Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

12 հոկտեմբերի, 2020թ. 15:43

ԱՀ ՊԲ

Նկատի ունենալով ՌԴ միջնորդությամբ 2020-ի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը՝ ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։ Հանձնաժողովը ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։

12 հոկտեմբերի, 2020թ. 15:16

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։

12 հոկտեմբերի, 2020թ. 14:03

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար:

12 հոկտեմբերի, 2020թ. 11:25

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ: Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին: Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության՝ պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում:

12 հոկտեմբերի, 2020թ. 10:20

ԱՀ ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

12 հոկտեմբերի, 2020թ. 09:02

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

12 հոկտեմբերի, 2020թ. 08:31

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը: