Արցախյան քրոնիկոն | 8 նոյեմբերի

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

8 նոյեմբերի, 2020թ. 20:34

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։ ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։

8 նոյեմբերի, 2020թ. 19:02

ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։ Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

8 նոյեմբերի, 2020թ. 14:27

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը:

8 նոյեմբերի, 2020թ. 11:43

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:

8 նոյեմբերի, 2020թ. 10:05

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերով թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ:

8 նոյեմբերի, 2020թ. 09:51

ԱՀ ԱԻՊԾ

Շուշին շարունակում է մնալ ադրբեջանական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։

8 նոյեմբերի, 2020թ. 09:34

ԱՀ ԱԻՊԾ

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։