Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:
27 սեպտեմբերի, 2020թ., 14:45
ԱՀ Պաշտպանության նախարարություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է:
27 սեպտեմբերի, 2020թ., 14:30
ԱՀ Պաշտպանության նախարարություն
Այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
27 սեպտեմբերի, 2020թ., 13:08
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։ Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ռազմական դրություն և 18 տարեկանից բարձր անձանց համար համատարած զորակոչ հայտարարված է նաև Արցախում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժ․ 07։10-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակման։
27 սեպտեմբերի, 2020թ., 11:24
Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ հայկական ուժերը խոցել են հակառակորդի 14 ԱԹՍ, 2 ուղղաթիռ, ինչպես նաև՝ զրահատեխնիկա։ Այս մասին հայտնում է ՊԲ ֆեյսբուքյան էջը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական խոցված տանկերի թիվը 3-ն է։ Ադրբեջանը հաստատել է 1 ուղղաթիռի կորուստի մասին տեղեկությունը։
27 սեպտեմբերի, 2020թ., 10:25
ՀՀ ԶՈւ-ն հյուսիսային ուղղությամբ խոցել է ևս մեկ ԱԹՍ։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական 3 միավոր ԱԹՍ խոցելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է հակառակորդի 3 տանկ, 2 ուղղութիռ և 4 ԱԹՍ-ի խոցման մասին, Ադրբեջանը առայժմ հաստատել է 1 ուղղաթիռի կորուստի մասին։
27 սեպտեմբերի, 2020թ., 10:07
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատում է 1 միավոր ուղղաթիռի կորուստը Թարթառի ուղղությամբ։ Նշվում է, որ անձնակազմը ողջ է մնացել։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի 3 տանկ, 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:
27 սեպտեմբերի, 2020թ., 08:22
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է: Հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև կոչ է անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։