Այն փաստը, որ նորաձևությունը, բարերը, երաժշտության ոճերը ուղղակիորեն կախված են տնտեսական և քաղաքական իրավիճակներից, վաղուց գիտականորեն ապացուցված է: Այսպիսով, հայտնի է, որ մինի֊կիսաշրջազգեստները ի հայտ են եկել տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ Եվրոպայում գործվածքների պակաս կար, կամ բի-բոբ կոչվող ջազ ոճը ծագեց աֆրոամերիկացիների՝ իրենց իրավունքների համար պայքարի սրման ժամանակ, իսկ ռոք երաժշտությունը իր գագաթնակետին հասավ վիետնամական պատերազմի ֆոնին:
ԽՍՀՄ–ում ընդհանուր դեֆիցիտի դարաշրջանում պոլիէթիլենային տոպրակը նորաձև կերպարի բաղկացուցիչ մասն էր: Առաջին ճթճթան փաթեթավորումը երկիր մտավ օտարերկրյա զբոսաշրջիկների և չարաշահորդների (фарцовщик) շնորհիվ. qաղաքացիների մեծ մասի համար անհասանելի ծխախոտի ապրանքանիշի կարմիր փաթեթները ընկալվում էին որպես շքեղության նշան: Դե իսկ գեղեցիկ աղջիկների պատկերով փաթեթները սեփականատիրոջ բացառիկության նշան էին: Միանգամյա փաթեթները լվանում էին, չորացնում և պահում: Վերակառուցումից (Перестройка) հետո փաթեթները հասանելի դարձան հանրությանը, և դրանք այլևս չէին փայփայում, բայց առաջացավ մեկ այլ խնդիր: Փաթեթները հեղեղեցին աղբանոցներն ու աղբակույտերը: Մայրուղիների երկայնքով աճող ծառերը «զարդարվեցին» գույնզգույն փաթեթների կտորներով: Քամոտ օրերին փաթեթները մինչ այսօր թռչում են փողոցներով: Օվկիանոսներում ձևավորվում են աղբի ամբողջական «կղզիներ» և նույնիսկ «մայրցամաքներ» որոնք հստակ երևում են արբանյակներից: Բայց չէ որ պոլիէթիլենային տոպրակների տարրալուծման ժամանակահատվածը 400 տարի է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչի է վերածվելու մեր մոլորակը ևս մի քանի տասնամյակ անց:
Եվրոպական միությունը պայքարում է
Մոլորակի բնությունն ու էկոլոգիան ինչ-որ կերպ փրկելու համար Եվրոպական միությունը մտադիր է առաջիկա տարիներին խստորեն սահմանափակել թեթև պոլիէթիլենային տոպրակների սպառումը: ԵՄ անդամ պետությունները պետք է հասնեն նրան, որ 2025թ. յուրաքանչյուր բնակիչ օգտագործի տարեկան ոչ ավելի, քան 90 տոպրակ: Որպես տեղեկություն․ ըստ վիճակագրության՝ Իռլանդիայի մեկ քաղաքացի տարեկան օգտագործում է միջին հաշվով 14 տոպրակ, իսկ Դանիայում և Ֆինլանդիայում՝ ընդամենը չորս: Մարդիկ մտահոգված են իրավիճակով և անձամբ ինչ-որ քայլեր են ձեռնարկում՝ չսպասելով կառավարության որոշումների և արգելքների: Համեմատության համար՝ Վրաստանում այս ցուցանիշը կազմում է մոտ 525 պոլիէթիլենային տոպրակ: Դժբախտաբար՝ Հայաստանի համար հնարավոր չէ որևէ թվեր բարձրաձայնել․ ոչ ոք նման վիճակագրություն չի վարում:
Մեր հարևանները
Ի՞նչ և ինչպե՞ս է արվում աշխարհում մեր մայր բնության բեռը թեթևացնելու համար: Ինչպե՞ս ազատել նրան պոլիէթիլենային տոպրակներից, մեկանգամյա օգտագործման սպասքից, գազավորված ըմպելիքների շշերից և այլ վնասակար, դարեր շարունակ չքայքայվող աղբից: Եկեք նայենք մեր հարևաններին։ Վրաստանում աստիճանաբար սահմանափակումներ էին մցնում վերը նշված կենցաղային իրերի օգտագործման վրա: 2018-ի հոկտեմբերի 1-ից արգելվել են բարակ պոլիէթիլենային տոպրակները, որոնք ունեն 15 մկմ-ից պակաս հաստություն, և բոլոր պոլիէթիլենային տոպրակների ներմուծումը: Իսկ ապրիլի 1-ից ի վեր արգելք է դրվել պոլիէթիլենային տոպրակների օգտագործման, արտադրության, վաճառքի և ներմուծման վրա: Այժմ երկրում հնարավոր է արտադրել, ներմուծել և հաճախորդներին առաջարկել միայն բիոքայքայվող տոպրակներ: Այստեղ հստակ բացատրություն կա․ Վրաստանում պոլիէթիլենային տոպրակների արգելքը մասամբ պայմանավորված է եվրոպական օրենսդրության կարգավորումը հետևողականորեն ընդունելու պարտավորություններով: Խախտողներին սպառնում են տուգանքներով: Նախ, առևտրականները ստիպված կլինեն վճարել 75 դոլար՝ արգելված փաթեթները վաճառելու համար: Միևնույն ժամանակ, բոլոր ապրանքները առգրավվում են: Երկրորդ անգամ խախտման համար գումարը կկազմի 187 դոլար: Բնապահպանական վերահսկողության հաջորդ փուլը կլինի մեկանգամյա օգտագործման պլաստիկ պարագաների մերժումը: Վրաստանը հետխորհրդային երկրներից առաջինն էր, որն այդքան վճռականորեն սկսեց պայքարել պլաստիկի դեմ: Ճիշտ է, ըստ չար լեզուների՝ այս բոլոր որոշումներն ու արգելքները հիմնականում մնացին թղթի վրա:
Հետխորհրդային մյուս պետությունները նույնպես հետ չեն մնում աշխարհի հակապլաստիկային կանոնակարգից: Հունվարի 1-ից Մոլդովայի խանութներում արգելվում է մեկանգամյա օգտագործման հաստ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը և վաճառքը: Ուկրաինան նույնպես ցանկանում է էապես սահմանափակել դրանց օգտագործումը: Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է սահմանել տուրքեր պոլիմերային և պլաստիկ տոպրակների օգտագործման համար: Այս ամենը նոր չէ, և նախկին սովետական այս երկրները նորարարներ և առաջամարտիկներ չեն: Այս ամենը տեղի է ունեցել Եվրոպայում ավելի քան քսան տարի առաջ: Օրինակ՝ 1994 թվականին Դանիայում սկսել են հարկ կիրառվել առևտրի կետերում պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրման վրա: Այն բանից հետո, երբ Դանիայում պոլիէթիլենի համար պարտադիր վճար ներդրվեց, գնորդների շրջանում դրա պահանջարկը նվազեց 90%-ով: Գերմանիայում տոպրակների օգտագործման համար վճարում են սպառողները, իսկ առևտրականներն ու տարածողները պատասխանատու են հավաքման և վերամշակման համար: Իռլանդիայում փաթեթների գինը բարձրացնելուց հետո օգտագործված տոպրակների քանակը կրճատվել է 94%-ով: Այժմ այնտեղ օգտագործում են գործվածքից պատրաստված մեկանգամյա օգտագործման տոպրակներ: Բարակ պլաստիկ տոպրակները արգելված են Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ): 2017 թվականից ի վեր Ֆրանսիան արգելում է առևտրի բոլոր կետերում բարակ մեկանգամյա օգտագործման բռնակներով կամ առանց բռնակների պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Հնդկաստանի մի նահանգում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենը ամբողջությամբ արգելված է, ներառյալ՝ սպասքի պարագաները: Եթովպիայում և Մարոկկոյում արգելվում է չքայքայվող պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը և ներմուծումը այլ երկրներից: Ռուսաստանը նույնպես առաջին քայլերն է ձեռնարկում շրջակա միջավայրի վրա պոլիէթիլենի բացասական ազդեցության դեմ պայքարում: 2019 թվականի հունվարից կառավարությունը արգելել է տոպրակների տեղափոխումը աղբավայրեր. պլաստիկ տոպրակներն ընդգրկվել են այն թափոնների ցանկում, որոնք արգելվում է թաղել հողի մեջ: Ճիշտ է, փաստաթղթում չի ասվում, թե ինչ անել այդպիսի թափոնների հետ:
Թուղթը պոլիէթիլենի փոխարե՞ն
Շատերը կոչ են անում պոլիէթիլենը թղթով փոխարինել: Այնուամենայնիվ, թղթի փոխարինման գաղափարը հակառակորդներ ունի: Ըստ Գրինփիսի՝ թղթե տոպրակների արտադրության ժամանակ 70%֊ով ավելի վնասակար նյութեր են արտազատվում մթնոլորտ, իսկ արտահոսքերը դեպի ջրային տարածքներ մեծանում են 50 անգամ: Այդ իսկ պատճառով թղթե տոպրակների օգտագործումը՝ որպես պոլիէթիլենի այլընտրանք, նույնպես ելք չէ: Փաթեթավորման և փոխադրման համար պոլիէթիլենային տոպրակների ամենաէժան և ամենահեշտ փոխարինողները կտորից պայուսակները և քսակներն են․ ինչպես նախկինում, երբ այսօրվա ընթերցողների մեծ մասը դեռ չէր ծնվել:
Ի՞նչ է կատարվում մեզ մոտ
Հիմա եկեք նայենք ինքներս մեզ: Մի հայացքն էլ բավարար է համոզվելու համար, որ մեր փողոցները, այգիները, հանրապետական ճանապարհների մայթերը, հանգստի գոտիները բառացիորեն խորտակվում են աղբի մեջ: Նույնատիպ հազարավոր փաթեթներ, շշեր, անգամ չնշելով ապակե շշերը, ծխախոտի տուփերը և դրանց մնացորդները, բառացիորեն ծածկում են գետինը: Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են շաբաթօրյակներ, տարատեսակ միջոցառումներ՝ հանրային տարածքները մաքրելու համար, բայց այդ ամենը մի կաթիլ է ծովում: Եվ դա հասկանալի է: Նախ, մեկանգամյա գործողությունները չեն կարող փրկել իրավիճակը, և երկրորդը, այս գործողություններից հետո և, հավանաբար, հենց այս շաբաթօրյակների ընթացքում էլ ինչ-որ մեկը հանգիստ խղճով ինչ-որ տեղ զովացուցիչ ըմպելիքի դատարկ շիշ է գցում գետնին: Այն, որ մեզ նույնպես պետք է նպատակաուղղված և մտածված քաղաքականություն մեր տարածքների աղտոտման դեմ պայքարելու համար, կասկածից վեր է: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձայներ են հնչում, ինչ-որ մեկը ինչ-որ բան է առաջարկում, և նույնիսկ եթե որևէ օգտակար օրենք է ընդունվում, դրա արդյունքները տեսանելի չեն այն պարզ պատճառով, որ օրենքն ընդունված է, բայց դրա իրականացման մեխանիզմը մնում է անորոշ: Այդպիսով, այս օրենքն էլ մնում է թղթի վրա:
Հավաքել, պահել, տանել․ արդյո՞ք սա ելք է
Այո, վերջերս քաղաքում հայտնվել են որոշ ֆիրմաներ, կազմակերպություններ, ընկերություններ, որոնք հավաքում և վերամշակում են պլաստիկ, թուղթ և ապակի: Լա՞վ է: Իհա՛րկե: Գործը օգտակար է և շատ անհրաժեշտ: Այս կազմակերպությունները կոչ են անում բնակչությանը հավաքել թափոնները և հանձնել դրանք: Բայց, ինչպես դա սովորաբար լինում է, հիանալի գաղափարը շատ դժվար է իրականացնել: Ես կբացատրեմ կոնկրետ օրինակով: Իրավապահ քաղաքացին, ով մտահոգված է բնապահպանական խնդիրներով, հավաքում է պլաստմասե և ապակե սպասք, մակուլատուրա պարկերի, տուփերի մեջ և սպասում. ի՞նչ անել այս ամենի հետ: Համապատասխան կազմակերպությունն առաջարկում է հետևյալ տարբերակները. նախ, զանգահարեք մեզ և հայտնեք ձեր հավաքած թափոնների քանակը: Եվ եթե դուք բավականաչափ եք հավաքել, մեր առաքիչը կայցելի ձեզ, երբ հնարավորություն ունենա: Երկրորդ տարբերակը․ սոցիալական ցանցերի միջոցով հայտարարվում են թե որ օրը, երբ և որտող կմոտենա այդ կազմակերպության մեքենան: Ապա վերցնում եք այդ շշերով, տոպրակներով և մակուլատուրայով լի պայուսակները և տուփերը և քարշ տվեք դրանք անհայտ ուղղությամբ: Դա տեղի է ունենում ամիսը մեկ անգամ: Այսինքն՝ այս աղբը մեկ ամիս պետք է պահեք բնակարանում ինչ-որ տեղ, ապա՝ տեղափոխեք այն մեկ այլ տեղ: Համաձայն եմ, այդքան էլ ոգեշնչող հեռանկար չէ: Մեկ այլ տարբերակ․ դուք վճարում եք նրանց ժամանման համար (գազի ծախսեր, ժամանակ և այլ), և նրանք ձեզնից վերցնում են այն թափոնները, որոնք դուք հավաքել և պահել եք բնակարանում ըստ էության նրանց համար: Ինչո՞ւ նրանց համար: Քանի որ նրանք վերամշակում են այս պլաստիկը, ստանում նորից պլաստիկե փոքրիկ այլ իրեր և դրանով փող վաստակում: Խնդրի օրիգինալ լուծում է, այնպես չէ՞: Մարդիկ, ովքեր սկզբում բավականին անկեղծորեն ներգրավված էին այս գործընթացում, տրտնջում էին. քիչ է, որ մենք պահում և տեղափոխում ենք, մի բան էլ խնդիր է առաջանում, թե ինչպես դա պահել ու տեղափոխել: Ներկայացուցիչներին խնդրեցին գոնե խոշոր փաթեթներ տրամադրել «ապրանքի» հավաքագրման և տեղափոխման համար, բայց մերժվեցին: Ստացվում է, որ մարդը պետք է գնի մեծ պայուսակ, որը սովորաբար օգտագործվում է աղբ հավաքելու համար, բավականաչափ թափոններ հավաքի (որպեսզի այդ կազմակերպությունների համար այցը եկամտաբեր լինի), իր բնակարանում պահի մոտ մեկ ամիս, տանի այն հավաքման կետ և հանգիստ գնա՝ համոզելով իրեն, որ մեծ աշխատանք կատարեց հայրենի բնության համար: Իհարկե, բնության մասին հոգ տանելը ազնիվ գործ է: Բայց, ինչպես գիտեք, միայն ոգևորությամբ ոչ ոք, նույնիսկ ամենագաղափարական մարդը երկար չի աշխատի: Որտեղի՞ց այդպիսի մանրամասներ․ ստուգված է սեփական փորձով:
Քանի դեռ պետական կառույցները լուրջ չեն ընդունում այս խնդիրը, խոշոր արտադրողներն ու հասարակական կազմակերպությունները չեն միանում գործին (այսօր առանց նրանց հնարավոր չէ), մինչև խիստ պատիժ չսահմանվի անփույթ քաղաքացիների նկատմամբ մեր փողոցները, հրապարակները, այգիները և կանաչ տարածքները աղտոտելու համար, ոչինչ չի ստացվի: Ժամանակ, փող, համատեղ ջանքեր՝ սա է հաջողության հասնելու միակ ճանապարհը:
Նորաձևությունը բնապահպանության ոլորտում
Որպես վառ և թարմ օրինակ՝ Ralph Lauren ապրանքանիշը և First Milie կազմակերպությունը, որն օգնում է ընկերություններին վերամշակված արդյունքի արտադրության գործում, թողարկել են հատուկ գործվածքից պատրաստված պոլոների հավաքածու, որի պատրատման համար օգտագործվել է վերամշակված պլաստիկ: Յուրաքանչյուր շապիկի վրա ծախսվել է մոտ 12 շիշ: Բացի այդ, ապրանքանիշի ներկայացուցիչը հայտնել է, որ մինչև 2025 թվականը իրենք կհեռացնեն 170 միլիոն պլաստիկ շիշ օվկիանոսից և խոշոր աղբավայրերից: Այդպես և միայն այդպես են լուծվում այս և նմանօրինակ խնդիրները:
Հեղինակ՝ Արմեն Մանուկյան (Armen Manukyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թարգմանիչ՝ Սաթենիկ Էվաջյան (Satenik Evajyan)