Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության թարգմանիչ-խմբագիր Անի Յախշիբեկյանի հետ
Ինչո՞ւ որոշեցիք միանալ «Ինլայթ» հասարակական կազմակերպությանը որպես թարգմանիչ-խմբագիր։
«Ինլայթի» մասին իմացել և միացել եմ այն ժամանակ, երբ այն դեռ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» էր։ Չնայած մասնագիտությամբ թարգմանիչ չեմ, միշտ սիրել եմ այդ զբաղմունքը։ Տեսնելով հայտարարությունը` սիրով դիմեցի՝ դառնալով հրաշալի ընտանիքի անդամ:
Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նյութերը, որոնք թարգմանում եք։
Նյութեր ընտրելիս հաճախ առաջնորդվում եմ անձնական նախապատվություններով՝ միջազգային և տեղական քաղաքականություն, կինո և այլն։ Նաև ուշադրություն եմ դարձնում՝ արդյոք տվյալ նյութը հետաքրքիր կլինի մեր լսարանին։
Որո՞նք են այն խնդիրները, որոնց բախվում եք աշխատելու ընթացքում։
Աշխատելիս խնդիրների՝ որպես այդպիսին, չեմ բախվում։ Միակ խնդիրը, երևի թե, ժամանակի պակասն է, որը ժամանակակից կյանքի անբաժան մասն է։ Ընդհանրապես կարծում եմ՝ եթե անում ես քո սիրելի գործը, խնդիրներ նույնիսկ չես նկատում։
«Ինլայթ»-ի հիմնական գաղափարներն են հայաստանակենտրոնությունն ու ազատականությունը։ Ի՞նչ եք հասկանում այս ասելով։
«Ինլայթ»-ի կազմում լինելու հիմնական պատճառներից մեկը հենց նրա գաղափարներն են։ Նույնիսկ հեղափոխությունից առաջ ինլայթցիները անկաշկանդ խոսում էին բոլոր թեմաներից, ազատ էին արտահայտելու իրենց մտքերը։ Եվ, իհարկե, այստեղ կարևոր տեղ է զբաղեցնում հայաստանակենտրոնությունը, ինչն ապացուցում են այն ինլայթցիները, որոնք ներկայումս մասնակցում են պետականաշինությանը։
Ըստ Ձեզ՝ ո՞րն է «Ինլայթ»-ում աշխատելու առավելությունը։
«Ինլայթ»-ում աշխատելու առավելություններից նախևառաջ կնշեմ հիանալի մարդկանց և մթնոլորտը, որը տիրում է «Ինլայթ»-ում։ «Ինլայթը» թույլ է տալիս զարգացնել հմտություններդ, իսկ տարբեր ոլորտների թեմաներով թարգմանությունները օգնում են զարգանալ տարբեր ուղղություններով։
Եվ վերջին հարցը. ի՞նչն է եղել ամենակարևորը, որ սովորել եք «Ինլայթ»-ում աշխատելիս։
«Ինլայթ»-ում աշխատանքը սովորեցրեց ինձ լինել ավելի կազմակերպված, դարձրեց ավելի ինքնավստահ։
Հարցազրույցը վարեց Աննա Մանուկյանը