Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

16 հոկտեմբերի, 2020թ. 23:45

ՀՀ ԱԻՆ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարված է օդային տագնապի ավարտ։

16 հոկտեմբերի, 2020թ. 23:36

ՀՀ ԱԻՆ

Կապան քաղաքում հայտարարված է «օդային տագնապի ավարտ»

16 հոկտեմբերի, 2020թ. 22:40

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Կրկին հրթիռակոծում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել։

16 հոկտեմբերի, 2020թ. 16:16

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Այսօր ընդունել եմ ՌԴ Պետ դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ընդգծել եմ ՌԴ-ի կարևոր դերակատարությունը հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում։

16 հոկտեմբերի, 2020թ. 16:11

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։

16 հոկտեմբերի, 2020թ. 15:23

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից:

16 հոկտեմբերի, 2020թ. 14:12

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարագրությունը։

16 հոկտեմբերի, 2020թ. 10:32

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի:

16 հոկտեմբերի, 2020թ. 09:02

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ: