Հունվարի 17-ին, 16:00-ին տեղի ունեցավ թարգմանիչների բաժնի գլխավոր խմբագիր Հեղինե Ալեքսանյանի «Վերադարձ ակունքներին. Ոսկեդարը սկսվում է թարգմանչական շարժումով, հայերենի յուրահատուկ դիմադրողականությունը և հունաբան հայերեն» թեմայով բանախոսությունը:
Հանդիպման սկզբում բանախոսը նշեց, որ բանախոսությունների շարքը նպատակահարմար է սկսել ակունքներին անդրադարձով։ Մինչև բուն թեմային անցնելը՝ նա մասնակիցների հետ քննարկում ծավալեց «ունիվերսալ» բառի թարգմանության շուրջ՝ ներկայացնելով բառի՝ ըստ արմատի թարգմանության մի տարբերակ, այն է՝ միեղեն:
Այնուհետև Հեղինեն ներկայացրեց բանախոսության հիմնական կետերը՝ պատմական ակնարկ, հայերենը որպես «հաղթող լեզու», ոսկեդար և հունաբան հայերեն։ Մեկնաբանելով «հաղթող լեզու» ձևակերպումը՝ նա նշեց, որ որևէ օտար բառի կամ նրա համարժեք թարգմանության՝ մեկ այլ լեզու, տվյալ դեպքում հայերենի բառապաշար, մուտք գործումը որոշակի գործընթաց է, որը տեղի է ունենում երեք փուլով՝ յուրացում, ձուլում և հարազատացում, և միայն ժամանակի ընթացքում է պարզ դառնում, թե որ տարբերակն է բառապաշարում դառնում գործածական։
Պատմական անդրադարձը բանախոսը կատարեց երկու կետով՝ նախաքրիստոնեական շրջան (մ. թ. ա. 11-րդ դար-301 թ.) և քրիստոնեական շրջան (301 թ.-ից հետո)։ Նա մասնավորապես անդրադարձավ հայերենի վրա հունարենի ազդեցությանը և այն պայմանավորող քաղաքական գործոններին։
Հեղինեն ներկայացրեց նաև ոսկեդարյան շրջանում հունաբան հայերենի ստեղծման հանգամանքները. գրերի գյուտին հաջորդեց թարգմանչաց շարժումը, թարգմանության գործը հանձն առած երիտասարդները, որոնք շրջագայել էին հունական քաղաքներում և հունական կրթություն էին ստացել, թարգմանությունները կատարում էին հունարենին հատուկ օրինաչափություններով։ Սրա արդյունքում ձևավորվեց հունաբան դպրոցը (5-11-րդ դարեր), իսկ այդ թարգմանական տեխնիկաները և ռազմավարությունն անվանվեց հունաբան հայերեն։
Նա խոսեց նաև հունաբան հայերենի՝ հայոց լեզվի բառապաշարի և քերականության վրա ազդեցության մասին (նախամասնիկներ, մի շարք բառերի հայերեն համարժեքներ կամ դրանց զուգահեռ տարբերակներ, քերականական սեռ, երկակի թիվ), անդրադարձավ հունաբան հայերենի ազդեցության մասին Հ. Աճառյանի մեկնաբանություններին, այս առնչությամբ արտահայտեց իր տեսակետը։
Մասնակիցները ստացան նաև առաջադրանք. օգտագործել etymonline.com առցանց բառարանը, որտեղ կարելի է գտնել յուրաքանչյուր արմատի ստուգաբանությունը, և փորձել կառուցվածքային պատճենմամբ ստանալ օտար բառերի հայերեն համարժեքները։
Վերջում բանախոսը պատասխանեց մասնակիցների հարցերին, որոնց շուրջ ծավալվեց քննարկում։
Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը
Հեղինակի վերլուծություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: