Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:
19 հոկտեմբերի, 2020թ. 15:14
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն։
19 հոկտեմբերի, 2020թ. 13:13
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում։
19 հոկտեմբերի, 2020թ. 12:01
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին:
19 հոկտեմբերի, 2020թ. 09:13
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։
19 հոկտեմբերի, 2020թ. 09:00
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:
19 հոկտեմբերի, 2020թ. 00:52
Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց ձեռքբերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր գնահատեց Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։
19 հոկտեմբերի, 2020թ. 00:01
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը: