Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:
6 հոկտեմբերի, 2020թ. 17:42
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։
Հ.Գ. Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս )
6 հոկտեմբերի, 2020թ. 17:23
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է։
6 հոկտեմբերի, 2020թ. 16:57
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
ՊԲ հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ժամեր առաջ թշնամու՝ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձն է ինչ-որ արդյունքի հասնելու համար։
6 հոկտեմբերի, 2020թ. 16:54
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը:
6 հոկտեմբերի, 2020թ. 16:30
ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետևանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ
6 հոկտեմբերի, 2020թ. 16:26
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ: Բարի գալուստ դժոխք
6 հոկտեմբերի, 2020թ. 15:00
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք։
6 հոկտեմբերի, 2020թ. 13:32
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները։
6 հոկտեմբերի, 2020թ. 12:00
Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների մեծ ծավալների թիրախավորումը ԼՂ հակամարտության գոտում որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և ցանկացած փորձ՝ տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է:
6 հոկտեմբերի, 2020թ. 11:26
Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։ Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար: Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
6 հոկտեմբերի, 2020թ. 09:26
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։