Ֆրանսերենի ուսումնասիրության կենտրոնը յուրաքանչյուր չորրորդ տարին հրապարակում է զեկույց «Ֆրանսերենն աշխարհում» թեմայով: 2018թ. հոկտեմբերի 9-ին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից 2 օր առաջ, ՖՄԿ-ն հասարակությանն է ներկայացնում այս շատ կարևոր վիճակագրական փաստաթուղթը, որի հիմնական նպատակն է տարբեր բնագավառներում ֆրանսերենի կարգավիճակի մասին հավաստի տվյալների տրամադրումը ոչ միայն մասնագետներին, այլև հասարակության լայն զանգվածներին:
«Լեզվաբանական առումով մենք տեսնում ենք ֆրանսերենի տարածումը հինգ մայրցամաքներում` միաձուլված այլ լեզուների և մշակույթների հրաշալի խճանկարին. մոլորակի վրա դեռ կիրառվող 6000 լեզուների քառորդից ավելին ֆրանկոֆոն տիրույթի երկրներում է»,- նախաբանում ասաց ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Միքայել Ժանը:
Զեկույցը ներառում է հետևյալ թեմաները.
- ֆրանկոֆոններն աշխարհում,
- ֆրանսերենի ուսուցումը և դասավանդումը,
- տնտեսական ֆրանկոֆոնիան,
- ֆրանսերենի ազդեցությունը միջազգային լրատվամիջոցների և համացանցի վրա:
Ըստ այս զեկույցի` ամբողջ աշխարհում ֆրանսերեն խոսողների թիվը կտրուկ աճել է` 274 միլիոնից (2014թ.) հասնելով 300 միլիոնի (2018թ.) կամ աճել է 9,6%-ով: Ֆրանսերենի ուսումնասիրության կենտրոնի տվյալների համաձայն` ֆրանսերենը կանոնավոր կերպով օգտագործողների 59%-ը Աֆրիկա մայրցամաքում են: Ֆրանսերենը աշխարհում ամենաշատ կիրառվող 5-րդ լեզուն է չինարենից, անգլերենից, իսպաներենից և արաբերենից հետո:
Ըստ զեկույցի` «Ամենուրեք, երբեմն նույնիսկ առաջ լինելով ազգային լեզուներից, ֆրանսերենի տեղն անհամեմատելի է մնացած բոլոր օտար լեզուների հետ, քանի որ այն միշտ 2-րդ տեղում է ցանկացած համատեքստում (տանը, դպրոցում, աշխատավայրում, առօրյայում): Այսպիսով` ֆրանսերենն աշխարհում 51 միլիոն մարդու կողմից ուսումնասիրվող 2-րդ լեզուն է, կան 80 միլիոն ֆրանսախոս դպրոցականներ 36 երկրում և տարածաշրջանում: Հարավային Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում ապրող բնակչության 72,8%-ը սովորում է ֆրանսերեն, հաջորդաբար Եվրոպայում (20,4%), Ամերիկայում և Կարիբյան կղզիներում (6,4%): Ընդհանուր աճից (սովորողների 8%-ը, 2014-2018թթ.) տարածաշրջանի սովորողների համար դիտվող միտումները հաստատում են երկու աշխարհագրական տարածքների դինամիզմը` Հարավային Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և Հյուսիսային Աֆրիկա-Մերձավոր Արեւելք: Մյուս կողմից Ասիայի ու Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի մասնաբաժինը կրճատվում է, ֆրանսերենը որպես օտար լեզու սովորողների թիվն ըստ տարածքների անկում է ապրել:
Տնտեսական տեսանկյունից ֆրանսերենն աշխարհում 3-րդ գործնական լեզուն է: 2018թ.-ի վերլուծությունը ցույց է տվել, որ ֆրանկոֆոն տիրույթի երկրներն արտադրում են համաշխարհային հարստության 16,5%-ը: Ինչ վերաբերում է աշխատաշուկային, ապա ըստ Միքայել Ժանի՝ «ֆրանսերեն խոսելու եւ գրելու ունակությունը, անկասկած, լրացուցիչ առավելություն է աշխատանք գտնելու համար, երբ այն պահանջում է լեզվի հմտություններ»:
Վիճակագրության համաձայն՝ ֆրանսերենը թվային տարածությունում օգտագործվող 4-րդ լեզուն է, համապատասխանաբար անգլերենից, չինարենից եւ իսպաներենից հետո: Ինչ վերաբերում է միջազգային ֆրանկոֆոն լրատվամիջոցներին, ապա պետք է նշել, որ միայն 360 միլիոն օջախներում և 200-ից ավելի երկրներում առկա է ֆրանսիական TV5MONDE հեռուստաալիքը: Այս ցուցանիշը վկայում է ֆրանսերենի ազդեցության մասին:
Այս շատ սպասված աշխատանքը հանդիսանում է օբյեկտիվ և հուսալի տեղեկատվական գործիք մարդու գործունեության համաշխարհային տիրույթներում ֆրանսերենի ներկայության և օգտագործման վերաբերյալ:
Դուք կարող եք այն ուսումնասիրել` անցնելով հետևյալ հղումով` http://observatoire.francophonie.org/2018/synthese.pdf
Պատրաստեց՝ Սոնա Մալինցյանը
Թարգմանեց՝ Գոհար Յուզբաշյանը