G20-ը աշխարհի խոշորագույն եւ ամենաարագ զարգացող տնտեսություններն ունեցող երկրների առաջնորդների ամենամյա հանդիպման ձեւաչափն է: Այդ երկու տասնյակ երկրները միասին վերցրած կշռում են ողջ աշխարհի տնտեսության 80%-ը կամ բնակչության 2/3–ը: Գագաթաժողովն այս անգամ աչքի ընկավ մի շարք հակասական դիրքորոշումներով՝ սկսած կլիմայի փոփոխությունից եւ Իրանի հետ միջուկային պայմանագրից, վերջացրած համաշխարհային առևտրով[i]:
Այս տարի հունիսի 28-29-ը ճապոնական Օսակա քաղաքում տեղի ունեցած G20 գագաթաժողովի ընթացքում շոշափված հիմնախնդիրների, հատկապես՝ իրանյան, առևտրային եւ կլիմայական հիմնախնդիրների կիզակետում էր Եվրոպական միությունը[ii]:
Հերթով հակիրճ ադրադառնանք ամենաուշագրավ հանդիպումներին եւ իրադարձություններին:
ԱՄՆ-ՌԴ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը, լրագրողի հարցին ի պատասխան, հումորով մատ է թափ տվել Պուտինի ուղղությամբ և ասել.«Մի՛ միջամտեք [ամերիկյան- հեղ.] ընտրություններին, խնդրում եմ»:
Աղբյուրը՝ Time Magazine
Սա երկու նախագահների միջեւ առաջին հանդիպումն էր 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական կողմի հնարավոր միջամտության շուրջ Ռոբերտ Մյուլլերի կատարած հետաքննության եզրակացության հրապարակումից ի վեր: Ըստ այդմ՝ վերջինիս զեկույցում որեւէ հանցավոր կապ չի բացահայտվում Թրամփի նախընտրական թիմի եւ ռուսական կողմի միջեւ, այնինչ ամերիկյան գաղտնի ծառայությունները գտնում են, որ այնուհանդերձ ռուսական պետական համակարգից ուղղորդվել են կիբեր-հարձակումներ եւ կեղծ լուրերի քարոզչություն՝ հօգուտ Թրամփի հաղթանակի[iii]: Այնուամենայնիվ, Financial Times-ին տված հարցազրույցում Պուտինը կարծիք է հայտնել, որ լիբերալիզմն այսօր ժամանակավրեպ է, եւ ողջունել Եվրոպայում պոպուլիզմի վերելքը: Նա նաեւ Թրամփին անվանել է «շնորհալի մարդ», ով գիտի՝ ինչպես վերաբերվել իր քվեների հետ: Իր հերթին Թրամփը գովաբանել է Պուտինին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել նախագահ Պուտինին, եւ ավելացրել, որ իրենք «ունեն շատ-շատ լավ փոխհարաբերություններ»:
Ըստ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Թրամփին մոտ օրերս պաշտոնական հրավեր կուղարկվի՝ մասնակցելու Մոսկվայում գալիք տարվա մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը նշելուն:
ՄԲ-ՌԴ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ունեցել են առանձնազրույց մի շարք կնճռոտ հարցերի շուրջ, իսկ մինչեւ քննարկումը լուսանկարիչները որսացել են զույգի, հատկապես՝ Թերեզա Մեյի անթաքույց սառը հայացքը: Բարդ հարցերի թվում դարձյալ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորումն էր՝ ենթադրվող ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Պաշտոնական Կրեմլինը, սակայն, առ այսօր հերքում է իր՝ դեպքի հետ ունեցած որեւէ առնչություն:
Աղբյուրը՝ The Sun
ՌԴ-Հնդկաստան-Չինաստան
Հատկանշական է ՌԴ, Հնդկաստանի եւ Չինաստանի առաջնորդներ Վ. Պուտինի, Նարենդրա Մոդիի եւ Սի Ծինփինի միջեւ եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ կապերի ամրապնդման միջոցները:
Քննարկումներին ներկա արտգործնախարարների եւ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին նրանք քննարկել են ահաբեկչության, թմրադեղերի ապօրինի տարածման եւ այլ մարտահրավերների դեմ պայքարի գործողություններ համակարգելու հարցեր:
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն, Չինաստանն ու Հնդկաստանը հաստատակամ կերպով ընդդիմանում են առեւտրային պաշտպանվողականությանը (պրակտիկա, որով տվյալ կառավարությունը ազգային ձեռնարկությունները արտաքին մրցակցությունից պաշտպանելու մղումով դիտմամբ ծանր հարկման է ենթարկում ոչ տեղական ձեռնարկություններին)[iv], միակողմանի գործողություններին եւ ապօրինի պատժամիջոցներին[v]:
ԱՄՆ-Հնդկաստան
Ընթացիկ տարվա հունիսի սկզբին Հնդկաստանը փոխադարձ բարձր հարկեր սահմանեց ԱՄՆ 28 անուն ապրանքների նկատմամբ, ինչպես, օրինակ, խնձորի, նուշի եւ ընկույզի:
Սա պատասխանն էր Թրամփի կողմից Հնդկաստանին GSP չափանիշներով տրված արտոնությունները չեղարկելու քայլին. ընդ որում՝ Հնդկաստանը այդ մեխանիզմի խոշորագույն շահառուն էր, որ երկրին ընդհուպ մինչեւ տարեկան 5.6 մլրդ դոլարի արտահանում իրացնելու իրավունք էր տալիս՝ առանց հարկման[vi]:
Կլիմայի փոփոխություն
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նշել էր, որ ցանկանում է ընգծված ձեւակերպումներ տեսնել գագաթաժողովի ցանկացած վերջնական հայտարարության մեջ՝ ի աջակցություն կլիմայի փոփոխության: Սակայն խնդիրը վիճելի է մնում, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է դուրս լինել 2015 թ.-ին ստորագրված Փարիզի կլիմայական պայմանագրից: Ավելին՝ Մակրոնը նաեւ զգուշացրել էր, որ Ֆրանսիան չի ստորագրի G20 հայտարարությունը, եթե այն չպարունակի Փարիզի կլիմայական համաձայնագրի մասին հստակ դրույթ[vii]:
Չինաստան-ԱՄՆ
ԱՄՆ եւ Չինաստանի նախագահների միջեւ տեղի ունեցած բանակցությունները այս G20-ի ամենասպասվածն էին, քանի որ երկու երկրները փորձելու էին որեւէ կերպ լուծել իրենց միջեւ ծավալվող առեւտրային վեճը:
Անցյալ ամիս կայանալիք բանակցությունները չեղարկվել էին, երբ Թրամփը Չինաստանին մեղադրել էր խոստումները չկատարելու մեջ եւ չինական ապրանքների ներկրման համար բարձրացրել հարկման սակագները 200 մլրդ դոլարի չափով: Չինաստանն էլ իր հերթին պատասխանել էր սեփական սակագնային արշավներով:
Նրանք վերջին անգամ հանդիպել էին անցյալ տարի Բուենոս Այրեսում ընթացած G20 գագաթաժողովին եւ աշխատանքային ընթրիքի ժամանակ պայմանավորվել էին առեւտրային 90-օրյա զինադադարի մասին:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատվիրակությունները Օսակայում հանդիպել էին Թրամփ-Ծինփին հանդիպումից առաջ, ուստի Թրամփի խորհրդատուները նշել էին, որ բանակցությունները տեղի են ունենալու առանց նախապայմանների, եւ առեւտրային զինադադարը կամ նոր սակագների կիրառումը լիովին հնարավոր արդյունքներ են:
ԵՄ ղեկավարները իրենց հերթին հայտարարել էին, որ անհանգիստ են առ այն, որ Չինաստան-ԱՄՆ երկկողմանի գործարքը կարող է ձեռք բերվել Եվրոպայի հաշվին, օրինակ՝ եթե Պեկինը համաձայնի գնել ավելի շատ Boeing-ներ, քան Airbus ինքնաթիռներ կամ եթե Ծինփինը նախընտրի պաշտպանել միայն ամերիկյան ընկերությունների մտավոր սեփականության իրավունքները:[viii]
Իրանի միջուկային համաձայնագիր
«Չկա ոչ մի կարճատեւ պատերազմ»,- զգուշացրել էր Մակրոնը։- «Մենք գիտենք, թե երբ է այն սկսվում, բայց երբեք՝ թե երբ է ավարտվում»: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ավարտում են INSTEX բարդ փոխանակման համակարգի մշակումը Իրանի հետ առեւտուրը պահպանելու եւ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար` որպես միջուկային գործարքի պահպանման ջանքերի մի մաս[ix]:
Իրանում եւ Սիրիայում տիրող իրավիճակը Պուտինի եւ Թերեզա Մեյի, ինչպես նաեւ Պուտինի եւ Մակրոնի, Թրամփի եւ Մերկելի հանդիպումների ժամանակ քննարկված գլխավոր թեմաներից է եղել:
“
Ի վերջո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հունիսի 29-ին համաձայնության եկան Ճապոնիայում կայացած G20 գագաթաժողովում:
Թրամփը նաեւ նշեց, որ թույլ կտա ԱՄՆ ընկերություններին շարունակել սարքավորումների մասեր վաճառել չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ին, որը տնտեսագետների կողմից համարվեց զգալի զիջում:
Օսակայում տեղի ունեցած G20 գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպումից հետո նա հաստատեց, որ ԱՄՆ-ը չպետք է ավելացնի Չինաստանից ապրանքների ներմուծման համար 300 մլրդ դոլարի չափով սակագները՝ հավելելվ, որ շարունակվելու են բանակցությունները Պեկինի հետ:
Ամփոփիչ մամլո ասուլիսում ԱՄՆ նախագահը վերահաստատեց, որ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները կարող են կրկին առեւտրաշրջանառություն իրականացնել չինական Huawei-ի հետ, որով, փաստորեն, անցյալ ամիս ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի կողմից սահմանած արգելքը վերացվեց:
Հարկ է նշել, որ այս առեւտրային պատերազմը հարվածել է բազմաթիվ ներդրումային ծրագրերի, բիզնես-միջավայրի վստահելիությանը եւ արտահանմանը աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում: Սակայն զինադադար հռչակելը դեռեւս չի նշանակում, որ առեւտրային պատերազմը ավարտված է: Հարյուրմիլիարդավոր դոլար արժողությամբ ապրանքային հարկերը դեռևս ուժի մեջ են: Ավելին՝ երկու կողմերը դեռ շատ հարցերի շուրջ պետք է համաձայնության գան:
Իրականում Վաշինգտոնը ցանկանում է, որ Պեկինը սկզբունքորեն փոխի իր տնտեսությունը վերջին չորս տասնամյակների ընթացքում զարգացնելու ուղին, դադարեցնի պետական սուբսիդավորող ընկերություններից ստացվող սուբսիդիաները, բացի ներքին շուկան եւ, ամենակարեւորը, հաշվի առնի, որ պատասխանատվություն կկրի, եթե ձախողի այդ պարտավորություններից որեւէ մեկի կատարումը. «Մենք ձգտում ենք ունենալ ազատ, արդար, ոչ խտրական, թափանցիկ, կանխատեսելի եւ կայուն առեւտրային եւ ներդրումային միջավայր եւ բաց պահել մեր շուկաները»,- ասվում է G20 գագաթաժողովի ավարտին հրապարակված համատեղ հայտարարությունում: G20 երկրների ղեկավարները վերահաստատեցին «քաղաքականության վարման բոլոր գործիքների» օգտագործումը կայուն, հավասարակշռված եւ ընդգրկուն աճ ունենալու նպատակով, սակայն առանց պաշտպանվողականության դեմ պայքարի խոստման: «Միջազգային առեւտուրը եւ ներդրումները աճի, արտադրողականության, նորարարության, աշխատատեղերի ստեղծման եւ զարգացման կարեւոր շարժիչ ուժերն են»,- ասված է G20-ի ղեկավարների համատեղ հայտարարությունում[x]:
Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն էր, որ G20 անդամ պետությունների շարքում Փարիզի կլիմայի գործարքի հանդեպ տարբերվող դիրքորոշում որդեգրեց:
19 այլ անդամներ, ներառյալ՝ Թուրքիան եւ Եվրամիությունը, խոստացել են ջանքեր գործադրել 2015 թվականի Փարիզի կլիմայի փոփոխության համաձայնագրի լիարժեք իրականացման ուղղությամբ: ԱՄՆ-ն հրաժարվել էր համաձայնագրից այն ժամանակ, երբ Թրամփը եկավ իշխանության:
Վաշինգտոնը G20-ի գագաթաժողովի ժամանակ վերահաստատեց իր դիրքորոշումը գործարքից դուրս մնալու մասով:
Երբ կլիմայի փոփոխության մասին Թրամփին հարց ուղղվեց, նա պատասխանեց. «Մենք ունենք երբեւէ արձանագրած լավագույն ցուցանիշները, եւ ես չեմ պատրաստվում մեր ընկերությունների համար ստեղծել այնպիսի [բնապահպանական՝ հեղ.] ստանդարտներ, որոնց արդյունքում մենք կկորցնենք մեր արտադրանքի 20-25% ներուժը»,- եւ ավելացրել․- «Մենք ունենք այնպիսի մաքուր օդ, որ նախկինում երբեք չենք ունեցել»[xi]:
Հաջորդ G20-ը
Հաջորդ գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել 2020թ. նոյեմբերին Սաուդյան Արաբիայում:
Ի դեպ՝ թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը շարունակել է Օսակայում Թուրքիայի եւ այլ երկրների ղեկավարներից հարցադրումներ ստանալ անցյալ տարի Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանության կապակցությամբ, եւ հարցը նույնպես, ամենայն հավանականությամբ, կշարունավկի օրակարգում կախված մնալ:
Աղբյուրը՝ Hurriyet Daily News
Հեղինակ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
[i] https://www.aljazeera.com/news/2019/06/g20-summit-2019-latest-updates-190624071602768.html [ii] https://www.youtube.com/watch?v=rwZTfiCtzrI [iii] https://www.bbc.com/news/world-us-canada-48797485 [iv] https://www.investopedia.com/terms/p/protectionism.asp [v] https://www.aljazeera.com/news/2019/06/g20-summit-2019-latest-updates-190624071602768.html [vi] Նույն տեղում: [vii] https://www.politico.eu/article/the-g20-report-presented-by-demosisto-us-china-ceasefire-moody-macron-trump-vs-india-on-tariffs/ [viii] Նույն տեղում: [ix] https://www.france24.com/en/20190627-usa-iran-china-trade-huawei-g20-tensions-nuclear-migration [x] https://www.aa.com.tr/en/asia-pacific/g20-osaka-summit-statement-stresses-on-free-fair-trade/1519029 [xi] https://edition.cnn.com/politics/live-news/g20-june-2019-intl-hnk/index.htmlՀղումներ