Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:
30 սեպտեմբերի, 2020թ., 18:21
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:
30 սեպտեմբերի, 2020թ., 18:15
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար:
30 սեպտեմբերի, 2020թ., 15:20
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Արցախի Մարտակերտ քաղաքը, երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,- նշել է Վահրամ Պողոսյանը:
30 սեպտեմբերի, 2020թ., 14:04
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
ՊԲ Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են:
30 սեպտեմբերի, 2020թ., 13:18
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Այս պահին մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։
30 սեպտեմբերի, 2020թ., 11:00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։
30 սեպտեմբերի, 2020թ., 10:01
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:
30 սեպտեմբերի, 2020թ., 08:16
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Սեպտեմբերի 30-ին ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։