Ազգ-բանակ vs ազգ-օջախ. հանրային հաղորդակցության և մասնավոր կեցության միջև

Source [https://www.4plus.org]

Իշխանությունը  հասարակության՝ կա՛մ ժողովրդի, կա՛մ բնակչության, կա՛մ առանձին խմբերի, կա՛մ անհատների հետ խոսում է մեծ կամ փոքր պատումների միջոցով։ Պատկերները և հղումները առանձնահատուկ կարևորություն ունեն ընդհանուր հաղորդակցության հողի նախապատրաստման համար։ Ընդհանուր պատմությունը, ճակատագիրը, փորձառությունը անհրաժեշտ կռվաններն են, որոնք պետք է պահեն հաղորդակցությունը և նպաստեն փոխադարձ վստահությանը։  Հարկ է նշել, որ ցանկացած պարագայում զրույցը անխուսափելի է, լինի դա մենախոսության թե բազմախոսության ձևաչափով։ Մյուս կողմից, ցանկացած իշխանություն իր հետ պետք է բերի կամ բերում է նոր մշակույթ,  հաղորդակցության նոր լեզու, որը նոր պատումի, նոր աշխարհի կառուցման անհրաժեշտ պայման է։ Իշխանությունը, լինի քաղաքական, սոցիալական թե մշակութային, առանձնանում է հենց լեզվով. ահա թե ինչ բառապաշար, պատումներ են օգտագործում ներկան նկարագրելու և ապագան պատկերելու համար։ Կրկնելով հանդերձ, որ այդ լեզուն ամենևին պետք չէ հասկանալ ուղիղ (տեքստային) իմաստով, պետք է նշել, որ պատումները մեր ժամանակներում առավելապես պատկերային են և նույնիսկ տեքստերի պարագայում կառուցված են պատկերի տրամաբանության մեջ։

Այս անհրաժեշտ նախապայմանները մտապահելով՝ որպես մեկնարկ կարող ենք խոսել ավելի գործնական  իրավիճակների մասին։ Դիսկուրսները հասարակությունում միշտ պայքարի մեջ են միմյանց հետ՝ ներկայանալով որպես գերիշխան (առաջնային) և երկրորդական (մնացորդային) դիսկուրսներ։ Օրինակ՝ մեր պարագայում անվտանգության դիսկուրսը և դրա հետ շաղկապված բառապաշարն առավելապես գերիշխան է, իսկ օրինակ, մարդու իրավունքների դիսկուրսը՝ երկրորդային։ Արխայիզմի տարրեր պարունակող այս իրավիճակի նախապատմությունն ու հիմքերն այլ քննարկման առարկա են և դուրս են սույն գրվածքի տրամաբանությունից։ Փաստը, որ անվտանգությանը երկրորդվել են  քաղաքական, հանրային այլ խնդիրներ, աներկբա է և անզեն աչքով էլ տեսանելի։

Նախորդ իշխանությունները, ունենալով  հանրային ցածր լեգիտիմություն և վստահություն, ստիպված էին շեշտադրել հենց անվտանգության դիսկուրսը, բառապաշարը՝ փորձելով այն տեղայնացնել  հանրային կյանքի  բոլոր ոլորտներում՝ ընդհուպ մինչև մասնավոր, հանդերձյալ կյանք։ Հարկ է մտապահել, որ այս իրավիճակը երբեմն թակարդային է, երբ, անընդհատ նույն բառապաշարն օգտագործելով, երբեմն ստիպված են լինում ակամայից դառնալ դրա «գերին»՝ ցանկացած, երբեմն իրարամերժ ու ծայրահեղորեն տարբեր իրավիճակների համար օգտագործելով  ռազմականացված նույն լեզուն։ Այս ամենի տրամաբանական հանգուցալուծումը  հանրային սպառված աջակցության պարագայում «ազգ-բանակ» կոնցեպտի ծնունդն էր։ Կոնցեպտ, որը լավ մոռացված հինն էր, առնվազն վերցված բոլշևիկյան մշակութային և քաղաքական բառապաշարից, որտեղ հասարակության բոլոր ներկայացուցիչները տարբեր «ճակատների մարտիկներ» էին՝ մշակութային, տնտեսական, գիտական, և հասարակությունն ինքնին մի «բանակ» էր։ Իհարկե, սա արդյունք էր պատմական ժամանակաշրջանի, երբ իշխանությունը և նրա՝ հասարակության հետ խոսելու գործիքակազմը ձևավորվել էին քաղաքացիական պատերազմի արդյունքում և ուղղակիորեն կրում էին դրա դրոշմը։ Մյուս կողմից, մեր պարագայում օբյեկտիվ պատճառները՝ չավարտված պատերազմը, զինադադարը, սահմանային սրացումները,  դրականորեն են ազդում այս դիսկուրսի մշակման, տարածման և արդիական մնալու վրա։ Այս տրամաբանության մեջ էին արդեն իշխանության թուլացման ազդակները՝ 2016 թ. Ապրիլյան պատերազմի «պարտության» ներկայացումը, դրա քարոզչությունը, դրան հաջորդած ՊՊԾ գնդի գրավումը՝ որպես վերահաս «վախճանի» կանխարգելման «անհրաժեշտ» միջոց։

2018 թ. հեղափոխությունն իր հորիզոնականության, մասնակցայնության և ժողովրդականության հիմքերով հույս էր ստեղծում, որ պետք է բերեր նոր լեզու, հաղորդակցման նոր պատումներ, որոնք եթե չթուլացնեին  անվտանգության գերիշխող դիսկուրսը, գոնե պետք է զորեղացնեին մյուս՝ երկրորդային և մրցակից դիսկուրսները։ Իսկ, ինչպես գիտենք կենսաբանությունից, մի ոլորտի ուռճացումը և ռեսուրսների կենտրոնացումը կարող են բերել հասարակության մարմնի դիստրոֆիայի։

Ահա այս տրամաբանությամբ առաջարկվեց կարծես թե նոր, բայց ավելի շատ մոդիֆիկացված տարբերակ՝ «ազգ-օջախ» պայմանական անվամբ։ Այսպես՝ հասարակության տարասեռ խմբեր՝ երբեմն անհաշտ մրցակցության մեջ գտնվող, միավորվեցին մի նոր պատումի՝ «օջախի» գաղափարի շուրջ։ «Օջախի» հայկական ավանդական պատկերացմամբ մասնավորի խորհրդանիշը  բերվեց հանրային դաշտ՝ ընտանիքին վերագրելով հասարակաստեղծ և պետականաստեղծ գործառույթ։ Սա արդեն արխայիզմի մեկ այլ մոտեցում էր, որը պետք է կարդինալ հակասության մեջ մտներ հասարակագիտության հիմնարար սկզբունքների հետ։ Իսկ սզբունքը հետևյալն է. հասարակությունը կամ քաղաքացիները պայմանագրային, անհատական մակարդակի հարաբերությունների կրող են՝ ի հակադրություն ընտանիքի, որտեղ ընտրության տեղ չկա, ամեն ինչ որոշվում է ծնունդի փաստով, իսկ  ընտանիքի անդամի հետ հարաբերությունները կառուցվում են ընտանիքի հենց մասնավոր՝ ընտանեկան հարաբերություններից ելնելով։ Ընդ  որում՝ արխայիզմի ու ավանդականության բոլոր կանոններով խուսափել ընտանիքի դոմինանտի կարգավիճակից կնշանակի հայտնվել լուսանցքում։ Այստեղ ահա հետաքրքիր  երևույթ է ի հայտ գալիս։ Եթե նախկին իշխանությունները բանակը՝ հանրային ինստիտուտը, տեղայնացնում էին մասնավորի տիրույթում (բոլորին հայտարարելով մարտիկներ, զինվորներ), այսինքն՝ գրավվում էր մասնավորը հանրայինի կողմից, ապա ներկայումս հակառակ տեղաշարժն է` հանրայինն է գրավվում մասնավորի կողմից։ Օջախն է հայտարարվում հանրային հարաբերությունների առանցք, հասարակության տարասեռ խմբերը և անհատները «հռչակվում են» նույնական։ Այս երկու մոտեցումների տրամաբանությունը հասկանալու համար պետք է մեկնարկենք իշխանության առաջնահերթությունները հասկանալուց։ Ըստ այդմ՝ ցանկացած իշխանություն կոչված է կառավարելու և դրա  համար պետք է ունենա իր կառավարելիքի պատկերը։ Վերջինիս  համար կա՛մ պետք է լինեն  հասարակագիտական ուժեղ կառույցներ, ինստիտուտներ, որոնք պետք է հասարակության մասին օբյեկտիվ գիտելիք տրամադրեն կառավարողներին, կա՛մ վերջիններս , սեփական փորձառությունից ելնելով, իրենց համար պետք է ստեղծեն այդ հասարակության պատկերը։ Այսինքն` հայտարարեն հասարակությունը օջախ և կառավարեն  այն օջախի տրամաբանության մեջ։ Սա պատկերի ու պատումի նույնականացման գայթակղիչ վտանգն է, երբ բարդ համակարգերը պարզեցվում են՝ կառավարելիության դյուրինություն ապահովելու համար։ Միգուցե կարճատև հեռանկարում ծագած խնդիրները հնարավոր կլինի լուծել այս տրամաբանությամբ, բայց  հասարակության պես բարդ համակարգը մոտարկելով օջախին՝ իշխանությունները վստահաբար կստանան նախ՝ թյուր պատկեր և ապա նաև՝ լուծման կարոտ խնդիրներ։ Այսպիսի խնդիրներ առաջ են գալիս հատկապես համատարած ճգնաժամերի ընթացքում, ինչպիսին է օրինակ համավարակը, երբ հարկ է լինում հասարակական բոլոր խմբերին և անդամներին անհատական մոտեցում ցուցաբերել, պահանջել անհատական պատասխանատվություն, բայց և միաժամանակ տուրք տալ գերիշխող դիսկուրսին և հղել օջախին՝ որպես համավարակի պայքարի առաջամարտիկ։ Այսինքն՝ պահպանել օջախի լեզուն և խոսել անհատական պատասխանատվությունից, խոսել մեկ մարդու պայքարի կարևորության մասին։ Այս  ամենն իր հերթին անխուսափելիորեն բերում է տարաճման (դիստրոֆիայի)։

Իհարկե, պետք չէ մոռանալ նաև, որ նոր իշխանությունների նոր մշակույթ ներմուծելու գաղափարը ու նոր լեզվով հաղորդակցելու պահանջը անհրաժեշտ, բայց ոչ պարտադիր պայման է։ Այն պետք է որակապես և բովանդակային նոր իրականություն ստեղծելու համար, բայց անխուսափելի չէ։ Գերիշխող դիսկուրսների բառապաշարների կիրառումը, կրկնենք, գայթակղիչ է իշխանությունների համար, քանի որ առանձին ջանք չի պահանջում նոր լեզու,  հաղորդակցման նոր մշակույթ ստեղծելու համար, այլ օգտագործում է գործող «կարգավորումները» և ուղղակի  բարելավում դրանք։


Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: