Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

10 հոկտեմբերի, 2020թ. 23:44

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել:

10 հոկտեմբերի, 2020թ. 23:03

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։

10 հոկտեմբերի, 2020թ. 23:03

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Այսօր ԱՀ ՄԻՊ աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան՝ Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ, այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ, և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում:

10 հոկտեմբերի, 2020թ. 21:53

ՀՀ ԱԳՆ

Դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Սյունիքի մարզի բնակավայրերին: Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված քայլերը։

10 հոկտեմբերի, 2020թ. 20:29

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ: Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:

10 հոկտեմբերի, 2020թ. 16:40

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի։

10 հոկտեմբերի, 2020թ. 16:15

ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։ Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։

10 հոկտեմբերի, 2020թ. 15:13

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան

Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով:

10 հոկտեմբերի, 2020թ. 14:54

ԱՀ ՊԲ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով:

10 հոկտեմբերի, 2020թ. 12:59

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է։

10 հոկտեմբերի, 2020թ. 12:57

ԱՀ ՊԲ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների:

10 հոկտեմբերի, 2020թ. 12:36

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

10 հոկտեմբերի, 2020թ. 12:33

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշան Ստեփանյանը արդեն հայտնել է։ Կա մեկ զոհ։

10 հոկտեմբերի, 2020թ. 12:07

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։

10 հոկտեմբերի, 2020թ. 12:03

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ։

10 հոկտեմբերի, 2020թ. 11:07

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն։

10 հոկտեմբերի, 2020թ. 10:31

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը մի քանի րոպե առաջ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան:

10 հոկտեմբերի, 2020թ. 10:31

ԱՀ ՊԲ

Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ:

10 հոկտեմբերի, 2020թ. 10:10

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։

10 հոկտեմբերի, 2020թ. 10:04

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՌԴ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։

10 հոկտեմբերի, 2020թ. 04:13

ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը.

  1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։