«Ինլայթ» 2020 հունվար-հունիս գործունեության ամփոփագիր

2020 թվականի մեկնարկն «Ինլայթ»-ում տրվեց ամենամյա համագումարով, որի ընթացքում տեղի ունեցավ ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ կանոնադրական մարմինների ընտրությունը (խորհուրդ, վերաքննիչ և վերստուգող)։ Հատկանշական է նաև, որ սկիզբ դրվեց վերլուծական ֆորումի նոր եթերաշրջանին. տարվա անդրանիկ հանդիպումը հունվարի 26-ին էր:
Այս ընթացքում հրապարակվեցին Վերլուծական ֆորումի 11, Ինլայթ համալսարանի 3, Անցյալի ներկայության և GreEnlight-ի 1-ական նյութ:

Արդեն հաջորդ ամիս՝ փետրվարի 16-ին, երբ կայացավ վերլուծական ֆորումի հերթական հանդիպումը, մեկնարկ տրվեց տնտեսագիտական ենթաբաժնի աշխատանքներին:
Նշենք նաև, որ Նիկոլայ Հարությունյանի և Նաիրա Սարդարյանի գլխավորությամբ վերսկսվեցին դրամաշնորհային ծրագրերի դիմումները: 

Ամսվա ընթացքում հրապարակվեցին հարցազրույցներ, Վերլուծական ֆորումի 9, Ինլայթ համալսարանի 1 և Անցյալի ներկայության 2 նյութ:

Մարտ ամիսն այս տարի կարևորվեց իր «անակնկալներով»․ «Ինլայթ»-ն ամբողջապես անցում կատարեց հեռավար աշխատանքային ռեժիմի` պայմանավորված կորոնավիրուսային վարակով:

Մարտի 18-ին հեռավար եղանակով կայացավ աշխատակազմի հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին հայտադիմումների գործընթացը և արդյունքները, քննարկվեցին նոր համագործակցությունները և առաջիկա պրակտիկաների կազմակերպչական հարցերը, մշակվեցին բաժինների որակավորումները: 

Վերլուծական ֆորումի հանդիպումը կայացավ մարտի 21-ին: Օրակարգում ներառված նյութերի հեղինակներից էր Գևորգ Գասպարյանը։ Նրա թեկնածության շրջանն ավարտվեց, և քվերարկության արդյունքում Գևորգը համալրեց վերլուծաբանների շարքերը:

Մարտի 28-ին կայացավ մեդիա բաժնի հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին բաժնի ընթացիկ աշխատանքները, բաշխվեցին նոր առաջադրանքները, փոխանակվեցին կարծիքներ և առաջարկներ, տրվեց հետաքրքիր և ինտելեկտուալ քուիզերի նոր շարքի մեկնարկը:

Խմբագիրների բաժնի հանդիպումը կայացավ մարտի 29-ին. ամփոփվեցին բաժնի աշխատանքները, քննարկվեցին մի շարք խմբագրական հարցեր, աշխատանքային նոր գործիքներ, կարծիքներ և առաջարկներ, ինչպես նաև Ոսկեղենիկի նոր թեմաները:

Մարտին հրապարակվեցին Վերլուծական ֆորումի 9, Անցյալի ներկայության 2, #GreEnlight-ի 2 և Ոսկեղենիկի 1 նյութ, վերամեկնարկվեց #EnlightTalks-ը։ 

Ապրիլն «Ինլայթ»-ում  նշանավորվեց Slack համակարգի վերջնական ներդրմամբ. կազմակերպության հաղորդակցման ողջ գործընթացն այժմ ամբողջապես տեղի է ունենում հենց այս հարթակում: 

Ապրիլի 5-ին կայացավ թարգմանիչների բաժնի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց բաժնի աշխատակարգը, ամփոփվեցին աշխատանքների որակավորման արդյունքները, տեղի ունեցավ քննարկում թարգմանվող նյութերի ընտրության և բովանդակության վերաբերյալ:
Այս ամիսը նշանավոր էր նաև նրանով, որ կազմակերպվեց թարգմանիչների և խմբագիրների համար նախատեսված պրակտիկա․ թարգմանչական 3-ամսյա պրակտիկային ներգրավվեցին 9 մասնակից:

Ապրիլի 2-ին, 12-ին և 25-ին վերլուծական ֆորումի հանդիպումներ կայացան, որոնց արդյունքում վերլուծական ֆորումը համալրվեց մասնագիտությամբ տնտեսագետ երեք վերլուծաբաններով:

Ամսվա ընթացքում հրապարակվեց վերլուծական ֆորումի 14, Ինլայթ համալսարանի 4 և անցյալի ներկայության 2 նյութ:

Մայիսին անցում կատարվեց JIRA-ին: Վերջինս աշխատանքների համակարգման ծրագիր է, որը կիրառվում է կազմակերպության նախագահության, խորհրդի, բաժինների ղեկավարների և առանձին նախագծերի համակարգման համար:

Jira-ն թույլ է տալիս իրականացնել աշխատանքների հստակ պլանավորում, հետևում և մոնիթորինգի իրականացում: Վերջինս մեր ներկազմակերպչական գործունեությունը դարձնում է առավել թափանցիկ և, որ ամենակարևորն է, խիստ հաշվետու և հետևողական:

Ուրախությամբ նշենք, որ «Ինլայթ»-ը համագործակցություն է սկսել «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ՝ ներգրավելով ինչպես խմբագիրների ամբողջ կազմին, այնպես էլ կազմակերպության այլ անդամներին։ Օգտագործելով հեռահաղորդակցման միջոցները՝ իրականացվեցին դասընթացներ, որոնց ընթացքում կազմակերպության անդամները ծանոթացան Վիքինյութերի ստեղծման ու խմբագրման գործիքակազմին: Արդյունքում թարգմանվում և ստեղծվում են նոր հետաքրքիր ու տարաբնույթ հոդվածներ՝ հասանելի դառնալով նաև հայալեզու լսարանին:

Այս ընթացքում «Ինլայթի» լրագրող Ինգա Շիրակյանը զբաղված էր հարցազրույցներ անցկացնելով կազմակերպության թարգմանիչների հետ: 

«Ինլայթը» նաև սկսեց համագործակցել/թղթակցել Strategeast-ի հետ:

Մայիսին հրապարակվեց Վերլուծական ֆորումի 11, Ինլայթ համալսարանի 3, Անցյալի ներկայության 1, GreEnlight-ի 1 և Ոսկեղենիկի 4 նյութ:

Դե իսկ արդեն հունիսի 6-ին «Ինլայթը» հեռավար եղանակով նշեց 4(12) ամյակը, տրվեց վերլուծական 3-ամսյա պրակտիկայի մեկնարկը: «Ինլայթը» սկսեց համագործակցել միջազգային կապերի շվեդական ասոցիացիայի (UFS) հետ:

Թվանշանային ձևաչափով հրատարակվեց Կարլ Շմիթի «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» ռադիոէսսեն, որը պատրաստել էին Մերի Բաբայանը, Գայանե Խաչատրյանը, Նունե Մաթևոսյանը, Լիլիթ Խաչատրյանը և Գոռ Մադոյանը: 

Հունիսի 15-ին իրականացավ վերլուծական ֆորումի հերթական հանդիպումը: Այս ամսվա ընթացքում հրապարակվեցին Վերլուծական ֆորումի 15, Ինլայթ համալսարանի և GreEnlight-ի 1-ական և Ոսկեղենիկի 4 նյութ:


«Ինլայթի» 2020 թվականի կարգախոսն է` «Սովորի´ր, որ փոխես»:
Հեղինակ` Արամ Սամանյան:

2020 թվականի մայիսից մինչև հունիս հրապարակվել է 107 նյութ (Վերլուծական ֆորում` 69, Անցյալի ներկայություն` 8, Ինլայթ համալսարան` 12, GreEnlight` 5, Ոսկեղենիկ` 13): 

Ի՞նչ  սպասել:
Գալիք ծրագրերը` նախատեսված մինչև 2021 թվականը

  • Որակավորումների / Հետադարձ կապերի անցկացում
  • Jira-ում աշխատակիցների նեգրավվածության ընդլայնում
  • Կարլ Շմիթի «Զրույց իշխանության և տիրակալի» հասանելիության շուրջ» գրքի տպագրություն
  • Մաքս Վեբերի «Գիտությունը իբրև կոչում և մասնագիտություն» աշխատանքի թարգմանության թվանշային հրատարակություն
  • «Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ մարզերի ավագ դպրոցներում»  ծրագրի վերամշակում և շարունակություն
  • Կրթության շուրջ LiveTalks` պիլոտային քննարկում
  • Law Simplified նախագծի մեկնարկ
  • EconoMix նախագծի մեկնարկ
  • GreEnlight-ի շարունակականության ապահովում
  • Պրակտիկաների 2-րդ սերունդ/հոսք
  • Աշխատակազմի ինստիտուցիոնալ կայացում
  • Զարգացման բաժնի վերակազմավորում և կայացում
  • Կանոնադրական մարմինների՝ Խորհուրդ, Վերաքննիչ, Վերստուգող անդամների  թեկնածության առաջադրում / ընտրություններ
  • Աշխատանք հանրահռչակման ուղղությամբ. լսարանի ընդլայնում
  • Աշխատանքների արդյունավետ իրականացումը կատարվում է երեք փուլով. պլանավորում, իրականացում և մոնիթորինգ: 

Գործողությունների պլանավորումը առավել համակարգված է դարձնում ընթացիկ աշխատանքները և թույլ է տալիս հստակ ուրվագծել առաջիկա անելիքները:

Գործողությունների քայլ առ քայլ մշակումը, ժամկետների հստակեցումը և աշխատանքի բաշխումը իրագործման ճանապարհի  քայլերն են: Հետևողականությունը և համառությունը բոլոր ծրագրերի, գաղափարների իրագործման նախապայմաններն են:

Մոնիթորինգն իրականացվում է ինչպես ընթացիկ աշխատանքների, նախագծերի պարագայում, այնպես էլ արդեն կատարվածների: Դա թույլ է տալիս ժամանակին վեր հանել հնարավոր խնդիրները, բացթողումները և մշակել լուծումներ:


Համարձակվի´ր մտածել:
Սովորի´ր, որ փոխես: