատիկային այլ դիտանկյունից, այլ համատեքստում: Կանանց և տղամարդկանց միջև իրավունքների հավասարության և կանանց իրավունքների պաշտպանությունը, խտրականության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը բոլոր տեսլականների հիմքում էին: Այս շատ ընդգրկուն և առաջնային կարևորություն ունեցող թեման քննարկվել է նաև Երևանի ֆրանկոֆոն ավանում՝ ֆրանկոֆոնիայի տաղավարում, այս երկուշաբթի՝ 2018թ.-ի  հոկտեմբերի 8-ին: Մասնավորապես, մենք խոսեցինք Հայարփի Պապիկյանի՝ Open Society Foundation-ի Քաղաքացիական հասարակություն ծրագրի համակարգողի հետ: Նա առաջին հետազոտություններ անողներից մեկն է եղել Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև իրավունքների հավասարության բնագավառում: Խոսելով դժվարություններից, որոնց հետ կանայք առերեսվում են 21-րդ դարում՝ նա հատկապես նշեց, որ, ըստ վիճակագրության, հայ կանայք ավելի կրթված և ուսյալ են, քան տղամարդիկ, մինչդեռ վերջիններիս առավել բարձր պաշտոններ են վստահում աշխատաշուկայում: Դա բացատրվում է այն փաստով, որ քաղաքացիական կրթության և մտածելակերպի մի մեծ խնդիր կա՝ դպրոցից սկսած. անհրաժեշտ է կանանց հնարավորություն տալ իրենց ընդունակությունները գործի դնելու հասարակության համար արժեքներ ստեղծելու համար:

” Պետք է ազատ թողնել աղջկան՝ մանկությունից սկսած, որպեսզի նա կարողանա զբաղվել իր կրթությանը համապատասխանող ցանկացած գործով, ” պարզաբանեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով ասենք, որ տղամարդկանց գերակայության հազարավոր տարիներից հետո լիահույս ենք, որ այժմ մուտք ենք գործում կանանց համար մի այնպիսի դարաշրջան, երբ նրանք կունենան իրենց արժանի տեղը և համայն աշխարհը կընդունի տղամարդկանց և կանանց միջև ներդաշնակությունը:


Հոդվածը՝ Սոնա Մալինցյանի

Թարգմանությունը՝ Օլյա Հարությունյանի