Համագործակցության մանիֆեստ

Ստորև ներկայացված է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության և Միջազգային կապերի շվեդական ասոցիացիայի (UFS) միջև համագործակցության մանիֆեստը, որն արտացոլում է երկու կազմակերպությունների և նրանց անդամների միջև քննարկումների և համագործակցության խթանման համատեղ նախաձեռնությունը:

ՄԱՆԻՖԵՍՏ

Սա հիանալի հնարավորություն է երիտասարդ, ակտիվ և հանձնառու մարդկանց համար միավորելու իրենց վերլուծական և մտավոր ներուժը, ներգրավվելու քննարկումների մեջ, ընդլայնելու իրենց գիտելիքների սահմանները` հիմնվելով փորձի փոխանակման, ինչպես նաև ընդհանուր նախագծերի իրագործման վրա, որոնց շահառու կհանդիսանան ոչ միայն իրենց անդամները, այլև հանրությունը: Հետազոտությունների լայնությունը, որը որդեգրել են երկու կազմակերպությունները, առանցքային է լինելու բոլոր նախաձեռնվող ծրագրերի համար:

Մանիֆեստի ներքո պլանավորված են հետևյալ ուղենշային քայլերը
  • փոխանակել երկու ՀԿ-ների գիտելիքներն ու փորձը` տարածելով միմյանց մտավոր աշխատանքի արդյունքները՝ հետազոտական հոդվածները, վերլուծությունները և նյութերը` պահպանելով անհրաժեշտ հեղինակային իրավունքի կանոնները և կանոնակարգերը,
  • վեր հանել և կիրառել փոխադարձ ուսուցման նոր եղանակներ, ինչպիսիք են նյութերի վերանայումը, համատեղ վերլուծությունները և ուսումնասիրությունները (փորձագիտական գնահատում)՝ ներառելով, բայց չսահմանափակվելով պոդկաստներով, ակնարկներով և այլն,
  • երկու կազմակերպությունների անդամների կողմից իրականացված ուսումնասիրությունները տեսանելի դարձնել կազմակերպությունների առցանց հարթակներում,
  • ուսումնասիրել աշխատանքային նոր մեթոդներ և գործիքակազմ, որոնք կարող են օգտագործվել նաև հետագա   ծրագրերի կիրարկման ժամանակ,
  • աջակցել ստեղծագործ երիտասարդներին՝ ընդհանուր հարթակ ստեղծելով նրանց հետազոտական գաղափարների նյութականացման համար,
  • ստեղծել ընդհանուր գիտելիքահեն բազա՝ խթանելով հնարավոր երկկողմ կամ բազմակողմանի նախագծերը։

Այս փաստաթուղթը հիմք կհանդիսանա համատեղ ծրագրերի շարունակական վերանայման և առաջնահերթությունների, դրանց իրագործման շուրջ խորհրդակցության համար՝ խթանելով հետագա գործընկերությանն ու լավ պրակտիկայի փոխանակումը երիտասարդների, փորձագետների և կազմակերպությունների միջև:


Համագործակցության շրջանակում հրապարակվող նյութերին կարող եք ծանոթանալ կայքէջի Նախաձեռնությունների ցանց բաժնում՝ Utblick Zone խորագրի ներքո, ինչպես նաև գործընկեր կազմակերպության կայքէջում՝ Enlight Zone խորագրի ներքո: