Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության գերմաներենի թարգմանիչ Հռիփսիմե Մանուկյանի հետ:
Որքա՞ն ժամանակ է, որ անդամակցում եք «Ինլայթ»-ին, և ի՞նչ է Ձեզ տալիս «Ինլայթ»-ում աշխատանքը:
«Ինլայթ»-ին սկսել եմ անդամակցել 2020 թ. փետրվարից: Կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել եմ սիրել այն և հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի շատ երկար տարիներ:
«Ինլայթ»-ն ինձ մասնագիտական առումով տալիս է տարբեր ոլորտներում գիտելիքներս խորացնելու, թարգամանչական ունակություններս զարգացնելու, լեզվական իմացության մակարդակս բարձրացնելու, ինչպես նաև լուսավոր, կյանքով լեցուն ու խելացի մարդկանց հետ ծանոթանալու, շփվելու, մտքեր փոխանակելու և նոր գաղափարներով հանդես գալու հնարավորություն:
Ինչպե՞ս ընտրեցիք թարգմանչի մասնագիտությունը և ինչու՞ հենց գերմաներեն:
Դեռ դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել գերմաներենի, ինչպես նաև Գերմանիայի հանդեպ: Ինձ հատկապես տպավորել է և մինչ օրս տպավորում է գերմանական մշակույթը, գրականությունն ու ֆուտբոլը: Կարելի է ասել, որ հենց այդ պատճառով սկսեցի ավելի խորանալ գերմաներենի մեջ:
Ինձ միշտ դուր է եկել ուսումնասիրել տարաբնույթ արտահայտությունների համարժեքները տարբեր լեզուներում: Սիրելով երաժշտություն, այդ թվում՝ գերմանական՝ երգերի տեքստերը միշտ թարգմանում էի հայերեն, որպեսզի կարողանամ հասկանալ նաև երգի ասելիքն ու նպատակը:
Թեև թարգմանչի մասնագիտությունը բավականին դժվար է և ծանրաբեռնված, պահանջում է աչալրջություն, կարգապահություն, ինքդ քեզ վրա անընդհատ աշխատելու և գիտելիքները զարգացնելու պատրաստակամություն, սակայն ես որոշեցի անցնել այդ բարդ ուղին իմ սիրելի գերմաներենի հետ:
Ըստ Ձեզ՝ գերմաներեն ուսումնասիրողների թիվը մեծանո՞ւմ է Հայաստանում, և եթե այո, ինչո՞վ է դա պայմանավորված։
Իմ կարծիքով՝ այո, մեծանում է, և դրա համար կան տարբեր պատճառներ. դա կարող է պայմանավորված լինել գերմանական բուհերի մասնագիտական կրթության բարձր որակով, Հայաստանում տարեցտարի ավելացող կրթաթոշակների տրամադրմամբ և մեր երկրում գերմանական կազմակերպությունների ավելացումով:
Ինչպե՞ս կմեկնաբանեք կազմակերպության այս տարվա՝ «Սովորի՛ր, որ փոխես» կարգախոսը:
Այս տարվա կարգախոսը ինձ շատ է դուր գալիս, քանի որ միայն գիտակից և կրթված անձինք կարող են փոխել նախ իրենք իրենց, ապա իրենց շրջապատն ու մեր երկիրը:
Ունե՞ք ոգեշնչման աղբյուր, ի՞նչը կամ ո՞վ է այն/նա։
Ոգեշնչման աղբյուր՝ որպես այդպիսին, չունեմ: Ես ոգեշնչվում և մոտիվացվում եմ ամեն օր և ամեն ինչից: Դա կարող է լինել ամենաչնչին բանը, օրինակ՝ արևոտ երկինքը, որից կարող եմ ոգեշնչվել:
Ինձ ոգեշնչում է նաև այն փաստը, որ վաղը գալու է նոր օր, ինչը ևս մեկ հնարավորություն է ինչ-որ բան իմ կյանքում սովորելու կամ փոխելու համար:
Մինչ օրս «Ինլայթ»-ում հրապարակված Ձեր թարգմանություններից հատկապես ո՞րը կառանձնացնեք և ինչո՞ւ հենց դա:
Չեմ ցանկանա առանձնացնել ինչ-որ մի թարգմանություն, քանի որ բոլորն էլ կատարել եմ մեծ սիրով և բոլորի մեջ գտել եմ հետաքրքիր և ուսուցողական մտքեր:
Ի՞նչն ամենաշատը կառանձնացնեք «Ինլայթ»-ի աշխատանքային մշակույթում և ու՞մ խորհուրդ կտաք միանալ ձեր թիմին:
Ինձ դուր է գալիս կամավորների հետ «Ինլայթ»-ի աշխատակազմի կողմից տարվող առանձնահատուկ աշխատանքը, մասնավորապես՝ խնդիրները հասկանալու, նոր գաղափարներ քննարկելու և փոխհամաձայնության գալու պատրաստակամությունը:
Ինչպե՞ս կլինի «Համարձակվի՛ր մտածել»-ը գերմաներենով, և ո՞րն է Ձեր ամենասիրելի արտահայտությունն այդ լեզվով:
’’Wage es zu denken!’’ (Վագե էս ցու դենքն)
Ունեմ մի քանի սիրելի արտահայտություններ, սակայն նշեմ ամենասիրելին, որը կարելի է օգտագործել տարբեր իրավիճակներում՝ «Wahnsinn!» (Խելահեղություն, խելագարություն):
Հ.Գ. Իսկ «Ինլայթ»-ի իմ սիրելի գործընկերներին ասում եմ՝ «Ihr seid der Wahnsinn!»։
Հարցազրույցը վարեց՝ Ինգա Շիրակյանը
Հռիփսիմե Մանուկյանի թարգմանություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: