1988-ի քաղաքական պաստառների հեղինակների՝ նկարիչներ Գրիգոր Խաչատրյանի, Արտակ Բաղդասարյանի և Նորայր Այվազյանի (Սպարապետ) հետ զրուցեց Ռիմա Գրիգորյանը:
Ազգագրագետ Հարություն Մարությանը, ուսումնասիրելով Շարժման պաստառները, մոտ 20 բովանդակային խումբ է առանձնացրել: Դուք հիմնականում ի՞նչ բովանդակությամբ պաստառներ էիք նկարում:
Արտակ: Մեր արածներn առաջին հերթին հակասովետական էին, այսինքն՝ նախ և առաջ Ղարաբաղին չէին վերաբերում:
Նորայր: Մենք սկսեցինք հակասովետական բովանդակության պաստառներով: Սկզբի շրջանում էնքան ռադիկալ էր մեր արածը, որ հարթակից ասում էին, որ իրենք կապ չունեն մեզ հետ:
Գրիգոր: Այն, ինչ մենք անում էինք, ցույցերի տեքստերից, կոչերից շատ ավելի առաջ ընկած էր, որովհետև իրենք դեռ փորձում էին Կրեմլի հետ խոսել դիվանագիտական հարթության մեջ:
Կպատմե՞ք ձեր պաստառներից մի քանիսի մասին:
Գրիգոր: Հիշում եմ, որ էդ ժամանակ շատ ապուշ որոշում էր կայացվել, որի համար էլ Սպարապետը սարքել էր «Համաձայն որոշման՝ սա սև է, համաձայն որոշման՝ սա սպիտակ է» պլակատը:
Նորայր: Հա, ինչ-որ աբսուրդ որոշում էին կայացրել. Մատենադարանում կախեցինք սև ու սպիտակ պաստառներ. սևի վրա գրված էր «Համաձայն որոշման՝ սա սպիտակ է», սպիտակի վրա՝ «Համաձայն որոշման՝ սա սև է»: Մեծ միտինգի ժամանակ էդ հսկա պաստառը շատ լավ աշխատեց:
Գրիգոր: Իսկական սապոգի վրա Կրեմլի էլեմենտ էի ավելացրել, որի մեջ ժողովուրդը, չգիտես ինչու, սկսեց կոպեկներ լցնել: Հետո դա վերածվեց գրաֆիկայի …
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ