Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:
27 հոկտեմբերի, 2020թ. 13:00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ:
27 հոկտեմբերի, 2020թ. 12:22
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ:
27 հոկտեմբերի, 2020թ. 11:43
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների:
27 հոկտեմբերի, 2020թ. 11:12
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
27 հոկտեմբերի, 2020թ. 09:11
Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։
27 հոկտեմբերի, 2020թ. 09:09
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո:
27 հոկտեմբերի, 2020թ. 01:29
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան
Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: